«Надежда умирает последней»
Վերջին 10 տարվա քաղաքաշինությունը Երևանում հակաէկոլոգիական է, հակասոցիալական և սեյսմիկ տեսանկյունից խիստ վտանգավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Ըստ բնապահպանի` այն տենդենցները, որոնք արմատավորվել են քաղաքապետարանում, իրենց ամբողջ էությամբ հակաէկոլոգիական են: Եթե փոխվի համակարգի մոտեցումը, խնդիրները կլուծվեն:
Բնապահպանը կարևորում է քաղաքաշինությունը և էկոլոգիան, բիզնեսը և էկոլոգիան: Ասում է, որ արդեն երկրորդ անգամ հանդիպել է նոր քաղաքապետի հետ, ներկայացրել է Երևանի վերաբերյալ ուսումնասիրությունները և մտահոգությունները: Քաղաքապետը դրական է արձանագրել և ասել, որ կաշխատեն նշված հարցերի ուղղությամբ: Հանդիպուման ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այլևս որևէ կանաչ տարածքում կառուցապատում չի լինելու, բակային տարածքները պահպանվելու են և չեն կառուցապատվելու, այլ բարեկարգվելու են:
Սակայն Կարինե Դանեիլյանն ասում է, որ մի կողմից քաղաքապետարանը հայտարարում է, որ ուղղաձիգ կանաչապատումը մեր ապագան է, մյուս կողմից առաջին հարկերը, նկուղները տրվում են բիզնեսին, և առաջինը, որ անում են դրանց տերերը, խաղողի վազերը կտրելն է, պարզվում է` դրանք խանգարում են իրենց գովազդին:
Կոմերցիոն ճարտարապետության հարցի շուրջ Կարինե Դանիելյանը և գործող քաղաքապետը համաձայնության չեն եկել: Կարինե Դանիելյանը պնդում է, որ Երևանի ճարտարապետությունը քաղաքի շահերից չի բխում, այլ բիզնեսի շահերին է ծառայում: Քաղաքապետը, սակայն, այլ պատկերացում ունի, այն է` ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն, որովհետև միայն բիզնեսը կարող է քաղաքը զարգացնել: Այսինքն` շահը կառուցապատողի բիզնեսն է: Բնապահպաններն առաջարկել են դադարեցնել կառուցապատումը, վերանայել Կենտրոնի գոտիավորումը, անպայման լսումներ անցկացնել:
Կարինե Դանիելյանը թվարկում է. «Հաղթանակ» այգին վերակառուցման տակ է` առանց լսումների, Նորքում բնակիչները բողոքում են «Վիշապների այգին» կառուցապատելուց, կրկին լսումներ չեն եղել, գլխավոր պողոտան վերակառուցվելու է, լսումներ չեն եղել, բայց պարտադիր պետք է լինեին:
«Միթե քաղաքապետարանում մեկը չգտնվեց, որ նոր եկած քաղաքապետին ինֆորմացիա տար, թե քաղաքապետարանն ինչ պարտավորություններ ունի այդտեղ: Օրենքն է պահանջում լսումներ, մեր միջազգային պարտավորություններն են պահանջում լսումներ, նույնը էկոլոգիական խորհրդի վերաբերյալ. քաղաքապետարանն արդեն երկու տարի է` ձեռքերով ու ոտքերով պաշտպանվում է, որ էկոլոգիական խոհուրդ չլինի այնտեղ: Ինչու»,- հարց է տալիս բնապահպանը և պատրաստակամություն հայտնում անվճար օգնել անհրաժեշտ հարցերում:
«Մանումենտի պրոեկտը համաքաղաքային նշանակությության պրոեկտ է, և քաղաքապետարանը պարտավոր է բնապահպանության նախարարության հետ միասին, բիզնես ներդրողի հետ միասին լսումներ իրականացնել և հրավիրել համապատասխան մասնագետներին, ինչպես նաև բնակիչներին և հ/կ-ներին: Բնակիչները, ովքեր տեսնում են, զանգահարում են` տիկին Դանիելյան, փրկեք»,- պատմում է Կարինե Դանիելյանը:
Հավատո՞ւմ է Կարինե Դանիելյանը, որ քաղաքապետը ներկայացրած խնդիրներին լուծում կտա` հարցին բնապահպանը պատասխանում է. «Надежда умирает последней» (Հույսը վերջում է մահանում).
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել