HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Հայաստան» հիմնադրամի ծրագրերը Ղարաբաղում շարունակվում են

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 11-րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի ընթացքում նվիրաբերված գումարները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղերում հիմնական  ենթակառուցվածքների վերականգնմանը:

Ինչպես նշվում է հիմնադրամի կայքում, իր գործունեության 16 տարիների ընթացքում կառուցվել է ավելի քան 464 կմ ճանապարհ, 212 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 44 կմ գազատար: Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է ավելի քան 106 դպրոց ու մանկապարտեզ, 410 տուն ու բնակարան, 34 առողջապահական հաստատություն, 21 սպորտային ու մշակութային կենտրոն, ինչպես նաեւ իրականացվել է ավելի քան 85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր:

2007թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ու Արցախում իրագործված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 185 մլն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 13-16-ը անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հայտարարել է 1մլն 200 հազար եվրո /շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար/ նվիրատվության մասին:

Մինչ ԼՂՀ պատվիրակությունը նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հեռուստամարաթոնի շրջանակներում հանդիպումներ է ունենում ԱՄՆ տարբեր քաղաքներում, Ղարաբաղում շարունակվում են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:

Հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են շարունակվում նաեւ ԼՂՀ Մարտունու շրջանում: Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշեց շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանը, հիմնադրամի միջոցներով շրջանում կառուցվել է Մուշկապատ-Մարտունի, Սպիտակաշենի ջրատարները, Մյուրիշեն-Ավդուռ-Հացի ավտոճանապարհը /22 կմ/,  կատարվել է Գիշի քյահրիզի հորերի մաքրում եւ պոմպակայանի նորոգում, ինչպես նաեւ անց է կացվել Կարմիր Շուկա-Մարտունի 35կվտ օգտագործման էլեկտրագիծը:

Խոսելով հիմնադրամի ծրագրերի մասին՝ Վ. Խաչատրյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է Բերդաշենի արտաքին ջրատարի փոխարինման եւ ներքին համակարգի վերանորոգման ծրագիրը, ինչպես նաեւ Սպիտակաշենի դպրոցի շենքի /120 աշակերտի համար/ կառուցումը: Նախատեսվում է իրականացնել Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի վերանորոգման, Ճարտարի թիվ 2 դպրոցի, Գիշի եւ Կարմիր Շուկա գյուղերի դպրոցների կառուցման, շրջանային հիվանդանոցի վերակառուցման եւ Թաղավարդի արտաքին ջրատարի կառուցման ու ներքին ջրատար համակարգի վերանորոգման ծրագրերը:

Ընթացքի մեջ է նաեւ Կարմիր Շուկա-Սոս-Ճարտար-Խնուշինակ-Գիշի Մարտունի ճանապարահատվածի կառուցումը: Վարչակազմի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատված ճանապարհը Կարմիր Շուկայից հասնում է մինչեւ Խնուշինակ գյուղի մատույցները: Այժմ ավարտման փուլում են Խնուշինակ-Գիշի հատվածի հողային աշխատանքները: 2009-ին նախատեսված է ասֆալտապատել ողջ ճանապարհահատվածը:

Ընդհանուր առմամբ, վարչակազմի ղեկավարի խոսքերով, հիմնադրամի միջոցներով կատարվել է 1 մլն 407 հազար ԱՄՆ դոլարի աշխատանք, ընթացքի մեջ է 3մլն 740 հազար ԱՄՆ դոլարի աշխատանքներ, իսկ  4մլն 230 հազար դոլարի չափով էլ նախատեսված է իրականացնել:

Վարչակազմի ղեկավարը հուսով է, որ նախորդ տարվա պես, այս տարի էլ հեռուստամարաթոնին ակտիվ մասնակցություն կունենան հենց Մարտունու շրջանի բնակիչները, որոնց կողմից հանգանակված գումարները անցած տարի հասնում էին 11 մլն դրամի, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter