HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ

Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությունների սոցիալական վիճակի, երկու պետությունների կողմից տարվող սոցիալական քաղաքականությունների մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Աղքատության մակարդակը որոշող կոնկրետ ինդեքս չկա

Հարցազրույց Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի փորձագետ Խալիդ Միկաիլովի հետ

Բարեկեցության ի՞նչ մակարդակ ունի այսօր Ադրբեջանի բնակչությունը: Ինչպիսի՞ն է բնակչության սոցիալական կառուցվածքը. որքա՞ն են հարուստներն ու աղքատները, միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, ի՞նչ ինդեքսներով են սահմանվում այդ հատվածները:

Ադրբեջանի Վիճակագրական պետկոմի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ 2010 թվականին աղքատության մակարդակը իջել է 1,8%-ով եւ կազմել 9,1%: Սակայն Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ երկրում աղքատները կազմում են բնակչության 25%: Ադրբեջանում աղքատության  մակարդակի որոշման կոնկրետ ինդեքս չկա: Անցած տարվա արդյունքներով Ադրբեջանի բնակչության դրամական եկամուտները 2009-ի համեմատ աճել են 13,3%-ով, կազմելով 25,6 մլրդ. մանաթ եւ գերազանցելով  ինֆլյացիայի աճի տեմպերը  (2010-ին՝ 5,7% ):

Բնակչության մեկ շնչին հասնող եկամուտները աճել են 11,9%- ով եւ կազմել  2 886 մանաթ (ադրբեջանական 1 մանաթը կազմում է 1,27 ԱՄՆ դոլար կամ 0,95 եվրո): Եկամուտների 70%-ը ուղղվում է սպառողական նպատակների համար, 8,6%-ը հարկային վճարումներն են, պետական սոցիալական ապահովագրությունը եւ տարբեր անդամավճարները, 19,8% -ը` խնայողություններն են եւ կապիտալի աճը: 

Ինչպե՞ս է պետությունն այսօր լուծում բնակչության  սոցիալական ապահովության խնդիրը: Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական ծառայությունների ժամանակակից համակարգը: Ադրբեջանում զարգացա՞ծ է «սոցիալական աշխատողների» համակագը:

Բնակչության սոցիալական պաշտպանությամբ զբաղվում է Սոցպաշտպանության պետական հիմնադրամը: Սա ոչ բյուջետային կառույց է, որի միջոցները  ձեւավորվում են պետական պարտադիր սոցապահովության վճարներից եւ պետբյուջեի հատկացումներից՝ տրանսֆերտներից:

Հիմնադրամի ծախսերը հետեւյալ կարգի են` հատկացումներ բնակչությանը եւ ածանցյալ ծախսեր (թոշակներ, նպաստներ, դրանց հասցեատերերին հասցնելու հետ կապված ծախսեր), արհմիությունների խողովակներով՝ ապահովագրություն ունեցող անձանց հանգստյան տներում եւ առողջարաններում  բուժման ծախսեր, բնակչության զբաղվածության հետ կապված միջոցառումների ու զբաղվածության խնդիրներով մարմինների գործունեության ծախսեր, հաշմանդամների սոցիալական ապահովության ծախսեր, ապահովագրված անձանց անհատական հաշվառման համակարգի կիրառման հետ կապված ծախսեր:

Նպաստների ի՞նչ համակարգ է գործում երկրում, ի՞նչ չափի են այդ նպաստները և հասարակության ո՞ր շերտերին են տրամադրվում:

Ադրբեջանում սոցիալական նպաստները հիմնականում ծառայում են կարիքավոր հատվածի սոցիալական պաշտպանությանը: Նպաստները հատկացվում են հաշմանդամներին, հատուկ վաստակ ունեցող հիվանդ անձանց: Հաշմանդամների ամենամսյա նպաստները հետեւյալ չափի են. I խմբի հաշմանդամներ՝ 55 մանաթ, II խումբ՝ 40 մանաթ, III խումբ՝ 35մանաթ:

Դրանք են՝ Չեռնոբիլի ատոմակայանի հետեւանքների վերացման գործընթացի մասնակիցները, մասնագիտական հիվանդություններ կամ վնասվածքներ ստացած մարդիկ, զինվորական ծառայության ընթացքում լուրջ հիվանդություններ ստացած անձինք, ռազմական գործողությունների գոտիներում հաշմանդամություն ստացած քաղաքացիները: 55 մանաթի նպաստ ստանում են 18 տարին չբոլորած ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաները: 45 մանաթ նպաստ տրվում է իրենց կերակրողին կորցրած ընտանիքներին:

Երեխաների խնամակալները ստանում են 35 մանաթ: 50 մանաթ տրվում է ժամկետային զինծառայության մեջ գտնվող անձանց երեխաներին: Կարիքավոր եւ մեկ տարին չբոլորած երեխա ունեցող ընտանիքները ստանում են 30 մանաթ: Նույն չափի նպաստներ են ստանում Ադրբեջանի ամբողջականության համար մղված պատերազմին մասնակցած եւ թոշակ չստացող վետերանները:

30 մանաթ նպաստ ստանում են նաեւ 1941-45 թթ.  ընթացքում թիկունքում անձնուրաց աշխատանքի համար մեդալներ ու շքանշաններ ստացած անձինք, ինչպես նաեւ՝ «Lենինգրադի պաշտպանության համար» մեդալ կամ «Լենինգրադյան պաշարյալ» կրծքանշան ունեցող մարդիկ: Տարեկան մեկ անգամ ճառագայթումից տուժածներին բուժման համար տրվում է 160 մանաթ: Նորածիններին հատկացվում է 75 մանաթի նպաստ, թաղումների համար հատկացվում է 100 մանաթ:  

Ի՞նչ չափի է սպառողական զամբյուղն այս պահի դրությամբ Ադրբեջանում: Որքանո՞վ են նվազագույն աշխատավարձը և դրամական այլ եկամուտները համապատասխանում բնակչության իրական պահանջներին:

Կառավարությունը սպառողական զամբյուղի կառուցվածքն ու բովանդակությունը փոխելու մասին որոշում է ընդունել: Փաստաթղթի համաձայն, 2005 թվականին հաստատված նվազագույն զամբյուղը խմբագրվել է: Սպառողական նվազագույն զամբյուղը հաշվարկվում է բնակչության երեք հատվածների՝ աշխատունակ բնակչության, թոշակառուների եւ մինչեւ 14 տարեկան երեխաների կտրվածքներով: Զամբյուղը առաջվա նման բաղկացած է երեք մասից՝ սննդամթերք, ոչ մթերային ապրանքներ, ծառայություններ:

Առաջին երկու մասերով զամբյուղը փոփոխության չի ենթարկվել: Ծառայությունների մեջ ներառնվել են նաեւ Ինտերնետային ծառայությունները: Զամբյուղում հաշվարկված են նաեւ մեկ ընտանիքի օրական մեկ ժամվա ինտերնետ ծառայության գումարները: Ավելացված է բանջարաբոստանային կուլտուրաների, կաթնամթերքի, ձվի քանակը: Նվազել են շաքարը եւ կարամելային մթերքները: Փոփոխվել է ձկան եւ ձկնեղենից պատրաստված կերակուրների ծավալը: Ինչ վերաբերում է ոչ մթերային ապրանքներին, ապա հատկանշական բան այստեղ չի փոխվել:

2011 թ. Ադրբեջանում ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը կազմում է 95 մանաթ: Թոշակառուների դեպքում այն 72 մանաթ է, աշխատունակ բնակչության դեպքում՝ 102, երեխաների ապրուստի նվազագույնը 76 մանաթ է: Սակայն Տնտեսական հետազոտությունների կենտրոնի հաշվարկներով՝ աշխատունակ բնակչության մեկ շնչի ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը կազմում է 166,66 մանաթ, թոշակառուներինը՝ 146,16, մինչեւ 14 տարեկան երեխաներինը՝ 199,39 մանաթ: 

Աշխատունակ բնակչության մեկ ամսվա սննդամթերքի ծախսերը կազմում են 105,40 մանաթ,  թոշակառուներինը՝  94,27: Մինչեւ 14 տարեկան երեխաների սնդամթերքի համար ծնողները մեկ ամսվա ընթացքում ծախսում են 118  մանաթ:

Ոչ մթերային ապրանքների համար մեկ ամսվա ընթացքում աշխատունակ քաղաքացիները ծախսում են  35,31 մանաթ, թոշակառուները`33,08, մինչեւ 14 տարեկան երեխաների սննդի հետ կապ չունեցող ծախսերը` 68,54 մանաթ: 

Ծառայությունների դիմաց բնակչության այս երեք խմբերը վճարում են համապատասխանաբար` 25,10 մանաթ, 22,26 մանաթ եւ 17,47 մանաթ:

2006-2010 թթ. ընթացքում նվազագույն աշխատավարձերի փոփոխության դինամիկան հետեւյալն է. 2006 թ.-ին այն կազմում էր 30 մանաթ,  2007-ին`50: 2008 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացել է երկու անգամ` սկզբում հասնելով մինչեւ 60, հետո`75 մանաթի: Վերջին բարձրացումը տեղի ունեցավ  2010 թվականին, եւ մինչ օրս նվազագույն աշխատավարձը 85 մանաթ է: 

Ադրբեջանում նվազագույն աշխատավարձի չափը որոշում է երկրի նախագահը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter