HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրո պակաս կա

Նկարիչ, արվեստաբան Հենրիկ Գարուկյանը փողոցային առևտրի դադարեցմանը կողմնակից է, բայց ասում է, որ այդ գործընթացը ցուցադրական կամ ձևական չպետք է լինի: «Չլինի այդ մի անգամը, որ ասեն` արինք, գալչկան դրին ու այլևս վերջացավ: Մեզ պետք է, որ դա անընդհատ լինի»,- կարծում է նկարիչը: Հենրիկ Գարուկյանը միևնույն ժամանակ նշում է, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ Փարիզում էլ փողոցային առևտուր կա, այսինքն` չպետք է այնպես լինի, որ բոլոր անկյուններից հանեն մարդկանց կամ սրճարանները վերացնեն, չէ որ բացօթյա բազմաթիվ սրճարաններում հաճելի է նստել: Հենրիկ Գարուկյանը նաև կարծում է, որ այդ ամենը չպետք է լինի ծառերի կամ երեխաների խաղահրապարակների հաշվին: «Ամեն ինչ կարելի է անել մարդավարի, որ սիրելով անենք, որ մեր քաղաքի համար անենք»,- ասում է նկարիչը: Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ հավելում է` դա մեկանգամյա միջոցառում չպետք է լինի: Ավելին, հիվանդին բուժելու համար երբեմն ցավ են պատճառում: «Ինձ թվում է, որ մի խնդիր կա. սկզբից այդ մինի շուկաները պետք է արվեր,- ասում է Լևոն Իգիթյանը,- միգուցե պիտի նա սկսվեր, հետո կամաց-կամաց սա վերանար»: Անդրադառնալով երևանցիների` քաղաքի նկատմամբ ունեցած վերաբերումնքին` Լևոն Իգիթյանը նշեց, որ այստեղ սիրո պակաս կա: «Երևանին պետք է նուրբ և խորը վերաբերվել, որովհետև եթե այսօր մի հին տուն, որը, գիտականորեն եթե դատենք, արժեք չունի, և պետք է մի նոր փողոց բացվի, իսկ այդ տունը խանգարում է, այդ փողոցը չի կարող չլինել, քաղաքին անհրաժեշտ է, բայց մի տեսակ կա, որ ցանկացած քայլի շուրջ վայնասուն է բարձրացնում»,- ասում է ճարտարապետը: Քաղաքում իրականացվող շինարարությունների թեման շոշափելով` Լևոն Իգիթյանը հիշեցնում է, որ մեծն Թամանյանի նախագծած հանրապետության հրապարակի կառուցման ժամանակ, որով պարծենում են բոլորը, նույնպես տներ են քանդվել: «Եթե մակերեսի տակը քանդեն, մտնեն, ապա կտեսնեն, որ տակը թաղեր կան, նկուղներ կան,- ասում է ճարտարապետը,- ավելի լավ է հրապարակն ունենանք, քան այդ տները տեղում մնային»: Լևոն Իգիթյանն անդրադարձավ նաև Հյուսիսային պողոտային և կրկին հիշեցրեց, որ կառուցումից առաջ «Թումանյանի փողոցում, մայթի վրա մայկայով, տան շորերով, չստերով նստած են եղել մարդիկ ու նարդի խաղացել: Հակահիգիենիկ վիճակ էր այդ թաղամասում, ոչ մարդուն, ոչ մայրաքաղաքի բնակչին վայել չէր այդ վիճակը»: Ճարտարապետը վստահեցնում է, որ Թամանյանն ինքն էլ էր նախատեսել այդ փողոցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter