HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայորսմիավորումը» բյուջեի գրպանն է մտնում

Ասում են «Հայորսմիավորման» նախկին աշխատակիցները «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» (կրճատ` «Հայորսմիավորում») հասարակական կազմակերպության նախկին աշխատակիցները ահազանգում են կազմակերպության ներսում կատարվող չարաշահումների մասին: Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա օգոստոսից, երբ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանին ՀԿ-ի նախագահ Վարդգես Խաչատրյանը գործուղման տեղեկանք է տվել ստորագրելու: Տնօրենը չի ստորագրել, որից հետո նա, ինչպես նաեւ նախագահի նմանատիպ գործողություններից դժգոհող մյուս աշխատակիցները ազատվել են աշխատանքից: Նախկին տնօրենը պատմում է, որ ընկերության 7 աշխատակիցների անուններով երկու տարուց ավելի կեղծ գործուղումներ են ձեւակերպվել: Նման գործուղումներ ստորագրել է նաեւ զինագործ Արտաշես Հովհաննիսյանը, ընդ որում` իր հաշվին ստիպողաբար ձեւակերպված արձակուրդի օրերին: Ստորագրել է նաեւ նախկին տնօրենը, սակայն երկուսն էլ այդ գումարները չեն ստացել եւ գործուղման չեն գնացել: Գործուղման թերթիկ է եղել նաեւ պահակի անունով, ում պարտականությունների մեջ գործուղումները չեն մտնում: «Բոլորին էլ ստորագրել տվել է` երկու տարի, եւ այդ գումարները գրպանել է,- ասում է նախկին տնօրենը:- Եթե գործուղում գրել է, թող ապացուցի, թե ուր են գնացել, ինչ մեքենայով, որտեղ են գիշերել, ինչ աշխատանք են կատարել: Մեր ստորագրած զեկուցագրերում այդ մասին ոչինչ չկա»: Գործուղման գումարները յուրաքանչյուր ամսվա համար կազմում են մոտ 200.000 դրամ: Աշխատանքից ազատված աշխատակիցները պատմեցին, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե չեն կարող իրենց աշխատավարձ վճարել ֆինանսական սղության պատճառով: Մինչդեռ «Հայորսմիավորում» ՀԿ-ում մոտ 15.000 անդամ է գրանցված, ովքեր տարեկան 3000 դրամ անդամավճար են տալիս: «Առաջ, երբ 1000 դրամ էր անդամավճարը, մենք բանկում նույնիսկ կուտակված գումարներ ունեինք, հիմա որ 3000 է ու պիտի եռակի փող լինի, ասում է` փող չկա, որ ես ձեզ աշխատանք տամ»,- պատմում է պատվավոր որսորդ, աշխատանքից ազատված շնագետ Սերգեյ Ասլանյանը: Աշխատանքից ազատվել է նաեւ զինագործ Ա. Հովհաննիսյանը: Նա ասում է, որ «Հայորսմիավորումում» մնացել են փող հավաքող հաստիքները` հաշվապահը, գանձապահը եւ միության նախագահը: «Հայորսմիավորման» կանոնադրության համաձայն՝ կազմակերպության նպատակը կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությունը, սիրողական որսորդությամբ եւ ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների միավորումը, հանրապետությունում օրենքով սահմանված կարգով որսորդության եւ ձկնորսության կանոնների խախտումների եւ որսագողության դեմ պայքարն է: Սակայն նախկին աշխատակիցները հավաստում են, որ որեւէ աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում: «Որսորդության համար ոչինչ չի ծախսվում: Այն ձեւով, որ հիմա է աշխատում «Հայորսմիավորումը», պահելն անիմաստ է, միայն փող հավաքելու միջոց է»,- կարծում է զինագործը: «Հայորսմիավորումը նաեւ գրանցած ՍՊԸ ունի, եւ գումարների մի մասը որպես օգնություն փոխանցվում է այդ ՍՊԸ-ի հաշվին: «Եթե դու գումար չունես աշխատավարձ տալու համար, ինչպե՞ս ես օգնություն տալիս: Այդ օգնությունները ո՞ւր են գնում` չգիտենք»,- շարունակում է Գ. Հովհաննիսյանը: Որսորդները պարտադիր պետք է անդամագրվեն «Հայորսմիավորմանը», քանի որ որսի համար արտոնագիր այս կազմակերպությունն է տալիս: Սեզոնային ուղեգիրն արժե 5000 դրամ, իսկ օրական ուղեգիրը` 1600 դրամ: Որսի ուղեգրերը նախկինում համարակալված են եղել, սակայն վերջին երկու տարիներին ուղեգրերի վրա համարը բացակայում է, ինչը, ըստ նախկին աշխատակիցների, նշանակում է, որ «Հայորսմիավորումը» կարող է անհամար ուղեգրեր տպագրել եւ վաճառել որսորդներին` ոչ բոլոր արտոնագրերի գումարները պետական բյուջե մուտքագրելով: «Փաստորեն, պետական բյուջեից են գողանում»,- ասում է Արտաշես Հովհաննիսյանը: «Ինչքան ասես կտպի ու կծախի, կարող է 1000 հատ տպի ու ծախի, 1000-ից 50 հատը ցույց տա, որ ծախել է»,- շարունակում է նախկին տնօրենը: Ուղեգրերի վրա դրվում է թե «Հայորսմիավորման», թե բնապահպանության նախարարության կնիքը, հետեւաբար նախարարությունը եւս պետք է տեղյակ լինի այս ամենին: 2007 թ. դեկտեմբերին` «Հայորսմիավորման» նախագահ Սայադ Դավթյանի սպանությունից հետո, պետք է արտահերթ համագումար տեղի ունենար, որտեղ «Հայորսմիավորման» անդամները պիտի նոր նախագահ ընտրեին: Վ. Խաչատրյանը «Հայորսմիավորման» Աբովյանի մասնաճյուղի նախագահն էր, նրան ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել` մինչեւ համագումարի անցկացումը: Սակայն համագումար այդպես էլ տեղի չի ունեցել, եւ, նախկին աշխատակիցների պնդմամբ, Վարդգես Խաչատրյանն ինքն իրեն նախագահ է հռչակել մի քանի շրջանների նախագահների հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ համագումարին, ըստ կանոնադրության, առնվազն 300-400 մարդ պետք է մասնակցեր, դալիճ պետք է վարձվեր, թերթում հայտարարություն պետք է հրապարակվեր: Ոչ հայտարարություն է եղել, ոչ ընտրություն, ոչ էլ համապատասխան արձանագրություններ կան: Աշխատանքից ազատված աշխատակիցները շարունակում են մանրամասներ պատմել նախագահի գործունեությունից. «Հայորսմիավորումը» Զովունի գյուղում փամփուշտներ արտադրելու արտոնագիր ունի, սակայն նշված տարածքում փամփուշտներ չեն արտադրվում: Դրանք գաղտնի արտադրվում են Աբովյանում: «Ուր են գնում օգուտները, ինչ է արվում` խաբար չենք»,- ասում է զինագործ Ա. Հովհաննիսյանը: Չնայած Վ. Խաչատրյանը ծառայողական մեքենա է ունեցել, ընկերության անունից ապառիկով «ՈՒԱԶ» մակնիշի նոր ավտոմեքենա է ձեռք բերել` նախկին «ՈւԱԶ»-ը վաճառելով ընդամենը 400 հազար դրամով: Նոր մեքենան կարճ ժամանակ անց անհետացել է, իսկ հարկային մարմիններին տրված հաշվետվություններում այդ մասին ոչինչ ասված չէ: «Ինձ միշտ ուղեգիր է գրել տվել, թե իբր ինքը վարում է, բայց ինքը պադավատի մեքենա ունի: Չի վարել, ուղղակի կիլոմետր է սարքել, բենզին է դուրս գրել, եւ այդ մեքենան անհետացել է, չկա»,- ասում է Գ. Հովհաննիսյանը: Վ. Խաչատրյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց. աշխատակիցները տեղեկացրին, որ նա մեկամսյա արձակուրդում է եւ ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում: Հաշվապահ Հռիփսիմե Մինասյանն էլ պատճառաբանեց, թե աղջիկն է հիվանդանոցում, չի կարող հանդիպել մեզ հետ: Մի քանի րոպե տեւած հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ նախկին աշխատակիցների բոլոր մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը եւ սուտ են. «Ինչո՞ւ են կազմակերպության անունը չարաշահում, չի կարելի տենց կազմակերպության հասցեին ինչ ասես ասել»: «Կլաուզնիկի մեկն է»,- նախկին տնօրենի հասցեին ասաց հաշվապահը եւ հիմնավորեց, որ նա այս ամենն անում է աշխատանքից ազատվելու պատճառով, իսկ ազատվել է, քանի որ 72 տարեկան է, «պարապ է մնացել, ամեն տեղ սկսել է բողոքել» («Հայորսմիավորման» ներկայիս նախագահը 76 տարեկան է - հեղ.): «Դատախազություն էլ է դիմել, եկել են, նայել են, մի հատ խախտում չի արձանագրվել»,- հավելեց հաշվապահը: Մեր դիտարկմանը, թե միայն տնօրենը չէ, որ բողոքում է, հաշվապահը պատասխանեց, որ շնագետն էլ 80 տարեկան է, նրան էլ են հեռացրել. «Բա պիտի բողոքի, ի՞նչ պիտի անի: Իսկ զինագործը անօրինական գործունեությամբ է զբաղվել, նրան պիտի դատեն: Ինքը չէր կարող զինագործությամբ զբաղվել, որովհետեւ համապատասխան փորձառություն չուներ: Աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ նման գործունեություն չպիտի ծավալեր»,- ասաց Հ. Մինասյանը: Թե ինչպես է նա նախկինում աշխատել որպես զինագործ, Հ. Մինասյանը բացատրեց, որ նախկինում այլ հաստիք է զբաղեցրել, հետո են զինագործ նշանակել: Հարց է առաջանում` ինչո՞ւ են զինագործ նշանակել, եթե չի ունեցել համապատասխան փորձառություն: Գ. Հովհաննիսյանը այս փաստերը ներկայացրել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, ֆինանսների, արդարադատության նախարարություններ, նախագահ Ս. Սարգսյանին: Ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը, գլխավոր դատախազությունը Գ. Հովհաննիսյանի դիմումն ուղարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, որտեղ նյութեր են նախապատրաստվել, սակայն նյութերի նախապատրաստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է: Մարտի 1-ին քննիչ Ռ. Նազարյանի ստորագրած որոշման մեջ նշվում է, որ գործուղման ուղեգրերի մասին դատախազությանը տված պարզաբանումներում Վ. Խաչատրյանն ասել է, որ բոլոր աշխատակիցները պարբերաբար մեկնել են գործուղումների եւ ստացել իրենց հասանելիք գումարները: Պահակը նույնպես պարզաբանումներ է տվել` նշելով, որ եղել են դեպքեր, երբ կազմակերպությունում ավտոմեքենայի խնդիր է եղել, եւ իրեն նույնպես ուղարկել են գործուղումների իր անձնական օգտագործման մեքենայով, եւ ինքն ամբողջությամբ ստացել է նախատեսված գումարը: Վարդգես Խաչատրյանն ասել է, որ մեքենայի ուղեգրերն օգտագործվել են ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման աշխատանքների համար: Ըստ ՀԿ նախագահի տված պարզաբանման` «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան շահագործման համար պիտանի չէր, 451 հազար դրամով այն վաճառել է եւ այդ գումարով հոգացել աշխատակիցների աշխատավարձների հարցը: Դրանից հետո կազմակերպության անունով վարկ է ձեւակերպվել, եւ 2 մլն 400 հազար դրամով նա նոր «ՈՒԱԶ» է գնել, սակայն կազմակերպության ֆինանսական միջոցների սղության պատճառով նախագահն անձամբ է վճարել ավտոմեքենայի համար եւ այն գնել կազմակերպությունից: Մնացած փաստերին քննիչի որոշման մեջ որեւէ անդրադարձ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter