HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական կառույցներին արագ ինտեգրվելու համար «ճանապարհային քարտեզ» է պետք

Լալա Շեւկեթ, Ադրբեջանի ազատական կուսակցության նախագահ

- Որո՞նք են Ադրբեջանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Շատ բարդ է բնութագրել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Բոլոր ոլորտներում Ադրբեջանի անվտանգությունը գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա։ Ադրբեջանի անվտանգության հիմնական բաղադրիչները ենթադրում են արտաքին եւ ներքին գործոններ։

Արտաքինների թվում են.

- աշխարհաքաղաքական գործոնը, 
- աշխարհառազմավարական գործոնը, 
- կայունությունը տարածաշրջանում։

Ներքինների մեջ մտնում են.

- մարդու իրավունքների, քաղաքական եւ տնտեսական ազատությունների երաշխավորումը,
- ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, 
- օրենքի գերակայությունը, 
- դատարանների անկախությունը, 
- սոցիալական արդարությունը, 
- քաղաքական եւ սոցիալական կայունությունը։

Արտաքին գործոնները հայտնի են եւ մշտապես քննարկվում են։ Կանգ կառնեմ ներքինների վրա։

Այսօր Ադրբեջանն այնպիսի կարեւոր եվրոպական ինստիտուտների անդամ է, ինչպիսիք են Եվրախորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, համագործակցում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության (ԵՄ) հետ։

ԵՄ-ի «Նոր հարեւաններ» ծրագիրը ենթադրում է հայրենական օրենսդրության համապատասխանեցում եվրոպական իրավական համակարգին։ Գործնականում թե՛ միջազգային համաձայնագրերի վավերացումը, թե՛ օրենքների փոփոխումը կրում է զուտ ձեւական բնույթ՝ կիրառություն չգտնելով կյանքում։

Իրականում մենք ոչ թե չենք շարժվում առաջ, այլ, ընդհակառակը, հետընթաց ենք ապրում դեպի ավտորիտարիզմ։

Ժողովրդավարական պետության հիմքը ազնիվ, ազատ ընտրությունները, իշխանությունների բաժանումը եւ դատարանների անկախությունն են։ Այդ ամենն այսօր մեզ մոտ չկա։ Ժողովրդավարությունը հիմնված է արժեքների համակարգի վրա, որը ձեւավորվում է ամբողջովին։ Դա յուրատեսակ «խաղի կանոններ» է, «բազմապատկման աղյուսակ»։ Չի կարող լինել ադրբեջանական, վրացական կամ ֆրանսիական ժողովրդավարություն։ Կան բոլորի համար ընդհանուր ժողովրդավարական արժեքներ։

Դրանք կամ ընդունվում են, կամ՝ ոչ։ Եւ պետության շահերը որոշվում են հենց այդ արժեքներով։ Եթե արժեքներն իրարից զատվում են, ապա զատվում են նաեւ շահերը։ Ուստի այսօր շատ դժվար է խոսել Ադրբեջանի հեռանկարների մասին։

2003թ. դեկտեմբերի 12-ին ընդունված Անվտանգության եվրոպական ռազմավարության հիմնական սպառնալիքներից մեկը այնպիսի պետականության ֆիասկոն է, որը մարմնացնում է պետական վատ կառավարման արդյունքները, այսինքն՝ կոռուպցիայի ճնշիչ ազդեցությունը, իշխանության չարաշահումը, թույլ պետական հաստատությունները, վերահսկման լիակատար բացակայությունը, ինչը մի շարք դեպքերում հանգեցրել է պետական ինստիտուտների ամբողջական փլուզման, ինչպես, օրինակ, Սոմալիում, Լիբերիայում եւ Աֆղանստանում՝ թալիբների կառավարման տարիներին։

Ադրբեջանը Սոմալի, Լիբերիա կամ Աֆղանստան չէ, բայց հանրապետությունում առկա են ե՛ւ կոռուպցիայի ճնշիչ ազդեցությունը, ե՛ւ չինովնիկների կամայականությունը, ե՛ւ իրավական նիհիլիզմը, եւ հասարակության քրեականացումը, ե՛ւ քաղաքական ու տնտեսական ազատությունների լիակատար բացակայությունը։

Արդյունքը վատ պետական կառավարումն է, հասարակության ծայրահեղ շերտավորումը, երբ բնակչության 5 տոկոսը՝ ի դեմս իշխանական կառույցների, յուրացնում է շահույթի 90 տոկոսը, երբ քաղաքականությունն ու բիզնեսը գտնվում են նույն ձեռքերում։ Նման պայմաններում պետական ապարատի արդյունավետությունը հասցված է նվազագույնի, որն անհրաժեշտ է մնացած բնակչության հաշվին չինովնիկների կենսագործունեության անմիջական ապահովման համար։ Մի բան, որը չի կարող չհանգեցնել սոցիալական ցնցումների։

Ընդ որում՝ իշխանության անվտանգության ապահովման միջոցները առաջին հերթին ծառայում են իշխանավորներին ժողովրդից պաշտպանելուն եւ ժողովրդավարական ինստիտուտների ճնշմանը։ Ստեղծված է ավտորիտար ռեժիմ, որը ձգտում է ճնշել ամեն մի այլախոհություն եւ ժողովրդավարական ճանապարհով իրադրությունը փոխելու ցանկացած փորձ։

Այս պայմաններում Ադրբեջանը, որը գտնվում է խոշոր տերությունների շահերի բախման աշխարհաքաղաքական գոտում, հեշտությամբ դառնում է բազմաթիվ երկրների հատուկ ծառայությունների ավարը, ներառյալ նաեւ նրանց, ովքեր այժմ սպառնալիք են համարվում աշխարհի անվտանգության համար։ (Օրինակ՝ վերջերս Լոնդոնում թունավորումից մահացած ռուսական Անվտանգության դաշնային ծառայության սպա Ալեքսանդր Լիտվինենկոն իր հարցազրույցներից մեկում նշում էր, որ ծառայության ժամանակ ամենահեշտը հնարավոր էր աշխատել Բաքվում, որտեղ կարելի էր նույնիսկ լավագույն հյուրանոցներում անարգել լսել ամերիկյան դիվանագետների զրույցները։)

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին:

- Անվտանգության եվրոպական ռազմավարության մեջ հստակ մատնանշվում է, որ «Եվրոպան շահագրգռված է, որպեսզի իրեն սահմանակից երկրները լավ կառավարվեն։ Ուժի կիրառությամբ հակամարտության մեջ ներքաշված հարեւանները, թույլ պետությունները, որոնցում ծաղկում է կազմակերպված հանցագործությունը… ստեղծում են խնդիրներ Եվրոպայի համար», եւ այս համատեքստում ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասի խնդիրներին։

Սա չի կարող հույս չներշնչել, որ Եվրոպան իր արժեքներով եւ ժողովրդավարական, կայուն եւ անվտանգ հասարակություն կառուցելու հարուստ փորձով, ցանկանում է բարերար ազդեցություն թողնել տարածաշրջանում ժողովրդավարացման եւ կայունացման գործընթացի վրա։ Միաժամանակ, Եվրոպան հատկապես մտահոգված է սեփական էներգետիկ անվտանգությամբ։ Եվրոպան աշխարհում նավթի եւ գազի խոշորագույն ներկրողներից է։ Ներմուծվող էներգակիրներն այժմ ապահովում են սպառվող էներգիայի մոտ կեսը։ 2030 թվականին այդ բաժինը կաճի մինչեւ 70%։

Էներգակիրների հիմնական մասը գալիս է Պարսկական ծոցից եւ Ռուսաստանից։ Ադրբեջանը, որը ոչ միայն ունի նավթի եւ գազի մեծ պաշարներ, այլեւ էներգակիրներով հարուստ միջինասիական երկրների համար միակ տրանզիտային ուղին է, կարող է դառնալ էներգապաշարների այլընտրանքային աղբյուր։ Այսպիսով, կարելի է խոսել համաեվրոպական անվտանգության ձեռքբերման գործում Եվրոպայի եւ Ադրբեջանի փոխադարձ ջանքերի անհրաժեշտության մասին։ Չպետք է մոռանալ, որ Հարավային Կովկասի համատեքստում Ադրբեջանը աշխարհագրորեն գտնվում է ոչ թե ԵՄ-ի սահմանի մոտ, այլ հենց Եվրոպայում։

Ուստի համաեվրոպական անվտանգությունը դիտարկելիս անկարելի է շրջանցել մեզ։ Հարավային Կովկասի եւ, մասնավորապես, Ադրբեջանի տնօրինության տակ կան բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի անվտանգությունը, այդ թվում՝ էներգետիկ վիճակը բարելավելու համար։ Ինչպես ժամանակին Եվրոպան իր շարքերի մեջ առավ Մերձբալթյան երկրները՝ գիտակցելով իրենց պատմության ընդհանրությունը եւ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ նրանց գրաված աշխարհաքաղաքական դիրքի կարեւորությունը, այդպես էլ այժմ «մայրցամաքում» ավելի մեծ անվտանգություն ապահովելու, սեփական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հնարավորություններն ընդլայնելու համար ԵՄ-ն, իմ խորին համոզմամբ, ոչ միայն պետք է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցի «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակում, այլեւ նրանց տրամադրի որոշակի «ճանապարհային քարտեզ», որպեսզի Հարավային Կովկասի երկրները արագ ինտեգրվեն եվրոպական կառույցներին եւ դառնան ԵՄ անդամներ։ Մյուս կողմից՝ այդ գործընթացի կարեւոր նախադրյալ կարող էր լինել Հարավային Կովկասի երկրների շուտափույթ ընդունումը ՆԱՏՕ։

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Ադրբեջանի կայուն անվտանգության ձեւավորումը (ամրապնդումը):

- Անվտանգությունը հասարակության զարգացման անխուսափելի պայմանն է։ Միաժամանակ, անվտանգությունը, որը չի հիմնվում արժեքների միասնական համակարգի վրա, չի կարող լինել կայուն եւ երկարատեւ։ Անվտանգությունն ու ժողովրդավարությունը դատապարտված են քայլելու ձեռք-ձեռքի, քանի որ միայն դրանց միահյուսումն է ընդունակ պայմաններ ստեղծելու ինչպես առանձին ժողովուրդների եւ ազգերի, այնպես էլ նրանց միությունների կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտների երկարատեւ, կայուն եւ շարունակական զարգացման համար։ Մեր երկրի եվրոպական ինտեգրման ընթացքը կստիպի, որ մեր պետությունը շարժվի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով, ինչն էլ կհանգեցնի մեր ներքին եւ արտաքին անվտանգության ամրապնդմանը։

Եվրամիություն տանող ճանապարհին ամենադժվար խնդիրները քաղաքական բնույթ ունեն։ Ադրբեջանը ոչ ժողովրդավարական եւ ոչ ազատ երկիր է։ Մեր ժողովուրդը տանջվում է կոռուպցիայի, քրեականացման, չինովնիկական կամայականության, աղքատության բեռի տակ, երկիրը կառավարվում է ոչ թե օրենքներով, այլ հասկացություններով, եւ, իհարկե, այս պատկերը նման չէ Եվրոպային։ Բայց այս ամենը կարող է արագորեն հաղթահարվել ԵՄ-ի անդամության հավանականության պայմաններում։

Այս համատեքստում կարելի է նշել, որ, ընդհանուր առմամբ, ադրբեջանական ժողովուրդն ընդունում է եվրոպական ժողովրդավարական արժեքները, եւ այդ փաստը հնարավոր է դարձնում քաղաքական բարեփոխումների անցկացումը։ Ժողովուրդը վաղուց պատրաստ է դրան։ Իրենց էությամբ ադրբեջանցիները միշտ եղել են խիստ ազատասեր ազգ՝ պատրաստ քաղաքական, բարոյական եւ մշակութային առաջընթացի։ Պատահական չէ, որ 1918թ. հենց Ադրբեջանը դարձավ մուսուլմանական աշխարհում առաջին ժողովրդավարական հանրապետությունը՝ որպես իր համար առաջնահերթություն հռչակելով եվրոպական ժողովրդավարական արժեքները։ Հենց Ադրբեջանում նախորդ դարի սկզբին նկատվում է կարծիքների եւ հոսանքների` տարածաշրջանի երկրների համար աննախադեպ բազմազանություն:

Հնուց ի վեր Ադրբեջանի ժողովուրդը աչքի է ընկել հանդուրժողականությամբ եւ մշակութային բազմակողմանիությամբ։

Այսպիսի արժեքները, անկասկած, անվիճելի նեցուկ են ԵՄ տանող ճանապարհին։

Իրական եվրոպական ինտեգրումը իսկապես կարող է ապահովել Ադրբեջանի կայուն անվտանգությունը։

- Ադրբեջանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:

- Անվտանգության հարցերում Ադրբեջանի հիմնական ռազմավարական նպատակը պետք է լինի ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներ եւ առաջին հերթին` ԵՄ եւ ՆԱՏՕ։

- Համարվո՞ւմ են, արդյոք, Ադրբեջանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Եվրոպական պրեվենտիվ անվտանգությունը հիմնվում է ԵՄ-ին սահմանակից պետություններում կայունություն եւ անվտանգություն ապահովելու վրա։ Ես կուզենայի, որ ԵՄ-ի պրեվենտիվ անվտանգության ռազմավարության մեջ լիներ Հարավային Կովկասի երկրներն ընդունելու հեռանկարը, քանի որ դա շահավետ կլիներ երկու կողմերի համար։

- Որո՞նք են Ադրբեջանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Ադրբեջանի հասարակայնության տեսանկյունից:

- Ադրբեջանի ներքին անվտանգության հիմնական սպառնալիքը երկիրը ղեկավարող կոռումպացված, ավտորիտար ռեժիմն է։

Ինչ վերաբերում է արտաքին անվտանգությանը, ապա, թերեւս, հիմնական սպառնալիք կարելի է համարել խոշոր տերությունների հակամարտ շահերը հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ այդ համատեքստում հարկ է հատկապես առանձնացնել ղարաբաղյան հակամարտությունը։ Հենց Հարավային Կովկասում են բախվում մի քանի խոշոր տերությունների աշխարհառազմավարական շահերը, ընդ որում` նպաստավոր աշխարհաքաղաքական դիրքի եւ հարուստ էներգապաշարների շնորհիվ, նրանց առաջին հերթին հետաքրքրում է հենց Ադրբեջանը։

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:

- Ներկա փուլում միջազգային հարաբերությունների զարգացումը թե՛ գլոբալ մասշտաբով, թե՛ տարածաշրջանային մակարդակի վրա առաջին հերթին կապված է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ձեռքբերման հետ։ Հարավային Կովկասը խիստ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգում թե՛ որպես Արեւմուտքին էներգապաշարներ մատակարարող, թե՛ որպես տրանզիտային միջանցք Միջին Ասիայի համար։

Նման իրադրության մեջ սահմանակից երկրների անվտանգության խնդիրներն անմիջապես կապված են իրար հետ։ Այս առնչությամբ հրատապ է ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպության ուժեղացումը։ Ինչ վերաբերում է սահմանակից պետություններին, ապա Թուրքիան եւ Վրաստանը կարող են նպաստել Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը։

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Տարածաշրջանի ներկա բավական ծանր վիճակը ոչ թե որոշակի հասարակական գործընթացների բնական հետեւանք է, այլ դեռեւս ԽՍՀՄ-ի մայրամուտին, 1980-ականների վերջին աշխարհաքաղաքական բնույթ ունեցող երկարաժամկետ խնդիրների լուծման նպատակով արհեստականորեն ստեղծված մի բան։ Ինչպես եւ Հարավային Կովկասի մյուս հակամարտությունները, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությունը արհեստականորեն ստեղծվեց «բաժանիր եւ տիրիր» ցինիկ սկզբունքի իրականացման համար։

Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն բավարար մտավոր ներուժ, որպեսզի հասկանան փոխադարձ թշնամանքի եւ ատելության ողջ անիմաստությունը եւ անհեռանկարայնությունը։ Ղարաբաղյան հակամարտության լուծումը անմիջապես կախված է ԵՄ-ին Հարավային Կովկասի ինտեգրումից։ ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին Եվրամիություն տանող որոշակի ճանապարհային քարտեզի տրամադրման դեպքում բոլոր հակամարտություններն էլ լուծելի են։ Հարավային Կովկասում իրական անվտանգության կարելի է հասնել միայն հակամարտությունները լուծելուց հետո, եվրոպական ինտեգրման ճանապարհին երեք հանրապետությունների անվերապահ համագործակցության դեպքում։

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Ադրբեջանի անվտանգության ապահովման համար:

- Իրական կայունությունը եւ անվտանգությունը հիմնվում են օրենքի գերակայության, ժողովրդավարական կարգի, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության պաշտպանության վրա։ Այս բոլոր հիմնարար սկզբունքները համաեվրոպական արժեքներ են, որոնք փայլուն կերպով մարմնացել են ԵՄ-ի «Կոպենհագենյան սկզբունքներում»։ Եվրոպական արժեքների հաստատումը կարող է հիմնարար գործոն լինել մեր պետության երկարաժամկետ կայունության եւ անվտանգության համար։

Հարցազրույցը` Շահին Ռզաեւի

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. Հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացնում Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական առաջնորդներ: Հարցումներն անց են կացրել հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներ: Ստորեւ տպագրվող երեք հարցազրույցներով մենք սկսում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter