HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աթենքում՝ հայկական խաչքար-հուշակոթողի կողքին, տեղադրվել է Նանսենի կիսանդրին

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աթենքում տեղի ունեցան նորվեգացի ականավոր հումանիստ, բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվեցին Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի բարձր հովանու ներքո:

Հոկտեմբերի 10-ին Աթենքի ակադեմիայում կայացավ գիտաժողով, որը նվիրված էր 1922-24թթ. հույն գաղթականների խնդիրները լուծելու և հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Նանսենի գործունեությանը:

Գիտաժողովը կազմակերպել էր Հունաստանի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը` Հունաստանում Նորվեգիայի և Հայաստանի դեսպանությունների, նորվեգական ինստիտուտի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի աթենքյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ազգերի լիգայի` փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը, նրա անխոնջ նվիրումը ինչպես հույն, այնպես էլ Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց նանսենյան անձնագրեր տրամադրելու, համաշխարհային հանրության ուշադրությունը նրանց հոգսերի ու խնդիրների վրա սևեռելու գործում: Անդրադարձ եղավ նաև նորվեգացու դիվանագիտական, գիտական, մարզական և այլ գործունեությանը:

Հոկտեմբերի 11-ին Աթենքի կենտրոնական թաղամասերից մեկում հանդիսավորությամբ բացվեց Նանսենի կիսանդրին, որը տեղադրված է նույն պուրակում գտնվող հայկական խաչքար-հուշակոթողի անմիջական մերձավորությամբ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ միջոցառումներին մասնակցել են Հունաստանում ՀՀ դեսպանության և հունահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Մեկնաբանություններ (1)

erik
Անգլերեն տարբերակը կա? Նման թեմաների պարագայում պարտադիր է նաև անգլերեն տարբերակը, որպեսզի նաև շահագրգիռ երկրներն ու կողմերը կարողանան իրազեկվել... Շնորհակալություն նյութի համար, կարծես ուրիշ ոչ մի տեղ չեր լուսաբանվել այս կարևոր նախաձեռնությունը....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter