HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լրագրողները` ինֆորմացիա ստանալու եւ այսօրվա հայաստանյան մամուլի մասին

«Սովորաբար պաշտոնյաները մեծ հաճույքով տրամադրում են ինֆորմացիան, եթե դա իրենց պետք է: Իսկ այն տեղեկատվությունը, որը պետք է հասարակությանը, եւ որի հետ կապված պաշտոնյաները խնդիրներ ունեն, լրագրողները ստանում են դժվարությամբ,- ասում է «Ազգ» օրաթերթի լրագրող Արա Մարտիրոսյանը:

- Ինձ հետ այդպիսի դեպքեր պատահել են: Մասնավորապես մի երկու տարի առաջ Մաքսային պետական կոմիտեից պետք է իմանայի, թե ով է զբաղվում բջջային հեռախոսների ներկրմամբ: Մի քանի անգամ դիմել էի` ինֆորմացիա ստանալու համար, բայց ամեն ինչ անհետեւանք մնաց: Մի քանի ամիս անց, երբ ընդդիմադիր մամուլը գրեց, որ դա Ռ. Քոչարյանի որդու բիզնեսն է, նոր միայն կոմիտեն հայտնեց, թե ինչ ընկերություններ են զբաղվում այդ գործով: Այսինքն` նրանք տվյալները հրապարակեցին միայն այն ժամանակ, երբ խնդիրներ ունեին եւ հարկադրված էին ինֆորմացիա տարածել»: 

Մաքսային պետական կոմիտեի «փակ դռներին» բախվել է նաեւ «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը. «Անցած տարի ես նամակ էի գրել ու մի քանի անգամ զանգահարել էի Մաքսային կոմիտե` շաքարի մաքսային արժեքն իմանալու համար, բայց այդպես էլ չտվեցին, իսկ վերջում լրատվականից հայտնեցին, թե այդ ինֆորմացիան չունեն: Ի վերջո, ես այդ եւ այլ տեղեկություններ նամակի միջոցով ստացա վիճակագրական վարչությունից: Բայց բանն այն է, որ վերջինս հենց մաքսայինից է ստանում այդ տվյալները»:

Արա Մարտիրոսյանը նշում է, որ պատահում է եւ այնպես, երբ պաշտոնյան ժամանակ չի ունենում կամ չի ցանկանում խորանալ տվյալ հարցում: Արդյունքում կորում է նյութի օպերատիվությունը, եւ ստիպված լրագրողը հոդվածը գրում է առանց պաշտոնական կարծիքի: Դա, ըստ «Ազգի» թղթակցի, որոշակիորեն վնաս է նաեւ պաշտոնյաների համար, բայց, իհարկե, տուժում է նաեւ լրագրողը, որը լիարժեք ինֆորմացիա չի ունենում` ավելի անաչառ եզրակացություններ, փաստերի օբյեկտիվ վերլուծություն անելու համար:

«Հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող անձն ինքը պետք է շահագրգռված լինի, որ ինֆորմացիոն վակուումը լցնի, հակառակ դեպքում այն կլցվի բամբասանքով. ավելի վատ իր համար,- ասում է լրագրող Ծովինար Նազարյանը:- Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձանց մոտ կա այսպիսի մոտեցում` մեր լրագրողը եւ մեր դեմ գրող, ուրիշի լրագրողը: Եթե քեզ համարեցին «սվոյ», ուրեմն` քեզ ինֆորմացիա կտան կամ ընկերաբար կխնդրեն, որ այդ մասին չգրես: Եթե քեզ հակառակորդ համարեցին, ուղղակի կարող են անտեսել, քո առաջ անջատել բոլոր հեռախոսները, փակել բոլոր դռները»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Գալուստ Նանյանն էլ է նշում, որ ինֆորմացիա ստանալու հարցում, ինչպես գրեթե ամենուր, շատ լավ աշխատում են ընկեր-ծանոթ կապերը: Եթե լրագրողն այդպիսի կապեր ունի որեւէ պետական հիմնարկի լրատվական ծառայության ղեկավարի հետ, ապա նրա համար հեշտ է, օրինակ, հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել հիմնարկի ղեկավարի հետ:

Հայաստանյան լրագրողներին հուզող խնդիրներից է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտումը պաշտոնյաների կողմից, որոնք իրենցից պահանջված ինֆորմացիան օրենքով սահմանված 5 օրում տալու փոխարեն տրամադրում են շաբաթներ, նույնիսկ ամիսներ անց կամ ընդհանրապես անտեսում են դիմումը կամ էլ տալիս են թերի ինֆորմացիա:

«Եթե պետական հիմնարկների լրատվական ծառայություններին նամակ ենք ուղարկում ինֆորմացիա ստանալու համար, 5 օրվա փոխարեն ձգում են մինչեւ մեկ ամիս, ու հնարավոր է, որ այդ դեպքում խնդրի հրատապությունը կորի: Այդ իսկ պատճառով ավելի հարմար է լինում հեռախոսով ստանալ տեղեկությունը,- ասում է Արմինե Ավետյանը:- Պատահում է` քո հարցմանը նամակով պատասխան են ուղարկում, բայց քո ուզած ինֆորմացիան բացակայում է` խուսափում են թվերից, կոնկրետ պատասխաններից: Նույնը վերաբերում է պաշտոնյաներին. երբ մի բան ես հարցնում, հաճախ ասում են. «Չեմ հիշում, զանգեք լրատվականին»: Գոյություն ունի մի մակարդակ, որից այն կողմ եթե փորձում ես ինֆորմացիա ստանալ թվերի, փաստաթղթերի միջոցով, շատ դեպքերում այդ տեղեկությունն անհասանելի է լինում»:

2007-ին «Հետքը» նամակ էր ուղարկել արտգործնախարարությանը` Հայաստանից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների եւ մեր երկիր վտարված ՀՀ քաղաքացիների մասին ինֆորմացիա տրամադրելու համար: Օրենքով պատասխանը պետք է տրվի 5 օրում, իսկ եթե պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, ապա այդ մասին պետք է 5-օրյա ժամկետում տեղյակ պահել դիմողին, իսկ հարցմանը պատասխանել այն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: «Հետքի» նամակի պատասխանը ստացվեց 40 աշխատանքային օրից միայն: Իսկ մինչ այդ խմբագրությանը բանավոր զուտ հայտնել էին տարվող աշխատանքների մասին: Բացի այդ` պատասխան էր տրվել ոչ բոլոր հարցերին:

Անցյալ տարվա դեկտեմբերին էլ «Հետքը» միաժամանակ երկու հարցում էր ուղարկել Բնապահպանության նախարարություն` «Արարատցեմենտ» եւ «Միկացեմենտ» ընկերություններում բնապահպանական ստուգումների մասին ինֆորմացիա ստանալու համար: Դրանցից մեկի պատասխանը բազմաթիվ հիշեցումներից հետո տրվեց միայն 4 ամիս անց, իսկ մյուսն առ այսօր մնացել է անպատասխան: Նույն խնդրի կապակցությամբ հարցումներ էին ուղարկվել հենց իրենց` ընկերություններին: «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հարցերին պատասխանել էր 20 օր անց, ընդ որում` բավականին թերի, իսկ «Միկացեմենտը» մինչ օրս չի արձագանքել նամակին:

«ՀՀ» օրաթերթի լրագրող Գալուստ Նանյանն ասում է, որ իր պրակտիկայում տեղեկատվության հարցման պատասխանները միշտ ուշացումով են ստացվել: Ըստ նրա` սակայն, լինելով պետական օրաթերթի աշխատակից` ինֆորմացիա ստանալու հարցում առանձնապես խոչընդոտների չի բախվել: Նման դեպք պատահել է 2006-ին, երբ Երեւանի քաղաքապետարանի հսկիչ-ոստիկաններից մեկն արգելել էր լրագրողին մասնակցել պարբերաբար անցկացվող բրիֆինգներին` պատճառաբանելով, թե լրագրողը պատշաճ հագնված չէ:

«Տեղեկատվություն ստանալու ժամկետների հետ խնդիրներ չենք ունեցել, սակայն պաշտոնյաները տրամադրում են այնպիսի տեղեկատվություն, որը, այսպես ասած, քո ուզածը չէ,- ասում է Արա Մարտիրոսյանը:- Շատ սուբյեկտիվ գործոններ կան, որոնք խանգարում են օրենքի գործելուն: Իմ կարծիքով` հիմնականը տվյալ գերատեսչության առաջին դեմքի դիրքորոշումն է: Եթե նա հակված է մամուլի հետ ավելի բաց, թափանցիկ, օպերատիվ աշխատելուն, ապա խնդիր չի առաջանում, եթե ոչ, ուրեմն հակառակն է լինում»: 

2007-ից Հայաստանի 55 համայնքներում իրականացվում է «Թափանցիկ տեղական ինքնակառավարում» ծրագիրը, որի նպատակը բնակիչների համար ՏԻՄ փաստաթղթերի` նիստերի օրակարգերի, ավագանու որոշումների, բյուջեի նախագծերի թափանցիկությունն ապահովելն է: Ծրագրի մասնակիցները լրագրողներն են, որոնք փաստաթղթերի ուսումնասիրությունների վերաբերյալ հոդվածներ են գրում:

Ծրագրի ղեկավար, «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանի տեղեկացմամբ` միայն 7-8 համայնքից է գրավոր պատասխան տրվել, որ պատրաստակամ են լրագրողներին տրամադրել համայնքի ավագանու 2007 թ. որոշումները: Մոտ 15 համայնքապետ էլ տեղեկացրել են առաջիկայում սպասվելիք ավագանու նիստերի մասին ու հրավիրել նաեւ ժուռնալիստներին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն մոտ 3 տոկոս համայնքներում է ՏԻՄ ղեկավարությունը բուկլետներով կազմում համայնքի տարեկան հաշվետվությունն ու բյուջեի նախագիծը, որոնք հանրային քննարկման են դրվում: Եղել են նաեւ համայնքապետեր, որոնք կտրականապես մերժել են որեւէ ինֆորմացիա տրամադրել լրագրողներին: Մասնավորապես Գառնու գյուղապետարանը իրեն` Ս. Պետրոսյանին, 3 անգամ թույլ չի տվել ծանոթանալ օրենքով բաց համարվող փաստաթղթերին: Լրագրողը նշում է, որ գյուղապետն ինքն էր պարտավոր օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը հասանելի դարձնել համայնքի բնակիչների համար, ինչը պետք է արվեր փաստաթղթերը գյուղապետարանի պատին փակցնելով: Սա, Սառա Պետրոսյանի հավաստմամբ, տարածված խնդիր է ՏԻՄ շրջանակներում: Բայց, ըստ նրա, այս առիթով իրենք հավանաբար կդիմեն նաեւ դատարան:

Արդյո՞ք տեղեկատվություն ստանալու գործում լրագրողները պայքարում են իրենց իրավունքների համար:

«Քաղաքակիրթ երկրներում լրագրողների մոտ ընդունված է դատի տալու պրակտիկան: Բայց քանի որ մենք գիտենք մեր դատական համակարգի վիճակը, չենք դիմում, որովհետեւ կպարտվենք, կամ այնքան կձգձգեն, որ դու էլ արդեն չես կարող ամեն անգամ դատի տալ,- հայաստանյան իրականությունն է մեկնաբանում «168 ժամ»-ի թղթակից Արմինե Ավետյանը:- Խոսքը պետք է ուժ ունենա, խոսքից պետք է վախենան, իսկ Հայաստանում «բեզպրեդելն» այն մակարդակի վրա է, որ նույնիսկ փաստերով հիմնավորված հրապարակումներից չեն վախենում: Լրագրողական հանրությունը սրա դեմ միահամուռ պիտի պայքարի: Բայց, թերեւս, մենք էլ որոշ հարցերում թերանում ենք»:

Արա Մարտիրոսյանի հավաստմամբ էլ` լրագրողները հաճախ բողոքում են ինֆորմացիա ստանալու դժվարություններից, բայց հաճախ իրենք նույնպես չեն պահպանում «խաղի կանոնները», այնինչ օրենքը եւ «խաղի կանոնները» պետք է նույնը լինեն բոլորի համար:

Լրագրողները համակարծիք են, որ այսօր հայաստանյան մամուլը բեւեռացված է, սակայն դա, ըստ նրանց, գերազանցապես բխում է երկրի ներկայիս վիճակից ու հասարակության պահանջներից:

«Մեր մամուլն այսօր երկփեղկված է` իշխանամետ ու ընդդիմադիր մամուլի միջինը, կարծես, չկա,- ասում է Ա. Ավետյանը:- Մամուլն, իմ կարծիքով, այդպիսին է հասարակության ներկայիս պահանջով. վերջինիս հիմա սուր բաներ, ասենք, հայհոյանքներ են պետք, իսկ եթե օբյեկտիվ, փաստարկված լրատվության պահանջարկ լինի, հավանաբար մամուլն էլ կուղղվի: Սակայն այս հարցում լրագրողներն էլ, անշուշտ, մեղքի իրենց բաժինն ունեն»:

Ծովինար Նազարյանի կարծիքով նույնպես` Հայաստանի լրագրողական դաշտն այսօր դեռեւս քաղաքական դաշտի հայելին է, ու վերջինիցս է կախված` կփոխվի՞ մամուլը, թե՞ ոչ. «Իրականում լրատվամիջոցների մեծ մասը զբաղված է քարոզչությամբ: Կան այդ քարոզչությունը կոպիտ անողներ, գրագետ անողներ, կան անգրագետ, բայց զգուշավոր անողներ: Սակայն հիմնականում քարոզչական եւ ավելի քիչ լրատվական միջոցներ են դրանք: Լրատվամիջոցը պիտի մի քիչ ավելի անկիրք լինի: Լրատվական դաշտում որոշակի մրցակցություն կա գործակալությունների միջեւ, իսկ ահա հեռուստատեսությունների մեջ դա բացարձակ չկա»:

Լրագրողը գտնում է, որ Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակում մամուլը կարեւոր անելիք ունի. «Այսպես թե այնպես իշխանությունն ու ընդդիմությունը նստելու են երկխոսության, ու շատ կարեւոր է, թե ինչ է լինելու օրակարգը: Այստեղ լրագրողները պետք է շատ ակտիվ լինեն ու կարողանան ձեւավորել նաեւ մամուլի ազատության մասին օրակարգ, որպեսզի դա լինի երկխոսության առարկա: Այդ ժամանակ լրագրողական դաշտը կկարողանա լրացուցիչ դիվիդենտներ պոկել իր համար»:

«Իմ տոտալ հիասթափության պատճառն այն է, որ հայաստանյան մամուլում աշխատելիս գալիս է մի պահ, երբ լրագրողն այլեւս աճելու տեղ չունի,- նշում է Ծ. Նազարյանը:- Հայաստանյան լրատվամիջոցների միջեւ չկա իրական կոմերցիոն մրցակցություն, ինչը կստիպի վերջիններիս աշխատանքի ընդունել ավելի բարձր որակավորում ունեցող լրագրողների, պատրաստել սեփական լրագրողներին, որպեսզի նրանք ապահովեն մրցունակությունը մյուսների հետ: Այսինքն` մեզ մոտ ինչ էլ անում ես, բավարար է, հերիք է, ինչն այլեւս դադարում է հետաքրքիր լինել: Դա գալիս է խոսքի ազատության պակասից, լրագրողների թերի աշխատանքից, լրատվամիջոցների համակերպվողականությունից: Ցավոք, սա իրողություն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter