Կանխել համազգային, համերկրային աղետը
Երկու ամիս առաջ նույնաբովանդակ նամակը ուղարկվել է ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ՀՀ ԳԱԱ, այնուհետեւ «Կանխել համազգային աղետը» վերնագրով ծավալուն հոդվածը տպագրվել է «Հետք» շաբաթաթերթում:
Սակայն շաբաթաթերթի լրագրողական հետաքննության շնորհիվ կազմակերպված քննարկումներից, այդ կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության եւ բնապահպանության նախարարության զարմանք ու տարակուսանք առաջացնող պատասխաններից պարզ է դառնում, որ ջրաէկոհամակարգին սպառնացող համերկրային բնապահպանական աղետի կանխման տագնապի ահազանգն այդպես էլ մնում է ձայն բարբառո յանապատի: Իսկ այժմ արդեն հասել ենք մի հանգրվանի, երբ զոհասեղանին է դրված մեր երկրի ու ժողովրդի կենսագոյատեւման ապագան, ուստի ստիպված եմ որոշակի փոփոխություններով ու նոր փաստարկներով կրկին անդրադառնալ խնդրահարույց թեմային: Համաշխարհային էներգետիկ ճգնաժամից առավել այսօր մոլորակի ողջ մարդկության առջեւ ամենայն սրությամբ ծառացած է քաղցրահամ ջրային պաշարների սակավության պրոբլեմը: Բավական է նշել, որ երկրակեղեւի կայուն ջրային պաշարներից խմելու համար մատչելի է ընդամենը 0.3 տոկոսը: Արդեն մեր օրերում մաքուր ջուրը անմատչելի է երկրագնդի ավելի քան 1 մլրդ բնակչության համար: Ջրի պակասից ու աղտոտվածությունից տարեկան մահանում է շուրջ 5 մլն մարդ:
Ըստ միջազգային գիտական վերլուծական կենտրոնների եզրահանգումների` համաշխարհային ջերմացման պայմաններում քաղցրահամ ջրային պաշարների սակավության խնդիրը նույնիսկ կարող է առաջ բերել մոլորակի աճող բնակչության հարյուրավոր միլիոնների հասնող տեղաշարժերի, այդ հողի վրա պետությունների միջեւ բախումների ու պատերազմների: Եվ այժմ քաղցրահամ ջրային պաշարների պահպանությունը ու խնայողաբար օգտագործումը ստանում է ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային նշանակություն: Իզուր չէ, որ 21-րդ դարը հայտարարված է քաղցրահամ ջրերի դար: Մեր երկրի բնակչության գերակշիռ մասով բնակեցված Արարատյան դաշտի իջվածքի (շուրջ 4200 ք. կմ տարածքով տեղադրված Արարատի, Գեղամա ու Փամբակի լեռնազանգվածների միջեւ` ծովի մակերեւույթներից 800-1000 մ բարձրության վրա) ընդերքում, որպես երկնային, տիեզերական բացառիկ պարգեւ Աստծո կամոք հազարամյակներ շարունակաբար ընթացող բնականոն երեւույթների արդյունքում ակումիլացվել է նավթից, գազից ու մյուս բոլոր «արժեքներից» առավել թանկ, բնակչության կենսագոյատեւման համար անփոխարինելի հարստությունը` Սեւանա լիճը եւ Արարատյան դաշտի ստորգետնյա քաղցրահամ ջրային պաշարները:
Այս կարեւորագույն տարածքի հիդրոերկրաբանական կառուցվածքը զգալիորեն խաթարվեց դեռ նախորդ դարի 30-ական թվականներին, երբ ժողովրդական տնտեսության ծայրահեղ կարիքներից ելնելով` կառուցվեց էլեկտրակայանների Սեւան-Հրազդան կասկադը: Բարեբախտաբար, hանրապեության ղեկավարությունը, խորը գիտակցելով Սեւանի մակարդակի պահպանման ու հետագա բարձրացման սոցիալ-տնտեսական եւ, որ ամենակարեւորն է, ջրաէկոհամակարգին սպառնացող համազգային աղետի կանխման առաքելությունը, 1960-ական թվականների կեսերին ձեռնարկեց Արփա-Սեւան թունելի նախագծման ու հետագա շինարարության աշխատանքները, որով հնարավոր եղավ ոչ միայն կանխել լճի մակարդակի իջեցումը, այլ հետագա տարիներին թեեւ դանդաղ, բայց աստիճանաբար բարձրացնել այն: Դրանով հանդերձ` այսօր էլ ջրային պաշարների սակավության խնդիրն առկա է ու խիստ մտահոգիչ:
Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսների շարժուն պաշարների ծավալներով նախկին ՍՍՀՄ միջին ցուցանիշը զիջում էր 7.5 անգամ: Իսկ թե վերջին 20 տարիներին զանգվածային անտառահատումների հետեւանքով այդ ծավալներն ինչքան են նվազել, ակնհայտ է: Թվում էր, որ այս ամենը հաշվի առնելով` ջրային պաշարների պահպանությունը պետք է դառնար պետական, համազգային հոգածության առարկա, սակայն իրականում պատկերը ճիշտ հակառակն է: Վիճակը տագնապալի է հատկապես Արարատյան դաշտի ընդերքի քաղցրահամ, չվերականգնվող ջրային պաշարների պահպանման ու օգտագործման բնագավառում:
Հասել ենք մի այնպիսի անհեթեթ իրավիճակի, երբ պետական մարմինների թույլտվությամբ ու հովանավորությամբ ագահորեն կեղեքվում է Արարատյան դաշտի ընդերքը: Որպես տնտեսության բնագավառի «խոշոր ձեռքբերում» հեռուստաեթերով ցուցադրվում ու պրոպագանդվում է տասնյակ խմ/վրկ ծավալներով թալանվող ստորգետնյա քաղցրահամ ջրերի հաշվին արհեստական լճակներում ձկնաբուծության զարգացման չարաբաստիկ բիզնես-երեւույթը: Ավելին, հայտարարվում է ստորգետնյա ջրային պաշարների հաշվին բազմապատկել թանկարժեք ձկնատեսակների արտադրության ծավալները` այն տասնյակ հազարավոր բնական լճեր ու անսահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրներ` Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն, Հյուսիսային Ամերիկա ու եվրոպական շուկաներ արտահանելու նպատակով: ... Տեղին է ասված` չգիտես` լաս, թե խնդաս ...
Ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ 1990-ական թվականները ներկայիս Արարատի մարզի տարածքում, մասնավորապես` Մասիսի շրջանում, Զանգվի ու Արաքսի մերձակա աղակալած ու ճահճային հողերի վրա արհեստական լճակներում արդյունաբերական եղանակով արտադրվում էր հազարավոր տոննա ձկնեղեն, բայց ոչ ի հաշիվ ընդերքի քաղցրահամ ջրերի: Այդ նպատակով Ռանչպարում կառուցված խոշոր պոմպակայանի միջոցով մղվել ու օգտագործվել են Մեծամորի, իսկ Արարատի շրջանում` Արաքս գետի ջրերը:
Ավելին, հանրապետական ու շրջանային մարմինների կողմից հատուկ հսկողություն էր սահմանվում ոռոգման նպատակներով ինքնաբուխ արտեզյան ջրերի օգտագործումը նվազագույնի հասցնելու, հետագա տարիներին իսպառ կրճատելու համար: 1988 թ. ՀԿԿ Կենտկոմում «Ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» հարցի համակողմանի ու թեժ քննարկման արդյունքում Կառավարության հետ համատեղ իրականացվեցին գործնական քայլեր` փակվեցին զգալի քանակությամբ ինքնաբուխ արտեզյան ջրհորեր, խստիվ արգելվեց նորերի շահագործումը: 1980-ականների կեսերին Արարատյան դաշտի 650 արտեզյան հորեր բերվել են փականային, ծորակային համակարգի եւ օգտագործվել ոռոգման սեզոնի մի քանի ամիսներին: Այդ տարիներին Մասիսի շրջանում հաշվվում էր 465 ինքնաբուխ ջրհոր (Արարատյան դաշտի գործող ջրհորերի գերակշիռ մասը), 24 խմ/վ ելքով: Իսկ այժմ Արմավիրի ու Արարատի մարզերում դրանց թիվը հասնում է մոտ 4000-ի:
Այսօր արդեն Արարատյան դաշտի ընդերքից ձկնաբուծության նպատակով շռայլվող ջուրը ոչ միայն գերազանցում է Սեւանա լիճ թափվող բոլոր գետերի ու Արփա-Սեւան թունելի հոսքերը (տարեկան մոտ 1 մլրդ խմ), այլ մոտավոր հաշվարկներով` արդեն հասնում է նույնիսկ ամբողջ աշխարհում ագահորեն արդյունահանվող նավթի ծավալներին: Սա արդեն բացարձակ ինքնակործանում է...
Ընդերքի առանց այդ էլ սպառման շեմին գտնվող ջրային պաշարների բացահայտ կողոպուտի` ձկնաբուծական արհեստական լճակներում ինքնաբուխ շատրվանների սահմռկեցուցիչ տեսարանը դիտելով` ակամա հիշում ես աստվածաշնչյան առասպելը, ըստ որի` Արարիչը ջրահեղձմամբ պատել է մարդկանց` ի վերուստ սահմանված արգելքների խախտման, նրանց անողոք, վատաբարո վարքի եւ այլ մեղքերի համար: Տեսնելով այս ամենը` սոսկումի ապրումներ ես ունենում, մի՞թե մեր ժողովրդին պետք է պատուհասի մի նոր արհավիրք` ջրազրկում ու անապատացում: Ցավոք, այս ամենը սարսափի ժանրից չէ, այն, որքան էլ դառը, բայց ռեալ, օբյեկտիվ իրականություն է:
Պետք է հաշվի առնել, որ ստորգետնյա ջրավազանները գտնվում են ծովի մակերեւույթից հարյուրավոր մետրեր եւ ավել բարձրության վրա, պաշարներն էլ սահմանափակ են: Իսկ Երկիր մոլորակը, ինչպես եւ Տիեզերքը, ոչ մի դիսբալանս չեն հանդուրժում: Ինքնահավասարակշռվող երկրագնդի, ինքնահավասարակշռվող էկոլոգիական կենսաբանության հանդեպ անխոհեմ ու չարագործ վերաբերմունքը աղետաբեր հետեւանքներ է ունենում: Այս օբյեկտիվ ճշմարտության անտեսումը, ստորգետնյա ջրային պաշարների աներեւակայելի ծավալների հասնող թալանը բացահայտ ինքնասպանություն են` նման տաք ջրով լցված լոգարանում սեփական երակը կտրելուն: Եվ ահա հետեւանքներն արդեն տեսանելի են ու տագնապահարույց: Ընդերքի ջրավազաններում ճնշումային ջրերի մակարդակի կտրուկ իջեցման հետեւանքով Մասիսի տարածաշրջանի ու Արմավիրի մարզի տասնյակ բնակավայրերի հողատարածքներում ոռոգման նպատակով շահագործվող ինքնաբուխ արտեզյան ջրհորերն արդեն ցամաքել են: Եվ ընդերքի նման կողոպուտն առաջիկայում հանգեցնելու է ոչ միայն ստորգետնյա ջրային պաշարների իսպառ վերացման:
Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատյան դաշտի իջվածքը երիզող լեռնային գոտիների բնական աղբյուրներն ու գետերը եւս հիմնականում սնվում են այդ լեռնազանգվածի ստորերկրյա ջրային պաշարների հաշվին, իսկ երկրակեղեւի տարբեր մակարդակների վրա գտնվող ջրավազաններն, անշուշտ, փոխկապակցված են, շատ հավանական է, որ բնական աղբյուրներով հարուստ հազարավոր ք/կմ տարածքները վերածվեն անհոսք շրջանի` արժանանալով Սեւանա լճի ափամերձ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի արեւելյան հատվածի բարձրադիր գոտու «պոլփոշտ» կոչվող տարածքի ճակատագրին:
Հետեւաբար, ակնհայտ է դառնում նաեւ Արարատյան դաշտ հոսող ջրային ռեսուրսների շարժուն պաշարների կտրուկ նվազեցման ու հետագա ցամաքեցման վտանգը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այժմ էլ մի նոր մտահոգիչ գործընթաց է սկսվել հենց նախալեռնային ու լեռնային գոտիների բնապահպանության` ջրային պաշարների տնօրինման ու օգտագործման հետ կապված: Կոտայքի մարզի հանքային ջրերի 3 խոշոր գործարանների արտադրական կարողությունները լրիվ հզորությամբ շահագործելու, անհրաժեշտության դեպքում այնտեղ արդյունահանման նոր տեխնոլոգիաներ ներդնելու եւ արտադրության ծավալները ավելացնելու փոխարեն ՀՀ Կառավարության որոշմամբ Հրազդանի տարածաշրջանի Արտավազ համայնքին հարակից աշխարհի լավագույն ջրերի շարքին դասվող, օգտակար միկրոտարրերով հարուստ կենարար աղբյուրները սնող 1400 հա ջրավազանը` ստորգետնյա ջրային պաշարներով, ճանաչվել է որպես «բացառիկ գերակա շահ» եւ հատկացվել օտարերկրյա անհայտ ընկերությանը` քաղցրահամ ու հանքային ջրերի նոր գործարան կառուցելու համար:
Ընդ որում` միայն շինարարության համար` 40 հա: Տվյալ դեպքում «հանուն պետական, բացառիկ, գերակա շահի» հազարավոր հեկտարներ կազմող բնապահպանական տարածքների օտարումը, անտառների ու կանաչ տարածքների անխնա ոչնչացումը իրականում բխում են ոչ թե մեր երկրի ու հանրության շահերից, այլ հետապնդում են օտարերկրյա ներդրողի վաշխառուական եկամուտ ու մասնավոր անձանց առեւտրային շահ:
Ամփոփելով փաստերը` գալիս ենք անառարկելի եզրահանգման, այն է` ջրային ռեսուրսների պահպանման վիճակը տագնապահարույց է: Նկատի ունենալով, որ ՀՀ բնակչության գերակշիռ մասի ջրի պահանջը բավարարվում է Փամբակ-Գեղամա լեռնագոտու ջրավազանի ու Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների հաշվին, մոտ ապագայում զրկվելու ենք ջրային պահուստներից: Եվ այլ ելք չունենալով` ստիպված պետք է դիվանագիտական ճիգեր գործադրել, խնդրել Թուրքիայի իշխանությունների համաձայնությունը` օգտագործելու Արաքս գետի ջրերը: Պետք է նաեւ արձանագրել, որ ձկնաբուծական լճակներում օգտագործվող ջրերը, լցվելով Մասիսի ու հարակից Էջմիածնի տարածաշրջանների գերբեռնված դրենաժային համակարգերը, հազարավոր հա հողեր ենթարկել են համընդհանուր աղակալման ու ճահճացման, դուրս թողել գյուղատնտեսական շրջանառությունից:
Մյուս կողմից էլ, թափվելով Արաքս, ոռոգման նպատակներով շռայլորեն օգտագործվում են հարեւան Ադրբեջանի հանրապետությունում: Ստորգետնյա ջրային ռեսուրսների շռայլման մեկ այլ ոչ պակաս վտանգավոր հետեւանքը. չպետք է մոռանալ, որ Հայկական լեռնաշխարհը գտնվում է երկրագնդի առաջին գլխավոր սեյսմիկ գոտում, Արարատյան գոգավորությունը` ՀՀ տարածքի 8 բալանոց առավել սեյսմակտիվ շրջանում: Ընդամենը 250-300 քառ. կմ զբաղեցնող տարածքում ընդերքի նման անխնա շահագործումը, տարեկան արդեն միլիարդավոր խմ-ի հասնող քաղցրահամ ջրային պահուստների կողոպուտի «արդյունքում» ստորերկրյա ջրավազանների ծավալների կտրուկ նվազեցումը, ճնշումային աստիճանափոխումը ու դատարկությունների առաջացումը երկրակեղեւի այս աննշան հատվածում ներքին պրոցեսների անդարձելի փոփոխությունների պատճառով, թե ինչպիսի տեկտոնիկ աղետաբեր հետեւանքներ կունենա` գիտնական-երկրաբանների ու սեյսմոլոգների որոշելիք խնդիրն է: Ոչ պակաս կարեւոր են նաեւ ստորգետնյա ջրավազանների ծավալների նվազեցման ու Սեւանա լճի մակարդակի տատանումների, Արարատյան դաշտը երիզող լեռնային գոտու բնական աղբյուրների ու գետերի հետագա ցամաքեցման վտանգի փոխկապակցվածության ու դրա հետեւանքների գիտական հիմնավորումները:
Նկատի ունենալով, որ բարձրացվող հարցն ամենեւին էլ հռետորական չէ, եւ ելնելով թեմայի բացառիկ կարեւորությունից ու հրատապությունից` ցանկանում եմ այդ խնդրի որոշակի լուծումներ առաջարկել.
- Նախ` ջրային ռեսուրսների պահպանման ու ջրօգտագործողների հարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտ է հանգամանորեն քննարկել եւ ընդունել ջրային օրենսդրության լրամշակված նոր նորմեր` հիմք ընդունելով առանց բացառության ջրային բոլոր օբյեկտների պետական սեփականության սկզբունքը:
- Ահագնացող աղետը կանխելու, վտանգավոր չափերի հասած ջրային պաշարները պահպանելու նպատակով առաջին հերթին արգելափակել ձկնաբուծության համար շահագործվող ինքնաբուխ բոլոր արտեզյան ջրհորերը:
- Հանգամանորեն գույքագրել, ուսումնասիրել եւ Կառավարության հատուկ որոշմամբ սահմանել Արարատյան դաշտի բոլոր մյուս արտեզյան ինքնաբուխ ջրհորերը արգելափակելու հնարավոր կարճ ու հստակ ժամանակացույց, բացառությամբ մայրաքաղաքի եւ հարակից այլ բնակավայրերի բնակչության կենցաղային կարիքների համար շահագործվող ջրհորերի:
- Օրենքով սահմանել, որ մինչեւ Արփա-Սեւան թունելի ելքային մասի մակարդակին (նիշին) հավասար Սեւանա լճի ափամերձ ողջ տարածքը, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարները, նախալեռնային-լեռնային գոտիների հանքային ջրերի ու կենարար աղբյուրները սնող ջրավազանները իրենց ջրային պաշարներով ու պահպանման գոտիներով բացառիկ պետական սեփականություն են եւ օտարման ենթակա չեն:
- Խստիվ արգելել այդ տարածքներում ցանկացած տիպի շինարարություն` միաժամանակ լուծելով նորմերի խախտումներով կառուցված օբյեկտների հարցը: Ազգային ժողովի նիստում հատուկ քննարկման ներկայացնել Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի 1400 հա տարածքը «բացառիկ, գերակա շահ» ճանաչելու եւ այն քաղցրահամ ու հանքային ջրերի արդյունահանման համար օտարերկրյա ընկերությանը հատկացնելու նպատակահարմարության հարցը:
- Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում գործող հարյուրավոր ինքնաբուխ ջրհորերի (որոնց մի մասը գտնվում է վթարային վիճակում, արտախողովակային զգալի հոսքերով) արգելափակումը պայմանավորված է մեծածավալ ինժեներատեխնիկական ու շինարարական աշխատանքներով, ուստի պահանջվում է հիդրոերկրաբանական խորը գիտական վերլուծություն, հանգամանորեն քննարկում ու անհետաձգելի կոնկրետ գործողություն, հաշվի առնելով նաեւ բնապահպանության ներկա աղետալի վիճակը, այն անժխտելի իրողությունը, որ «գիտահանրամատչելի» հեռուստահաղորդումներով, տպագիր մամուլում հաճախակի դարձած սուր ու մտահոգիչ ահազանգերով այլեւս համընդհանուր դարձած բնապահպանական խնդիրները չեն լուծվում` նպատակահարմար է ՀՀ նոր օրենքով ստեղծել գերատեսչական բոլոր լիազորություններով օժտված ՀՀ բնապահպանության, ջրային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտե: Այն համալրել առանց կուսակցական պատկանելության գիտնականներով ու կազմակերպչական աշխատանքի փորձառու, հմուտ մասնագետներով: Թող չափազանցություն ու տարօրինակ չթվա. ստեղծվող պետական կոմիտեն պետք է դիտվի որպես մեր երկրի ուժային կառույցներին հավասարազոր մարմին, քանզի բնապահպանության բնագավառում տիրում է այնպիսի իրավիճակ, որ այսուհետեւ առանց մեկի մյուսների գոյությունն այլեւս անիմաստ է դառնալու: Ամայի տարածքը պահպանելու ու պաշտպանելու կարիք էլ չի ունենալու:
- Հանրապետության տարածքի բնապահպանական, հիդրոերկրաբանական կառուցվածքի, ջրաէկոհամակարգի, ջրային պրոբլեմների համակողմանի ուսումնասիրման ու խորը գիտական վերլուծության, ամբողջ ջրային պաշարների հուսալի պահպանության նպատակով համապատասխան բաժանմունքներ ստեղծել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Խոսքս այսքանով պետք է ավարտեի, եթե քննարկվող թեմայի վերաբերյալ պատասխանատու այրերի վերաբերմունքը լիներ զուտ անգիտության կամ նյութի թյուր ըմբռնման արդյունք: Բայց, ցավոք, այդպես չէ: Ուստի անհրաժեշտաբար երեւույթները պետք է հակիրճ մեկնաբանեմ մեկ այլ հարթությունում: Բնապահպանության, մասնավորապես` ջրային ռեսուրսների պահպանման ու օգտագործման բնագավառում տիրող աղետալի վիճակը լոկ հետեւանք է, իսկ պատճառներն առավել խորքային են` տանում են հոգեւորի, բարոյականության, քաղաքականության ու տնտեսության ոլորտներ:
Այս խորապատկերում փաստերը դիտարկելիս գալիս ենք այն համոզման, որ բնապահպանության, ինչու ոչ` նաեւ վարվող տնտեսական քաղաքականության բնագավառում տիրող իրավիճակը մերօրյա բոլոր չարիքների պատճառ դարձած էկզիստենցիալիզմի ամենավատ դրսեւորման հետեւանք է, երբ օլիգոպոլ համակարգում երեւույթները մեկնաբանելիս եւ որոշումներ կայացնելիս ելնում են ոչ թե օբյեկտիվ իրականությունից, այլ հարմարեցնում են իրենց հոգեբանական վիճակին` անձնական ու խմբակային շահերին: Պատահական չէ, որ ջրաէկոհամակարգին սպառնացող աղետի վերաբերյալ պատկան մարմիններին հասցեագրած նամակներից, դրան հաջորդած մամուլի ծավալուն լուսաբանումից հետո իշխանություններն այդպես էլ մնացին «բանից անտեղյակ», ցավին անտարբեր: Ավելին, նրանց համար այսօր գերակա խնդիր են դարձել Արարատյան դաշտի դրենաժային համակարգի ընդլայնման եւ ընդերքի տարեկան միլիարդավոր խմ մսխվող պաշարների ջրահեռացման հարցերը: Սա ուղղակի աբսուրդ է, դառը հեգնանք` հանդեպ մարդկային առողջ բանականության:
Կենսաբանական այս նախճիրը, բնապահպանական խնդիրների վերաբերյալ մամուլում հրապարակվող բազմաթիվ մտահոգիչ ու աղաղակող փաստերը կոռուպցիայի ու հովանավորչության ցցուն օրինակներ են: Եվ բացառված չէ, որ հիմա էլ հանուն մեր երկրի ազգային անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող բիզնեսից ստացվող միլիոնավոր դոլարների հասնող շահույթների տաբու դրվի անգամ համազգային աղետի կանխմանն ուղղվելիք գործողություններին: Չեմ ուզում երեւույթներն անձնավորել: Ուղղակի հորդորում եմ ձեզ, պարոնայք, կանգ առեք: Հոգ չէ, առանց այդ էլ դուք ապահովել եք ձեր ընտանիքների մի քանի սերունդների ցոփ ու շվայտ ապագան: Չեմ էլ ցանկանա ռուսական պոեզիայի անզուգական հանճարի ցասումը բերել ձեզ:
Բայց, ի սեր Աստծո, մեր տառապյալ ժողովրդի բանջարը ձեր «քանքարին» վնաս չէ, սթափվեք... կանգ առեք... հակառակ դեպքում տարիներ անց ռամիկ, թե օլիգարխ, մտավորական, թե պետական պաշտոնյա` բոլորս հայտնվելու ենք անապատում բեկված նավակում եւ ստիպված ենք լինելու կրկին ազգովի հառաչել (հառաչանքի սովոր ենք) ու բողոքել «... բախտից»` ի վերջո արժանանալով սերունդների նզովքին:
Ճակատագրի բերումով դաժան փորձությունների դիմակայած ազգն, անկասկած, իր մեջ ուժ կգտնի սպառողական հոգեբանության, արդեն հիվանդություն դարձած ընչաքաղցության ու փառասիրության ախտից ձերբազատվելու, հզոր գենոտիպով օժտված, քաղաքակիրթ ժողովրդին հարիր հասարակական-արտադրական հարաբերությունների վրա ամուր պետականություն կառուցելու: Սակայն այն, ինչ կատարվում է գնալով սպառվող ջրային պաշարների հետ, անդառնալի կորուստ է:
Մեծարգո պարոն նախագահ. Երկար մտորելով` մի՞թե պահն է աշխարհաքաղաքական վայրիվերումներով լի, հատկապես մեր տարածաշրջանում սպասվող անկանխատեսելի ժամանակների, ներքին տնտեսական ու քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում իշխանության համար լրացուցիչ խնդիրների առաջադրումը: Սակայն տեսնելով, որ ընդերքի անխնա շահագործումը գնալով մեծ թափ է առնում, արդեն կորցրել ենք պաշարների զգալի մասը եւ, որ ամենացավալին է, զրկվում ենք ջրային ռեսուրսների` մեր երկրի ու պետության համար բացառիկ ռազմավարական հզոր գործոնից, խորապես համոզված լինելով, որ բաց թողնված յուրաքանչյուր օր ու ժամ ավելի է մոտեցնում համընդհանուր բնապահպանական աղետը, այնուամենայնիվ, որոշեցի բաց նամակով դիմել Ձեզ:
Այս ցավալի իրողությունը ոչ միայն սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը, ավելին` զոհասեղանին է դրված մեր երկրի ու ժողովրդի կենսագոյատեւման ապագան: Աշխարհը կատարյալ է ստեղծված... Որդիական սիրով ու երախտագիտությամբ վարձահատույց լինենք մեր ժողովրդին տրված երկնային, տիեզերական բացառիկ պարգեւին` Բիբլիական Արարատը երիզող Մայր Բնությանը: Հուսով եմ, որ Դուք` որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, հնարավոր բոլոր միջոցներով օր առաջ կկանխեք ակնհայտ ոճիրը` ջրաէկոհամակարգին սպառնացող համընդհանուր բնապահպանական աղետը, ընդերքի ջրային ռեսուրսների ահագնացող կողոպուտը: Կամքը Ձերն է, մեր պետությանը եւ ժողովրդինը: Դատավորն` Աստված ու ժամանակը:
Ռ. Համբարձումյան ք. Մասիս, 01.12.2010 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել