«Թող վարչապետն ասի, որ այդպիսի բան կա աշխարհում, ես հեռուստատեսությամբ «կուկարիկու» կկանչեմ»,- Հրանտ Բագրատյան
Ազատության հրապարակում իր ելույթի ընթացքում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը նշեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչը ոչ միայն անօրինական է, այլեւ «կատարյալ հիմարություն»: Ներկայացնում ենք հատվածներ Բագրատյանի ելույթից.
«Ես հասկանում եմ, որ սա քաղաքական, քաղաքացիական պայքար է, բայց սա նախեւառաջ պայքար է՝ հիմարության դեմ: Ի՞նչն է հիմարությունը, այդ ի՞նչն է, որ ունիկալ է, աշխարհում չկա: Եթե դուք նկատում եք, կառավարության ոչ մի անդամ չի հակաճառում այսպիսի ելույթներին: Նրանք ասացին՝ սա էստոնական, չիլիական, ռուսական փորձ է: Ես անձամբ եղել եմ Էստոնիայում, չեմ եղել Չիլիում, բայց գրավոր ստացել եմ բոլոր համապատասխան փաստաթղթերը:
Հարյուր բան կարելի է ասել այս ռեֆորմի մասին, բայց երկու էական բան ասեմ, որ դուք հասկանաք:
Առաջին հարցը վերաբերում է կուտակայինի եկամուտների ձեւավորմանը, երկրորդը, թե ոնց են ծախսելու այդ փողերը եւ ով է ծախսելու: Երկրում ինչ արտադրվում է, երեք տեսակի եկամուտ է դառնում՝ աշխատավարձ, բիզնեսմենների շահույթ, պետության եկամուտ-հարկ:
Եթե դուք գործարան ունեք եւ շահույթ եք ստանում, 20 տոկոս հարկ եք տալիս, բայց եթե դուք աշխատավարձ եք ստանում, 32 տոկոս հարկ եք վճարում: Նախկինում եկամտահարկը 20 տոկոս էր, 6 տոկոս էլ ավելացրին՝ 26 տոկոս, հիմա կրկին 6 տոկոս ավելացնում են՝ աշխատավարձ ստացող մարդկանց համար:
Աշխատող մարդու փողից 32 տոկոսն են վերցնում, շահույթից՝ 26: Հայաստանի հանրապետությունն արդեն 2 տարի է՝ գտնվում է այսպիսի դիսկրիմինացիոն հարկի տակ: Ոչ մի պարտադիր կուտակային չկա, կա 6 տոկոս ավելացված հարկ: Մենք բավականաչափ պրոֆեսիոնալ ենք, որ այս մասին հանգիստ հայտարարենք, եւ ոչ մի վարչապետ, ոչ մի նախարար չի համաձայնել մեր դեմ գա, ասի՝ այդպես չէ:
Անընդհատ ասում են՝ բա թոշակառուներին չպահե՞նք: Այ ընկեր, թոշակառուներին պահելու հազար ու մի ձեւ կա: Սկսած նրանից, որ կենսաթոշակային տարիքը կարող են ավելացնել: Նույնիսկ ճգնաժամային Ուկրաինայում, Բելոռուսում ազգային եկամտի 15 տոկոսը թոշակային ֆոնդ է, իսկ մեզ մոտ՝ 3 տոկոսը, Ռուսաստանում՝ 6:
Հիմա անցնենք խնդրի երկրորդ կողմին, որտեղ անեկդոտ է: Մեծ տորթ թխելու դեպքից հետո սա երկրորդ դեպքն է, որ Հայաստանի հանրապետությունը հիմարության գծով պետք է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Լավ, փողը հավաքել եք, ի՞նչ եք անելու: Ասում են՝ ստեղծելու ենք երկու ֆոնդ: Ինչո՞ւ եք երկուսը ստեղծելու. Էստոնիայում 21 ֆոնդ կա, Չիլիում՝ 23, Ուկրաինայում՝ 97, Ռուսաստանում 240 ֆոնդ կա, ինչո՞ւ եք 2 ֆոնդ ստեղծել, այդ ո՞վքեր են ֆոնդատերերը: Մեր փողերը տալիս ենք երկու ֆոնդերին, որ ներդրում անեն: Ո՞րտեղ են ներդնելու. լավագույն դեպքում 10 տարվա արժեթղթերի մեջ: Դրանից երկար ֆոնդ աշխարհում չկա. բա ինչո՞ւ եք 45 տարով վերցնում: 45 տարով պարտք տալ հնարավո՞ր է, այդքան տարի հետո հնարավո՞ր է հաշվել պարտքի ճշգրիտ արժեքը:
Ես հիմա մի բան կասեմ, որ եթե երեկոյան վարչապետն ասի՝ այդպես չէ, ես ներողություն կխնդրեմ: 45 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա, նույնիսկ եթե մենք ֆինանսավորեինք «Նասա»-ի դեպի Մարս թռչող արբանյակը, 20 տարուց ավել պարտք չէին տա: 45 տարվա պարտքը Գինեսի ռեկորդ է, կատարյալ հիմարություն:
Ես այս ամբիոնից առաջարկում եմ կառավարությանն ու վարչապետին. թող ասեն, որ այդպիսի բան կա աշխարհում, ես հեռուստատեսությամբ «կուկարիկու» կկանչեմ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել