HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարության ուղարկած դուդուկներն ու զուռնաները տեղ չեն հասնում

Ավելի քան երկու ամիս է` ՀՀ սփյուռքի նախարարությունը չի կարողանում ուղարկել Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնի սաների համար նախատեսված երաժշտական գործիքներն ու տարազները (3 դուդուկ, 3 շվի, 3 զուռնա, 3 դհոլ, 1 սինթեզատոր, 20 տարազ): Դեկտեմբերի 24-ին սփյուռքի նախարարության կողմից Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնին հատկացված երաժշտական գործիքներն ու տարազները հայ-վրացական սահմանի վրացական անցակետում թույլ չէին տվել անցկացնել: Կենտրոնի ներկայացուցիչները, չկարողանալով համաձայնության գալ մաքսակետի աշխատակիցների հետ, ստիպված դրանք թողել էին հայկական անցակետում: Վրացի սահմանապահներն ասել էին, որ պետք է մաքսազերծել ապրանքը, կամ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է դիմի Վրաստանի մշակույթի նախարարությանը, ապա նոր համապատասխան փաստաթղթերով դիմեն Վրաստանի մաքսային ծառայություն: ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ-ի հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ  ընդամենը փաստաթղթային ձեւակերպման խնդիր է եղել. «Մաքսային որոշակի պահանջներ ու ընթացակարգ կա, որ պետք է պահպանել ընդամենը, ուրիշ բան չկա»: Նա նշել էր, որ նախկինում որեւէ առիթ կամ նախադեպ չի եղել, եւ այդ ընթացակարգին ծանոթ չեն եղել, դրա համար նման խնդիր է առաջացել: Գործիքներն ու տարազները վերադարձրել էին սփյուռքի նախարարություն: Նախարարության կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տարոն Շագոյանը օրերս «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ մինչեւ մարտի 19-ը գործիքներն ու տարազները Ախալցխայում կլինեն: Սակայն Երիտասարդական կենտրոնից տեղեկացանք, որ գործիքները դեռ չեն հասել: Նորից փորձեցինք ճշտել, թե այս անգամ ինչ է պատահել, Տարոն Շագոյանը վստահեցրեց, որ գործիքներն արդեն ուղարկվել են Թբիլիսի, եւ մոտ օրերս կենտրոնի ներկայացուցիչները կարող են դրանք ստանալ մայրաքաղաքից: Հ.Գ. Մարտի 24-ի առավոտյան Տ. Շագոյանը տեղեկացրեց, որ երաժշտական գործիքներն ու տարազներն արդեն հասել են Ախալցխայի երիտասարդական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter