Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը
Փետրվարի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց «Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ ««ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի» գործերը միացյալ դատաքննությունը:
Նախորդ օրը «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հանդես էր եկել միջնորդությամբ, որով դատարանից խնդրել էր դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակել` վիճարկվող հեռուստաաշտարակի կառուցվածքի, դրա վրա տեղադրված սարքավորումների, աշտարակի մատույցների, դրա գրաված տարածքի, տեղադրման վայրի եւ այլ հանգամանքները պարզելու համար: Դատավոր Արմեն Խաչատրյանը ընդմիջում էր հայտարարել մինչեւ փետրվարի 26-ը ժամը 12-ը:
Այսօր վերսկսելով դատաքննությունը, դատավորը հրապարակեց իր որոշումը միջնորդության մասին, որով մերժել էր միջնորդությունը:
«ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը միջնորդեց խնդրո առարկա հեռուստաաշտարակը` իր վրա առկա սարքավորումներով հետազոտել տեղում որպես գործին առնչվող ապացույցներ: Այս միջնորդությունը դատավորը բավարարեց: Քաղաքապետարանը այսօր ներկայացնող իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել: Դատավորը, չնայած մերժեց այս միջնորդությունը, բայց իր հետագա գործողություններով ապացուցեց, որ ավելի արագացված դատաքննություն բնության մեջ հազադեպ է պատահում:
«ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչը միջնորդեց դատարանինª ներկայացնել Հեռուստաաշտարակի` սեփականության վկայականի բնօրինակը եւ աշտարակը քաղաքապետարանի սեփականությունը ճանաչելու դատական որոշումը ու այդ որոշման համար հիմք հանդիսացած այլ փաստաթղթերը: Դատավորը, ինչպես եւ սպասվում էր, մերժեց այս միջնորդությունը:
Նա ներկայացրեց դատաքննության կարգը, լսեց քաղաքապետարանի հայցվորին, ապա «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչը հարցեր հղեց Ա.Սարգսյանին, որը հարցերին պատասխանելու փոխարեն կարճ ելույթներ էր ունենում ու մեկնաբանություններ էր անում: Մի քանի այդպիսի հարցերի արդյունքում ՍՊԸ ներկայացուցիչը ստիպված եղավ դատավորի ուշադրությունը հրավիրել պատասխանողի ներկայացուցչի վարքի վրա: Ապա, երբ դատավորը հանեց Կարեն Թումանյանի հարցերից մեկը, փաստաբանը միջնորդեց 3 օր ժամանակ հատկացնել` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Դատավորը` ընդմիջում հայտարարեց ընդամենը 30 րոպե:
30 րոպե անց, վերսկսված դատաքննության ժամանակ «ՉԱՊ» ՍՊԸ-ից ստանալով ինքնաբացարկի միջնորդությունը եւս 30 րոպե ընդմիջում հայտարարեց, ապա վերադառնալով ասաց, թե միջնորդության հիմքերը սուբյեկտիվ են, ու այն մեժելու որոշում է կայացրել:
Այնուհետեւ ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը ներկայացրեց ՍՊԸ պատասխանը եւ պատասխանեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Սարգսյանի հարցերին:
Այսօրվա նիստի ավարտին` 5-րդ ժամում դատավորն անցավ ապացույցների ուսումնասիրմանը, այնուհետեւ հայտարարեց, որ նիստն ընդմիջվում է մինչեւ փետրվարի 28-ը ժամը 10:30-ը, իսկ փետրվարի 27-ին` ժամը 12:30-ին Գյումրի, Վ.Սարգսյան փ., 6/1 հասցեում տեղի է ունենալու հեռուստաաշտարակի, դրա գտնվելու տարածքի եւ աշտարակի վայրի զննությունը: ՍՊԸ ներկայացուցիչը տարակուսանք հայտնեց, թե կասկածում է, որ դատարանը կկարողանա ապահովել իր կողմից բավարարված միջնորդության պայմանները, մասնավորաբար` զննությանը ՀՌԱՀ մասնագետի ներգրավումը, զննության հեռուստանկարահանումը, լուսանկարահանումը եւ այդ նյութերի կցումը զննության արձանագրությանը: Դատավորը պնդեց իրենը եւ ներկաների մոտ տպավորություն թողեց, որ ինքը մետրը ձեռին ելնելու է աշտարակի կատարը եւ այն չափագրելու է: Իսկ, թե ինչպես է զննելու եւ հաշվառելու դրա վրա գտնվող սարքավորումները, թե ով է տեսագրելու եւ լուսանկարելու զննման պրոցեսը, հանելուկ մնաց:
Փետրվարի 27-ին ժամը 12:30-ին Գյումրու հին հեռուստաաշտարակի տարածքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդիկ հնարավորություն են ունենալու տեսնելու, թե ինչպես է դատավորը բարձրանում հեռուստաաշտարակի վրա այն զննելու պարտականությամբ: Իհարկե դա տեղի չէր ունենա, եթե դատավորը բավարարեր նախորդ օրը «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցչի միջնորդությունը` դատատեխնիկական շինարարական փորձաքննություն անցկացնելու մասին. մասնագետները խնդրո առարկա գույքը կզննեին, կուսումնասիրեին, կփաստագրեին ու կներկայացնեին դատարանին:
26 փետրվարի, 2008
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել