HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոպական արժեքներ» հագուստը պետք է հարմարեցնենք մեր մշակույթին ու մտածելակերպին

Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ

- Որո՞նք են Հայաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Անվտանգությունը լայն գաղափար է: Անվտանգության ապահովման համար, բացի քաղաքական իրավիճակից, նշանակություն ունի նաեւ մեր բանակի հզորությունը: Մենք ունենք չորս հարեւան, իսկ մեր բանակն Ադրբեջանի ու Վրաստանի բանակից շատ ավելի հզոր է: Մեր անվտանգությունը Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերություններում գլխավորապես հիմնված է քաղաքական բաղադրիչների (Եվրախորհրդում մեր մասնակցությունը, Ռուսաստանի հետ մեր դաշնակցությունը եւ այլն) վրա:

Մեր երկրի անվտանգության գլխավոր բաղադրիչների ներկա մակարդակը բավարար լինել ընդհանրապես չի կարող, որովհետեւ այս տարածաշրջանը դեռ չի եկել իր վերջնական վիճակին, մենք ապրում ենք դեռ բոցկլտացող տարածաշրջանում. Կովկասից մինչեւ Պարսից ծոց բազմաթիվ կոնֆլիկտներ կան: Ի տարբերություն Եվրամիության անդամ երկրների, այս երկրներն իրար հետ անվտանգության միասնական համակարգ չեն ստեղծել: Այդ պատճառով էլ չեմ համարում, որ մեր երկրի անվտանգության գլխավոր բաղադրիչների մակարդակն այսօր բավարար է:

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին:

- Եթե մենք լինենք Եվրամիության անդամ, ապա, բնական է, ապահովագրված կլինենք մեր պետության նկատմամբ ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ոտնձգություններից: Բերեմ ՆԱՏՕ-ի հետ կապված մի օրինակ: Եվ Հունաստանը, եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էին, բայց դա չխանգարեց, որ Թուրքիան Կիպրոսի մի մասը գրավի ռազմական եղանակով: Այսինքն` նույն համակարգի մեջ գտնվողների տեսակետից միմյանց դեմ ոտնձգություններից զերծ մնալու երաշխիքը չկա, սակայն դրսում գտվողների տեսակետից ՆԱՏՕ-ի համակարգում կա այդ երաշխիքը: Պետք է հաշվի առնենք, որ մենք ոչ միայն Եվրամիության անդամ չենք, այլեւ դժվար թե անդամագրվենք այդ կազմակերպությանն առաջիկա 10-15 տարիների ընթացքում:

Մեր համագործակցությունը Եվրոպայի հետ, իհարկե, որոշ չափով երաշխավորում է մեր անվտանգությունը, բայց ես չէի համարի, թե դա մեզ համար բավարար երաշխիքն է: Իհարկե, մեր ինտեգրումը եվրակառույցներին մեր երկրի նկատմամբ ոտնձգություններ անողների համար զսպող գործոն են: Առհասարակ, ցանկացած քաղաքական դաշինք, որի մեջ մենք կանք` Եվրախորհուրդ, Ռուսաստանի ու Իրանի հետ մեր հարաբերությունները եւ այլն, որոշակի, սակայն ոչ լիարժեք երաշխիքներ են, մասամբ զսպող գործոն: Իսկ ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգությունը համապատասխանում է մեր երկրի շահերին:

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Հայաստանի կայուն անվտանգության ձեւավորումը (ամրապնդումը):

- Ես արդեն նշեցի, որ Հայաստանի ինտեգրումը եվրակառույցներին, եւ մեր երկրի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի կողմից Եվրամիության անդամ դառնալու ձգտումը մասամբ երաշխիք են արտաքին ինտերվենցիայից ու ագրեսիայից: Բայց դա չի կարող բավարար երաշխիք լինել մեր երկրի կայուն անվտանգության ձեւավորման համար: Օրինակ` դա չի կարող երաշխավորել, որ մի օր Ադրբեջանը նորից չի հարձակվի ԼՂ-ի վրա:

- Հայաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:

- Ես գտնում եմ, որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ ՀԱՊԿ-ը լիովին մեր անվտանգության բավարար երաշխիք լինել չեն կարող: Կարծում եմ, որ պետք է մի նոր ընտանիք ստեղծել: Որքան էլ դա ֆանտաստիկ թվա, բայց Կովկասից մինչեւ Պարսից ծոց տարբեր կրոններ ունեցող, տարբեր կոնֆլիկտների մեջ մասնակից ժողովուրդներին պետք է փորձել համախմբել Եվրամիության օրինակով: Եվ միայն այս ինտեգրումը կարող է վերջնական երաշխիք դառնալ մեր անվտանգության համար: Այսինքն` եվրոպական երաշխիքին, ՀԱՊԿ-ի երաշխիքին եւ սեփական բանակի հզոր լինելուց բխող անվտանգության երաշխիքին պետք է ավելանա նմանօրինակ նոր ընտանիքի անդամ դառնալը: Իսկ դա շատ հեռու է, եւ շատ դժվար կլինի դա իրականացնել:

Կովկասից մինչեւ Պարսից ծոց ընկած երկրները պետք է փորձեն կազմել նաեւ իրենց սեփական անվտանգության համակարգը: Այս տարածաշրջանի երկրներից եւ ոչ մեկը մտնելով տարբեր համակարգեր՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, իր անվտանգության երաշխիքը չի ապահովում: Պետք է մի նոր կուրս վերցնել: Իմաստ ունի, որ Անդրկովկասի երեք երկրները, Թուրքիան, Իրանը, արաբական երկրներն ու Իսրայելը նպատակադրվեն ու տարիների ընթացքում ( լինի դա 10, թե 15 տարի հետո ) , ստեղծեն տնտեսական, քաղաքական, ռազմական մի ընդհանուր դաշինք, որը Եվրամիության հետ համագործակցությանը զուգահեռ, այնուամենայնիվ, որոշակի ինքնուրույնություն էլ կունենա: Մանավանդ, որ Չինաստանի դերի բարձրացումը մոտակա 10-15 տարիների ընթացքում նման մի միջանկյալ օղակ ունենալու անհրաժեշտություն է ստեղծելու: Ինչ վերաբերվում է մեր երկրի իշխանություններին, ապա նրանք հայտարարում են, թե մոտ ժամանակներում մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնալու: Շեշտը հիմնականում դրվում է Ռուսաստանի ու կոմպլեմենտար քաղաքականության վրա, որ բոլորի հետ էլ փորձենք համագործակցություն ունենալ: Բայց այս բոլոր երաշխիքների մեջ մի ֆունդամենտալ հարց կա՝ ԼՂ հարցի լուծումը: Չլուծված ԼՂ խնդրով դժվար կլինի որեւէ կառույցից անվտանգության երաշխիքներ ակնկալել:

- Համարվո՞ւմ են, արդյոք, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Որպես տարրեր` այո: Եվրամիությունը դարձել է հսկա քաղաքական, տնտեսական մի ուժ, բայց ռազմական տեսակետից, իհարկե, համեմատելի չէ ԱՄՆ-ի հետ: Եվրամիությունը ես ավելի շուտ ազատ քաղաքացիների միություն կանվանեի, որտեղ հիմնականը նյութական արժեքների ստեղծումն է: Եվ նրանց անվտանգության, խաղաղ կյանքի համար մեծ սպառնալիք են «կայսրության» սահմանների վրա տեղի ունեցող բախումները եւ հակամարտությունները: Դրա համար էլ այս տարածաշրջանի անվտանգությունն ինչ-որ իմաստով երաշխավորում է Եվրոպայի անվտանգությունը:

Եվրոպայի համար շատ կարեւոր է, որ իր սահմաններում անվտանգություն լինի: Պատահական չէ, որ ԼՂ-ի հարցում Եվրոպան իսկապես անկեղծ միջամտում է, այս տարածաշրջանի ցանկացած կոնֆլիկտ շատ վտանգավոր է նրա համար: Եվրոպան էլ է շահագրգռված, որ այս տարածաշրջանում երկրները փոխզիջումների միջոցով գան խաղաղության, որ իր հարեւաններն իր համար ռազմական խնդիրներ չառաջացնեն: Հետեւաբար՝ նրանց համար նշանակություն ունի, մեր անվտանգության համակարգը մենք ինքնուրո՞ւյն կկազմենք, թե՞ իրենց հետ միասին:

- Որո՞նք են Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Հայաստանի հասարակայնության տեսանկյունից:

- Մեր ժողովուրդն արտաքին վտանգ է համարում ԼՂ-ի չլուծված հարցը: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մեզ մոտ առաջացնում են վտանգի զգացողություն, որ Ադրբեջանը նավթային ֆինանսների միջոցով կկառուցի բանակ, ու իրեն, ինչպես 1992-ին, կթվա, թե կարող է այդ հարցը լուծել ռազմական եղանակով ու պատերազմ կսկսի: Սա սպառնալիք է, որը միշտ կա: Մյուս սպառնալիքն էլ գալիս է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Քանի որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորված չեն, կա մշտական զգացողություն, որ որոշ խառնաշփոթության դեպքում ռազմական սպառնալիք կլինի Թուրքիայի կողմից: Սակայն ես դա համարում եմ ավելի քիչ հավանական:

Ինչ վերաբերվում է ներքին սպառնալիքներին, ապա դրանք կառաջանան այն դեպքում, եթե Հայաստանում վերջնականորեն չհաստատվի ժողովրդավարությունը: Հայաստանը միատարր պետություն է եւ, հետեւաբար, ի տարբերություն շատ երկրների, չունի էթնիկ, կրոնական կարգի ներքին սպառնալիքներ: Այս տեսանկյունից մեր երկրի համար արտաքին վտանգներն ավելի շատ են եւ ավելի դժվար հաղթահարելի:

Արտաքին սպառնալիքների հարցը լուծելն ավելի շատ ժամանակ է պահանջում, եւ կարող է մեր կամքից անկախ ինչ-որ բան լինել: Ներքին հարցերը շատ ավելի հեշտ կլինի լուծել, դրանք մեր ժողովրդի գործն են, մեր ժողովուրդն էլ իրավունք ու հնարավորություն ունի ազատվելու այդ սպառնալիքներից: Բնական է, որ Հայաստանի ժողովրդավարացումը կօգնի ավելի հեշտությամբ լուծելու մեր արտաքին խնդիրները: Բայց չարժե ասել, թե հենց մենք դառնանք ժողովրդավարական երկիր, արտաքին վտանգներ այլեւս չեն լինի: Արտաքին վտանգներ միշտ էլ լինելու են, քանի որ դրանք միայն ժողովրդավարությամբ չեն պայմանավորված:

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:

- Բնական է, որ եթե երաշխավորված է հարեւան երկրների անվտանգությունը, ապա քո անվտանգությունն էլ է մասամբ երաշխավորված, որովհետեւ աշխարհը մտել է մի նոր փուլ, որտեղ, ի տարբերություն նախորդ հարյուրամյակների, պետությունը տարածքներ գրավելով չի ուժեղանում, այլ իր տարածքի վրա կյանքը ճիշտ կազմակերպելով եւ համաշխարհային գործընթացներին ճիշտ ինտեգրվելով: Այդ պատճառով էլ, եթե անվտանգության տեսանկյունից բավարարված լինեն քո հարեւան երկրները, բավարարված կլինես նաեւ դու, նրանց երաշխիքը քո համար էլ է երաշխիք: Այս տեսակետից ես համաձայն եմ առաջադրված ձեւակերպմանը:

Ինչ վերաբերվում է խոչընդոտներին, ապա դրանք հիմնականում երկուսն են: Առաջինը՝ ԼՂ-ի հարցն է եւ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը դրա լուծման մեջ: Ադրբեջանն ունի մոտեցում՝ «ամեն ինչը մերը պետք է լինի», այն դրդում է նրան գնալ դեպի պատերազմ, ինչն անհնարին է, անհավանական ու անբնական: Երկրորդ խոչընդոտն էլ մեր չկարգավորվող հարաբերություններն են Թուրքիայի հետ: Այդ տեսակետից այսօր մեր հարեւան երկրներից Հայաստանի անվտանգությանը պոտենցիալ տեսանկյունից խոչընդոտող երկու երկրներ կան` մեկն Ադրբեջանն է, քանի դեռ ԼՂ-ի հարցը չի լուծված, մյուսը Թուրքիան է, քանի դեռ լուծված չեն քաղաքական հարցերը:

Կոնկրետ այս պահին այդ երկրները մեր անվտանգությանը խոչընդոտում են. երկուսի կողմից էլ Հայաստանը շրջափակման մեջ է: Հետեւաբար, իհարկե, այդ երկրները Հայաստանի համար եւ ներկա, եւ ապագա պոտենցիալ խոչընդոտ են: Իսկ եթե Թուրքիան լինի Եվրամիության անդամ, ապա հավանական է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն էլ կանդամագրվեն ԵՄ-ին: Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալուց հետո այս երկիրն ուզի, թե չուզի, պետք է բացի Հայաստանի հետ սահմանը եւ հրաժարվի Հայաստանի նկատմամբ ագրեսիայից: Այս տեսակետից մեզ համար ձեռնտու է Թուրքիայի ԵՄ-ին անդամությունը: Ես նույնիսկ կարծում եմ, որ եթե Թուրքիան Եվրամիության անդամ չդառնա, ապա Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մուտքն էլ արգելված կլինի դեպի Եվրամիություն:

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միմյանց հետ մերձեցումը մեզ, իհարկե, ձեռնտու է, սակայն դա ոչ տնտեսական հարց է լուծում, ոչ էլ անվտանգության որեւէ խնդիր. այդ երեք պետությունների հանրագումարը տնտեսական շուկայի եւ ռազմական ուժի տեսանկյունից այնքան փոքր է, որ այդտեղ երաշխիքներ լինել չեն կարող: Ուստի՝ անվտանգության համակարգի ձեւավորումը պետք է լինի ավելի մեծ մասշտաբով: Պատահական չէ, որ ասում եմ` Կովկասից մինչեւ Պարսից ծոց: Հարավկովկասյան երեք երկրները` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, միասին պետք է լինեն մի շատ ավելի մեծ համակարգի մեջ: Կլինի այդ նոր համակարգը ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը, թե Կովկասից մինչեւ Պարսից ծոց նոր մի միավոր, որի մասին ես արդեն նշեցի, կարելի է քննարկել: Սակայն պարզ է, որ միայն այդ երեք երկրները մեծ ուժ չեն կարող ներկայացնել, միայն այդ երեքի միավորումը նրանց անվտանգության երաշխիք չի տալու, այն միեւնույն է սպասելու է ուրիշ երաշխիքների:

Այլ խոսքերով, հարավկովկասյան երկրների միավորումը օգտակար է, անհրաժեշտ, բայց բավարար չէ կայուն անվտանգության համակարգ ձեւավորելու համար: Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, արաբական երկրներն ու Իսրայելը պետք է փորձեն տարիների ընթացքում ստեղծել մի նոր ընդհանուր տնտեսական, քաղաքական, ռազմական դաշինք: Արդի պայմաններում մոտակա տարիների ընթացքում նման համակարգի ստեղծում հնարավոր էլ չէ, որովհետեւ ԼՂ-ի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ այլ խնդիրների լուծումները չեն երեւում: Արդի պայմաններում մեր անվտանգությունը հնարավորինս ապահովելու համար պետք է զարգացնել եղածը: Պետք է զարգացնել բանակը, ավելի սերտացնել համագործակցությունը Եվրամիության ու ՀԱՊԿ-ի հետ ու զարգացնել մեր երկիրը:

Պետք է զարգացնել նաեւ ՆԱՏՕ-ի հետ եղած հարաբերությունները: Աշխարհում բազմաթիվ կոնֆլիկտներ կան, բայց ամենաթեժ կաթսան, իրոք, Կովկասի լեռներից մինչեւ Պարսից ծոց հատվածն է: Եվ դեռ չկա սցենար, որը կարող է ապահովել նրա մեջ գտնվող բոլոր երկրների անվտանգությունը: Առանց բոլորին միավորող, բոլորի անվտանգությունն ապահովող սցենարի լոկալ, փոքր միավորումները ոչ մի բան չեն տա: Մինչեւ այս եռացող կաթսան մի ընդհանուր ընտանիք չդառնա, մինչեւ նման մի սցենար չմտածվի, անվտանգության ոչ մի երաշխիք բավարար չի լինի:

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Հայաստանի անվտանգության ապահովման համար:

- Իհարկե, ոչ: Մեր ժողովրդի պատմությունից, մշակույթից, ապրած կյանքից երեւում է, որ այն, ինչ քարոզվում է որպես եվրոպական արժեքներ, մոտ 80 տոկոսով ընդունելի է մեր ժողովրդի համար, մենք դրան ձգտում ենք: Մենք ուզում ենք այդ արժեքների շնորհիվ զարգացնել մեր պետությունը եւ հասարակությունը, սակայն այդ արժեքները չեն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը: Անվտանգությունը երաշխավորվում է դաշինքներով ու պայմանագրերով, ոչ թե արժեքներով: Եվրոպական արժեքների հենքի վրա կարելի է կառուցել ավելի ուժեղ պետություն, քան այսօր մենք ունենք: Այդ արժեքների հիման վրա մենք կարող ենք ունենալ նորմալ հարաբերություններ, օրինակ` Եվրոպայի հետ, բայց միգուցե դա մեզ ոչնչով չօգնի ունենալ հարաբերություններ Իրանի կամ Ռուսաստանի հետ:

Այնպես, ինչպես եվրոպական արժեքները Ճապոնիայում հարմարեցվել են իրենց պետությանը, ինչպես եվրոպական արժեքները Ֆրանսիայում ու Գերմանիայում, այնուամենայնիվ, իրարից մի քիչ տարբերվում են, այնպես էլ մենք «եվրոպական արժեքներ» հագուստը պետք է հարմարեցնենք մեր հայկական մշակույթին ու մտածելակերպին:

Հարցազրույցը՝ Ռաֆայել Թեյմուրազյանի

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. Հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացնում Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական առաջնորդներ: Հարցումներն անց են կացրել հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներ: Ստորեւ տպագրվող երեք հարցազրույցներով մենք սկսում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter