HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» պատգամավորների էֆեկտը, կամ երբ իսպանական ցուլը տեսնում է կարմիր կտորը

ԱԺ Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը կառավարության մուտքի մոտ մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպին կոնկրետ գնահատական տալ չկարողացավ` հիմնավորելով, որ ներկա չի եղել անձամբ, իսկ մանրամասները դեռ ճշտվում են, կլինի ադեկվատ պատասխան: Համլետ Հարությունյանը տեսել է Զարուհի Փոստանջյանի նկարներից մեկը և, ճանաչելով Զարուհի Փոստանջյանին, չի բացառում, որ ագրեսիան երկկողմանի է եղել: «Երևույթը շատ տհաճ և անցանկալի երևույթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատեց Համլետ Հարությունյանը: «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հակառակը պնդեց. երկկողմանի ագրեսիայի մասին խոսք լինել չի կարող: Դա մի թեզ է, որը շրջանառության մեջ է դրվել: Իսկ այս ամբողջի սկիզբը ավելի վաղ տեղի ունեցած միջադեպն էր, որն այդպես էլ պատշաճ գնահատականի չի արժանացել: Ստեփան Սաֆարյանը վկայակոչեց 2010 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանում հեղափոխություն իրականացնել հնարավոր չէ: «Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որևէ մեկի մտքով դա անցնի: Լավ կլինի, քաղաքակիրթ ճանապարհով մարդիկ իրենց պայքարը տանեն, իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը խորհուրդ չեմ տալիս: Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել»,- ասել է ոստիկանապետը: Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ոստիկանապետը, խախտելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, ոստիկանության ապաքաղաքականացվածության մասին Սահմանադրության պահանջը, խոսում է քաղաքականությունից և քաղաքական գնահատականներ է տալիս: Պատգամավորը նույնը վերագրում է նաև օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հարցազրույցին, երբ վերջինս եթերում քաղաքական գնահատականներ էր տալիս ընդդիմության գործողություններին, ցուցումներ էր տալիս ընդդիմությանը` ինչպես աշխատել, որտեղ աշխատել, ինչ վանկարկել և այլն: Ուստի, Ստեփան Սաֆարյանը եզրակացնում է, որ մարտի 3-ին ոստիկանությունը, խախտելով մի շարք օրենքներ, Սահմանադրության մի շարք դրույթներ, այդ թվում` խաղաղ ցույցեր, երթեր, հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը, տալիս է դրանց կամայական մեկնաբանություններ: «Ես ամենևին ինքաբուխ չեմ համարում տեղի ունեցածը,- ասաց պատգամավորը և հիշեցրեց փետրվարի 28-ին քաղաքապետարանի շենքի մոտ կատարված իրադարձությունները:- Ոստիկանության վերին խավում առնվազն պահանջվում են անհապաղ կադրային փոփոխություններ, եթե չասեմ ողջ ոստիկանությունում»: Համլետ Հարությունյանը զարմանում է, որ «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչների լոկալ բողոքները միշտ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով: ««Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչների ստեղծած այդ լոկալ բախումները բավականին լավ կազմակերպված և որոշակի կենտրոններից ղեկավարվող գործողություններ են,- ասաց Հանրապետական պատգամավորը` չցանկանալով մանրամասնել, թե որ կենտրոնների մասին է խոսում: -Ո՞նց է ստացվում, որ ցանկացած մի բողոքի ակցիա, մի փոքրիկ երթ, որտեղ «Ժառանգության» ներկայացուցիչները լինում են, անպայման առաջանում են բախումներ ոստիկանության հետ»: Ստեփան Սաֆարյանը պատմեց, որ ագրեսիան չէր կարող «Ժառանգության» ներկայացուցիչներից սկսվել, քանի որ առաջինը Անահիտ Բախշյանն է մոտեցել ցուցարարներին, հետո ոստիկաններն անպարկեշտ ձևով ասել են, որ պատգամավորը հայհոյել է: Իսկ այնուհետև  Ռոբերտ Մելքոնյանը թուրքերեն հայհոյանքներ է տվել կանանց: Ստեփան Սաֆարյանը հարցնում է, թե ով է պատկերացնում Անահիտ Բախշյանին հայհոյելիս: «Ես չգիտեմ, թե «Ժառանգության» պատգամավորները ինչպիսի էֆեկտ են թողնում ոստիկանության վրա, և ինչու են նրանք այդպես կատաղում, ինչպես իսպանական ցուլը կտեսնի կարմիր կտորը, բայց իրականությունը և սկիզբը սա է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: «Ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չկա, երբ «Ժառանգության» պատգամավորները բախվում են ոստիկանության հետ» լրագրողների հարցին ի պատասխան Ստեփան Սաֆարյանը մանրամասնում է, որ այդ օրը որևէ մեկի մտքով չէր անցել, որ բախում կարող է տեղի ունենալ: Անահիտ Բախշյանը, քանի որ մասնակցում է կառավարության նիստերին, անցել է կառավարության շենքի մոտով, իսկ մնացած պատգամավորները հետո են եկել, երբ նրանց ահազանգել են կատարված իրադարձությունների մասին. «Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեր: Շատ պարզ պատճառով, չէր էլ կարող իմանալ, որովհետև նույնպես չգիտեինք մենք և կարծում եմ` ամբողջ կուսակցությունով չէ, որ պիտի հավաքվեինք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter