«Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ անվերջ խուսանավումն ինքնին սպառնալիք է Ադրբեջանի համար»
Իսա Ղամբար, «Մուսավաթ» կուսակցության նախագահ
Կուսակցական այցետոմս
«Մուսավաթ» կուսակցությունը հիմնվել է 1911թ.։ 1919թ. Մամեդ Էմին Ռասուլզադեի գլխավորությամբ ձեւավորել է առաջին Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետությունը, որը գոյատեւել է մինչեւ 1920թ. ապրիլին բոլշեւիկների կողմից իշխանության զավթումը։
Խորհրդային Միության փլուզումից հետո, 1992թ. «Մուսավաթ» կուսակցությունը վերականգնվեց, եւ Իսա Ղամբարն ընտրվեց նախագահ։ 1992թ., դաշինք կազմելով Ադրբեջանի ազգային ճակատ շարժման հետ, կուսակցությունը ձեւավորեց անկախ Ադրբեջանի Հանրապետությունը։ Դաշինքը իշխեց միայն մեկ տարի, որի ընթացքում կուսակցության նախագահ Իսա Ղամբարը խորհրդարանի խոսնակն էր։ 1993 թվականից ընդդիմության մեջ է։
Կուսակցությունը տեղական բաժանմունքներ ունի երկրի բոլոր 84 շրջաններում։ Ունի մոտ 30 հազար անդամ։
1995թ. կուսակցությանն արգելվեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ 1998թ. բոյկոտել է նախագահական ընտրությունները։ 2000 թվականի խորհրդարանական ընտրություններում չի ստացել ոչ մի տեղ եւ հայտարարել է ընտրությունների կեղծման մասին։ 2003 թվականին Ի. Ղամբարը դարձավ ավելի քան 30 կուսակցություններից եւ 50 հասարակական կազմակերպություններից կազմված «Բիզիմ Ադրբեջան» («Մեր Ադրբեջանը») քաղաքական բլոկի միասնական նախագահական թեկնածուն։
Միասնական թեկնածուն պարտվեց Իլհամ Ալիեւին, եւ կուսակցությունը հայտարարեց ընտրությունների կեղծման մասին։ 2005 թվականին «Ազադլիգ» («Ազատություն») բլոկի կազմում «Մուսավաթ» կուսակցությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին եւ նվաճեց 7 տեղ։ Նորից հայտարարվեց ընտրությունների կեղծման մասին։ Հենց այդ պատճառով պատգամավոր ընտրված թեկնածուներից մեկը հրաժարվեց իր մանդատից։
- Որո՞նք են Ադրբեջանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:
Ես կարծում եմ, որ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Հարավային Կովկասը գտնվում է բավական բարդ իրավիճակում։ Նախ՝ Հարավային Կովկասում կան մի քանի հակամարտություններ, որոնք կայունության համար իրական սպառնալիք են ստեղծում. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, Վրաստանի տարածքի հակամարտությունները, ինչպես նաեւ մի քանի այլ հակամարտություններ, որոնք այնքան էլ հստակ չեն նշմարվում, բայց, այդուհանդերձ, առկա են դրանց ընդլայնման նշանները։
Մյուս կողմից` Հարավային Կովկասում անվտանգության խնդիրը բարդանում է նրանով, որ առայժմ որոշված չէ այս պետությունների տեղն անվտանգության համաշխարհային համակարգում։ Տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, եւ այս երկու երկիրն էլ ձգտում են պահպանել եւ ամրապնդել իրենց ազդեցությունը ե՛ւ առանձին երկրներում, ե՛ւ ամբողջ տարածաշրջանում։ Անվտանգության համաշխարհային համակարգում սեփական տեղը սահմանելու հարցում հարավկովկասյան պետությունների մոտեցումներում կան տարբերություններ։ Դա լրջորեն բարդացնում է իրադրությունը եւ իրական սպառնալիք ստեղծում մեր տարածաշրջանի կայունությանը։
Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը այս հարցում տարբերվում է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի դիրքորոշումից։ Վրաստանը միանշանակ հայտարարել է ՆԱՏՕ մտնելու մտադրության մասին եւ պաշտոնապես դիմել այդ կազմակերպության ղեկավարությանը՝ իրեն կառույցի շարքերը ընդունելու խնդրանքով։ Հայաստանը մտնում է ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության համաձայնագրի մեջ եւ բարեկամական հարաբերություններ է պահպանում թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի հետ՝ միեւնույն ժամանակ փորձելով հետ չմնալ եվրաինտեգրման հարցերում եւ զարգացնել հարաբերությունները Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ։ Ըստ երեւույթին, դա նրան ինչ-որ ձեւով հաջողվում է, քանի որ Արեւմուտքը, բավական սառը վերաբերվելով Իրանի հետ առանձին երկրների շփումներին, միանգամայն լոյալ է ընկալում հայ-իրանական հարաբերությունների գոյությունն ու զարգացումը։
Բավական բարդ իրավիճակում է գտնվում Ադրբեջանը։ Մեր երկրի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է եվրաինտեգրման ցանկության մասին, եւ այդ ուղղությամբ ձեռնարկվում են որոշակի քայլեր։ Բավական է հիշել «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակում Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության մասին համաձայնության ստորագրումը։ ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի համաձայնություն անհատական գործընկերության մասին։ Բայց, միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը զգուշորեն է մոտենում Ադրբեջանի` եվրակառույցներ եւ հատկապես ՆԱՏՕ ինտեգրման խորացման եւ ավելի լիակատար իրականացման հնարավորությանը։ Վերջին տարիներին ադրբեջանական ղեկավարությունը փորձում է Մոսկվայի հետ համաձայնեցնել արտաքին քաղաքական բնույթի իր բոլոր, եւ հատկապես եվրաինտեգրման եւ Արեւմուտքի հետ շփումներին վերաբերող քայլերը։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ պետք է լինեն լավ հարաբերություններ, մենք շահագրգռված ենք դրանում։ Բայց, միեւնույն ժամանակ, դա չպետք է կատարվի Ադրբեջանի եվրաինտեգրման հնարավորությունների հաշվին։
- Ինչպե՞ս եք հասկանում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին:
Համաշխարհային քաղաքականության մեջ գոյություն չունեն իդեալական տարբերակներ։ Խոսքն ընտրության մասին է։ Ես կարծում եմ, որ այդ ընտրությունը միարժեքորեն պետք է լինի եվրաատլանտյան կառույցների եւ, առաջին հերթին, ՆԱՏՕ-ի մեջ Ադրբեջանի ինտեգրման ուղղությամբ, քանի որ որոշ իմաստով ՆԱՏՕ-ն ավելի մոտ, իրապես հասանելի նպատակ է, քան Եվրամիություն մտնելը։ Թեեւ այդ կառույցների պահանջների մեջ շատ ընդհանուր բաներ կան, այդուհանդերձ, ՆԱՏՕ-ն ավելի հասանելի նպատակ է։ Պահանջվում է շատ լուրջ բարեփոխումներ անցկացնել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, թե՛ տնտեսական ոլորտներում եւ բազմաթիվ այլ ուղղություններով։ Ինձ թվում է, որ Արեւմուտքի անվտանգության կառույցներ Ադրբեջանի ինտեգրումը կարող է դառնալ մեր երկրի անվտանգության իրական երաշխիք։ Բայց, բնականաբար, այդ անվտանգությունը կլիներ ավելի լիակատար, մասշտաբային, եթե տեղի ունենար հարավկովկասյան բոլոր պետությունների ինտեգրումը Արեւմուտքի անվտանգության համակարգերին։
-Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Ադրբեջանի կայուն անվտանգության ձեւավորումը:
Եվրակառույցներ ինտեգրումը երկրների կայունությունն ապահովում է երկու ուղղությամբ։ Ուղղություններից մեկը, բնականաբար, այն երաշխիքներն են, որ իրենց անդամներին տալիս են Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն։ Նվազ կարեւոր չէ երկրորդ ուղղությունը. այդ կառույցներ մտնելու համար երկրներից, եւ այդ թվում՝ Ադրբեջանից, պահանջվում է անցկացնել շատ խորը, լուրջ բարեփոխումներ բոլոր առումներով եւ ուղղություններով։ Այդ բարեփոխումները, նորամուծություններն ինքնին այդ երկրներում ամրապնդում են քաղաքական եւ տնտեսական կայունությունը։ Ուստի, ես կուզենայի շեշտել, որ նույնիսկ այդ կառույցներ մտնելու ցանկությունը շատ լուրջ հնարավորություններ է ստեղծում թե՛ այդ երկրների զարգացման, թե՛ կայունության ամրապնդման համար։
- Անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Ադրբեջանի կայուն ապագան։
Ինչպես արդեն ասացի, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Այնուամենայնիվ, հենց ՆԱՏՕ-ն է անվտանգության կառույց։ Եվրամիությունն ավելի մեծ ուշադրություն դարձնում է տնտեսական զարգացման, ազատ տնտեսության, տնտեսական ինտեգրման հարցերին։ Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցի, ՆԱՏՕ-ն ավելի հասանելի նպատակ է, քան Եվրամիությունը։
- Համարվո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:
Կարծում եմ` այո։ Այդ հարցը բանավեճեր է հարուցում հենց եվրաատլանտյան կառույցներում, քանի որ հարց է առաջանում, թե մինչեւ ո՞ւր կարող են ընդարձակվել այդ կառույցները, եւ ընդարձակման արդյունքում դրանք չե՞ն կորցնի իրենց հնարավորություններն ու նախնական էությունը։ Բայց ես կարծում եմ, որ այդ ընթացքն անխուսափելի է թե՛ այդ կառույցների, թե՛ այդ կառույցներ մտնելու ցանկություն ունեցող երկրների համար։
Սկզբունքորեն, Ռուսաստանը շատ լուրջ համաձայնություններ ունի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ։ Եւ դա խոսում է այն մասին, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ցանկություն հայտնել՝ դառնալու այդ կառույցների անդամ։ Եւ եթե իրավաբանորեն նման բան չկատարվի, ապա գործնականում այդ կառույցների եւ Ռուսաստանի միջեւ համաձայնությունները շատ չեն տարբերվի կառույցների լիակատար անդամությունից։
- Նշեք, խնդրեմ, Ադրբեջանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ ձեր երկրի հասարակայնության տեսանկյունից:
Ադրբեջանի գլխավոր խնդիրը, այդուհանդերձ, Հայաստանի ագրեսիան եւ մեր երկրի նշանակալի մասի բռնազավթումն է։ Միաժամանակ, Ադրբեջանի անվտանգության համար սպառնալիք են նաեւ մեր հարեւանների քաղաքականության որոշակի ուղղություններ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում։ Կան նաեւ գործոններ, որոնք որոշակի վտանգներ են ստեղծում երկրի ներսում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում հաստատված է ավտորիտար, կոռուպցիոն ռեժիմ, որն իր անհեռատես քաղաքականությամբ ստեղծում է տարաբնույթ սպառնալիքներ։
Տնտեսական բարեփոխումների իրական ծրագրի բացակայությունը եւ Ադրբեջանի կոռուպցիոն համակարգի հսկայական մասշտաբը շատ լուրջ սպառնալիք են երկրի տնտեսական զարգացման եւ սոցիալական կայունության համար։ Միաժամանակ, իրական ժողովրդավարության, լուրջ քաղաքական բարեփոխումների ծրագրի բացակայությունը սպառնալիք է ստեղծում քաղաքական կայունության համար՝ ընդհուպ մինչեւ երկրում քաղաքացիական հակամարտության ստեղծման հնարավորությունը։ Կարելի է խոսել նաեւ այդ գործոնների երրորդ ուղղության՝ Ադրբեջանի ղեկավարության դիրքի անորոշության մասին։ Ես կարծում եմ, որ Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ այդ անվերջ խուսանավումն ինքնին սպառնալիք է Ադրբեջանի համար։ Ինձ թվում է, թե Ադրբեջանի ղեկավարությունը պետք է որոշի իր դիրքերը ոչ միայն խոսքով, այլեւ գործնականում եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու իրական քայլեր ձեռնարկի։ Դա շոշափելիորեն կտեղայնացնի Ադրբեջանի կայունության եւ անվտանգության համար առկա սպառնալիքները։
- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը ձեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են, ձեր տեսանկյունից, նպաստում ձեր երկրի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:
Ես համաձայն եմ, որ սահմանակից պետությունների անվտանգության խնդիրները փոխկապակցված են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին սահմանակից պետություններին, որոնք խոչընդոտում են նրա անվտանգությանը, ապա այստեղ իրադրությունը բավական հստակ է։ Առաջին՝ Ադրբեջանի համար իրական սպառնալիք են ստեղծում Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը եւ Մոսկվայի ու Թեհրանի որոշակի քաղաքական շրջանակների կայսերական նկրտումները։ Մենք նորմալ հարաբերություններ ունենք Թուրքիայի եւ Վրաստանի հետ, եւ հուսով եմ, որ այդ հարաբերությունները կզարգանան։ Ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը կհաշտվեն անկախ Ադրբեջանի գոյության անխուսափելիության հետ։ Եւ դա, բնականաբար, կթեթեւացնի մեր տարածաշրջանի լարվածությունը։
- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:
Դեռեւս 20-րդ դարի սկզբին, իր գոյության առաջին տարիներին «Մուսավաթ» կուսակցությունն առաջ է քաշել «Կովկասյան տուն» ստեղծելու գաղափարը։ Եւ մենք կարծում ենք, որ, հակառակ ամեն տեսակի դժվարություններին, կովկասյան ժողովուրդները, կովկասյան պետությունները կկարողանան հաղթահարել բոլոր բացասական միտումները եւ հասնել միմյանց հետ իրական ինտեգրման։ Ինձ թվում է, որ հենց այս երեք երկրների միջեւ համաձայնության շուրջ կարող է առաջ գալ մեր տարածաշրջանի անվտանգության ամուր հիմքը։ Բնականաբար, մենք ցանկանում ենք, որ անվտանգության այս համակարգին բարիդրացիական հիմունքներով մասնակցեն ե՛ւ մեր հարեւանները, ե՛ւ առաջատար արեւմտյան կենտրոնները։
- Արդյո՞ք Ձեր երկրում եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է ձեր պետության անվտանգության ապահովման համար:
Եվրոպական արժեքների հաստատումը Ադրբեջանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների մի ամբողջ համալիրի կարեւորագույն, անհրաժեշտ տարրերից մեկն է։ Մասնավորապես, ժողովրդավարական ընտրություների անցկացումն անվտանգության ապահովման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկն է։
Անվտանգություն եւ եվրաինտեգրում
«Եվրաինտեգրման երեք փորձ. հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացրել Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական գործիչներ: Հարցումներն անցկացրել են ` Հայաստանում` Ռաֆայել Թեյմուրազյանը, Վրաստանում` Նինա Արգուտինսկայան, Ադրբեջանում` Շահին Ռզաեւը: Մենք շարունակում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել