HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավթամթերքատար խողովակաշարը կապահովի Հայաստանի պահանջարկը ու դեռ ավելին

Իրանից Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի կառուցման ծրագրի նախագիծը մտել է վերջնական փուլ: Կարճ ժամկետում կավարտվեն ծրագրի հետ կապված վերջին խնդիրների լուծումները, և մինչև տարեվերջ այն գործնական փուլ կմտնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները: Նավթամթերքատար խողովակաշարը հնարավորություն կտա նավթամթերք բերել ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլև Պարսից ծոցից նավթամթերքը խողովակաշարով տեղափոխել մինչև Թավրիզ, Թավրիզից` Հայաստան: Օգտվելով Պարսից ծոցի գներից, որը որոշակի տարբերություն ունի Միջերկրական ծովի գներից, տեղափոխման հարցերն ավելի էժան տարբերակով է լուծվելու, քան երկաթուղին կամ այլ տրանսպորտային միջոցները: «Ես չեմ ասում, որ սա հնարավորություն կտա բենզինի կամ նավթի գները իջեցնելու, բայց մեզ հնարավորություն կտա նավթամթերքների տեղափոխումը դեպի Հայաստան ավելի կայունացնելու»,- ասում է նախարարը և հիշեցնում վրաց-օսական օգոստոսյան պատերազմի ժամանակ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Համաձայն պայմանավորվածության` Հայաստանն իր տարածքում կկառուցի խողովակաշարը, իսկ Իրանը` իրանական մասում: Թե ովքեր կմասնակցեն այս տնտեսական համագործակցությունը և ինչ ներդրումներ կարվեն, դեռևս հստակ չէ: Նախարարը կարծում է, որ ներդրողներ կգտնվեն, եթե ոչ` հնարավոր է, որ պետական միջոցներով արվի: Հայաստանի տարածքում ներդրումների ծավալը կկազմի մոտ 100 մլն դոլար: Նավթամթերքատար խողովակաշարի կառուցման պայմանագիրը 25 տարով է: «Մենք թողունակությունը հաշվարկելիս հաշվի ենք առել նաև Հայաստնի նավթամթերների օգտագործման հնարավոր աճը, այսինքն` ոչ թե այն քանակությունը, ինչը որ այսօր է օգտագործվում, այլ որ ժամանակի ընթացքում այդ թվերը պետք է աճեն, և այդ խողովակաշարը պետք է հնարավորություն տա, որպեսզի նման թվեր մենք ներկրենք Հայաստան»,- ասաց նախարարը: Խողովակաշարի թողունակությունն այնքան է լինելու, որ ոչ միայն այսօրվա պահանջարկը ապահովի, այլ նաև 25 տարվա Հայաստանի աճի տեմպերն ապահովի: Նախարարը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ խողովակաշարը ստեղծում է մրցակցային դաշտ, ինչը կարող է ազդել շուկայական գների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter