Սփյուռք-Հայրենիք հարաբերություն - հասկացություն
Երվանդ Խոսրովյան
Վերջին տարիներին շատ է խոսվում Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների մասին: Յուրաքանչյուրը փորձում է իր մեկնաբանությամբ բացատրել եւ պարզաբանել այդ խնդիրը:
«Սփյուռք-Հայրենիք հարաբերություն» երեւույթը կարեւորվեց 20-րդ դարի երկրորդ տասնամյակից սկսած եւ դարձավ Սփյուռքի համախմբման առանցք: Համախմբման այդ առանցքը Սփյուռքի համար ավելի կարեւոր դարձավ, երբ ցեղասպանությունը վերապրած սերունդը առնվազն մոտ ապագայում իր կորցրած հայրենիքը վերադառնալու եւ պապենական հողի վրա ապրելու հույսը կորցրեց: Մյուս կողմից, արմատավորվելով ու հիմնավորվելով ապաստան գտած երկրներում` սկսեց իր կյանքի նոր փուլը: Ապագայի հույսով ապրելով` փորձեց համախմբվելու առանցք գտնել: Համախմբման առանցքը դարձավ կորցրած պապենական երկիրը վերադարձնելու հույսը եւ ունեցած այն մյուս կեսը՝ Արեւելահայաստանը:
Դեռ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում Սփյուռքը փորձում էր այդ հարցին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Խորհրդային Հայաստանին գաղափարապես մոտ եւ բոլոր ժողովրդավարական կուսակցությունների ու կազմակերպությունների, այդ թվում նաեւ Սփյուռքի մեծ հատվածի համախմբման առանցքը Խորհրդային Հայաստանի շուրջ համախմբվելն էր: Այդ նույն ժամանակահատվածում կային նաեւ կուսակցություններ, կազմակերպություններ եւ ժողովրդի մի հատված, որոնք, միանալով արեւմտյան աշխարհին, իրենց համախմբման առանցքը դարձրել էին Խորհրդային Հայաստանի դեմ պայքարը, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ից «դուրս բերելու» եւ նրան արեւմտյան աշխարհին միացնելու գաղափարը: Վերջինիս համախմբման գործում առանցքային դեր ուներ Դաշնակցություն կուսակցությունը: Անթիլիասի կաթողիկոսությանը Էջմիածնի Մայր աթոռի դեմ մղելը՝ եկեղեցիների մեջ պառակտում առաջացնելը, Անթիլիասյան թեմը որպես գործիք Խորհրդային Հայաստանի՝ Էջմիածնի դեմ օգտագործելը նույնպես Դաշնակցությունը ծառայեցնում էր այդ նպատակին:
Ինչեւէ, Սփյուռք-Հայրենիք հարաբերությունը մինչեւ Խորհրդային Միության փլուզումը գաղափարական, քաղաքական եւ դասակարգային բնույթ էր կրում: Դա քաղաքական գաղափարների պայքար էր, արեւելքի կամ արեւմուտքի բեւեռներց մեկին միանալու՝ մյուսի դեմ պայքարելու խնդիր էր: Դա ամենակարեւոր հատկանիշներից էր, ինչը հաճախ մոռացության է մատնվում կամ էլ շատերի կողմից դիտավորյալ հաշվի չի առնվում Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների վերլուծություններում ու բացատրություններում: Հայաստանի անկախությունից հետո Սփյուռքի այն հատվածը, որը համախմբվում էր Խորհրդային Հայաստանի շուրջ, կորցրեց իր հիմնավորված համախմբման առանցքը: Անկախության առաջին շրջանում Արցախի հարցը, երկրաշարժը, պատերազմը եւ այլն համախմբեցին ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլ ամբողջ հայությանը: Դա համայն հայության համախմբման առանցք դարձավ կարճ ժամանակահատվածում, քանի որ համայն հայությանը առնչվող խնդիր կար:
Հայաստանի անկախությունից հետո, ազատ շուկայական հասարակարգի բերումով՝ հասարակական եւ սոցիալ-տնտեսական բեւեռացումը հանգեցրեց քաղաքական նոր հոսանքների ստեղծմանն ու նրանց կողմից իշխանության գալու համար քաղաքական թեժ պայքարին: Այդ իսկ պատճառով էլ Հայրենիքի շուրջ համախմբման առանցքը Սփյուռքի համար նորից դարձավ քաղաքական, գաղափարական եւ դասակարգային պայքարի սկզբունք: Համազգային արժեքներ կրող գաղափարները նահանջեցին` իրենց տեղը զիջելով դասակարգային, քաղաքական պայքարին:
Հայաստանից արտագաղթող քաղաքացիներն իրենց հետ կրում էին նաեւ այդ հոսանքների քաղաքական տեսակետներն ու համակրանքը, ինչի պատճառով էլ Հայաստանի իշխանությունների հանդեպ Սփյուռքում ձեւավորվեց քաղաքական նոր մթնոլորտ, նոր մոտեցում:
Սփյուռք-Հայրենիք հարաբերությունները եւ Սփյուռքի համախմբման միջոցն ու ձեւը տարբերվում է նախկինից: Հայաստանից զանգվածային արտահոսքը՝ սկսած 1992 թվականից, փոխեց Սփյուռքի դասական դեմքը: Մոտավորապես երկու մլն արտագաղթած Հայաստանի քաղաքացիներ, բնակվելով արտասահմանյան երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ավելի շատ սերտ կապեր ունեն Հայաստանի հետ, քան մյուսները: Նրանք սերտ կապեր ունեն իրենց ընտանիքի անդամների, հարազատների, բարեկամների եւ ընկերների հետ: Եւ այդ հարաբերությունների ու կապերի շնորհիվ տեղեկություններ են ստանում՝ Հայաստանի առօրյա խնդիրների մասին, իրենց անմիջական ֆինանսական օգնությունն են ցուցաբերում նաեւ իրենց ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Հայաստանից արտագաղթողներն իրենց հայրենիքից արմատախիլ չեն եղել, ինչպես ցեղասպանությունից մազապուրծ եղած արեւմտահայությունը: Նրանք իրենց դեռ Հայաստանի քաղաքացի են համարում եւ տարբեր առիթներով առնչվում են Հայաստանում տիրող իրավիճակին: Այդ պատճառով էլ նրանք առաջինն են արձագանքում Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության:
Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական խնդիրները, պետության արտաքին եւ ներքին քաղաքականությունն անմիջապես ազդում է Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների վրա: Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում բոլոր մյուս ուժերն աջակցում էին Հայաստանի նորանկախ պետությանը, Սփյուռքում որոշ ուժեր, հատկապես Դաշնակցությունը, դեմ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը` չէր աջակցում Հայաստանի Հանրապետությանը: Սփյուռքում ամենուր եւ ամեն օր Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հայհոյանքները ու նրա իշխանության տապալման համար պայքարի ոգին վառ պահելու համար Դաշնակցությունը ոչ մի ջանք չէր խնայում: Քոչարյանի իշխանության գալուց հետո, երբ Դաշնակցությունը նրա իշխանությանը մաս կազմեց, սկսեց անվերապահորեն պաշտպանել պետությանը, այդ քաղաքականությունը դրսեւորվում է նաեւ Սփյուռքում՝ դաշնակցական շրջանակներում: Այնպես որ, Սփյուռք-Հայրենիք հարաբերությունները կրում են դասակարգային, գաղափարախոսական եւ քաղաքական բնույթ:
Հնարավո՞ր է, որ Սփյուռքը որպես մեկ միավոր հանդես գա Հայաստանի կառավարության հետ իր հարաբերություններում:
Սփյուռք-հայրենիք հարաբերությունը բոլորովին այլ հասկացություն է, քան Սփյուռք-Հայաստան պետություն հարաբերությունը: Սփյուռք-Հայրենիք հարաբերությունը ոչ ոք չի հերքում, ոչ ոք չի անտեսում, բայց Սփյուռք-Հայաստան պետություն հարաբերությունները միշտ էլ կախված են եղել ու կախված կլինեն Սփյուռքի քաղաքական տարբեր կազմակերպությունների, կուսակցությունների ու Հայաստան պետության գաղափարախոսությունից, նրա ժողովրդավարական կեցվածքից ու որակից, նրա տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականությունից: Անցյալի եւ ներկայի փորձը դա է վկայում:
Տարբեր են նաեւ «մեկ ազգ, մեկ հայրենիք» եւ «մեկ ազգ, մեկ պետություն» հասկացությունները: Ի՞նչ ենք հասկանում «մեկ ազգ, մեկ պետություն» ասելով: «Մեկ ազգ, մեկ հայրենիք»-ը հասկանալի է (եթե ամբողջ հայոց աշխարհը համարենք Հայրենիք), բայց «մեկ ազգ մեկ պետությունն» առնվազն ներկա դրությամբ անհասկանալի երեւույթ է, քանի որ նախ` ունենք մեկ դե յուրե եւ մեկ դե ֆակտո հայկական պետություններ: Հնարավոր է նաեւ, որ հրաշք տեղի ունենա ու Արեւմտյան Հայաստանում նույնպես մի առանձին հայկական պետություն ստեղծվի, այն ժամանակ կունենաք մեկ ազգ եւ երեք հայկական պետություններ: Ուրեմն կարելի է մեկ ազգ լինելով` մի քանի պետություններ ունենալ: Սակայն դա չէ խնդիրը, խնդիրն այն է, թե պետություն ասելով ինչպիսի՞ պետություն նկատի ունենք` բռնապետական, ժողովրդավարական, սոցիալիստական, կապիտալիստական եւ դրանց յուրաքանչյուրի յուրահատուկ տեսակնե՞րը: Այստեղ կարեւորը պետականությունն է: Պետականությունն ունի հստակ բացատրություն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություն: Պետականություն ասելով պետք է հասկանալ այդ երեք սյուները: Պետությունը կառուցվում է այդ երեք սյուների վրա: Իշխանությունները կամ դրանց ընդհանուր գումարը՝ պետությունը, ունի դասակարգային բնույթ եւ դրսեւորում է հասարակության այս կամ այն դասակարգի քաղաքական կամքը, նրա քաղաքական ներկայացուցիչն է: Մինչդեռ օրենսդիր եւ գործադիր մարմինները հասարակության այս կամ այն դասակարգի ուղղակի քաղաքական կամքի կրողներն են, դատական իշխանությունը, դատական համակարգը մնում է եւ պետք է մնա պետության քաղաքական ազդեցությունից դուրս, որպես անկախ համակարգ: Ոչ ոք պետականությանը դեմ չէ եւ չի հերքում: Բայց իշխանությունների այս կամ այն քաղաքականությանը կարելի է դեմ լինել կամ ընդհանրապես ձգտել դրա հիմնովին տապալմանը:
Այսօրվա Հայաստանի իշխանությունների եւ իշխանության մաս կազմող կուսակցությունների, առանձին քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից ընդդիմադիր ուժերին հասցեագրված «պետականությունը թուլացնելու» մեղադրանքը, մեղմ ասած, անհիմն է: Պետականությունը կարելի է կորցնել տվյալ պետության սխալ քաղաքականության հետւանքով, բայց ոչ ժողովրդի՝ պետության դեմ իր արդարացի իրավունքների պաշտպանության համար պայքարի հետեւանքով: Ամբողջ աշխարհում` կախված պետությունների ժողովրդավարության աստիճանից ու բնույթից, ժողովուրդը պայքարում է իր իրավունքների եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար՝ իր իշխանությունների, այսինքն` իր պետության դեմ: Ոչ ոք չի ասում, թե դատական կամ օրենսդիր իշխանությունը (որպես պետականության կառույց) պետք է վերանա: Ոչ ոք չի ասում, թե գործադիր մարմին չենք ուզում: Դա կնշանակի անարխիա: Այնպես որ, պետականություն եւ իշխանություն ճիշտ հասկացությունը կարեւոր է ժողովուրդ-պետություն եւ «Սփյուռք-Հայրենիք հարաբերություն»-ը ճիշտ հասկանալու եւ ճիշտ հիմքի վրա դնելու համար:
Սփուռք-հայրենիք հարաբերություններ
Պարզ է, որ Հայաստանի կառավարության կողմից Սփյուռք-Հայրենիք հարաբերությունն ընկալվում է որպես Սփյուռքի ֆինանսական ներուժի համախմբում եւ դրա ուղղորդում դեպի Հայաստան: Սակայն այդ խնդիրը ուղղակի Սփյուռքի բարեգործական կամ հարուստ բարեգործների եւ Հայաստանի պետության կամ Հայաստանի հասարակական հաստատությունների միջեւ հարաբերությունների խնդիր է: Սփյուռքի բարեգործական հիմնադրամների խնդիրն է` Հայաստանը պետակա՞ն օղակների միջոցով զարգացնել, թե՞ իրենց յուրահատուկ կառույցի միջոցով: Բարեգործությունը միշտ էլ լավ բան է ու արժանի է քաջալերանքի: Բայց դա բոլորովին այլ բան է, քան Սփյուռք-Հայրենիք հարաբերությունը կամ, ավելի ճիշտ, Սփյուռք-Հայաստան պետություն հարաբերությունը: Առաջինը հոգեւոր-մշակութային-մարդասիրական սկզբունքի վրա է հիմնված, իսկ մյուսը` քաղաքական գաղափարախոսության սկզբունքի: Ուրախ կլինենք, եթե բոլոր բարեգործական հիմնադրամները, առանձին անձինք, համագործակցելով միմյանց հետ, աջակցեն Հայաստանի տնտեսական զարգացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը: Չնայած` ցանկալի կլիներ, որ դա իրականացվեր յուրահատուկ կառույցի միջոցով, որպեսզի օգնությունն իր նպատակին ծառայեր, ոչ թե դառնար մի խումբ անձանց հավելյալ եկամտի աղբյուր:
Իսկ ինչ վերաբերում է «Սփյուռք-Հայրենիք» կամ, ավելի ճիշտ, Սփյուռք-Հայաստան պետություն հարաբերություններին, ապա դա ոչ թե բարեգործական հարաբերություն է, այլ զուտ քաղաքական հարց: Ավելի ճիշտ ձեւակերպում կարելի է անել. Սփյուռք-Հայաստան քաղաքական հարաբերություն կամ Սփյուռքի հետ Հայաստան պետության քաղաքական հարաբերություն: Մենք ուզենք, թե չուզենք, Հայաստանի կառավարությունը ուզի, թե չուզի, ուղղակի առնչվում ու առնչվելու է այդ խնդրի հետ: Սփյուռքը միակուսակցական, միակարծիք եւ քաղաքականապես մեկ հավաքական միավոր չէ: Հայաստանի կառավարությունը Սփյուռքի հետ իր հարաբերություններում պետք է հաշվի նստի Սփյուռքի բազմության, նրա բազմատեսակ քաղաքական եւ հասարակական ուժերի հետ: Իսկ այդ ուժերը միշտ չէ, որ կպաշտպանեն Հայաստանի իշխանություններին, նրանք կարող են նաեւ խիստ քննադատել: «Սփյուռք-Հայրենիք» հարաբերությունների մասին խոսելիս պետք է պատասխանել այն հարցին, թե Սփյուռքի ո՞ր կուսակցությունը, ո՞ր քաղաքական ու հասարակական կազմակերպությունն է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների մեջ մտնելու: Ո՞վ է Սփյուռքը ներկայացնելու: Եթե Սփյուռքը միակազմ ու միակարծիք չէ, ապա ինչի՞ շուրջ պետք է Սփյուռքը համախմբվի ու միաձայն մեկ կառույցով հանդես գա Հայաստանի քաղակական ներկայացուցչի` այսինքն` Հայաստանի կառավարության հետ հարաբերություններում: Սփյուռքի եւ Հայաստան պետության միջեւ քաղաքական հարաբերությունների ճիշտ մշակումն է կարեւոր:
Սփյուռք-Հայրենիք հարաբերություններում պետք է որոշվի` ի՞նչ չափանիշներով, իրավական ի՞նչ սկզբունքով եւ ո՞ր մեխանիզմով կարելի է Սփյուռքի հետ հարաբերվել: Եւ Սփյուռքի իրավունքը որպես Հայ Ազգի մեծամասնություն՝ Հայաստանի քաղաքական կյանքում ինչպե՞ս կամ ինչքանո՞վ է կայանալու: Թե՛ Հայաստանի կառավարությունը, եւ թե՛ նրա մաս կազմող կոալիցիան անընդհատ խոսում են Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների մասին: Եթե Հայաստանի կառավարությունն արտասահմանում բնակվող իր իսկ քաղաքացու ամենատարրական, բայց ամենակարեւոր իրավունքը, այն է` ընտրություններին մասնակցելը, ոտնակոխ է անում, ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը:
Հայրենիքին, նրա ժողովրդին օգնելը ու նրա տնտեսական վիճակը զարգացնելը, բարեգործական, մարդասիրական աշխատանքներ կատարելը միշտ էլ ողջունելի են: Բայց պետությանն աջակցելը կամ նրա քաղաքական, գաղափարական հայացքները կիսել կամ չկիսելը պայմանավորված է քաղաքական կուսակցությունների, հասարակական հաստատությունների ու կազմակերպությունների աշխարհայացքների ու քաղաքական դիրքորոշումների` պետության գաղափարների, քաղաքական տեսակետների հետ համընկնումով: Այդ սկզբունքից ելնելով է, որ հնարավոր չէ Սփյուռքում մի ճակատ ստեղծել: Հայաստանի պետության կողմից ներքին եւ արտաքին քաղաքականության, այս կամ այն հարցի մոտեցումները նույնպես եւ նույնքան արձագանք են գտնում Սփյուռքում, ինչքան Հայաստանում:
Սփյուռք-Հայրենիք հարաբերությունները կարող են ինչ-որ չափով իրականանալ հետեւյալ ձեւերով.
Բարեգործական հիմնադրամները պետք է բացեն իրենց գրասենյակները Հայաստանում: Մշակեն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, որպեսզի կարողանան ավելի ճիշտ նպաստել Հայաստանի զարգացմանը: Կոսմետիկ ծրագրերի միջոցով Հայաստանը չի զարգանա:
Հայաստանում աշխատող յուրաքանչյուր հասարակական նախաձեռնություն կամ կազմակերպություն պետք է ինքն ուղղակի հարաբերության մեջ մտնի Սփյուռքում նմանատիպ աշխատանքով զբաղվող կազմակերպության հետ: Նույն կերպ կարող են նաեւ Հայաստանում գործող քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները հարաբերվել իրենց համակրող՝ Սփյուռքում աշխատող քաղաքական կուսակցությունների կամ նույն գաղափարները կրող կազմակերպությունների հետ:
Հայաստան պետությունը պետք է առանց խտրականության հաշվի նստի Սփյուռքում այդ բոլոր ուժերի հետ` հաշվի առնելով նրանց կարծիքն ու առաջարկները: Պետք է աջակցի Սփյուռքում աշխատող մշակութային, հասարակական եւ կրթական բոլոր հաստատություններին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Ցեղասպանության ճանաչման հարցի քաղաքական ներկայացուցիչը Սփյու՞ռքն է, թե՞ Հայաստանի կառավարությունը
Ցեղասպանության ճանաչման հարցի առաջատարը պետք է լինեն Սփյուռքն ու Հայաստանի ոչ պետական՝ գիտական եւ քաղաքական հաստատություններն ու կազմակերպությունները, քանի որ Հայաստան պետությունն այդ հարցը բարձրացնելով` բարդացնում է հարեւանների հետ իր հարաբերությունների կարգավորման հարցը:
Ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ պետք է ստեղծվի նախ եւ առաջ համահայկական համաշխարհային (առանց Հայաստան պետության պաշտոնական մասնակցության ու միջամտության) մեկ հաստատություն, որն ի վիճակի կլինի համադրելու եւ մեկ քաղաքականությամբ, մեկ ռազմավարությամբ այդ հարցը առաջ մղելու: Անընդհատ «Հայ Դատի» գրասենյակներ բացելով` այդ խնդրի լուծմանը չենք օգնի:
«Սփյուռքի նախարարություն» ստեղծելով չէ, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանի կառավարության կողմից վերը նշված բոլոր փաստերը հաշվի առնելով եւ համապատասխան քաղաքականություն մշակելով է, որ կարելի է նպաստել Սփյուռք-Հայրենիք ճիշտ հարաբերություններին: Սփյուռքի քաղաքական իրական կյանքի փաստը հաշվի չառնելը, անուշադրության մատնելն ու միակողմանի պետական շահի հետապնդումը չի նպաստի Սփյուռք-Հայրենիք հարաբերություններին: Ու այդ դեպքում «Սփյուռքի նախարարությունը» կդառնա ինքնանպատակ եւ ավելորդ ծախսեր կատարող եւս մի կառույց:
Գերմանիա, 07 օգոստոսի 2008 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել