HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս տարի սեփական ցորենը կբավարարի Ղարաբաղի բնակչությանը

Մարտունու շրջանի բնակիչ Արամ Ավետիսյանն այս տարի նախընտրել է քիչ տարածքներում հացահատիկ ցանել` հաշվի առնելով անցած մի քանի տարիների կրած վնասը: «Չցանկացա ռիսկի դիմել, քանի որ անցած տարի ահագին ծախս եմ արել, բայց բերքատվությունն այնքան ցածր էր, որ արած ծախսերն էլ չփակվեց: Դրա համար քիչ տարածքում եմ ցանել»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Արամի օրինակին Ղարաբաղում հետեւել են մեծ թվով մարդիկ, ինչի արդյունքում այս տարի կատարված ցանքսն անցյալ տարվա համեմատ նվազել է շուրջ 12 հազար հեկտարով: Բերքահավաքի ենթակա ցանքատարածությունները Ղարաբաղում կազմում են 35070 հա, որի 90 տոկոսում հացահատիկ է ցանվել: ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանի խոսքերով` արդեն հնձվել է 7208 հա կամ 20.6 տոկոսը:

Ի տարբերություն անցած մի քանի տարիների, այս անգամ բերքատվության ցուցանիշը բավականին բարձր է: Օրինակ` անցյալ տարի հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունը կազմում էր 11.2 ցենտներ, որը նախորդ` 2006թ. համեմատ 14.6 տոկոսով քիչ էր: Այս տարի միջին բերքատվությունը կազմում է 19.9 ցենտներ: Բերքատվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հադրութի շրջանում` շուրջ 30 ցենտներ, իսկ ամենացածրը` Մարտակերտի եւ Քաշաթաղի շրջաններում:

Գյուղնախարարի հավաստմամբ` չնայած բերքահավաքի ենթակա ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել են, այս տարի Ղարաբաղում հնարավոր կլինի գերազանցել նախորդ տարվա բերքի ծավալը:

Բարեբախտաբար, եղանակային պայմանները մինչեւ բերքահավաքը էական վնաս չեն հասցրել հացահատիկային մշակաբույսերին: Միայն մարտի 22-ի ուժեղ քամին վնասել է շուրջ 1900 հա տարածք, սակայն ցորենը, ըստ գյուղնախարարի, վնասվել է 30-40 տոկոսով:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ քիչ են նաեւ հրդեհների դեպքերը, քանի որ եղանակային պայմաններն էլ են ինչ-որ կերպ խոչընդոտում դրանց: Իսկ ամենակարեւորն այն է, որ այս տարի բերքահավաքը դիմավորելուն ավելի մեծ ուշադրություն է դարձվել: Հարցը քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդրանիկ նիստում, որից հետո կառավարության որոշմամբ ստեղծվել է հանրապետական շտաբ` ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի գլխավորությամբ։ Բերքահավաքի ենթակա տարածքներում հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով հունիսի 10-ից գործում են շարժական ճամբարներ, որտեղ սահմանված է շուրջօրյա հերթապահություն։ Ճամբարներում կան հրդեհների մարման համար նախատեսված անհրաժեշտ միջոցներ: Բերքահավաքի կազմակերպման հետ կապված աշխատանքների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 18մլն դրամ:

Շարժական ճամբարների գործունեության շրջանակներում արդեն հասցրել են մարել հանրապետության տարբեր շրջաններում բռնկված հրդեհները: Գյուղնախարարի տվյալներով` հանրապետությունում գրանցվել է 11 դեպք, որի արդյունքում տուժել են հիմնականում արոտավայրերը` 1000 հա-ից ավելի տարածքներում: Ամենաշատ հրդեհները բռնկվել են Ասկերանի շրջանում. այստեղ գրանցվել է 8 դեպք: Երկու դեպք գրանցվել է Մարտունու, եւ 1 դեպք` Մարտակերտի շրջանում:

Հրդեհների հիմնական պատճառներից մեկը, ըստ Ա. Ծատուրյանի, այն է, որ բերքահավաքից հետո ադրբեջանցի ֆերմերներն ավանդաբար վառում են դաշտերում մնացած ծղոտը, իսկ քամիներն ադրբեջանական տարածքից կրակն արագորեն մղում են դեպի ԼՂՀ տարածքը: Նա պատահական չի համարում այն, որ հրդեհները սկսվում են այն ժամանակ, երբ ավարտվում է հացահատիկայինների բերքահավաքը շփման գծից այն կողմ` ԼՂՀ սահմանակից Ադրբեջանի հարթավայրային շրջաններում:

Հրդեհների բռնկման պատճառ են դառնում նաեւ ադրբեջանական կողմից արձակվող լուսածրող գնդակները: Միաժամանակ ադրբեջանական բանակը ակտիվ նշանառու կրակի տակ է պահում ղարաբաղյան կողմի խաղաղ աշխատավորներին: Հունիսի 29-ի կեսօրին մոտ Լեւոնարխ եւ Հակոբ Կամարի գյուղերի սահմանամերձ հատվածում հակառակորդի կողմից մի քանի ժամ անընդհատ կրակի տակ է առնվել հունձ իրականացնող կոմբայնն ու կոմբայնավարը: Նման դեպքեր գրանցվել են նաեւ այլ տեղամասերում: Լեւոնարխ եւ Հակոբ Կամարի գյուղերի սահմանամերձ հատվածում հուլիսի 6-ին հակառակորդը դարձյալ կրակել է հունձ իրականացնողների վրա: Բարեբախտաբար, վնասվել է միայն կոմբայնը: Այս մասին մեզ հայտնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը, ով տեղեկացրել է նաեւ, որ շրջանում շուրջ 500 հեկտարի վրա այժմ հունձ իրականացնել հնարավոր չէ:

«Ադրբեջանական կողմի վերոհիշյալ գործողությունները, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել ԼՂՀ տնտեսությանը եւ սպառնում են հանրապետության պարենային անվտանգությանը, ցուցադրում են պաշտոնական Բաքվի իրական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ բոլորովին չեն նպաստում հակամարտության կողմերի միջեւ շփման կետեր գտնելուն եւ փոխվստահության միջավայրի հաստատմանը:
Եթե Ադրբեջանն, իրոք, մտահոգված լիներ հրդեհներով, ապա չէր հրաժարվի 2006թ. էկոլոգիական իրավիճակի գնահատման հարցով ԵԱՀԿ առաքելության` տարածաշրջան կատարած այցի արդյունքներով մշակված երաշխավորությունների կատարումից: Հիշեցնենք, որ Առաքելությունն այն ժամանակ հերքել էր ադրբեջանական կողմի մեղադրանքները եւ կողմերին էր առաջարկել հրդեհների դեմ համատեղ պայքարի երաշխավորություններ»,-նշվում է ԼՂՀ արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ խնդիրներից բացի, բերքահավաքի նորմալ ընթացքին խոչընդոտում են նաեւ եղանակային պայմանները: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղանակը հիմնականում անձրեւային է: «Կոմբայնը արտում օրական մի քանի ժամ է կարողանում աշխատել: Մի քանի հեկտար արտը հնձելու համար ստիպված ենք լինում մի քանի օր դրանով զբաղվել»,- ասաց Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղնախարար Արմո Ծատուրյանը նույնպես մտահոգված է եղանակային պայմաններով: Նրա խոսքերով` հանրապետությունում ներկայումս շուրջ 100 կոմբայն անգործության է մատնված: «Եթե անձրեւները նման կերպ շարունակվեն, ապա հնարավոր է նախալեռնային եւ լեռնային շրջաններում բերքի լուրջ կորուստներ ունենանք: Մի կողմից էլ խոչընդոտ կարող է լինել արտերում բուսած առվույտ կոչվող բույսը, որը գնալով մեծանում է եւ դանդաղեցնում կոմբայնի աշխատանքը»,- նշում է Ա.Ծատուրյանը:

Նրա հավաստմամբ` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս տարի հնձած ցորենը կբավարարի Ղարաբաղի բնակչությանը, եւ ստիպված չեն լինի Հայաստանից ցորեն ներկրել: Իսկ ցորենի 1կգ-ի մեկնարկային գինն այսօր Ղարաբաղում 120 դրամ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter