
«Խորհուրդները տալը շատ հեշտ է, բայց ես կուզենայի, որ Սեյրան Օհանյանը ինքն այդ հարցերը դներ, և մենք իրեն օգնեինք, այդ հարցերը լուծեինք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` պատասխանելով լրագրողների հարցեին, թե որն է, ըստ Կոմանդոսի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հիմնական բացթողումները, և ինչ խորհուրդ կարող է տալ Կոմանդոսը նրան:
Այդուհանդերձ, Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորեց մարդկային գործոնը, որը թուլանում է, իսկ դրա վրա բանակում պետք է աշխատեն թե հոգեբանները, թե մանկավարժները: Այդ աշխատանքը պետք է այնպես կազմակերպվի, որ հասկանալի լինի, թե ով է ի վերջո պատասխանատու նման դեպքերում, ով է ղեկավարում, և ոչ թե մի ավագ լեյտենանտի գտնեն ու մի քանի տարի դատապարտեն:
Կոմանդոսի կարծիքով, բանակում առաջին հերթին պետք է երիտասարդները հոգեբանորեն ադապտացվեն` քաղաքացիական անձնավորությունից դառնալով զինվորական: Նրանց հետ պետք է 6 ամիս աշխատել, թույլ տալ նաև ծնողներին ևս մասնակցել, որ նրանք էլ միայն վատ կողմերը չտեսնեն. «Մարդու հետ պետք է աշխատվի»:
Երկրորդը, ըստ Կոմանդոսի, երեխան պետք է կապ ունենա իր ծնողների, բարեկամների ու ծանոթների հետ:
Երրորդը` պետք է մտածել, թե ինչպես կազմակերպել նրանց ազատ ժամանակը, որքան ազատ ժամանակ տրամադրել, այսինքն`զարգացնել մշակութային կողմը, երաժշտության, կինոյի և ժամանցի այլ միջոցներ ստեղծել, բարձր մակարդակի հասցնել գրադարանների հագեցվածությունը, մարզադահլիճները, մարզագույքը:
«Բանակում ինքը զգա, որ տղամարդ է դառնում, ուժեղանում է: Մենք բանակ ենք ուղարկում, այնտեղից պետք է ուժեղ հոգով և ուժով դուրս գա,- կարծում է Արկադի Տեր-Թադևոսյանը,- միայն այդ ծրագիրը մեր ազգին կփրկի: Որ ասում են` միայն զենք ու զինամթերքով կհաղթեն, դրանով չեն հաղթի, մարդկային գործոնն է կարևոր միշտ ու ամենուր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել