
«Շատ-շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հարկային ճնշմանը չեն դիմանում»
«Մենք պահանջում ենք կառավարությունից, որ նրանք ներկայացնեն ոչ թե արտահանմանն ուղղորդված, այլ ընդհանրապես արդյունաբերական քաղաքականության հայեցակարգ, որը կկանոնակարգի մեր տնտեսության հիմնական ճյուղի գործառույթները»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ ըստ կառավարության ներկայցրած 2012 թ.-ի բյուջեի`ՀՆԱ-ն աճելու է 4.2 %-ով՝ նախկին տարվա 4.6-%-ի համեմատ: Եկամուտները լինելու են 910 մլրդ դրամ, որը 6.8%-ով ավելի է, քան անցած տարվա ցուցանիշը: Պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կլինեն 17.36%, ինչը Վ. Սաֆարյանը Հայաստանի համար համարում է բավականին ցածր ցուցանիշ, և «դա խոսում է ցածր հարկահավաքության մասին»: Իսկ այդ ցուցանիշը պետք է լինի առնվազն 23-25%: Նա հույս ունի, որ 2011թ.-ին արդյունաբերության ՀՆԱ-ի բաժինը կլինին 25%-ից ավելի, որը հաջորդ տարի ավելի կբարձրանա:
Վ. Սաֆարանյանը նշեց, որ իրենք կառավարության հետ երկխոսության մեջ են, որպեսզի այն փոխի երկրի տնտեսական քաղաքականությունը: Ըստ նրա` տնտեսության մեջ հիմնական բաղթողումը ներդրումների պակասն է: Արդյունքում տնտեսության մի զգալի մասը մնում է ստվերում, ինչը չի թաքցնում անգամ իշխանությունը:
«Պետությունը պետք է որոշակի ապրանքնատեսակներ` ստրատեգիական նշանակություն ունեցող, ինքը ներմուծի, դրանով իսկ ձևավորի առևտրային կապիտալ և այն տեղաբաշխի արդյունբերության մեջ, տնտեսության այն ճյուղերում, որն ինքը համարում է ստրատեգիական»,- հավելեց Վ. Սաֆարյանը:
Վերջինս 2012 թ.-ի բյուջեն անվանեց «սոցիալական ուղղվածության բյուջե», որի արդյունքում թոշակները կբարձրանան 3 հազար դրամով, իսկ նպաստները` 2700 դրամով: Սակայն, ըստ նրա, ավելի արդյունավետ կլիներ, եթե պետբյուջեն ունենար ներդրողական քաղաքականություն: Դա պետք է լինի տնտեսության զարգացման «տեսլականը և ռազմավարությունը»:
Հարկավոր է ներդրումներ անել հատկապես արդյունաբերության մեջ և զարգացնել տնտեսության այդ ճյուղը: Իսկ պետությունը պետք է ավելի շատ մասնակցի տնտեսական գործառույթների իրականացմանը:
«Ազատ մրցակցությունը դեռ բավարար հիմքերի վրա չէ. կան օլիգարխիկ տնտեսություններ, մոնոպոլիաներ, որոնց դեմ ինչ-որ չափով պայքար մղվում է», - նշեց Վ. Սաֆարյանը:
Նրա խոսքերով` ինքը կողմ է հարկերի բարձրացմանը, սակայն տնտեսագիտորեն սխալ է հարկերի հաշվին աշխատավարձ բարձրացնելը: Իրականում դրանք պետք է բարձրանան պետության եկամուտների հաշվին:
«Այնպիսի հարկահավաքություն լինի, որը չկործանի մեր տնտեսությունը, այլ նպաստի այդ տնտեսության զարգացմանը: Շատ-շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հարկային ճնշմանը չեն դիմանում», - հավելեց Վ. Սաֆարյանը:
Պրոգրեսիվ հարկահավքությունը շատ զարգացած երկրներում կիրռավում է: Մեզանում էլ պետք է այդպիսի գործառույթ կիրառվի, որ չլինեն այնպիսի մարդիկ, որ միլիարդներ ունենան, հետո «այդ միլիարդներից փշրանքների հասնող բարեգործություն անեն և աստվածներ դառնան»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել