
Հայաստանում բիզնես-գործունեության պայմանները վատացել են
Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ
Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական խնդիրների, երկու երկրներում բիզնես միջավայրը ձեւավորող պայմանների, տնտեսական համակարգերի առանձահատկությունների մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:
Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:
Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Հարցազրույց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի հետ
Ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսական վիճակի ցուցանիշները, և որքանո՞վ են դրանք համեմատելի հետխորհրդային այլ տնտեսական վիճակների հետ:
Հայաստանում բիզնեսը սկսեց զարգանալ 1994-1995թթ.-ից սկսած: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց ձևավորվել հայակական գործարարությունը որպես կատեգորիա: Ամենասկզբից Հայաստանում սկսեց զարգանալ սննդի ոլորտը, այն հիմա էլ դինամիկ կերպով զարգանում է . ալկոհոլային խմիչքներ, հյութեր, հանքային ջրեր, պահածո, մսամթերք: Զարգացած է նաև թռչնաբուծությունն ու պանրի արտադրությունը: Արդյունաբերության ճյուղերից ամենազարգացածը հանքարդյունաբերությունն է:
Հայաստանի տնտեսությունը հիմնականում երեք բլոկի վրա է կառուցված և մեր ՀՆԱ-ն գոյանում է երեք ոլորտներից` գյուղատնտեսություն (19%), արդյունաբերություն (48%) և ծառայություններ (33%):
Ըստ 2007-2010թթ. տվյալների ՀՆԱ-ի փոփոխությունը բացասական է: 2007թ. եղել է 12 մլրդ. ԱՄՆ դոլար, ճգնաժամի արդյունքում` 2008թ.-ին, նվազեց մինչև 8,7 մլրդ, հետո նորից 2010թ. աճեց 9,3-9,7 մլրդ: Մեր կառավարությունն այս տարի կանխատեսում է մինչև 10,5 մլրդ-ի հասցնել այն:
Ըստ իմ հաշվարկների Հայաստանի ՀՆԱ-ն կարող էր հասնել մինչեւ 20-25 մլրդ ԱՄՆ դոլարի, եթե չլիներ ստվերայնությունը:
Ինչ վերաբերում է այլ հետխորհրդային երկրների տնտեսական վիճակներին, ապա Վրաստանը 2008-2009թթ. ուներ 12,4-12,6 մրլդ ՀՆԱ և 65-70 000 գրանցված ձեռնարկություն: Լատվիան 2,2 մլն բնակչություն ունեցող երկիր է և ունի 32 մլրդ ՀՆԱ: Լիտվան՝ 50 մլրդ համախառն արդյունք`Հայաստանի չափ բնակչությամբ:
Եթե ՀՆԱ-ն մեզ մոտ չի աճում, ապա նշանակում է, որ արտադրանքի ծավալները չեն աճում:
Տնտեսական ի՞նչ համակարգ է ձևավորվել երկրում, որքանո՞վ է այն ընդունակ ադեկվատ և ժամանակին արձագանքելու գլոբալ տնտեսական գործընթացներին:
Մեզ մոտ համարյա ամեն ինչ արդեն մասնավորեցված է, և կա 150 000 գրանցված ձեռնարկություն: Ձեռնարկությունների քանակով Հայաստանն առաջ է անգամ Դանիայից կամ Վրաստանից, որոնց բնակչության թիվը գերազանցում է մերինից: Թեպետ իրականում գործողները 150 000-ից շատ ավելի քիչ են: Պատճառն այն է, որ գործարարը, գրանցելով բիզնեսը և մտնելով ընդհանուր հարկման դաշտ, երբեմն չի կարողանում հաշվարկել բոլոր ռիսկերը և ստիպված է դադարեցնել գործունեությունը: Ես կառաջարկեի փոքր բիզնեսը չծանրաբեռնել հարկային տարբեր տեսակի վարչարարությամբ, այլ հաշվարկել տարբեր ոլորտների համար ֆիքսված տուրք, որպեսզի ձեռնարկատերը կարողանա կառավարել իր ռիսկերը և չխեղճանա ընդհանուր հարկային դաշտում:
Այսպես` 86 000-ը միկրո ձեռնարկություններ են, որոնք անհատ ձեռներեցներ են` 1-2 մարդ, ընտանիք, 60-65 հազարը փոքր ձեռնարկություններն են, հետո գալիս են միջին ձեռնարկությունները` մոտ 10 000 և խոշոր ձեռներեցները մի քանի հարյուրի են հասնում: Անշուշտ, բյուջեում և ՀՆԱ-ում մեծ ներդրումներ ունեն խոշոր և միջին ձեռնարկությունները:
2008թ. ճգնաժամը ցույց տվեց, որ կառավարությունը կարողանում է ադեկվատ կերպով արձագանքել համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին. լավ էր, որ երկար չմտածեց և չտատանվեց, նույնիսկ համարձակ քայլեր արեց` առաջարկելով ընկերություններում մասնաբաժին ունենալ, ներդրումներ անելու նպատակով:
Սկզբունքային ի՞նչ խնդիրներն են այսօր խոչընդոտում երկրում բիզնես միջավայրի զարգացմանը, դրանք ավելի շատ ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական բնույթի են:
Մեզ մոտ այսօր կա երկու խոշոր խնդիր` բարձր կոռումպացվածություն և անհավասար մրցակցություն: Նույնիսկ արդեն դժվար է տարանջատել, թե որը որի հետևանքն է: Կոռուպցիայի դեպքում շատ արդյունավետ կլիներ ոչ թե բարդ հակակոռուպցիոն ծրագրով պայքարելը, այլ կոնկրետ օղակներում և ոլորտներում կենտրոնանալը: Մենաշնորհը նվազեցնելու մեր պայքարն արդյունավետ չէ. 1-2 դրվագային դեպքերով մրցակցային անհավասարության հարցը չի կարող լուծվել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չունի ինքնուրույնություն ու բավարար պաշտպանվածություն նման մակարդակի հարցերի լուծման համար:
Խնդիրներից մյուսն էլ այն է, որ մեր երկրում շատ քիչ են երիտասարդ գործարարները: Բացի այդ այսօր մենք երբեմն իներցիայով ասում ենք, որ մրցունակ աշխատուժ ունենք, բայց դա արդեն այդպես չէ. մենք ունենք հսկայական քանակությամբ կրթություն ստացողներ, բայց նրանք ընդամենը դիպլոմավորված մարդիկ են և չեն կարող համարվել բարդ խնդիրներ առաջադրող և լուծող մրցունակ աշխատուժ:
«Doing Business» -ի (Համաշխարհային բանկի ինստիտուտ-խմբ.) 2010թ.-ի վարկանիշային ցուցանիշների տվյալներով մենք հարկերի հավաքագրման ոլորտում հետընթաց ենք ունեցել: Եթե 2010թ. հարկահավաքության տեսանկյունից մենք եղել ենք 157-րդ տեղում, ապա 2011թ.`159-րդում: Սա նշանակում է, որ հարկերը վատ են վճարվում ու կա ստվերայնություն: Բիզնես սկսելու համար անհրաժեշտ պայմանների առումով մենք մնում ենք 22-րդ տեղում, իսկ մեր հարևան երկրները` Ադրբեջանն ու Վրաստանը լավացրել են այդ ցուցանիշը: Առհասարակ «Doing Business» -ի բոլոր ցուցանիշներով Հայաստանը հետընթաց է գրանցել. 2010թ.-ին Հայաստանը եղել է 44-րդ երկիրը, այս տարի` դարձել է 48-րդը. 4 միավորով վատացել կամ դժվարացել է բիզնես գործունեությամբ զբաղվելու միջավայրը:
Այսօր ո՞ր երկրներն են Հայաստանի տնտեսական ամենախոշոր գործընկերները: Երկիրն ի՞նչ միջազգային տնտեսական կազմակերպությունների անդամ է, ի՞նչ օգուտ կա այդ անդամությունից:
Հայաստանի համար արտահանման տեսանկյունից ամենաառաջին գործընկերը Գերմանիան է` 16,6%, որովհետև ֆերոմոլիբդենը արտահանվում է Գերմանիա, երկրորդ տեղում Ռուսաստանն է`15,4 %, ԱՄՆ`9,6%, Բուլղարիա` 8,6%, Վրաստան` 7,6%, Նիդերլանդներ` 7,5%, Բելգիա` 6,7%, Կանադա` 4,9% և այլն: Ներմուծման մեր գործընկերներն են Ռուսաստանը` 24%, Չինաստանը` 8,7%, Ուկրաինա` 6,1%, Թուրքիա 5,4%, Գերմանիա` 5,4%, Իրան` 4,1% և այլն:
Հետաքրքիր է, որ մեր 2010թ.տվյալներով ներմուծման ցուցանիշների մեջ 25 ապրանքատեսակ կազմում են ամբողջ ներմուծման ծավալի համարյա 50%-ը: Այսինքն, եթե ներմուծվել է 3,7 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, ապա 1 մլրդ 879 մլն կազմել են միայն այդ 25 ապրանքատեսակը` սկսած գազ, նավթ, վառելիքից և վերջացրած սուրճով: Հետաքրքիր է, որ սուրճը գտնվում է նաև TOP 25 արտահանվող ապրանքների մեջ: 2010թ. տվյալներով Հայաստանի ամբողջ արտահանումը կազմել է 1 մլրդ ԱՄՆ դոլար, որից 900 մլն միայն 25 ապրանքատեսակն է:
Պետք է նշեմ նաև, որ մենք ունենք արտահանման և ներմուծման անհավասարակշռություն: Մեր ներմուծման ծավալները 30%-ով պակաս են, քան արտահանման ծավալները:
Հայաստանը համագործակցում է ISO ստանդարտների մշակման միջազգային կազմակերպության հետ, որի շնորհիվ մեր գործարարները ստանում են իրենց արտադրանքի համապատասխանությունը միջազգային չափանիշներին վկայող սերտիֆիկատներ: Աշխատանքի միջազգային կազմակերպության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի շրջանակներում տրվում է տեխնիկական աջակցություն` զբաղվածությունը խթանելու համար: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նույնպես տալիս է լայն հնարավորություններ տնտեսական համագործակցության տեսանկյունից: Կարելի է ասել, որ Հայաստանը միացած է գրեթե բոլոր էական ծրագրերին ու կազմակերպություններին:
Մեկնաբանել