«Հանրապետականը» չի ուզում ունենալ կրթված գյուղապետեր
Հաղպատում տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 19-ի ընտրություններում համայնքապետի առաջադրված երկու թեկնածուները իրենց կրթական մակարդակով անհամեմատելի են:
Գործող գյուղապետ Ռուբեն Վարոսյանը գյուղում եւ տարածաշրջանում հայտնի է «Ավարա» մականունով: Մականունը, կարծես թե, ամեն ինչ ասում է այս մարդու մասին:
Նրա մարդկային նկարագրի եւ գյուղացիների հետ վարվելակերպի մասին Հաղպատում մեզ պատմեց Վանիկ Աբելյանը. «Գյուղը անդունդի եզրին է: Ավարեն որ ընտրվեց գեղապետ, գնացի մոտը, գիտեի ինչ բան ա, էլի, ասի` Ռուբիկ ջան, մինչեւ հիմա ուրիշ էր, հիմի արդեն պաշտոնով մարդ ես, էդ հայհոյանք-մայհոյանքը բի բրախի: Երկու անգամ ասի, տեհա տերը չեղավ, բրախեցի, ասի` քու հերն էլ անիծած: Գյուղում բոլորի հետ հայհոյանքով ա խոսում: Բյուջեից էլ գյուղը խաբար չի: Ես տեհած չեմ, որ գեղի մի հինգ խելացի մարդ կանչի, ասի` ինչ անենք, որ գեղի վիճակը լավ լինի: Իմ տունն էդ թեք լանջին ա: Մի օր դրանք, էն ներքեւն ախպիր կա, Սարոյի ախպիր են ասում, ներքեւը հաց են կերել, մեր գեղացի Սեւակն ա, մյուսներն են: Սեւակը իրա ադյուտանտն ա, մեր բալկոնից ձենը լսում եմ, ասումա ` գեղըմը ով Ռուբիկին չընտրի, նրա էսպեսն ու էնպեսը: Արա,տենց չի կարելի, էլի, չի կարելի»,- ասում է Վանիկ Աբելյանը:
Նշենք, որ դեռ 1,5 ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության Լոռու ստորաբաժանման աշխատակիցները բյուջեից խոշոր յուրացումներ կատարելու կասկածանքով հետեւում էին Ռ. Վարոսյանի գործունեությանը եւ, ժողովրդի աչքից ոչ աննկատ, նրան ու գյուղապետարանի հաշվապահին «տանում-բերում էին»: Ակնհայտ է, որ Ավարեն վերեւներում գործերը դասավորել է:
Հաղպատում Ռուբեն Վարոսյանը հրաժարվեց «Հետքի» հարցերին պատասխանել:
Հոկտեմբերի 10-ին Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության եթերում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը եւ Հանրապետական կուսակցությունը պաշտպանում են Հաղպատի գործող գյուղապետի թեկնածությունը, ասել է թե` անկուսակցական Ռուբեն Վարոսյանին:
Թե ինչու՞ հանրապետական մարզպետը չի պաշտպանում իր կուսակցության անդամ Սերգո Քառյանի թեկնածությունը, եթերում Արամ Քոչարյանը պատասխանեց. «Կուսակցական առումը կապ չունի, անձը կապ ունի, նրա մարդկային հատկանիշները եւ նրա կատարած գործերը»:
Թե Ավարա Ռուբոյի ո՞ր հատկանիշներն են գերել Լոռու հասարակական շրջանակներում անվճռականության համար մեղադրվող մարզպետին, Ավարային ճանաչողները միանգամից հասկացան:
Մարզպետից վիրավորված, 1996 թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Սերգո Քառյանը 1979 թ. գերազանց գնահատականներով ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը, 1982-86 թթ. սովորել է Գյուղատնտեսական ինստիտուտի ասպիրանտուրայում: Գյուղում նա հարգված մարդ է: «Ես ծրագրեր ունեմ եւ ուզում եմ Հաղպատը իսկական գյուղ դառնա»,- մեր զրույցի ընթացքում ասաց գյուղապետի թեկնածուն:
Երբ հարցրեցինք Ավարայի «լավ գործերի» մասին, Սերգո Քառյանն այսպես պատասխանեց. «Հաղպատում կա 146 հա սեփականաշնորհված վարելահող, եւ վերջին 5 տարիներին այստեղ մի մետր հող անգամ չի մշակվել ու ցանվել, այն դեպքում, երբ գյուղը ոռոգման ջուր ունի: Անասնապահությունն ավելի սարսափելի վիճակում է, խորհրդային տարիներին Հաղպատն ուներ միայն 630 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այսօր ամբողջ գյուղում բոլոր տեսակի անասունները միասին 338 գլուխ է կազմում: Գյուղում 4 նախիր կար` այծի, ոչխարի եւ այլն, այսօր մեկն է, այն էլ` կիսով չափ: Գյուղը խմելու ջուր չունի, մանկապարտեզի շենքն էլ չօգտագործելուց արդեն 5 տարի է քանդվում է: Մարդիկ երես են թեքել հողագործությունից ու անասնապահությունից եւ սոված թափառում են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել