HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակը հակառակորդին կտա համարժեք, գուցե նաև խիստ պատասխան

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր: Չնայած պաշտոնական Բաքվի կողմից միջազգային տարբեր ատյաններում պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներին, թե իբր հայկական կողմը շարունակ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականությունը փաստում է լրիվ հակառակը:

Դրա վառ ապացույցն են անցած 7 օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունները, որոնց արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ' հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին և 5-ին, որոնց ընթացքում, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, հակառակորդը շուրջ 70 անգամ թիրախային կրակ է բացել «СВД», «Սև նետ» և «Իստիգլալ» դիպուկահարային զինատեսակներից:

Մանավորապես հոկտեմբերի 5-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցից ստանալով գնդակային հրազենային վիրավորում, զոհվել է Պաշտպանության բանակի զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը:

Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ինչպես դարանակալ թշնամու զինուժը, այնպես էլ նրա սադրիչ գործողությունները պարտակող քարոզիչները նպատակային քայլեր են իրականացնում հակամարտ կողմերի շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ՊԲ դիրքապահ ստորաբաժանումներին ստիպում է իրենց գործողություններում լինել առավել վճռական և թշնամուն տալ համարժեք, գուցե նաև խիստ պատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter