Վրաց-ռուսական պատերազմից հետո
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ «Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի» (Վրաստան) սեպտեմբերի 15-17-ը կազմակերպած «Հարավային Կովկասում կայունության պահպանման հեռանկարները վրաց-ռուսական հակամարտության ֆոնին» ինտերնետային կոնֆերանսի նյութերից:
Քննարկմանը մասնակցում էին`
Իրակլի Մճեդլիշվիլին - «Խաղաղության եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի նախագահ (Վրաստան), Կախա Կացիտաձեն - Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա (Վրաստան), Ռասիմ Մուսաբեկովը - Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ (Ադրբեջան), Զաֆար Գուլիեւը - քաղաքագետ, «ԹՈՒՐԱՆ» գործակալության Վերլուծական ծառայության ղեկավար (Ադրբեջան), Գայանե Նովիկովան - «Սպեկտրում» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան), Մանվել Սարգսյանը - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ (Հայաստան):
Կոնֆերանսի նյութերին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ` այցելելով «Կովկասի լրագրողների ցանց» (www.caucasusjournalsts.net ):
Ռասիմ Մուսաբեկով - Իհարկե, նավթի եւ գազի կասպիական պաշարները մեծ ազդեցություն են թողնում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վրա։ Ի միջի այլոց, Ռուսաստանի ներխուժումը Վրաստան նաեւ ցույց տվեց, թե որքան խոցելի է անդրկասպիական էներգետիկ միջանցքը։ Բայց Մոսկվան գերադասեց միայն ի ցույց դնել սպառնալիքը եւ չփորձեց ռմբակոծել խողովակաշարերն ու տերմինալները։ Փաստորեն, դրանով ռուսական ղեկավարությունն առաջարկում էր իրեն որպես էներգապաշարների անխափան մատակարարման երաշխավոր` տարածաշրջանում իր հատուկ դերակատարությունը ընդունելու պայմանով։
Դատելով փոխնախագահ Դիկ Չեյնիի Բաքու եւ Թբիլիսի կատարած այցելություններից՝ ԱՄՆ-ը համաձայն չէ դրան, իսկ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի, մտածում է։ Թուրքիան «Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմի» նախաձեռնությամբ, վարչապետ Էրդողանի՝ Մոսկվա, նախագահ Գյուլի՝ Երեւան կատարած այցերով ցույց է տալիս զգուշավոր մոտեցում եւ Ռուսաստանի հետ գործարքի հասնելու ձգտում։ Դժվար է ասել, թե որ միտումները գերակշռող կդառնան, քանի որ շատ բան կախված կլինի ոչ միայն տարածաշրջանային գործընթացների մեջ ներգրավված երկրների կոնկրետ քայլերից, այլեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից, նաեւ` Իրանի հետ կապված գործընթացների զարգացումներից:
Զաֆար Գուլիեւ - Չեմ կարող համաձայնել Վրաստանի գործողություններին Ռուսաստանի ինքնաբուխ պատասխանի վարկածին։ Թե՛ Վրաստանում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձություններից առաջ, թե՛ դրանցից հետո Կրեմլի վարքը եւ հռետորությունը ցուցադրել եւ ցուցադրում են երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կուրսի գիտակցված փոխակերպման փաստը։
Սարսափը անկանխատեսելի Ռուսաստանի նկատմամբ, որը զինված է «գազի մահակով» եւ փորձում է վերակենդանացնել «չարի կայսրության» նախկին կերպարը, Արեւմուտքի համար է՛լ ավելի հրատապ դարձրեց էներգետիկ անվտանգության խնդիրը եւ բազմապատկեց NABUCO-ի եւ այլընտրանքային մյուս նախագծերի նշանակությունը։ Ուշադրություն դարձրեք՝ հենց վրացական իրադարձություններից հետո էր, որ է՛լ ավելի բորբոքվեցին քաղաքական կրքերը NABUCO-ի շուրջ՝ ձեռք բերելով նոր ինտրիգային մանրամասներ։
Չեյնիի նախաձեռնությամբ ԵՄ-ի հոկտեմբերյան էներգետիկ գագաթաժողովին, որտեղ NABUCO նախագիծն, ամենայն հավանականությամբ, նորից կլինի ուշադրության կենտրոնում, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին հրավիրվել է նաեւ Հայաստանը, ինչը վկայում է Արեւմուտքի «այլընտրական խաղում» պահեստային կամ հեռանկարային տարբերակներ մշակելու մասին։
Հայաստանի՝ Վրաստանի հնարավոր տրանզիտային «փոխարինողի» դերում հանդես գալու հնարավորության մասին օրերս խոսեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը։ Կարելի է ենթադրել, որ այդ թեման քննարկվել է Թուրքիայի նախագահ Գյուլի` Երեւան կատարած այցի ընթացքում եւ Բաքվում նրա բանակցությունների ժամանակ։ Արժե նաեւ նշել, որ հնարավոր «գազային սուբյեկտներից» մեկը՝ Իրանը (որն իր պոտենցիալով համադրելի է Ռուսաստանի հետ), հենց վերջին օրերին սկսեց հետաքրքրություն ցուցաբերել NABUCO-ի նկատմամբ՝ չթաքցնելով «այլընտրական խաղի» մասնակից դառնալու ցանկությունը։
Բաքվում արեւմտյան ընկերությունների ներկայացուցիչները օրերս պարզորոշ հայտարարեցին, որ թեեւ NABUCO-ի ռեսուրսային բազան կողմնորոշված է Ադրբեջանի եւ Միջին Ասիայի միասնական գազային կարողությանը, այն կարող է վերակողմնորոշվել եւ դեպի Իրանի էներգապաշարները։ Այդ խոստովանությունը կարելի է գնահատել որպես նախազգուշացում Ռուսաստանին, որը կարծում է, թե ճնշումներ գործադրելով Միջին Ասիայի երկրների կամ Ադրբեջանի նկատմամբ` կարելի է վերջ դնել Արեւմուտքի «այլընտրական խաղին»։ Միեւնույն ժամանակ, այդ նախազգուշացումն ուղղված է նաեւ որոշ մերձկասպյան երկրների, որոնք ասես քարացել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական եւ էներգետիկ մենամարտի ելքի տագնապալի սպասման մեջ՝ զգուշանալով հայտարարել այս կամ այն տարբերակի օգտին սեփական վերջնական ընտրության մասին։ Մինչդեռ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության համատեքստում, NABUCO-ի եւ «այլընտրական խաղի» շուրջ բորբոքված կրքերը, ըստ էության, դատապարտում են այդ երկրներին արագ կողմնորոշման այդ սկզբունքային հարցում։
Մանվել Սարգսյան - Ի՞նչ կարող է նշանակել Ռուսաստանի համաձայնությունը նման նախագծերին. ահա սա է հարցի էությունը։ Դա կարող է միայն նշանակել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առաջացել է ռազմավարական բնույթի հարաբերությունների հնարավորություն։ Վերջին կեսդարյա պատմությունը նման նախադեպ չի հիշում։ Ուստի, հեշտ չէ հասկանալ այդպիսի ռազմավարական հարաբերությունների էությունը։ Ամենայն հավանականությամբ, համաշխարհային քաղաքականության մեջ ինչ-որ արմատական փոփոխություն է կատարվել։ Պատահական չէ, որ խոսակցություններ սկիզբ առան ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու մասին։ Նման բան կարող է լինել միայն այն դեպքում, եթե Թուրքիան լուրջ անհանգստություն ունի, որի աղբյուրը ԱՄՆ-ից եկող ազդակներն են։ Այդ դեպքում Ռուսաստանի հետ բարեկամություն հաստատելը կարող է լինել տրամաբանական։ Ահա այստեղ էլ մտածում ես, որ Թուրքիայի գործողությունները թելադրված են ոչ թե Ռուսաստանից, այլ արեւմտյան դաշնակիցներից ունեցած վախով։
Զաֆար Գուլիեւ - Ես չէի փորձի այդ փաստերից եզրակացություն անել Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի մերձեցման՝ որպես տարածաշրջանում Արեւմուտքի շահերի նոր հակակշռի մասին։ Առավել եւս՝ հիմքեր չկան խոսելու Անկարայի կուրսի հակաարեւմտյան շրջադարձի կամ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավորության մասին։ Սրընթաց զարգացող Թուրքիան դառնում է լուրջ տարածաշրջանային դերակատար եւ առաջին հերթին «աշխատում է» սեփական շահերի իրականացման համար, բայց դա անելիս շարունակում է համաձայնեցնել քայլերը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ։
Ինձ թվում է, թե դեռ շուտ է սահմանները բացելու մասին խոսել, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի հարթվել տարածաշրջանի խճճված աշխարհաքաղաքական իրավիճակը եւ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը։ Դրա հետ միասին, Հարավային Կովկասում քաղաքական հարաբերությունների նոր «ձեւաչափը» կախված է ոչ միայն մրցակից արտաքին դերակատարների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Թուրքիա, Իրան) դիրքից եւ ակտիվությունից, այլեւ հենց տարածաշրջանի երկրների (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան) դիրքային ընտրությունից եւ հետագա վարքից։ Եւ այստեղ վարկածների եւ կանխատեսումների հսկայական դաշտ կա։ Արդյոք կպահպանվի՞ երկրների նախկին ասիմետրիկ աշխարհաքաղաքական կողմնորոշումը. արեւմտամետ Վրաստան, ռուսամետ Հայաստան եւ հավասարակշռված (բազմավեկտորային) Ադրբեջան։ Թե՞ կառաջանա նոր կոնֆիգուրացիա…
Իրակլի Մճեդլիշվիլի - Ռուսաստանը երկար ժամանակ կենտրոնացնում էր իր զորքերը Հյուսիսային Կովկասում եւ անց էր կացնում զորավարժություններ։ Եւ անվիճելի է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Այնքան էլ պարզ չէ Վրաստանի ղեկավարության դերն այս ամենում։ Արեւմուտքը բազմիցս ընդգծել էր Վրաստանի համար ուժային սցենարի անթույլատրելիությունը, քանի որ այն կարող էր ունենալ աղետալի արդյունքներ։ Ցավոք, պատահեց հենց այն, ինչից ամենաշատն էին զգուշանում։ Դրա համար էլ ասում ենք, թե առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։
Գայանե Նովիկովա - Տարածաշրջանի կոնֆիգուրացիայում որակապես նոր տարր է դառնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման փաստը, եւ պարզապես անկարելի է դա անտեսել։ Արդյոք այդ ճանաչումն ուղղակիորեն կազդի՞ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրության վրա։ Չեմ կարծում, եւ խիստ կասկածում եմ, թե ԱՄՆ-ը թուրք-ռուսական «ուսերին» կդնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ մի կողմ կքաշվի։
Ռասիմ Մուսաբեկով - Կարծում եմ, որ բացարձակապես անհիմն է դատողություններ անել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու մտադրության մասին։ Այդ հարցը չի քննարկվում ոչ միայն քաղաքական, այլ նույնիսկ փորձագիտական մակարդակներով, ԶԼՄ-ների էջերում։ Թուրքիայի ողջ տնտեսությունը կողմնորոշված է դեպի ԵՄ, իսկ անվտանգության համակարգը՝ սկսած զինատեսակներից եւ վերջացրած ռազմական դոկտրինով, հիմնվում է ՆԱՏՕ-ի վրա։ Իսկ եթե ինչ-որ վայ քաղաքական գործիչների գլխում ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին միտք ծագի, ապա Թուրքիայում կան ազդեցիկ զինվորական շրջանակներ, որոնք արագ ցույց կտան բոլորին, թե «ով է տանտերը»։
Խիստ ասած` եթե նույնիսկ Թուրքիան բացի Հայաստանի հետ իր սահմանը, ապա դա կարվի զուտ տեղային ձեւով, մերձսահմանային առեւտրի եւ մարդասիրական բեռների տեղափոխման համար։ Եթե նույնիսկ ենթադրենք, թե կբացեն երկաթուղային հաղորդակցությունը, ապա ի՞նչ պետք է տեղափոխվի այդ ճանապարհով, եթե Ադրբեջանը փակ պահի իր տարածքը ոչ միայն Հայաստանի, այլեւ այնտեղից եկող ցանկացած տրանզիտի համար։ Բեռնափոխադրումների համար Վրաստանը կօգտագործի ծովային եւ ավտոմոբիլային տրանսպորտ, իսկ Հայաստանի սեփական բեռնափոխադրումների ծավալն այնքան էլ մեծ չէ։ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հակառակորդները՝ ի դեմս հայկական արմատական կազմակերպությունների, ցանկացած պահի կարող են մի այնպիսի արարք գործել, որը վերջ կդնի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունների վերականգնման բոլոր պլաններին։ Չէ՞ որ այդ երկրների միջեւ առկա հիմնական հակասություններն առայժմ լուծում չեն ստացել եւ օրակարգից չեն հանվել։
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջընթացին, ապա ես այնքան էլ հակված չեմ հակադրելու Մոսկվայի (չի բացառվում` Անկարայի հետ միասին) հնարավոր նախաձեռնությունները Մինսկի խմբի գործունեությանը։ Առաջին` Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, իսկ Թուրքիան` անդամ։ Երկրորդ` Մինսկի խմբի աշխատանքի ընթացքում արդեն եղել են տեղային նախաձեռնություններ այդ խմբի անդամ երկրների նախագահների մակարդակով։ Հիշենք նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությունը, որը կազմակերպեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումների երկու ռաունդ։ Այդ շարքին կարելի է դասել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը Քի Վեսթում։ Երրորդ` ես վստահ եմ, որ ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթացի հասնելու դեպքում ցանկացած համաձայնություն կհիմնվի Մինսկի խմբի համանախագահների ձեռքբերումների վրա, իսկ նրանց էլ անպայման կհրավիրեն մասնակցելու տվյալ համաձայնության ստորագրման արարողությանը, ինչպես նաեւ կհանձնարարեն կատարել փաստաթղթերի ամբողջ փաթեթի որոշակիացման հետագա աշխատանքը, ինչը պետք է համաձայնությունը տեղափոխի իրականացման գործնական հարթություն։
Գայանե Նովիկովա - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման ծրագրերը շատ հանգիստ կարող են վիժեցվել նաեւ թուրքական կողմում դրա հակառակորդների գործողություններով։
Զաֆար Գուլիեւ - Իսկապես, Վրաստանի իրադարձությունները փոխեցին շատ շեշտադրումներ: Դրանք նպաստեցին տարածաշրջանում ոչ միայն Ռուսաստանի ազդեցության վերակենդանացմանը, այլեւ խթանեցին Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը: Բայց ես այս փաստերից չէի եզրահանգի, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի այս համադրումը տեղի է ունեցել տարածաշրջանում Արեւմուտքին հակակշռելու համար: Առավելեւս, հիմք չկա խոսելու Անկարայի կուրսի հակաարեւմտյան շրջադարձի կամ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին: Սրընթաց զարգացող Թուրքիան դառնում է տարածաշրջանային լուրջ խաղացող եւ նախեւառաջ «աշխատում է» իր շահերի իրականացման ուղղությամբ: Բայց, դրա հետ մեկտեղ, շարունակում է կոորդինացնել իր քայլերը եւ ՆԱՏՕ-ի, եւ ԱՄՆ-ի հետ: Շուտ է, իմ կարծիքով, նաեւ «սահմանների ապաշրջափակման մասին խոսելը», համենայնդեպս, քանի դեռ չի «պարզվել» տարածաշրջանում աշխարհաքաղաքական խճճված իրավիճակը, եւ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը: Դրա հետ մեկտեղ Հարավային Կովկասում քաղաքական հարաբերությունների ձեւաչափը կախված է ոչ միայն արտաքին դերակատարների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Թուրքիա, Իրան) դիրքորոշումներից եւ ակտիվությունից, այլեւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքային ընտրությունից եւ վարքի հետագա մոդելի ընտրությունից: Եվ այստեղ կա վարկածների եւ տեսությունների հսկա մի դաշտ: Կպահպանվի՞, արդյոք, աշխարհաքաղաքական կողմնորոշման նախկին ասիմետրիկ կառույցը. արեւմտամետ Վրաստան, ռուսամետ Հայաստան եւ հավասարակշռված, մուլտիվեկտորային Ադրբեջան:
Մանվել Սարգսյան - Ղարաբաղյան խնդիրն էլ, ինչպես երեւում է, ջրբաժանում է հայտնվել: Ռուսաստանը հետաքրքրված է այս խնդրի կարգավորման գործընթացից Մինսկի խմբին հեռացնելու մեջ: Նույն ճանապարհին Թուրքիան է, հիշենք նախագահ Գյուլի քննադատությունը (խոսքը Ա. Գյուլի` Մինսկի խմբի հասցեին հնչեցրած քննադատության մասին է - խմբ.): Այստեղ կարող է տեղի ունենալ կարեւոր փոփոխություն: Պատահական չէր, որ ամերիկացի Մեթյու Բրայզան անհանգստացած դես ու դեն էր ընկել հակամարտող կողմերի արանքում, պատահական չեն Լեռնային Ղարաբաղում արած նրա հայտարարությունները: Դրանց մեջ կա շանտաժ` ուղղված Լեռնային Ղարաբաղով հետաքրքրված բոլոր երկրներին: Նույնքան պատահական չհայտնվեց ԱՄՆ-ում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մասին գաղափարը: Փաստորեն, նշմարվում են դիվանագիտական երկու հնարավոր կոնֆիգուրացիաներ: Կասկած չկա, որ դրանցում կդրսեւորվեն խնդրի լուծման տարբեր մոտեցումներ: Բայց գլխավորն այն է, որ նման որոշումն արդեն հնարավոր չի լինելու առանց տարածաշրջանի բոլոր խնդիրների հետ ներդաշնակեցման: Այսինքն` փոխզիջումը կարող է առնչվել արդեն խնդիրների ավելի լայն շրջանակի: Իսկ սա արդեն հետաքրքրիր է:
Իրակլի Մճեդլիշվիլի - Էներգակիրների տեղափոխման եւ տրանսպորտային միջոցների այլընտրական ճանապարհների մասին.... Ինչքան շատ լինեն այդ ճանապարհներն, այնքան ավելի լավ, քանի որ դա կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը եւ բարեկեցությանը։ Ով եղել է Եվրոպայում (Շվեյցարիայում եւ Գերմանիայում), նա տեսած կլինի, թե այնտեղ ինչ խտություն ունի տրանսպորտային ցանցը։ Ինձ թվում է, թե նույնը պետք է լինի Կովկասում։ Տրանսպորտային ուղիների փակումը եւ գազի խողովակով շանտաժը (ինչպես դա անում են որոշ երկրներ) չպետք է լինի մեր քաղաքականությունը։
Կախա Կացիտաձե - Միանգամայն համաձայն եմ, որ Վրաստանն ընկավ պատրաստված թակարդը, թեեւ չկար դրա ճակատագրական անհրաժեշտությունը, այսինքն՝ խելամիտ քաղաքականության դեպքում Վրաստանը կարող էր խուսափել թակարդից։ Ի միջի այլոց, Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ թակարդներ է լարել Վրաստանի համար. 1992 թվականին (մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի փոխանցում վրացական զորքերի Աբխազիա մտնելուց առաջ), 1999 թվականին Գալիի իրադարձությունները, 2004-ին` Սահակաշվիլու գործողությունները Ցխինվալում։ Երբ ես ասում էի, թե վերջին իրադարձությունները ոչ թե Ռուսաստանի ինչ-որ նոր ռազմավարության, այլ նրա կայսերական գաղափարաբանության արդյունք են, նկատի ունեի հենց դա։
Ես չեմ կարծում, թե պատերազմի արդյունքը կլինի հարավկովկասյան երկրների քաղաքական ուղղության արագ եւ արմատական փոփոխությունը։ Պատճառն այն է, որ պատերազմը չի փոխել այն հիմնական գործոնները, որոնք որոշում էին այս կամ այն հարավկովկասյան երկրի քաղաքականությունը։ Իհարկե, կլինեն փոփոխություններ, ճշգրտումներ, բայց ես չեմ տեսնում հիմնարար աշխարհաքաղաքական փոփոխությունների հնարավորություն։
Ռասիմ Մուսաբեկով - Երեւանի եւ Բաքվի քաղաքականության վրա կարող է վճռական ազդեցություն թողնել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառույցը անմիջապես Հարավային Կովկաս հասցնելու պատրաստակամությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում հակադրությունը կտրուկ կուժեղանա, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը ստիպված չեն լինի որոշակիացնել իրենց դիրքերը։ Եթե առաջընթաց լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ, ապա Հայաստանի համար կտրուկ կնվազի ՀԱՊԿ-ի արժեքը, իսկ Ադրբեջանը չի զգա Վրաստանի ետեւից արագորեն դեպի ՆԱՏՕ շարժվելու անհրաժեշտությունը։ Բայց Ռուսաստանի կողմից աճող ճնշման կամ Իրանի թշնամական գործողությունների դեպքում Բաքուն, կարծում եմ, կտրուկ կշարժվի հյուսիսատլանտյան դաշինքի ուղղությամբ։ Մի խոսքով, տարածաշրջանի երկրների համար անվտանգության համակարգերի կոնֆիգուրացիան կախված է ազդեցիկ արտաքին դերակատարների վարքից, ինչպես նաեւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջ մղելու ունակությունից։
Գայանե Նովիկովա - Հարավային Կովկասում գործող հիմնական դերակատարների ուժերի ստեղծված դասավորությունը ձեւավորում է անվտանգության կամ, ավելի շուտ, «չանվտանգության» նոր համակարգ, որտեղ հստակ ուրվագծվում է այնպիսի դերակատարների մակարդակը, ինչպիսիք են չճանաչված պետությունները։ Բացի այդ, փոխվեց Ռուսաստանի կարգավիճակը. նա ոչ միայն կոշտ ձեւով ի ցույց դրեց տարածաշրջանում իր շահերը, այլեւ տվյալ աշխարհաքաղաքական տարածության մեջ ուղղակի դերակատարի դիրք ընդունեց։
Կարծում եմ, որ այս տարածաշրջանի հիմնական դերակատարների ռազմավարությունը տեսանելի ապագայում չի ենթարկվի արմատական փոփոխությունների, բայց եթե հաշվի առնենք, որ Վրաստանը ինչ-որ ժամանակով խաղից դուրս է մնում, ապա մարտավարությունը կարող է վերանայվել։ Ընդհանուր առմամբ, ինչ-որ չափով մեծացավ Հարավային Կովկասի պետությունների՝ որպես սուբյեկտների նշանակությունը տվյալ աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում։
Ռասիմ Մուսաբեկով - Առայժմ մինչեւ վերջ պարզ չեն ԱՄՆ-ի պլանները, Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ ուղղակի մտնելու Վրաստան եւ ստանձնելու նրա անվտանգության պատասխանատվությունը։ Եթե նման բան պատահի, տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը արմատապես կփոխվի, կդառնա ավելի կոնֆրոնտացիոն։ Բայց, միեւնույն ժամանակ, Թբիլիսիի եւ, հնարավոր է, Բաքվի ու նույնիսկ Երեւանի համար անվտանգության հարցում ի հայտ կգա իրական ընտրություն՝ կամ Ռուսաստանի հովանին, կամ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի օժանդակությունը։ Առայժմ այս հարցի պատասխանը չգիտենք։ Վրաստանը, միանգամայն հասկանալի պատճառով, օգնություն եւ ուղղակի օժանդակություն ակնկալում է ԱՄՆ-ից։
Հայաստանը եւ Ադրբեջանը սպասողական վիճակում են։ Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ լեզու գտնել սիրալիր ձեւով, եւ Անկարային դժվար չէ հասկանալ։ Հարավային Կովկասը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մարտի դաշտ դարձնելու կոնֆրոնտացիոն սցենարը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես Թուրքիայի համար, որն այդ դեպքում կվերածվի մերձճակատային պետության եւ կկրի ռազմական եւ տնտեսական կորուստների ողջ ծանրությունը։ Թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը (յուրաքանչյուրը՝ ելնելով սեփական շահերից) շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացով։
Վերջին իրադարձությունները անհնար դարձրին Վրաստանի տարածքով ռուսական ռազմական հաղորդակցության իրականացումը դաշնակից Հայաստանի հետ։ Պարզվեց, որ Գորիով եւ Ջավախքով դեպի Հայաստան միջանցք բացելու, Վրաստանը երկու մասի բաժանելու, խողովակաշարերը վերահսկողության տակ առնելու արկածախնդիր պլանները չափազանց ռիսկային եւ դժվար իրագործելի են։ Ռուսաստանին մնում է առաջ մղել ղարաբաղյան կարգավորումը, որպեսզի Հայաստանի հետ հաղորդակցության ուղիներ բացվեն Ադրբեջանով, միաժամանակ այդ կերպ կամրապնդի սեփական տնտեսական եւ քաղաքական դիրքերը Բաքվում։ Արեւմուտքը հույս ունի, որ ղարաբաղյան կարգավորման ընթացքն առաջ մղելով` կլիցքաթափի տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը սպառնացող այդ «ականը»։ Միաժամանակ, դա Երեւանին կազատի Ռուսաստանի փեշից բռնելու անհրաժեշտությունից, եւ տարածաշրջանը կարող է համերաշխ շարժվել դեպի Եվրոպա։ Տարածաշրջանային անվտանգության երեք տարբերակներից (ռուսական ազդեցության ոլորտ, «չեզոքություն» եւ ՆԱՏՕ) ինձ առավել իրատեսական է թվում Հարավային Կովկասի «չեզոքացումը եւ ապառազմականացումը»։ Այդ տարբերակն է սատարում Թուրքիան։
Կախա Կացիտաձե - Հարավկովկասյան պետությունների չեզոքությունն անհնար է թե ընդհանուր առմամբ, թե առանձին-առանձին։ Եւ բանը միայն այն չէ, որ բավական չէ հայտարարել սեփական չեզոքության մասին։ Այն պետք է ճանաչեն հարեւանները եւ գլխավոր դերակատարները։ Բացի այդ, չեզոքությունը թանկ է նստում (կարելի է համեմատել ՆԱՏՕ-ի փոքր անդամների եւ չեզոք եվրոպական երկրների ռազմական ծախսերը)։ Առհասարակ, Եվրոպայում (Ֆինլանդիայում, Շվեդիայում, նաեւ Ավստրիայում) աշխուժանում են ՆԱՏՕ մտնելու մասին քննարկումները։ Չեզոք կարգավիճակ ունենալը դժվարացնում է մասնակցությունը միջազգային ռազմատեխնիկական ծրագրերին եւ, որ հատկապես կարեւոր է Հարավային Կովկասի համար, չեզոքությունը դույզն-ինչ չի օգնում տարածքային վեճերի լուծմանը (Մոլդովայի չեզոքությունն ամրագրված է սահմանադրորեն, բայց դրանից ոչինչ չի հետեւում): ՆԱՏՕ հասցնող ճանապարհը երկար է։ Ինձ թվում է, թե Վրաստանն այդ ճանապարհով կգնա մոտ հինգ տարի (սա այն դեպքում, եթե նրա բախտը բերի)։ Ադրբեջանը կփորձի խուսանավել, Հայաստանը՝ սպասել։ Կարճատեւ հեռանկարում կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Իսկ միջնաժամկետ եւ հատկապես երկարաժամկետ հեռանկարներում ՆԱՏՕ-ն, հավանաբար, կներառի Հարավային Կովկասը։
Իրակլի Մճեդլիշվիլի - ՆԱՏՕ-ն չի ուզում ավելորդ անգամ բարկացնել Ռուսաստանին, բայց այս փաստարկը թույլ է, որովհետեւ Վրաստանում արդեն կա բավական լուրջ արեւմտյան ռազմական ներկայություն։ Այսինքն` եթե Արեւմուտքը վախենար Ռուսաստանին բարկացնելուց, առաջին հերթին չէր ուղարկի սեփական ռազմանավերն ու մասնագետներին։ Ուրեմն, ո՞րն է խնդիրը։
Առնվազն, ինչպես ես հասկացա այս օրերին Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակության տարբեր ասուլիսներից ու հանդիպումներից, այս փուլում ՆԱՏՕ-ի գլխավոր հանձնարարականը ժողովրդավարության զարգացումն է (խոսքի եւ տեղեկատվամիջոցների ազատությունը)։ Հավանաբար հենց դրանով է բացատրվում Մ. Սահակաշվիլու` Վրաստանի «ժողովրդավարացման նոր ալիքի» մասին սեպտեմբերի 16-ի կոչը։ Բայց կարծում եմ, որ դա իրականացնելը շատ դժվար կլինի, եթե հաշվի առնենք, որ մինչեւ վերջին պահը տեղ ուներ հենց հակառակ` պտուտակները ձգելու միտումը։
Գայանե Նովիկովա - Ժողովրդավարության կոչերը բոլորի սիրելի «երգն» է, երբ ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում։ Ես հիշում եմ Սահակաշվիլու այցը Գերմանիա 2004 թվականին եւ նրա ելույթը «Ալդոն» հյուրանոցում։ Այդ օրվանից անցել է 4,5 տարի, եւ արդյունքները երկրի համար (2008 թվականի օգոստոսի տվյալներով) ողբալի են։ «Ալդոնում» Սահակաշվիլին խոսում էր ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Մի տարի անց հիմնական թեման կոռուպցիան եւ դարձյալ կոռուպցիան էր, 2004-ին՝ Վրաստանում սահմանադրական կարգի վերականգնումը (ժողովրդավարության մասին ոչ ոք չհիշեց ոչ Վրաստանում՝ չհաշված Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչների, ոչ էլ Արեւմուտքում, իսկ Ռուսաստանին այդ հարցը չի հետաքրքրում ըստ սահմանման)։ Եւ վերջապես, երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու երկրորդ փորձը 2008-ի օգոստոսին։ Հիմա շրջանը փակվեց, նախապատվությունը նորից ժողովրդավարությունը եւ ժողովրդավարացումն են։
Նույնիսկ միջնաժամկետ հեռանկարի համար կանխագուշակումն անհեռանկար զբաղմունք է։ «Պատմության իմաստը եւ նշանակությունը» աշխատության առաջաբանում Կառլ Յասպերսը գրել է. «Ներկան իրագործվում է պատմական անցյալի հիման վրա, որի ներգործությունը զգում ենք մեր մեջ…. Մյուս կողմից՝ ներկայի իրագործումը որոշվում է նաեւ նրանում քողարկված ապագայով, որի ծիլերը մենք, ընդունելով կամ մերժելով, համարում ենք մերը»։
Ինձ շատ է դուր գալիս այս միտքը, որն, իմ կարծիքով, արտացոլում է այն, ինչ կատարվում է հիմա։ Ձեւավորելով անվտանգության համակարգ՝ պետություններից յուրաքանչյուրն անտեսում է անվտանգության` տարածաշրջանի համար ընդհանուր սպառնալիքները, եւ միարժեքորեն կողմնորոշվում դեպի արտաքին դերակատարներ՝ համոզված, որ տարածաշրջանի հարեւաններից յուրաքանչյուրը ավելի շատ սխալներ կանի, քան ինքը։ Ցավոք, այդպես չի լինում, առավել եւս՝ մեր փակ աշխարհաքաղաքական տարածության մեջ։
Թույլ տվեք հարցնել՝ արդյո՞ք Վրաստանում քննարկվում է արդեն դե յուրե այդ կազմավորումները (Աբխազիան եւ Հարավային Օսիան - խմբ.) Վրաստանի սահմանադրական դաշտից հանելու հարցը, թե՞ «ՆԱՏՕ-ն (կարդա՝ ԱՄՆ, ԵՄ) մեզ կօգնի» նշանաբանը միակն է։
Իրակլի Մճեդլիշվիլի - Ոչ, չի քննարկվում։ Բացի այդ, Արեւմուտքն (ԱՄՆ, ԵՄ) ընդգծում է իր նվիրվածությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ճանաչված սահմաններին եւ ուրիշներին կոչ է անում վարվել նույն կերպ։ Առայժմ միակ երկիրը, որը փորձում է փոխել Վրաստանի սահմանները, Ռուսաստանն է։
Կախա Կացիտաձե - Ուզում եմ մի հարց բարձրացնել` ո՞վ հաղթեց այս պատերազմում, հատկապես միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Նկատի ունեմ այն նպատակներին հասնելը, որոնց համար էլ սկսվեցին ռազմական գործողությունները, ուժ կիրառվեց: Այսպես`
- Ռուսաստանն ուզում էր չեզոքացնել վրացական քաղաքականության հակառուսական բաղադրիչը: Ստացվեց հակառակը, պատերազմից հետո հնարավոր չէ այլեւս Վրաստանում գտնել ոչ թե ազդեցիկ, այլ առհասարակ որեւէ մի ռուսամետ ուժ:
- Ռուսաստանը չէր ուզում թույլ տալ Վրաստանի հեռացումը դեպի ՆԱՏՕ: Հիմա Վրաստանն, ըստ էության, միասնական է ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցում: Այս կազմակերպության որոշակիորեն տատանվող ռեյտինգն այժմ հաստատուն է:
- Ռուսաստանը ոչ մի կերպ չի ամրացրել իր դիրքերը Հարավային Կովկասում գերակայելու համար մրցակցության մեջ:
- Սահակաշվիլի-գռգռիչը պահպանեց իշխանությունը:
- Եթե Մոսկվան ուզում էր դրդել բոլորին էներգակիրների տարանցման այլ ուղիների ընտրությանը, ապա եղավ հակառակը: Եվրոպացիները սկսեցին ավելի ակտիվորեն փնտրել այլընտրանքային ուղիներ:
- Ոչ մի երկբեւեռ աշխարհակարգ (Ռուսաստանի մասնակցությամբ) չի ստացվում: Հետաքրքիր է` Վրաստանի նկատմամբ տարած հաղթանակով ինչպե՞ս էր Ռուսաստանը պատրաստվում հասնել այդ երկբեւեռությանը:
Արդյունքն այն է, որ «մեկուկես-երկու» ռուս ղեկավարներ ապացուցեցին, որ իրենք «ուժեղ տղաներ են»: Ընդամենը: Ռուսաստանը պատերազմը չշահեց: Սա, իհարկե, չի նշանակում, թե ես կիսում եմ այն մարդկանց կարծիքը, թե քաղաքական առումով հաղթել է Սահակաշվիլին: Պատերազմում մի կողմի չհաղթելը պարտադրաբար չի նշանակում մյուս կողմի հաղթանակ:
Մանվել Սարգսյան - Ժամանակին շատերը պնդում էին, որ Վրաստանի դեպի ՆԱՏՕ ուղղված ձգտումները բխում են իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ցանկությունից: Հիմա ստացվեց, որ հենց այդ` ՆԱՏՕ-ին ուղղված ձգտումը դարձավ Վրաստանի տարածքային մասնատման պատճառ: Փաստորեն, Ռուսաստանի հետ հակամարտելու կուրսը Վրաստանին ոչնչի` ոչ տարածքային ամբողջականության, ոչ ժողովրդավարության չհանգեցրեց: Սա ես ընդգծում եմ որպես փաստ: Հարց է առաջանում` ի՞նչ ճակատագիր կունենար Վրաստանը, եթե նրա քաղաքականության հիմքում լիներ Ռուսաստանի հետ սերտ ինտեգրումը:
Կարծում եմ, որ իրավիճակը նույնը կլիներ: Հնարավոր է` սա պարադոքսալ է, սակայն քաղաքական կողմնորոշումը չի որոշում երկրի ճակատագիրը: Դեպի ուժի այս կամ այն կենտրոն կողմնորոշումը ընդամենը փոխակերպումների մեխանիզմ է: Ահա եւ Ուկրաինան նույն ցանցում է: Ինչպես չի շարժվում` մեկ է, մոտենում է անդունդի եզրին: Ուրեմն, մենք պետք է շեշտը դնենք ուժի ազդեցիկ կենտրոնների մտադրությունների վրա: Ի՞նչ նպատակներ ունեն նրանք, ինչու՞ է վերաձեւվվում աշխարհի քարտեզը, ի՞նչն է ստիպում գերտերություններին պայքարելու ամեն մի հողակտորի համար: Կարծում եմ, որ Հարավսլավիայի եւ Վրաստանի ճակատագրերը նման ձգտումների պրոյեկցիաներ են: Ակնհայտ են եղած կապերի խզումը եւ պետական սահմանների վերաձեւումը: Անվտանգությունն ավելի ու ավելի է նվազում: Ո՞րն է, ուրեմն, հարավկովկասյան երկրների ներկա ձգտումների իմաստը: Առայժմ ակներեւ է մեկ տրամաբանություն. բարեկամանալ հզոր բլոկներից մեկի հետ: Պարզ ասած` փնտրվում է պաշտպանություն ահագնացող սպառնալիքներից: Իսկ Վրաստանի փորձը ցույց տվեց, որ նման մոտեցումը մեծացնում է սպառնալիքը: Այնպես որ, առայժմ իրեն զգացնել է տալիս արատավոր շրջանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել