HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«911» դեղատների ցանցի սեփականատերերը Քոչարյանները չեն

Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչներն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրեցին ապացույցներ առ այն, որ «911» դեղատների ցանցի սեփականատերերի ցանկում Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները չկան: Քոչարյանները մասնաբաժին չունեն նաեւ «Քոմսթար», «Սպայկա», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններում: Այդ մասին վկայող տեղեկանքները տրամադրել են ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունը եւ կենտրոնական դեպոզիտարիատը: Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը նաեւ ներկայացրեց Կոնվերս բանկից ստացած տեղեկանքը, որը վկայում է այն մասին, որ Սեդրակ Քոչարյանը որեւէ ներդրում չի կատարել Հնդկաստանում եւ այդ նպատակով իր հաշվից գումար չի փոխանցել: Հիշեցնենք, որ Քոչարյանները պահանջել են օրաթերթին պարտավորեցնել հերքում տպագրել եւ հատուցել վիրավորանքի ու զրպարտության միջոցով հասցված վնասը` 6 մլն դրամի չափով. օրաթերթը 1 մլն դրամ պետք է հատուցի հասցրած վիրավորանքների համար, 2 մլն դրամը` զրպարտության, իսկ մնացած 3 մլն դրամը իրավունքի վերականգնմանն ուղղված ծախսերն են: Թերթին ուղարկված հերքումները մարտի 10-ին «Ժամանակ» օրաթերթը տպագրել է: «Ժամանակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Քոչարյանները հատուկ վերաբերմունք ունեն «Ժամանակ» թերթի նկատմամբ եւ խտրականություն են դրսեւորում: Նա դատարանին ներկայացրեց այլ թերթերի տպագրած նույնաբովանդակ հոդվածներ, որտեղ գրվել է թե' Քոչարյանների բիզնեսի, թե' «911» դեղատների ցանցի, թե' հայցվորների` այլ բիզնեսներում ներգրավվածությանն  մասին: Ընդ որում` այդ հոդվածները հրապարակվել են ավելի շուտ, քան «Ժամանակ» օրաթերթի հոդվածները, բայց Քոչարյանները դատի են տվել միայն «Ժամանակին»: Դատարանը նկատեց, որ դա հայցվորների իրավունքն է, եւ նրանք են որոշում` ում դեմ հայց ներկայացնել, ում դեմ` ոչ: Արփինե Մելիքբեկյանը դատարանին ներկայացրեց փաստաբանական ծառայությունների մասին վկայող փաստաթուղթը, որտեղ 3 մլն դրամի մանրամասն հաշվետվությունն է` ինչպես եւ ինչի վրա է ծախսվել այդ գումարը: Իսկ մինչ այդ Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը հիմնավորում էր, որ իրենք հայցի վաղեմության ժամկետը պահպանել են, չնայած թերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի պնդումներին, թե հայցը մեկամսյա ժամկետից հետո է մուտք արվել դատարան: Արփինե Մելիքբեկյանը նշեց, որ օրենսդրությունը ոչ թե մեկամսյա, այլ վեցամսյա ժամկետ է նախատեսել դատարան դիմելու համար, իսկ Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձեց, թե` 6-ամսյա ժամկետը նախատեսված է այն դեպքերի համար, երբ հայցվորները տեղյակ չեն եղել հոդվածների մասին: Քոչարյանների մյուս ներկայացուցիչը` Սարգիս Գրիգորյանը հավելեց, որ իրենց ընկերությունը մոնիտորինգային ծառայություններ է մատուցում, այսինքն` որոշ ԶԼՄ-ների կամ փաստաթղթերի, իրավական զարգացումների մոնիտորինգ է անում: Ինքը, առաջնորդվելով մոնիտորինգի արդյունքներով, առանց տեղյակ պահելու իր վստահորդներին, էլեկտրոնային նամակ է գրել «Ժամանակ» թերթին` պահանջելով հերքել իրականության չհամապատասխանող տեղեկությունները: Սարգիս Գրիգորյանի խոսքերով, ինքն ավելի ուշ է տեղեկացրել Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններին օրաթերթում տպագրված հոդվածների մասին: Այսինքն` նրանք ավելի ուշ են ծանոթացել հոդվածներին: Հետեւաբար, սահմանված ժամկետի մեջ են հայցը ներկայացրել դատարան: Նիկոլայ Բաղդասարյանը անհիմն համարեց իր գործընկերոջ փաստարկները, քանի որ նա թերթին դիմել է որպես հայցվորների վստահորդ, այլ ոչ թե հանդես է եկել ինքնագլուխ: Հակառակ պարագայում, որտեղից պետք է իմանար, թե այդ հոդվածները վիրավորել են հայցվորներին. «Գուցե իրենց վստահորդները չէին էլ վիրավորվել, եթե տեղյակ չէին տպագրված հոդվածներին»: «Կողմը նամակ է գրել իրենց անունից, այսօր եւս կողմը հանդես է գալիս նրանց անունից: Ես էլ ինչ հնչեցնում եմ, հնչեցնում եմ իմ վստահորդի անունից,- ասաց Ն. Բաղդասարյանը,- ուղղակի մեր համոզմունքն է, որ փաստաբանները բաց են թողել ժամկետը, այսօր փորձում են ինչ-որ պատճառաբանությամբ, օգտագործել այդ փաստերը եւ ներկայացնել, որ իբր իրենք տեղյակ չեն եղել»: Նիկոլայ Բաղդասարյանը դատարանից ժամանակ խնդրեց` փաստաբանների ծառայության դիմաց ստացած 3 մլն դրամի փաստաթուղթը ուսումնասիրելու  եւ պատասխան պատրաստելու համար: «Ժամանակ» օրաթերեթի ներկայացուցիչը նշեց, որ դիմելու է Փաստաբանների պալատին, որպեսզի այնտեղից փաստաբանի վարքին եւ մատուցված ծառայությունների համաչափության վերաբերյալ պարզաբանում ստանա, իսկ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ դա կապ չունի Փաստաբանների պալատի կամ փաստաբանի վարքագծի հետ, այլ «բիզնես մոդել» է: Դատավոր Ա.Մելքումյանը երկշաբաթյա ժամկետ տրամադրեց պատասխանողներին` ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելու եւ իրենց ապացույցները դատարանին ներկայացնելու համար: Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա ապրիլի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter