Հանրային խորհրդի ձայնը լսելի՞ է
Հանրային խորհրդի գործունեությունը և առաջարկություներն արդյունքներ տալի՞ս են` հարցին Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանում է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Հանրային խորհուրդը, եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում ստացել են, եղել են նաև դեպքեր, երբ Հանրային խորհրդի ձայնը չլսված է մնացել:
Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ Հանրային խորհուրդը 3 կետերով կարող է ազդեցություն գործել. առաջինն այն է, որ Խորհուրդը կից է հանրապետության նախագահին, երկրորդը` մոտ 2000 հասարակական կազմակերպություն է ներկայացված խորհրդում, հետևաբար հանրային կարծիք ձևավորելու առումով խորհուրդը որոշ լծակներ ունի: Երրորդ կետն այն է, որ Հանրային խորհրդում ներկայացված են յուրաքանչյուր ոլորտում ճանաչված մասնագետներ, հեղինակություններ, որոնք հարց բարձրացնելու դեպքում կարող են իրենց հեղինակության ազդեցությամբ խնդիրներ լուծել:
Հանրային խորհուրդն իր գործունեության ընթացքում դրական արդյունքներ գրանցել է: Հովհաննես Հովհաննիսյանը, կոնկրետ դեպքեր հիշելով, նշեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկությունը քննադատվել էր Հանրային խորհրդում և 4 կետերով մերժում ստացել և իրենց ներկայացրած առաջարկությունները հետագայում հաշվի են առել:
Մյուս օրինակը Նուբարաշենի հատուկ դպրոցում երեխաների նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մասին բարձրաձայնելն էր, երբ Հանրային խորհրդի ձայնը` ուղղված գլխավոր դատախազին, նախագահի վերահսկողական ծառայությանը, արդյունքներ են տվել: «Կան դեպքեր, որոնք մեզ հուսադրում են, լավատեսական տրամադրում` շարունակելու մեր գործունեությունը»,- ասում է Հ. Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել