
«Հայ առաքելական եկեղեցին որևէ զղջման կոչ արե՞լ է իշխանություններին»
«Ցավոք սրտի, ոչ սպանությունների, ոչ ինքնասպանությունների իրավական լուրջ հետազոտություններ և դրանից արվող եզրակացություններ իրականում չկան»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա կարծիքով` ինքնասպանությունների խորքային պատճառները վեր չեն հանվում և ներկայացվում հասարակությանը, իսկ գործերը քննվում են մակերեսորեն: Կա միայն մամուլի արձագանքը՝ կոնկրետ դեպքերի հետ կապված, և որոշ փորձագետների եզրակացություններն ու ինքնուրույն հետազոտություններ: Միաժամանակ կա տեղեկության պակաս. բազմաթիվ դեպքեր մնում են չլուսաբանված: Իսկ հետազոտությունների մի մասն էլ մնում է միայն ակադեմիական շրջանակներում:
Հասարակության մեջ կա սոցիալական անապահովության լուրջ խնդիր: Սակայն բացի դրանից` ամբողջ արժեքային համակարգը խախտված է, և մարդը հաճախ մեկուսանում է, հայտնվում ճգնաժամային իրավիճակներում, որոնք լուծումներ չեն ստանում:
«Մեր ընդհանուր ավանդական արժեքային համակարգը, որտեղ ազգը սոցիալիզացվում է, իսկապես լուրջ խաթարվել է»,- հավելեց Հ. Խառատյանը:
Ասուլիսի մյուս բանախոսի` հոգեբույժ, նարեկագետ Արմեն Ներսիսյանի կարծիքով` հասարակության մեջ կործանարար դեր ունեն հատկապես աղանդները, որոնք վերացնում են մարդու հոգևոր արժեքային համակարգը` զրկելով նրան հույսից, լավատեսությունից, ուրախությունից, և նա դառնում է անտարբեր: Իսկ սոցիալական խնդիրները կարող են միայն սրել ստեղծված իրավիճակը:
Ըստ նրա` պետք է հետևել ճշմարիտ հավատքին, սակայն Հ. Խառատյանը խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ ասել է ճշմարիտ հավատք, և ինչպե՞ս անձը պետք է զանազանի աղանդը ճշմարիտ հավատքից: Երբ Ա. Ներսիսյանը պատասխանեց, թե Հայաստանում ճշմարիտ հավատք է համարվում Հայ առաքելական եկեղեցին, Հ. Խառատյանը կրկին հարցրեց, թե արդյոք Հայաստանում ուղղափառ եկեղեցու հետևորդը համարվո՞ւմ է աղանդավոր: Ա Ներսիսյանը պատասխանեց` ոչ:
«Ճշմարիտ Հայ առաքելական եկեղեցին որևէ զղջման կոչ արե՞լ է մեր հասարակությանը այսպիսի իրավիճակի հասցրած իշխանություններին»,- հարցրեց ազգագրագետը:
Ա. Ներսիսյանը պատասխանեց, որ զղջումն անհատական երևույթ է, և մարդն ինքը պետք է դա ցանկանա, ավելի վատ ժամանակներ էլ են եղել, որ անցել, գնացել են: Հ. Խառատյանը նշեց, որ ինքը կողմ է միակրոնությանը, սակայն չի հասկանում, թե որն է եկեղեցու դերը, եթե այն ուղիղ ճանապարհով չի տանում հասարակությանը:
Նարեկագետը որպես իրավիճակի լուծում առաջարկեց Նարեկեցու խոսքը, որն, ըստ նրա, բժշկարար է և կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ: Հ. Խառատյանը չնայած համամիտ է, որ լավ խոսքը կարող է լինել բժշկարար, սակայն կարծում է, որ եթե հասարակության մեջ կան լարվածություն, արժեքային համակարգի կորուստ, երբ մարդը չի կարողանում իրականացնել իր ծրագրերը և հոգալ իր կարիքները, խոսքը չի կարող բավարար լինել: Նման բժշկությունները անհատական դեպքերի համար են, իսկ խնդիրն առկա է ողջ հասարակության մեջ:
Հ. Խառատյանը համոզված է, որ մինչև արժեքային համակարգում հարաբերությունները չկարգավորվեն, նման երևույթները շարունակվելու են: Նա առաջարկում է ստեղծել հասարակական և պետական ինստիտուտներ, որոնք կարող են օգնել մարդկանց նման իրավիճակներում:
Մեկնաբանել