HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ. Շահբազյան. «Այսօր հեռուստաընկերությունն է խուսափում ինձ հետ հանդիպելուց»

Հարցազրույց ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ

-Պարոն դատախազ, Լոռու մարզը հանրապետությունում հայտնի է առանձնապես ծանր հանցագործությունների բարձր ցուցանիշներով: Մարզում ծաղկում է կոռուպցիան: Ի՞նչ կասեք մարզում հանցավորության վիճակի մասին:

Կ. Շ. - Ասեմ: Իրականում նախկինում Լոռու մարզում հանցավորության վիճակը, կարելի է ասել, ավելի ակտիվ, իսկ հանցագործ տարրերի առկայությունն ավելի եղանակ ստեղծող է եղել: Վերջին ժամանակներում վիճակն ավելի վերահսկելի եւ կայուն է: Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Ես 8 տարի աշխատել եմ մարզում եւ տիրապետում եմ նախկին տարիների հանցավորության վիճակին: Գաղտնիք չէ, որ մարզում կային հանցավոր տարրեր, որոնք տարբեր հանցագործությունների հետեւանքով իրենք իրենց հանցագործությունների զոհ դարձան եւ հեռացան կյանքից: 

-Խոսքը հանրահայտ Ճաճոյի տղաների՞ մասին է:

Կ. Շ.
- Ոչ միայն նրանց մասին: Ծանր հանցագործությունների նվազման պատճառներից է նաեւ իրավապահ մարմինների ակտիվ աշխատանքը հանցավորության դեմ պայքարում:

-Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրատվամիջոցներով վերջերս հաճախ է խոսում կոռուպցիայի դեմ պայքարի, դատախազության աշխատանքների ակտիվացման ու թափանցիկության մասին: Այդ ուղղությամբ ձեր կողմից ի՞նչ է ձեռնարկվել:


Կ.Շ. - Առաջադրված պահանջների կատարման ընթացքում Լոռու մարզի կտրվածքով ունենք կոռուպցիայի դրսեւորման դեպքերով հարուցված 17 քրեական գործեր: Բնական է, որ կոռուպցիոն երեւույթները դրսեւորվում են պաշտոնատար անձանց կողմից: Տարբեր համայնքապետերի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ ունենք հարուցված քրեական գործեր:

-Ովքե՞ր են նրանք:

Կ. Շ. - Կոնկրետ, եթե Թումանյանի տարածաշրջանի կտրվածքով ասենք, մենք այսօր մեկ քրեական գործ ունենք Ախթալայի քաղաքապետի նկատմամբ, նյութեր են նախապատրաստվում Ալավերդու, Աքորիի, Ահնիձորի նախկին համայնքապետերի նկատմամբ: Մարզի մյուս տարածքներում նույնպես կան նախապատրաստված եւ հարուցված քրեական գործեր: Իհարկե, ոչ միայն համայնքապետերի նկատմամբ: Լոռու մարզում նշված քրեական գործերից մեկով արդեն դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ: Խոսքը վերաբերում է Բազումի համայնքապետի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացում կատարելու դեպքին, որը կատարվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:

-Վերջերս աղմկահարույց բացահայտում կատարվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտում: Ի՞նչ եղավ այդ գործը:


Կ.Շ. - Քաղաքացիների ընդունելությունների ընթացքում, տեւական ժամանակ եղան քաղաքացիների դժգոհություններ` կապված մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցող տարաբնույթ չարաշահումների հետ: Եվ, վերջին հաշվով, մենք ունեցանք հաղորդում` ընդունելության հանձնաժողովի տեխնիկական քարտուղարի` Հասմիկ Մելիքյանի մասին, որը հեռախոսազանգերով պահանջել էր կաշառք տալ այն դիմորդների ծնողներին, որոնց երեխաները ընդունելության քննությունների արդյունքներով համապատասխան բալեր չէին հավաքել ընդունվելու համար: Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումներով, հերթական կաշառք- գումարը ստանալիս, Հասմիկ Մելիքյանը ձերբակալվեց: Ձերբակալվել է նաեւ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Կատարվում է նախաքննություն: Ընթացքի մասին հասարակությանը կտեղեկացնենք:

-Վերջերս Վանաձորում ավտոմեքենաների երկու վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով թեեւ 5 մարդ է զոհվել, սակայն շատ վանաձորցիներ դժգոհում էին, որ մեղավորները չեն ձերբակալվել:

Կ.Շ. - Վթար կատարող անձանցից մեկը ավտոտեսչության աշխատակցի որդի էր, որի շտապ օգնության մեքենային բախվելու հետեւանքով ունեցել ենք բազմաթիվ զոհեր, այդ անձնավորությունը անչափահաս է, նախաքննության ընթացքում նրա խափանման միջոցը ընտրվեց կալանավորում, տրվեց դատի, դատարանի կողմից նրան տրվեց տվյալ հանցատեսակի համար անչափահասի նկատմամբ նախատեսված մաքսիմալ պատիժը, եւ նա դատապարտվեց ազատազրկման երեք տարի ժամանակով: Մյուս ավտովթարը վերաբերում է Վանաձորի ճարտարապետ Տիգրան Բաբայանի կողմից կատարված ավտովթարին: Նախաքննության ընթացքում վթարը թույլ տալուց հետո Տիգրան Բաբայանը ձերբակալվեց իմ ցուցումով, նրա նկատմամբ դատարանը խափանման միջոցը ընտրեց կալանք, ընթացքում նույն դատարանը կիրառեց գրավ եւ փորձաքննություններով եւ տուժողների ցուցմունքներով Տիգրան Բաբայանի արարքում հանցակազմ չհայտնաբերեց:

-Մարդկանց մեջ իշխում է այն կարծիքը, որ դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության մոտ տպավորություն ստեղծելու համար խոշոր կոռուպցիոներներին թողած` զբաղվում է մանր բացահայտումներով: Ի վերջո, համայնքապետերը կամ ձեր նշած կաշառք պահանջողները չեն գնա այդպիսի քայլերի, եթե իրենց թիկունքին խրախուսող հովանավորներ չունենան: Ահավասիկ Օձունի համայնքապետ Մելիք Այվազյանը. 10 տարի շարունակ մամուլն ահազանգում է նրա յուրացումների մասին, սակայն այդ մարդն անսասան է: Իսկ Օձունը ծայրահեղ աղքատության մեջ է հայտնվել նրա կառավարման արդյունքում: Վիճակը նույնն է նաեւ մյուս համայնքներում: Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակության այս գնահատականին:

Կ.Շ. - Հասարակությունը կարող է ենթադրություններով կարծիք հայտնել, լրագրողը նույնպես կարող է ենթադրություններով հարցեր տալ, բայց ես որպես դատախազ ենթադրություններով պատասխան տալ չեմ կարող: Եթե ունեք կոնկրետ դեպք, որ առնչվում է հարցին, ես կարող եմ պատասխանել:

-Դատախազությունը եղել է փակ կառույց, ամենափոքր տեղեկատվությունը ստանալու համար համայնքների նստավայրերի դատախազները լրագրողներին մատնացույց են արել Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը: Հիմա, կարծես թե, դուք բաց աշխատանքի կողմնակից եք, այո՞:


Կ.Շ. - Այո: Դա գլխավոր դատախազի պահանջն է, ես նույնպես փորձում եմ հասարակությանը ներկայացնել մեր աշխատանքները: Շատ դեպքերում հասարակությունը, տեղեկացված չլինելով, կարծիք է ձեւավորում ասեկոսեների հիման վրա: Դրա համար էլ դատախազ ընտրվելուց անմիջապես հետո ես փորձել եմ հրավիրել տարբեր լրատվամիջոցների ու լրագրողների եւ փորձում եմ պարզաբանել հասարակությանը մեր կատարած աշխատանքները, որին որոշ լրատվամիջոցներ, ինձ անհասկանալի պատճառներով, խուսափում են արձագանքել:

-Իսկ Ձեր կողմից ինչպիսի՞ ընթացք են տրվում մամուլի հրապարակումներին:

Կ. Շ.- Մամուլի հրապարակումները քննարկման առարկա դարձնելը միանշանակ օրենքի պահանջ է: Մարզում վերջին ժամանակներում, եթե հիշողությունս չի դավաճանում, «Հետք» էլեկտրոնային եւ «168 ժամ» թերթերի Ձեր հրապարակումներին ենք անդրադարձել` կապված Ալավերդու համայնքապետի կողմից պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու, մասնավորապես Ալավերդու գերեզմանոցի կառուցման եւ Սանահինի վանքի հարեւանությամբ կառուցված զուգարանի, Աքորիի համայնքապետի հետ կապված հրապարակումներին: Հրապարակել եք նաեւ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական պոչանքները Դեբեդ գետը լցնելու վերաբերյալ հոդված, դրա վերաբերյալ պատրաստում ենք նյութեր, ունեիք հրապարակում նաեւ «Լալվար» անտառտնտեսության վերաբերյալ, որտեղ կար տեղեկատվություն ապօրինի հատված բազմաթիվ ընկուզենի տեսակի ծառերի մասին, բոլոր այս հոդվածներով ոստիկանության քննչական բաժնին հանձնարարված է նախապատրաստել նյութեր:

-Շնորհակալություն, դուք շատ լավ եք հիշում իմ հոդվածները: Սակայն ասեմ, որ հրապարակումը կարդալուց հետո մարդիկ սպասում են դատախազության արձագանքին, մինչդեռ այն շատ երկար է ձգձգվում, այնքան, որ դրա մասին մարդիկ մոռանան: Իսկ համայնքապետերը բյուջեի նկատմամբ իրենց ոտնձգություններն անպատիժ շարունակում են: Այս դեպքում շատ ընթերցողներ մեզ արդարացիորեն հարցնում են. «Որ գրում եք, ի՞նչ է փոխվում»: Մենք էլ գրում ենք` իրավապահները իրենց բաժինը ստանալուց հետո գործը փակում են: Ի՞նչ կասեք, այս դեպքում դատախազությունը հասարակության աչքում չի հեղինակազրկվու՞մ:

Կ. Շ.- Ես կարծում եմ` հասարակությունը տեղեկացված պետք է լինի, որ տվյալ դեպքով ոչ թե ժամկետն անտեղի ձգձգում ենք, այլ զբաղվում ենք: Ցանկացած լրատվամիջոցի հաղորդում ենթակա է ստուգման, դա որոշ դեպքերում պահանջում է մասնագիտական գիտելիքներ, փորձաքննություններ, ստուգումներ, որոնք ժամանակատար են: Օրինակ` Ձեր հրապարակած ապօրինի անտառահատումների մասին հոդվածի ուսումնասիրությունը մասնագիտական մեծ ծավալի աշխատանքներ է պահանջում, անհրաժեշտ են եզրակացությունների արդյունքներ, նույնը կասեմ գերեզմանատան վերաբերյալ, այնտեղ էլ նշանակված է շինարարատեխնիկական փորձաքննություն, չափագրումներ, տարբեր աշխատանքներ, որը նույնպես ժամանակատար է, նույնը վերաբերում է մյուս նյութերին:

-Դուք արդեն շուրջ մեկ տարի աշխատում եք Լոռու մարզի դատախազ, ի՞նչ եք կարծում, հասարակությունը դատախազությանը եւ իրավապահ մարմիններին վստահու՞մ է, թե՞ ոչ:

Կ. Շ.
- Ես վստահ կարող եմ պնդել, որ Լոռու մարզում հասարակությունը դատախազին եւ դատախազությանը վստահում է: Ես դա կարող եմ ասել եւ քաղաքացիների ամենօրյա ընդունելություններից, եւ ստացված դիմումներից, եւ լրատվամիջոցների հետ հանդիպումներից, որոնցից մի մասը խուսափում են դատախազի հետ հանդիպել: Ինձ համար շատ զարմանալի է: Ես ինքս մշտապես հրավիրում եմ լրատվամիջոցներին, եւ այս մի տարվա մեջ արձագանքել է միայն «Ազատություն» ռադիոկայանը: Նշեմ, որ տեւական ժամանակ ես առաջարկել եմ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությանը կազմակերպել հաղորդում ուղիղ եթերով, որպեսզի ես պատասխանեմ հասարակությանը հուզող հարցերին` կապված մարզի իրավական համակարգի եւ իրավապահների աշխատանքի հետ: Ասեմ` ես ինչու եմ ընտրել այդ աշխատաոճը, քանի որ ես պարբերաբար դիտում եմ իրավական թեմաներով հաղորդումներ, որտեղ ելույթ են ունենում ու պարզաբանումներ են տալիս տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրավաբանությունից հեռու են: Պարզաբանել օրենքը` դա ամեն մարդու բան չէ: Եւ դրա հետեւանքով ժողովրդի մոտ սկսում է ձեւավորվել կարծիք: Ես այսօր համոզված եմ, որ հասարակության մեծ մասը չգիտի դատախազի դիրքորոշումը լրատվամիջոցների մասին: Մեծ մասը մտածում է, որ խուսափում եմ եթերում հանդիպումից: Ոչ: Այսօր հեռուստաընկերությունն է խուսափում ինձ հետ հանդիպելուց:

-Ի՞նչ կասեք մարզի նախկին դատախազի շուրջ մեկ տարի առաջ կատարված սպանության բացահայտման մասին:


Կ.Շ.
- Սա դատախազության համակարգի ցավն է, այդ ուղղությամբ, կարող եմ ասել, գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական եւ ամենօրյա հսկողության տակ, կատարվում են ամենահնարավոր գործողությունները, որպեսզի այդ հանցագործությունը բացահայտվի, քանի որ դա եղել է մարտահրավեր մարզի իրավապահ համակարգին, ինչու ոչ` նաեւ ամբողջ պետությանը:

-Այս մարզում դատախազ են սպանում եւ անպատիժ մնում, մտավախություններ չեք ունենու՞մ ձեր կյանքի համար:

Կ.Շ. - Ոչ, չունեմ, երբեք դա իմ աշխատանքը չի կաշկանդել, ընդհակառակը, գտել եմ, որ հանցավորության դեմ պետք է մղվի անզիջում պայքար: Ես համոզված եմ, որ այդ հանցագործությունը պետք է բացահայտվի:

-Դատախազության գործառույթների մեջ մտնում է նաեւ օրենքների կիրառման վերահսկումը: Ինչպե՞ս եք իրականացնում այն:

Կ.Շ
- Դատախազությունն աշխատանքային ծրագրով նախատեսում է ինչպես պետական միջոցներից համայնքներին կատարվող մասհանումների, այնպես էլ մյուս գործառույթներով ուսումնասիրություններ: Ընթացքի մասին ես ձեզ խոստանում եմ հասարակությանը տեղեկացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter