HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նա պայքարել է այսօրվա խաղաղության համար

Արցախյան պատերազմից 14 տարի է անցել: Յաշա Խաչիյանն այսօր քմծիծաղով է խոսում իր գլխում մինչեւ հիմա գտնվող բեկորների մասին, չնայած բեկորներից մեկը, որը հաճախակի է շարժվում, շատ է անհանգստացնում նրան

Արտաքուստ համարձակ ու անկեղծ Յաշկոյին (այսպես են նրան կոչում մարտական ընկերները) ոչ այնքան անհանգստացնում են պատերազմում ստացած վերքերը, որքան այն իրականությունը, որտեղ «ճշմարտությունն ու անկեղծությունը տեղ չունեն»: «Ամեն ինչ, կարծես թե, հիմնված է փողի վրա»,-ասում է 49-ամյա Յաշան եւ փորձում արդարացնել այն մարդկանց, ովքեր ընտանիքը պահելու համար ստիպված են լինում դավաճանել իրենց սկզբունքներին:

Ստեփանակերտի ծայրամասային փողոցներից մեկում է նրա փոքրիկ, հին կտուրով տունը, որտեղ ապրում են Յաշան, մայրը, կինը եւ չորս անչափահաս երեխաները: 3 սենյականոց բնակարանն այնքան անմխիթար վիճակում է, որ հեռավոր ու խուլ գյուղի տուն է հիշեցնում: «Բոլորս մի սենյակում ենք քնում,-ասում է կինը` Նարինեն,- մյուս սենյակները շատ խոնավ են»: Իսկ այդ սենյակը, որը պատերազմի տարիներին գրադի արկից ամբողջությամբ ավերվել էր, այնքան էլ լավ վիճակում չէ: Յաշան սեփական ուժերով մի կերպ պատերն է բարձրացրել եւ կտուրն է սարքել, սակայն, ըստ ամենայնի, չի կարողացել ոչ այդ սենյակը վերանորոգել, ոչ էլ` մյուսները: Դրա համար էլ տունը խոնավ է, մուգ ու հին պատերն էլ ավելի են մթնեցնում սենյակները:

Արցախյան շարժման սկզբներին Յաշան էլ էր միացել այն կամավորական խմբերին, որոնք մայրաքաղաքի տարբեր մասերում պահակություն էին անում` պաշտպանելով իրենց ընտանիքները, իսկ հետո արդեն քաղաքը, հայրենիքը...Եղել է Ղարաբաղի տարբեր շրջաններում, մասնակցել տարբեր մարտերի:

1991-ին նա թաղամասի 11 ընկերների հետ միացավ Բեկորի վաշտի տղաներին, որոնց հետ մասնակցել է Ջամիլլուի, Մալիբելուի, Շուշիի ազատագրմանը, ապա մեկնել է Մարտակերտի շրջան, որտեղ թեժ մարտեր էին ընթանում մի շարք բնակավայրերում:

Առաջին անգամ Յաշան վիրավորվում է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մոտակայքում գտնվող քարհանքի մոտ: Տանկի արկի պայթյունից վնասվում է նրա գլուխը: «Գնացի հոսպիտալ, բայց երբ տեսա, որ ինձնից ավելի ծանր վիրավորներ կան այնտեղ, վերադարձա դիրք»,- հիշում է Յաշան:

Երկրորդ անգամ Յաշան վիրավորվում է նույն շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում: Դա 1992 թ. սեպտեմբերի 8-ին էր. հակառակորդի նետած նռնակից վնասվում է Յաշայի ձախ թեւն ու աչքը: Ծանր վիճակում նրան ուղղաթիռով Երեւան են տեղափոխում, որտեղ բուժում ստանալուց հետո մեկնում է Ռուսաստան: «Մոտ մեկ ամիս մնալուց ու բուժվելուց հետո նորից վերադարձա ու միացա իմ ընկերներին: Բանակում մնացի մինչեւ 1994 թ. օգոստոսի վերջը»,-պատմում է նա:

Պատերազմից հետո 35-ամյա Յաշան ամուսնանում է ու սկսում քաղաքացիական կյանքը` վերադառնալով իր մասնագիտությանը` վարսավիրություն: Մինչեւ հիմա նա աշխատում է իրենց թաղամասի մոտակայքում գտնվող մի փոքրիկ վարսավիրանոցում, որն իր սեփական ուժերով է կառուցել:

Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Յաշա Խաչիյանը չի դժգոհում աշխատանքից, բայց ընտանիքի ամբողջ հոգսն իր ուսերին է: Մասնագիտությամբ ուսուցչուհի կինն այժմ ստիպված է չաշխատել, քանի որ Յաշայի կուրացած մորը խնամել է պետք: Մայրն առաջին կարգի հաշմանդամ է եւ իր ստացած թոշակով ինչ-որ չափով օգնում է միակ որդուն: Պատերազմում նա կորցրել է մյուս որդուն` Ալյոշային:

Ընտանիքի հիմնական եւ կայուն եկամուտն իր եւ մոր թոշակներն են, որին գումարվում է նաեւ վարսավիրանոցի «շահույթը»: Սակայն, տեսնելով նրա բնակարանային պայմանները, կարելի է վստահաբար ասել, որ եկամուտն այնքան էլ բավարար չէ: Յաշայի միակ հույսը պետությունն է, որի բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների հաշվին պատերազմից հետո հրթիռակոծությունից տուժած բազմաթիվ տներ են վերանորոգվել:

Տան մի պատից խնամքով կախված են Յաշայի որդու` Հայկի` Ղարաբաղի եւ Հայաստանի սանդա-ուշուի տարբեր առաջնությունների ժամանակ նվաճած մեդալներն ու պատվոգրերը: Հայրը հպարտությամբ է խոսում 10-ամյա Հայկի մարզական հաջողությունների մասին, որը ձգտում է աշխարհի չեմպիոն դառնալ: Հայրն էլ ունի մեդալներ, բայց դրանք վաստակել է ոչ թե խաղաղ պայմաններում, այլ այսօրվա խաղաղության համար մղված մարտերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter