HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի դպրոցի տնօրենը և դասվարը մեղադրվում են կաշառկերության մեջ

Գործը մտել է դատարան Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Երգինյանը և դասվար Կարինե Ալեքսանյանը մեղադրվում են կաշառք վերցնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսի 9-ին ձերբակալվել էր դասվար Կարինե Ալեքսանյանը` տնօրենին կաշառք փոխանցելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` 2007 թ. նա 100 հազար դրամ կաշառքը տնօրենին է փոխանցել դասվար Արմինե Հովհաննիսյանից, որպեսզի տնօրենը վերջինիս պահի իր աշխատանքում: Ավելին, Արմինե Հովհաննիսյանը տնօրենին նվիրել է նաև 10 հազար դրամանոց վազ: Օգոստոսի 12-ին նախաքննական մարմինը ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կ. Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը 500 հազար դրամ գրավի դիմաց նրան կալանքից ազատել էր: Կարինե Ալեքսանյանը շարունակում է աշխատել դպրոցում: Իսկ տնօրենի լիազորություններն օգոստոսի 27-ից ժամանակավորապես դադարեցվել էին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աղավնիկ Իսկանդարյանը: Հիշեցնենք նաև, որ զուգահեռաբար ընթանում էր տնօրենի և աշխարհագրության ուսուցիչ Սուրեն Մաղաքյանի` աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի համար աշխատավարձը ստանալու պահանջով դատական գործը: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ս. Մաղաքյանի օգտին` ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: 2010-ի դեկտեմբերի սկզբին Ս. Երգինյանը դիմել է Վճռաբեկ դատարան: Դեռևս պատասխան չկա: Փետրվարի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Աբովյան) սկսվելու է գործի քննությունը: Տնօրենին և դասվարին առաջադրված մեղադրանքը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնական լիազորությունները չարաշահելու) մասով պատժվում է տուգանքով՝  նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:  ՔՕ 311 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը  (Կաշառք ստանալը, որը կատարվել է կրկին անգամ) պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter