Ուշացած ուղեւորի սինդրոմ, կամ ընտրարշավը սկսված է
Ազատության հրապարակում սկսված շուրջօրյա հանրահավաքը իշխանափոխության ամբիցիոզ նպատակ չի հետապնդում: Ուստի բնական է, որ այն զերծ է նաեւ դրանց ուղղված գործողություններից: Եվ հենց այս բնութագրիչով է, որ ներկայիս շուրջօրյա հանրահավաքները տարբերվում են 2008 թ. փետրվարյան պերմանենտ ակցիաներից:
Հիմնական պատճառն այն է, որ 2008-ին հանրային ակնկալիքները, ինչպես նաեւ համաժողովրդական շարժման դրած պահանջները շատ կոնկրետ էին. չեղյալ հայտարարել կայացած ընտրությունները, ինչպես նաեւ ընտրված նախագահ ճանաչել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մինչդեռ այս օրերին ընթացող հանրահավաքները մի տեսակ զուրկ են ենթահողից, կոնկրետությունից եւ ավելի շատ քաղաքական մեկ ուժի կողմից կազմակերպված ակցիա են հիշեցնում, որը ընդհանուր որեւէ բան չունի շարժման, այն էլ` համաժողովրդական շարժման հետ:
Հիմա ՀԱԿ-ի ետեւից ոչ թե ժողովուրդ է գնում, այլ համախոհների լայն շրջանակ, որը որքան էլ պատկառելի լինի, այնուամենայնիվ, հասարակություն չի դառնում: ՀԱԿ-ը հիմա ուշացած այն ուղեւորի կարգավիճակում է, որը, հայհոյելով ու բղավելով, վազում է մեկնող գնացքի ետեւից` պարզապես իր վրա սեւեռելով կայարանի բազմության ուշադրությունը:
Սա, իհարկե, չի նշանակում, թե ուղեւորը մնում է կայարանում կամ տուն է վերադառնում: Պարզապես ուրիշ գնացք է նստելու: Ըստ էության, հիմա Կոնգրեսը հենց այդ գնացքը գտնելու պրոցեսի մեջ է: Շուրջօրյա հանրահավաքները բացահայտելու են` կունենա՞, արդյոք, այն ձնագնդի էֆեկտ, պատրա՞ստ է, արդյոք, հասարակությունը գնալու Կոնգրեսի ետեւից, եւ կարո՞ղ է, արդյոք, վերջինս վերադարձնել վստահության այն ռեսուրսը, որը կորցրեց մարտավարական մանեւրումների, երբեմն` ժամանակ ձգելու, երբեմն էլ` հակասությունների մեջ ընկնելու եւ վերջապես իշխանության հետ անպտուղ ու անիմաստ երկխոսության մեջ մտնելով:
Այս մոտեցումը դրդում է գործել առավել զգուշությամբ: Որովհետեւ կոնգրեսականները շատ լավ հասկանում են, որ սա մի այնպիսի հանգրվան է, որը կարող է ճակատագրական լինել Կոնգրեսի ապագայի առումով եւ ջրբաժանի նշանակություն ունենալ ՀԱԿ-հասարակություն հարաբերությունների իմաստով: Մի կողմից` հանրահավաքի եկած եւ հանուն ընդհանուր գործի օրերով վրանների տակ մնացող հանրությունը նրանից ակնկալում է սկսած գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին, այսինքն` իշխանություններին, ինչ գնով էլ լինի, արտահերթ ընտրություններ կամ հրաժարական պարտադրել:
Պատահական չէր, որ նստացույց անելու, շուրջօրյա հանրահավաք անելու որոշումը հենց այդ բազմությունը կայացրեց: Բայց մյուս կողմից` ակնհայտ է, որ 3-4, անգամ 10-15 հազարանոց հանրահավաքներով այդ խնդիրը լուծել հնարավոր չէ: Եթե ՀԱԿ-ը հիմա ձախողում է կրիտիկական զանգվածին փողոց հանելու` սկսած արշավը, ապա դա կարելի է վերջը համարել: Իհարկե, Կոնգրեսը կարող է անցնել խորհրդարան` հիմնվելով իր նվիրյալների ու համախոհների շրջանակի վրա, բայց մեծ հաշվով դա լինելու է սեփական պարտության ճանաչում, որովհետեւ գլխավոր նպատակը` իշխանության փոփոխությունը, մնալու է անկատար:
Երկակի ու անորոշ այս վիճակը դրդում է Կոնգրեսի առաջնորդին ավելի մանեւրող լինել: Թերեւս հենց այս տեսանկյունից պետք է հասկանալ, թե ինչու, սկսելով շուրջօրյա հանրահավաքներ, Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնում գնալ շատ ավելի լուրջ զիջումների, քան մինչեւ այս հանրահավաքները սկսելը: Մասնավորապես` նա հասկացնում է իշխանությանը, որ որ ոչ միայն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների այլընտրանքային տարբերակներ, այլեւ, շրջանցելով իրենց իսկ սահմանած «երկխոսություն առանց քաղբանտարկյալների» սկզբունքը, ընդհատված բանակցությունները վերսկսել անգամ իրենց ակտիվիստ եւ քաղբանտարկյալ որակված Տիգրան Առաքելյանի ազատազրկված լինելու պայմաններում:
Կոնգրեսի այս վիճակը հասկանում է նաեւ իշխանությունը: Ըստ էության, վերջինս ՀԱԿ-ի հետ ամիսներ շարունակ ընթացող շախմատային պարտիայում անցել է հոգեբանական ճնշումների: Բացի Հանրապետական կուսակցության հերթապահ շրջանակներից, որեւէ լուրջ պաշտոնյա բացահայտ կերպով չնկատելու է տալիս այս հանրահավաքները, անհանգստության որեւէ նշան չի դրսեւորում, եթե հաշվի չառնենք մարզերից եկող ճանապարհները փակելու` արդեն ավանդական գործելաոճը:
Ավելին, իշխանությունը մերժեց հանրահավաքների ներքո երկխոսությունը շարունակելու Կոնգրեսի առաջարկը, եւ դա մարտավարական առումով շատ ճիշտ քայլ էր, որովհետեւ ՀԱԿ-ին դնում է էլ ավելի անելանելի վիճակի մեջ:
Եթե ակնհայտ դառնա, որ Կոնգրեսը կարողանում է վերադարձնել կորցրած դիրքերը, միշտ էլ ետ շրջվելու եւ զիջումների գնալու հնարավորությունը կա, մանավանդ որ իշխանությանը ներկայացրած ՀԱԿ վերջին 8 առաջարկներից առնվազն 4-5-ը նման հնարավորություն տալիս են: Բայց այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը ստիպված կլինի հանրահավաքի մասնակիցներին տուն ուղարկել առանց որեւէ շոշափելի ձեռքբերման, արտահերթ ընտրությունների բացառման հարցում իշխանությունը կդառնա էլ ավելի սկզբունքային:
Այնպես որ, սպասված հանրահավաքները իշխանության վերջի սկիզբը չեն: Բայց ճկուն քաղաքականություն իրականացնելու դեպքում դրանք կարող են ավելացնել Կոնգրեսի քաղաքական կապիտալը գալիք ընտրություններին ընդառաջ, որը խորհրդարանում ավելի ներկայանալի կազմ ունենալու խնդիր կլուծի: Նման զարգացումը, սակայն, իրատեսական է միայն այն դեպքում, եթե ՀԱԿ-ն ու իշխանությունը զերծ մնան ներքին խժդժություններից, պառակտումներից:
ՀԱԿ-ում այս պահին նման խնդիր, կարծես, չկա. Կոնգրեսի այն շրջանակները, որոնք համաձայն չեն Տեր-Պետրոսյանի որդեգրած գծին, շարունակում են մնալ ՀԱԿ-ի կազմում, բայց ավելի շատ դիտորդի, չխանգարողի կարգավիճակում: Այլ է խնդիրը իշխանական բուրգում: Այլեւս ակնհայտ է, որ իշխանությունը կազմող քաղաքական ուժերը ընտրություններին գնում են առանձին ցուցակներով: Ու ուզեն թե չուզեն, նրանք ստիպված են լինելու պայքարել ոչ միայն Կոնգրեսի, այլեւ միմյանց դեմ: Կոնգրեսի ներկայիս ակտիվ գործունեությունը ստիպելու է նրանց, հատկապես` ԲՀԿ-ին, գտնելու այնպիսի այլընտրանքային մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք ընտրազանգված բերելու տեսանկյունից առնվազն չեն զիջի Կոնգրեսի ներկայիս տակտիկային:
Եվ միակ ճանապարհը մնում է իշխանությունից հնարավորինս սահմանազատվելու, տարբերվելու ուղեգծի որդեգրումը: ԲՀԿ-ն փորձելու է ձեռք բերել այսպես կոչված ներքին ընդդիմության գործառույթը, որը ոչ միայն համեմատաբար ավելի անկախ խաղացողի կարգավիճակ կտա նրան, այլեւ մշտապես թույլ կտա մանեւրել ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի, Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ եւ երկուսի ֆոնին էլ շատ ավելի շահեկան ու ընդունելի լինել: Նրա պոտենցիալ ընտրազանգվածը ոչ այնքան իր բազմահազար անդամներն են, այլ այն չափազանց մեծ ընտրազանգվածը, որը հավասարապես չի ընդունում թե գործող իշխանությանը եւ թե արմատական ընդդիմությանը: Պարզ է, որ թե Սերժ Սարգսյանի եւ թե Տեր-Պետրոսյանի համար ամենակարեւոր խնդիրներից մեկը լինելու է ԲՀԿ-ին յուրային դարձնելը:
Նման քաղաքականություն որդեգրելու ցանկություն ԲՀԿ-ն արդեն իսկ հանդես է բերում: Պատահական չէր, որ հենց սկսված հանրահավաքների ֆոնին է ԲՀԿ-ն ոչ միայն առանձին ցուցակով մասնակցելու, այլեւ ՀՀԿ-ին իբրեւ հիմնական մրցակից դիտարկելու հայտ ներկայացնում, հետն էլ փորձում համոզել, թե իր համար ոչ մի արժեք չունի այս տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրը, որով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հստակորեն պարտավորվում են 2013 թ. նախագահական ընտրություններին պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: Սկսված այս ներքին պայքարը կարող է զգալիորեն թուլացնել իշխանության դիրքերը ՀԱԿ-ի հետ մենամարտում: Եվ կախված նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչպես կգնահատի ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի այս կենտրոնախույս գործունեությունը, պարզ կդառնա` ունենալու են երկվեկտո՞ր, թե՞ բազմավեկտոր քաղաքական ներկապնակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել