HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրաինտեգրման գործում գլխավորը Վրաստանի ամբողջականության վերականգնումն է

Իոսիֆ Շատբերաշվիլի, Վրաստանի լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար

- Որո՞նք են Վրաստանի անվտանգության գլխավոր բաղկացուցիչները, եւ ինչպե՞ս եք բնութագրում դրանց ներկա մակարդակը:

- Մեր երկրի անվտանգության ներկա մակարդակը, մեղմ ասած, շատ ցածր է։ Վրաստանի գրեթե կեսը՝ Աբխազիան եւ Սամաչաբլոն (նախկին Հարավօսական ինքնավար մարզը- խմբ.), եւ մասամբ էլ æավախեթին, վերահսկում է Կրեմլը՝ ռուսական կառավարությունը։ Վրաստանի մնացած մասերը վերահսկվում են Սպիտակ տան՝ Վաշինգտոնի կողմից։ Այնպես որ, երկրի անվտանգությունը, Վրաստանն ինքը ողբալի վիճակում է։ Բնակչությունը չի կարող իր կամքով խորհրդարան ընտրել, որը կկարողանար ձեւավորել կառավարություն, իր իրավասությունը տարածել Վրաստանի ամբողջ տարածքի վրա։ Մեր կարծիքով, սա լուրջ խնդիր է, պատուհաս մեր պետության համար։

- Ինչպե՞ս եք ընկալում «եվրոպական անվտանգություն» հասկացությունը, արդյո՞ք այն լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին:

- Եվրոպական անվտանգությունը մեր երկրի վրա չի տարածվում։ Եվրոպայի երկրները շատ թե քիչ պաշտպանված են։ Բայց այս անվտանգությունն էլ հարաբերական է, քանի որ, եթե դիտարկենք, օրինակ, Հարավսլավիայի, իսկ ավելի որոշակի՝ Սերբիայի դեպքը, ապա հասկանալի է, որ նա չունի այդ անվտանգությունը։ Երբ այդ երկրից վերցնում են նրա մի մասը՝ Կոսովոն, ապա Եվրոպան լռություն է պահպանում։ Հիմա կանգնած է Կոսովոյի անկախության ճանաչման հարցը, թեեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկ տարով հետաձգել է Կոսովոյի հարցի քննարկումը։ Հավանաբար, շատերը սկսեցին գիտակցել, որ դա խիստ վտանգավոր է։ Սահմանների վերանայումը կարող է հանգեցնել շատ լուրջ քաղաքական բարդացումների թե՛ Եվրոպայում, թե՛ մնացյալ աշխարհում։ Այնպես որ, չի կարելի ասել, թե եվրոպական անվտանգությունը ամբողջովին տարածվում է մեր երկրի վրա։

- Կարո՞ղ է, արդյոք, եվրաինտեգրման կուրսը, իրական ինտեգրումը ապահովել Վրաստանի կայուն անվտանգության ձեւավորումը (ամրապնդումը):

- Այո՛, կարող է, եթե այդ բանը կամենան եվրոպական խոշոր պետությունները, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների պետությունները, ամենից առաջ՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի։ Բայց առայժմ նման կամք մենք չենք տեսնում, ինչպես չենք տեսնում Եվրախորհրդարանի ընդգծված կամքը։ Եվրոպական անվտանգությունն իսկապես կարող է տարածվել մեր երկրի վրա։ Անվտանգության լուրջ ամրապնդումը հնարավոր է։

- Վրաստանի կայուն ապագան անվտանգության ո՞ր համակարգերին մասնակցության հետ եք կապում Դուք, երկրի պաշտոնական շրջանակները:

- Երկրի ղեկավարությունն այդ բանը կապում է ՆԱՏՕ մտնելու հետ, բայց մեր մոտեցումը մի քիչ տարբեր է։ Եթե ՆԱՏՕ-ն ապահովի մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ապա մենք ՆԱՏՕ-ի կողմնակից ենք։ Եթե ոչ, ապա մեր ինչի՞ն է պետք այդպիսի անվտանգությունը. Վրաստանի մի մասի անվտանգությունը, որը կմտնի ՆԱՏՕ առանց Աբխազիայի եւ Սամաչաբլոյի։ Ուստի մենք այնպիսի քաղաքական կազմակերպության, այնպիսի քաղաքական համագործակցության, այն քաղաքական դաշինքի կողմնակիցն ենք, որը կապահովի իմ երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը։ Ներկա պահին մեր կուսակցությունը Վրաստանի անվտանգությունը կապում է չեզոքության հետ։ Մինչեւ ինչ-որ որոշակի պահ մենք չենք մտնում ՆԱՏՕ, ինչպես նաեւ դուրս ենք գալիս ԱՊՀ-ից։ Չլինել ո՛չ ԱՊՀ-ի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի մեջ, քանի դեռ իմ երկիրը չի միավորվել, քանի դեռ Վրաստանի բոլոր բնակիչները ի վիճակի չեն ընտրելու սեփական խորհրդարան, արտահայտելու սեփական կամքը, ունենալու լավ իմաստով ազատ ազգային կառավարություն։ Նա էլ հենց պետք է որոշի, թե ինչպիսի քաղաքական միավորման, քաղաքական բլոկի մեջ պետք է մտնի Վրաստանը։ Մենք դեմ չենք ՆԱՏՕ մտնելուն, մենք ԱՊՀ-ից անմիջապես դուրս գալու կողմնակից չենք, մենք Վրաստանի ամբողջականության, ազատ ընտրությունների կողմնակից ենք։

- Համարվո՞ւմ են, արդյոք, Վրաստանի եվրաինտ եգրումը եւ Եվրոպայի ընդլայնումը եվրոպական պրեվենտիվ անվտանգության տարրեր:

- Այո, համարվում են։ Մենք կողմնակից ենք սերտ համագործակցության Ասիայի երկրների եւ, առաջին հերթին, Եվրոպայի հետ։ Նման ինտեգրումը մեզ հնարավորություն կտա ոտքի կանգնեցնել մեր տնտեսությունը, լիովին պահպանել մեր երկրի անվտանգությունը։ Բայց, կրկնում եմ, դրա համար անհրաժեշտ է առաջատար եվրոպական երկրների ամուր կամքը, որն այս պահին ես չեմ տեսնում։ Առնվազն, այն բավականաչափ ամուր չէ։

Տնտեսական կայունությունը նույնպես կարեւոր է։ Ավելի քան մեկ միլիոն վրաստանցիներ ապրում եւ անօրինականորեն աշխատում են Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, աշխարհի այլ ծագերում։ Այդպիսի համագործակցությունը՝ Եվրոպայի հետ ինտեգրումը, Վրաստանի մուտքը Եվրամիություն, մեզ կտան այդ խնդիրը լուծելու հնարավորություն։ Վրաստանի տնտեսության զարգացումը կլուծի անօրինական միգրանտների վերադարձի խնդիրը: Բազմաթիվ եվրոպական երկրներ կազատվեն ազգությամբ վրացի քրեական տարրերից, որոնք, այնտեղ աշխատանք չգտնելով, հաճախ կատարում են հակաօրինական գործողություններ։

- Որո՞նք են Վրաստանի ն երքին եւ արտաքին անվտանգության սպառնալիքները: Դրանցից որո՞նք են գլխավորները Ձեր եւ Վրաստանի հասարակայնության տեսանկյունից:

- Իմ երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը տնտեսության քայքայումն է, չքավորությունն ու սովը։ Այս ամենը ստեղծում է հեղափոխական իրադրություններ։ Բոլորին լավ հայտնի է, որ եվրոպական կայուն պետություններում հեղափոխություններ տեղի չեն ունենում։ Հեղափոխություններ եւ հեղաշրջումներ կատարվում են Լատինական Ամերիկայում, ասիական երկրներում, իսկ վերջերս՝ նաեւ նախկին խորհրդային երկրներում։ Տնտեսության փլուզումը, ցածր կենսամակարդակը, միջին խավի բացակայությունն էլ հենց նախադրյալներ են ստեղծում հեղափոխությունների համար։ Եթե երկրում կան լավ իմաստով ունեւոր մարդիկ, այլ ոչ թե աղքատ ժողովրդի եւ ստրատեգիական օբյեկտները զավթելու հաշվին հարստացած օլիգարխներ, ապա պետք է լինի եւ միջին դաս։ Եթե այդպիսի դաս ձեւավորվի, ապա դա կլինի կայունության եւ զարգացման երաշխիք։ Չքավորությունը լուրջ սպառնալիք է։ Չքավոր մարդը միշտ կծախի իր ձայնը։ Չէ՞ որ բոլորն էլ հայհոյում են իշխանությանը՝ թե՛ նախկին, թե՛ ներկա, բայց, այդուհանդերձ, գնացել եւ գնում են ընտրությունների եւ տալիս իրենց ձայները։ Սա խոսում է այն մասին, որ բնակչության մեծ մասը գտնվում է աղքատության գծից ցած։ Նրանք միշտ հաճույքով վերցնում են 5, 10, 20 լարի, իսկ հետո չեն կատարում իրենց ընտրությունը, այլ, փաստորեն, կատարում են ֆինանսավորող կազմակերպությունների, ավելի ճիշտ՝ իշխանության ցուցումը։ Սա լուրջ սպառնալիք է։

- Ինչպե՞ս եք վերաբերվում «սահմանակից պետության անվտանգությունը մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է» ձեւակերպմանը: Սահմանակից ո՞ր պետություններն են նպաստում Վրաստանի անվտանգության ամրապնդմանը, եւ հակառակը` խոչընդոտում են դրան:

- Մենք ուզում ենք ունենալ ուժեղ հարեւաններ։ Մեզ համար կարեւոր է, որ ուժեղ լինեն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը՝ մեր ամենամերձավոր հարեւանները, իսկ հետո՝ նաեւ մնացածները։ Մենք համաձայն ենք այսպիսի ձեւակերպման հետ։ Թուրքիայի հետ Ռուսաստանի, Թուրքիայի հետ Վրաստանի, Ռուսաստանի հետ Վրաստանի եւ Վրաստանի հետ Ռուսաստանի լավ հարաբերությունները առաջնահերթ նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար։ Մենչ չենք կարող անտեսել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգությունը. կարեւոր է այդ երկրների միջեւ առկա հակամարտության լուծումը։

Վրաստանի անվտանգությանը, առաջին հերթին, խոչընդոտում է համաձայնության բացակայությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Մեր մնացած հարեւանները գործնականում չեն ազդում իրադրության վրա, նրանք ունեն իրենց ներքին խնդիրները, եւ հերթը Վրաստանի խնդիրներին չի հասնում։ Թեեւ, կարծում եմ, նրանք նույնպես շահագրգռված են մեր երկրի կայունությամբ։ Բայց առավել մեծ չափով մեր երկրի անվտանգությանը խոչընդոտում է Վրաստանի եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի վերաբերյալ Միացյալ նահանգների եւ Ռուսաստանի դիրքերի միջեւ անհավասարակշռությունը։

- Հնարավո՞ր է, արդյոք, Հարավային Կովկասում տարածաշրջանային ու սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում, ի՞նչ այլընտրանքներ կան:

- Մենք, իհարկե, հնարավոր համարում ենք տարածաշրջանային եւ սուբտարածաշրջանային անվտանգության համակարգերի ձեւավորումը։ Ինչ-որ ժամանակ գոյություն ուներ Անդրկովկասյան ֆեդերացիան, եւ հիմա էլ ավելորդ չէր լինի ձեւավորել մի ինչ-որ համագործակցություն, որի շրջանակներում կարող էին գործակցել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Բուլղարիան։ Ցանկալի կլիներ նաեւ մի ինչ-որ քաղաքական խմբի ստեղծում սեւծովյան ավազանի շուրջ, կամ հարավկովկասյան պետությունների քաղաքական դաշինք՝ առանց երրորդ երկրների շահերին վնաս հասցնելու։ Բայց քանի դեռ կան ղարաբաղյան, աբխազական, օսական հարցերը, այդ բանն, ավաղ, անիրական է… Թեեւ նման ձեւաչափով համագործակցությունը կարող էր արդյունավետ լինել։

- Արդյո՞ք եվրոպական արժեքների հաստատումը բավարար պայման է Վրաստանի անվտանգության ապահովման համար:

- Մենք ձգտում ենք հաստատել ոչ բոլոր եվրոպական արժեքները, այլ միայն հիմնականները։ Դա, առաջին հերթին, ժողովրդավարությունն է, խաղաղության պահպանումը, բոլոր խնդիրների լուծումն առանց արտաքին ռազմական միջամտության, երկրի ներքին խնդիրների լուծումն առանց ուժի գործադրման, հատկապես, երբ դա վերաբերում է ազգային փոքրամասնություններին։ Բայց ոչ բոլոր եվրոպական նորմերն ու կարգերն են մեզ համար ընդունելի, ինչպես, օրինակ, միասեռական ամուսնությունները։ Կուզենայինք խուսափել այդպիսի նորամուծություններից։ Մենք ցանկանում ենք երկրում ներդնել եվրոպական արժեքներ` պահպանելով այն ամենը, ինչ ավանդական է մեր բազմազգ երկրի եւ Վրաստանում գոյություն ունեցող ժողովուրդների ու կրոնական խմբերի համար։ Մենք ցանկանում ենք դրանց սինթեզը, կողմնակից ենք Եվրոպային ինտեգրվելուն՝ պահպանելով մեր դեմքը։ Իսկ գլխավորն այն է, որպեսզի այդ գործընթացը՝ ՆԱՏՕ-ին, եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումը, հանգեցնի Վրաստանի ամբողջականության վերականգնմանը։

Հարցազրույցը`  Նինա Արգուտինսկայայի

Անվտանգություն եւ եվրաինտեգրում

«Եվրաինտեգրման երեք փորձ. Հարավկովկասյան երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում, եվրոպական արժեքներ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն անց է կացնում Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքական կուսակցությունների առաջնորդների հարցում «Հարավային Կովկասի երկրների անվտանգություն եւ եվրաինտեգրում» թեմայով: Տիպային հարցերին պատասխանել են երեք երկրներից 5-ական առաջնորդներ: Հարցումներն անց են կացրել հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներ: Ստորեւ տպագրվող երեք հարցազրույցներով մենք սկսում ենք ներկայացնել հարցազրույցների շարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter