HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը վրացի գործընկերոջ հետ համագործակցության իր բանաձևն ունի

Վրացական կողմի հետ համագործակցությունը արդյունավետ ու կարևոր է երկու երկրների համար: Այն խնդիրները, որոնք պարբերաբար ծագում են, պետք է զերծ պահել քաղաքականացման վտանգից, քաղաքական շահարկումներից, քաղաքական գնահատականներից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Մենք մասնագիտական մոտեցում ենք որդեգրել իմ վրաց գործընկերոջ հետ կրթական հիմնախնդիրների նկատմամբ»,- իրենց համագործակցության բանաձևը ներկայացրեց Արմեն Աշոտյանը: Նախարարը, մեկնաբանելով Վրաստան կատարած իր այցելությունը, լուրջ ձեռքբերում համարեց հայոց լեզվի դասաժամերի վերականգնումը: Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԳ նախարարության նախորդ ուսումնական տարվա հաստատած ծրագրով` հայոց լեզվի դասաժամերը կրճատվել էին, եթե մինչև 2010 թվականը հայոց լեզուն դասավանդվում էր 7-8 ժամ, ընթացող ուսումնական տարում դարձել էր 5 ժամ: Գալիք ուսումնական տարվանից կվերականգնվի նույն ծավալը` 7-8 ժամ: Արմեն Աշոտյանը իր վրացի գործընկերոջը խնդրել է հայկական դպրոցներում ուժեղացնել վրացերենի դասավանդման մեթոդաբանությունը: «Սա կարևոր նախապայման է Վրաստանում հայկական համայնքի ինտեգրման համար: Հայկական համայնքը Վրաստանում պետք է ունենա իր ազդեցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական ասպարեզներում: Առանց լեզվի իմացության այդ ազդեցությունը հնարավոր չէ ապահովել»,- ասում է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաև կարծում է, որ իր ձեռք բերած համաձայնությունից կշահի նաև Վրաստանի ադրբեջանական համայնքը, որովհետև եթե վերականգնվում են հայոց լեզվի դասաժամերը, կվերականգնվեն նաև ադրբեջաներենի դասաժամերը: «Ադրբեջանի նախարարը պետք է նաև շնորհակալ լինի վրաց նախարարին, գուցե նաև ինձ, որ ես ավելի արագ ու շուտ բարձրացրեցի այս խնդիրը»,- կես կատակ կես լուրջ հավելեց ՀՀ ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը Վրաստանում հայկական և ադրբեջանական համայնքների մի շարք սկզբունքային տարբերություններ է նշում: Ժողովրդագրական առումով ադրբեջանական համայնքը աճող է, իսկ հայկականը` նվազող, ինչի պատճառ են ծնելիության և արտագաղթի խնդիրները: Արդբեջանական համայնքը կամ չի արտագաղթում, կամ լավագույն դեպքում գնում է Ադրբեջան, հայկական համայնքը արտագաղթում էր հիմնականում Ռուսաստան, ավելի պակաս Հայաստան: «Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանը լինի ուժեղ, ծաղկող, բարեկեցիկ պետություն, և այդ դեպքում հայկական համայնքի պահպանման ու զարգացման հնարավորությունները Վրաստանում կլինեն ավելի ընդգծված»,- հավելում է Ա. Աշոտյանը: Ըստ նրա` ադրբեջանական համայնքը օգտվում է նաև Վրաստանում ադրբեջանական կապիտալի ներկայությունից, հայկական համայնքը դեռ այդ հնարավորությունները չունի: Դրանից ելնելով` Արմեն Աշոտյանը Վրաստանում տնտեսական գործունեություն սկսած հայ գործարարներին կոչ է անում ուժեղացնել հայկական համայնքը, մասնավորապես կապվել մշակութային հաստատությունների հետ և օգնել հայկական դպրոցներին ու մշակութային օջախներին, ինչպես որ դա արվում է ադրբեջանական կապիտալի պարագայում: Նախարարը Վրաստանի կրթության ոլորտում հայերին վերաբերող երկու խումբ խնդիրներ է առանձնանցում: Առաջին խումբը վերաբերում է հայ-վրացական երկկողմանի հարաբերություններին` բարձրագույն կրթության, հանրակրթության, գիտության ասպարեզում: Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են հայազգի բնակչության կրթական խնդիրներին: Ըստ Ա. Աշոտյանի` Թբիլիսիում ստորագրված հուշագրով կյանքի կկոչվի նախագահական կրթաթոշակների ծրագիրը երկու երկրների ուսանողների համար. 10-ական կրթաթոշակ կտրամադրվի Վրաստանի և Հայաստանի ուսանողներին, ինչը ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքական նպատակ ունի: Հայ համայնքի հետ կապված խնդիրներում նախարարը 3 խումբ առանձնացրեց. հայոց լեզվի դասավանդման ծավալի խնդիրը, որն արդեն լուծվել է, դասագրքերի հայերեն թարգմանությունը և ուսուցիչների վերապատրաստումը: Դասագրքերի մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վրացական կողմը մինչև դասագրքերի հրատարակումը հայկական կողմին ուղարկի հայերեն թարգմանված դասագրքերի տեքստերը, որպեսզի հայ մասնագետները կարողանան սրբագրման և խմբագրման աշխատանքներ կատարել և բարելավել թարգմանության որակը: Հայաստանը նաև կշարունակի հայկական դպրոցների ուսումնակրթական, գիտական, կրթական, մեթոդական աջակցությունը և կրթական այլ պարագաների մատակարարումը հայկական դպրոցներին: Ուսուցիչների վերապատրաստումը այս տարի պետք է դառնա ավանդական: Վրացական կողմը խնդրել է, որպեսզի ծրագիրը շարունակվի, և այս տարի ևս 100-ից ավելի հայ ուսուցիչ կվերապատրաստվի Վրաստանում: Այս տարի վրացական կողմը խոստացել է մինչև 2500 տեղի համար կրթաթոշակ տրամադրել հայկական դպրոցների շրջանավարտներին, որոնք կցանկանան իրենց ուսումը շարունակել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter