Հակամարտությունների վիրտուալացում է անհրաժեշտ
Հարցազրույց քաղաքագետ Նիյազի Մեhթիի հետ
- Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» Ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։
- Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ աշխարհաքաղաքական փաստարկներ բերելիս մենք հաճախ ստեղծում ենք մեղավոր եւ անմեղ դերակատարների, լավ եւ վատ հետեւանքների ու գործողությունների գծային կառույցներ։ Ցավոք, ժամանակակից քաղաքագիտությունը մեկ այլ մոտեցման համար պատշաճ տեսություն եւ նկարագրման լեզու չի տրամադրում։ Մինչդեռ ֆիզիկայում բարդ համակարգերի տեսությունների, սիներգետիկայի կարիքը զգացվեց ոչ գծային գործընթացներն ըմբռնելու անհրաժեշտության պատճառով։ Փիլիսոփայության մեջ բարդ իրադրությունների համար մշակվել է այսպես կոչված դիալեկտիկական տրամաբանությունը։ Բայց մարքսիստները շատ չափազանցրին, շատ բացարձակացրին դրա հնարավորությունները։ Վերջերս փիլիսոփայության մեջ եւս սկսեցին ակտիվորեն մտածել ոչ գծային մտածողության, ոչ գծային տրամաբանության մասին։ Ուստի՝ դիալեկտիկական տրամաբանությունը կարող է արդյունավետորեն կիրառվել միայն որպես օժանդակ գործիք, ճանաչողության ոչ գծային գործընթացի մակարդակ, բայց ոչ՝ հակառակը։ Սա նշանակում է, որ աշխարհին վերաբերող ինչ-որ ֆիգուրների դիալեկտիկական օգտագործումը կարող է դիտվել որպես մասնավոր փաստ աշխարհի ոչ գծային մոդելի շրջանակում։
Եթե այս մեթոդաբանական շեղումից հետո վերադառնանք Ղարաբաղի մասին մեր հարցին, ապա պետք է խոստովանեմ, որ այս խնդրի հետ կապված՝ պակասում են այնպիսի ուսումնասիրություններ, որոնք զգայուն կլինեն ոչ գծային գործընթացների նկատմամբ։ Ինչպե՞ս պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների «կոորդինատային համակարգում», մինչդեռ այդպիսի օգուտը չի կարող անփոփոխ մնալ նաեւ ապագայում։ Չէ՞ որ Խորհրդային Միության կողմից Աֆղանստանի բռնազավթման ժամանակ ԱՄՆ-ի համար Բեն Լադենի օգտակարությունը հետագայում վերափոխվեց աղետալի վտանգի։
Գծային մտածողությունը միջէթնիկական հակամարտությունների լուծման խնդիրը հասկանում է միայն վերջնական լուծման լեզվով, մինչդեռ ոչ գծային մտածողությունը գիտի, որ այդ ոլորտում կարող են լինել այնպիսի վիճակներ, որոնց նկատմամբ ճիշտ կլինի «հավերժական» լուծման մոտեցումը։ Ինձ թվում է, որ Իսպանիայում բասկերի հարցի նկատմամբ կառավարական մոտեցումը կողմնորոշվում է դեպի «հավերժ լուծվող հակամարտությունների» գաղափարը, մինչդեռ բասկ արմատականները գործընթացի մասին մտածում են վերջնական լուծման լեզվով։ Ռուսաստանը Չեչենական հակամարտության առնչությամբ չկարողացավ ստեղծել «հավերժական» լուծման իրադրություն, ուստի՝ ստիպված եղավ ընտրել «վիրաբուժական» միջամտության ուղին։ Ավելացնենք, որ մարդու իրավունքների պահպանումը հիմնականում օժանդակում է նրան, որ հակամարտության կողմերը հոգեբանորեն տրամադրվում են կամ համաձայնում «հավերժ լուծվող հակամարտությունների» հեռանկարին։
Եւս մեկ օրինակ։ Ոչ գծային մտածողությունը գիտի, որ լինում են այնպիսի հակամարտություններ, որոնց համար հարկ է ստեղծել բնական մարման, հանդարտացման իրադրություն։ Գծային մտածողությունն անկարող է հաշվի առնել այդպիսի հեռանկարները։
Ահա եւ ոչ գծային գործընթացները հաշվի առնելիս ստիպված ենք հակամարտությունների լուծման օգուտները հասկանալու եւ ավելի լայն՝ ազգային շահերն ըմբռնելու համար, կառուցել հակամարտությունների լուծման հայեցակարգերի ավելի բարդ եւ բազմատակտ տարբերակներ, ինչի համար, ցավոք, չկա ոչ բավարար տեսական հիմք, ոչ բավարար կանխատեսողական, ապագայագիտական ունակություն։
Ավելացնենք, որ հակամարտության ողջ ընթացքում «ո՞վ է մեղավոր, իսկ ո՞վ՝ անմեղ» հարցերը եւ դրանց պատասխանները եւս կրել են գծային բնույթ։
Առհասարակ Ադրբեջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռության» ըմբռնման մեջ պակասում է ոչ գծայնությունը, թեեւ «հավասարակշռություն» տերմինը կարծես հուշում է փոխհատուցումների համակարգի մասին, որը հաճախ ունի ոչ գծային բնույթ։ Աշխարհաքաղաքական մտածողության գծայնության պատճառով մեզ թվում է, թե գլխավոր աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք տարբեր դրդապատճառներով մտահոգված են Ղարաբաղի իրադրությամբ, գործում են «գիտեմ — գործում եմ — զբաղված եմ նախանշված նպատակին հասնելով» սկզբունքով։ Այս սխեմայում տեղ չկա էական ճշգրտումների, շեղումների, զիջումների, հիասթափությունների համար։ Եւ գլխավորն այն է, որ մենք չգիտենք այն մասին, որ իրենք՝ Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Իրանը կարող են թե իրենց երկրի ներսում, թե դրանից դուրս ոչ գծային գործընթացների պատանդ դառնալ։
- Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։
- Ըստ իս՝ Կոսովոյի անկախության ճանաչման փաստի գնահատականի մեջ անուշադրության է մատնվում մի հանգամանք։ Բանն այն է, որ մինչեւ Կոսովոն աշխարհում անջատողական շարժումները (ինչպիսի բարոյական, պատմական, էթնիկական հիմնավորումներ էլ որ տրվեն դրանց), անորոշ միջազգային իրավական հեռանկարների պատճառով, տեղի են ունեցել ապագային մռայլ զգացողության պայմաններում։ Թայվանը չճանաչվեց ԱՄՆ-ի կողմից, Հյուսիսային Կիպրոսը` Թուրքիայի կողմից, թեեւ էթնիկական տեսանկյունից մնացած աշխարհին «հասկանալի էր» (դրա պատճառով Թուրքիայի նկատմամբ սկզբունքային պատժամիջոցներ չկիրառվեցին), չհարուցվեց նման ճանաչումների շղթա նույնիսկ բարեկամ արեւելյան երկրների շրջանում։ Աշխարհում եւ Միջազգային իրավունքի մեջ գոյություն ուներ ինքնին հասկանալի կարծիք, որ այն երկիրը, որը ճանաչում է անջատողականության արդյունքում ի հայտ եկած «պետությանը», թույլ կտա
Միջազգային իրավունքի համար սպառնալիք ներկայացնող գործողություն։ Երկրները տարբեր կերպ էին արտահայտում իրենց համակրանքը եւ օժանդակությունն այդպիսի նոր «պետությունների» նկատմամբ, բայց չէին համարձակվում այդ համակրանքը վերափոխել պաշտոնական ճանաչման։ Ահա եւ Կոսովոն քանդեց այդ իրադրությունը։ Այսուհետեւ, ըստ իմ կանխատեսման, երկրներն էթնիկական կամ կրոնական համերաշխությունից բխող իրենց համակրանքը հեշտությամբ կվերափոխեն պաշտոնական ճանաչման։ Ամեն մի տիրաժավորում նվազեցնում է նախնական փաստի ազդեցության ուժը։ Ուստի՝ Կոսովոյից հետո ճանաչման (համապատասխանաբար՝ նաեւ չճանաչման) գործողությունը հավանաբար կկորցնի վերջին տասնամյակներում ունեցած արժեքը։
- Ձեր կարծիքով՝ ո՞ր միջազգային ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է հիմա միջազգային միջնորդության՝ ադրբեջանական կողմի համար լավագույն ձեւաչափը։
- Ինձ թվում է, ինչպիսին էլ որ լինի այդ ինստիտուտը, դրան կից պետք է լինի Հարավային Կովկասում մարդու իրավունքների դատարան, որին կկարողանան դիմել թե ադրբեջանցիները, թե հայերը։ Բացի այդ, տվյալ ինստիտուտը պետք է ունենա հարավկովկասյան պետությունների համար ցավագին պատժամիջոցներ կիրառելու կարողություն։ Այս հայտանիշները հուշում են, որ այդ միջազգային ինստիտուտը պետք է մասնագիտացած լինի հարավկովկասյան պետությունների հարցերով՝ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նպատակով։ Նրա մեջ պետք է մտնեն նաեւ այդ պետությունների եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները։
- Աշխարհաքաղաքականության նշանակության վերաբերյալ կա երկու կարծիք. հակամարտ կողմերից ոչինչ կախված չէ, եւ կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ դա ձեռք կտա գերտերություններին, իսկ երկրորդ կարծիքն այն է, որ կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից, եւ կարգավորմանը խանգարող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար վերապահումներ են կողմերի համար։ Ձեր կարծիքով՝ այս բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավորված։
- Իհարկե, Կոսովոյի հետ կապված պատմությունը, Իրաքում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ գերտերությունները կարող են ուժային ձեւով մարել հակամարտությունները, թեեւ «մարումը» միշտ չէ, որ մտնում է «հակամարտության լուծում», առավել եւս՝ «հակամարտության արդարացի լուծում» կատեգորիայի մեջ։ Եթե, օրինակ, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանն ի դեմս Ադրբեջանի տեսնեին չարագույն եւ հավերժական թշնամու, ապա դա ինչ-որ ձեւով կարդարացներ հակամարտության կոպիտ, անարդարացի «լուծման» հնարավորությունը։ Բայց կարծես թե Հայաստանից բացի ոչ մեկն էլ Ադրբեջանին նման գնահատականի չի «արժանացնում»։
Գերտերություններն ի վիճակի են ծնկի բերել գրեթե յուրաքանչյուր փոքր երկրի։ Բայց քանի որ ես չեմ պատկերացնում Ադրբեջանի դեմ չարությամբ լցված հիմնական աշխարհաքաղաքական դերակատարներին, ապա մտածում եմ, որ նրանք գերադասում են հակամարտության այնպիսի լուծում, որը չի հարուցի խորին ատելություն Արեւմուտքի կամ Ռուսաստանի դեմ (թեեւ, պետք է խոստովանել, որ Կոսովոյի փաստը պահանջում է որոշ ճշգրտումներ մտցնել նման համոզմունքի միարժեքության մեջ)։
Եթե գերտերություններից դիտարկենք ԱՄՆ-ին, ապա կարծում եմ, որ նրա քաղաքականության մեջ կան հետեւյալ՝ փոխադարձաբար իրար ճշգրտող եւ զսպող սկզբունքներ. առաջին՝ «անկարելի է միաժամանակ հասցնել ներկա լինել ամեն տեղ», երկրորդ՝ «կան տարածաշրջաններ, ժողովուրդներ, որտեղ ԱՄՆ-ի սխալները չեն լինի աղետալի», այսինքն՝ այնպիսի սխալներ, որոնք, թույլ տրվելու դեպքում, միշտ կարող են շտկվել։ Իմ կարծիքով՝ Արեւմուտքի համար Ղարաբաղյան հակամարտությունը հենց այն հակամարտությունն է, որտեղ լուծման ձգձգումը, առանձին քայլերի սխալ լինելն աղետաբեր չեն թվում։ Ահա թե ինչու է լուծումն այսպես ձգձգվում։
- Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։
- Այստեղ նույնպես իմ պատասխանը կունենա մեթոդաբանական բնույթ։ Փիլիսոփայության մեջ կա «ընտանեկան նմանությունների» գաղափարը։ Լ. Վիտգենշտայնը մշակել է այն, որպեսզի ցույց տա, որ մեկ անունի, մեկ հասկացության տակ ի մի բերված իրադարձությունները ոչ միշտ ունեն բոլորի համար ընդհանուր հատկություններ (հետեւաբար՝ նաեւ մեկ էություն)։ Լինում են դեպքեր, երբ նույն անունը կրող փաստերն իրար նմանվում են այնպես, ինչպես ընտանիքի անդամները, որտեղ բնավ էլ ոչ բոլոր երեխաներն են լինում իրար նման։ Տղան կարող է լինել պապի նման, աղջիկը՝ մոր, իսկ մյուս տղան՝ հոր եւ մոր։
Հիմա կարող եմ ասել, որ գուցե ձեր թվարկած հակամարտությունները միավորված են ոչ թե ընդհանուր էությամբ, այլ կազմում են դաս՝ ըստ ընտանեկան նմանության սկզբունքի։ Ես էթնիկ հակամարտությունների մասնագետ չեմ, ուստի չգիտեմ՝ ձեր թվարկած հակամարտությունների վերաբերյալ կա՞ն այնպիսի հետազոտություններ, որոնցում նույնությունները եւ տարբերություններն արձանագրվում են ընտանեկան նմանությունների սկզբունքով։ Բայց պարզ է մի բան՝ եթե հակամարտություններն ունեն էական ընդհանրություն, ապա դրանց նկատմամբ կարելի է կիրառել լուծման նույն մոդելը՝ տեղական առանձնահատկությունները հաշվի առնող որոշ ձեւափոխություններով։ Բայց եթե իրադարձությունները միավորված են ընտանեկան նմանության սկզբունքով, ապա լուծումները եւս պետք է կազմվեն համապատասխան ձեւով։ Մի ժամանակ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ես առաջարկել եմ «անոմալ ինքնավարության» մոդելը։
Ըստ իմ մտահղացման՝ այն ուներ ոչ թե գործնական, այլ տեսական նշանակություն։ Այսինքն՝ ես փորձել էի ցույց տալ, որ միջէթնիկական հակամարտությունների լուծման փաթեթների մեջ կարող են մտնել տարբեր խորհրդանշանային-նշանագիտական կանոններ։ Այդ մոդելի հիման վրա ես հանգեցի այնպիսի ձեւակերպման, ինչպիսին է «հակամարտությունների վիրտուալացումը»։ Հիմա, պատասխանելով ձեր հարցին, կարող եմ ասել, որ մարդկությունը պետք է գտնի հակամարտությունների վիրտուալացման տարբեր եղանակներ։ Իսկ եթե որոշակիացնեմ իմ ասածն, ապա կավելացնեմ, որ հակամարտության կողմերի էթնիկ բնույթը կարող է լինել այնպիսին, որ խորհրդանշական զիջումները նրանց բարոյական բավարարվածություն պատճառեն։ Մինչդեռ մեկ այլ դեպքում հակամարտության կողմերը կարող են բավարարվել, օրինակ, դրամական փոխհատուցմամբ, կամ կողմերից մեկի՝ «ստորացման» համաձայնությամբ։
Զրուցեց` Զ. Ռասուլզադեն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել