HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վերնիսաժյան սկանդալ. ո՞վ է սադրիչը (վիդեո)

Աննա Մովսիսյանին օգոստոսի 10-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 7.5 ամսական հղի կնոջը ստիպված են եղել վիրահատել՝ թե երեխայի եւ թե իր կյանքը փրկելու համար: Չնայած բժիշկները 15 օր հույս չեն տվել, որ երեխան կապրի, սակայն, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է փրկել նորածնի կյանքը: Աննային հիվանդանոց էին տեղափոխել Վերնիսաժում ծագած վեճի արդյունքում, երբ, ինչպես նա է պատմում, մեկ այլ աշխատողի՝ Լիլիկ Մելքոնյանի քույրը հրել էր իրեն, ու ինքը վատացել էր: Այս պատմությունը հին արմատներ ունի:

Աննան երկուշաբթի-ուրբաթ օրերին աշխատում է Վերնիսաժի՝ Հանրապետության փողոցին հարող հատվածում: «Պատմությունը սկսվեց անցած տարվանից, երբ Վերնիսաժի տնօրինությունը նրա կողքին ինձ տեղ հատկացրեց: Այդ ժամանակ Լիլիկն ամեն օր աշխատում էր, ես էլ իր կողքին էի կանգնում, բայց նա ուզում էր, որ կողքը ոչ ոք չկանգնի, որ տեսադաշտը փակ չլինի»,- պատմում է Աննան՝ շեշտելով, որ իրեն հատկացված տեղը եղել է ոչ թե Լիլիկինը, այլ ազատ հատված: Ըստ նրա՝ ինքն ու Լիլիկը միայն մի քանի օր են իրար կողքի աշխատել. դրանից հետո մինչեւ հիմա էլ վերջինս Վերնիսաժում աշխատում է միայն շաբաթ-կիրակի օրերին, իսկ մնացած օրերին տվյալ տարածքում կանգնում է Աննան: Առաջին հայացքից այստեղ որեւէ վիճելի հարց չպետք է ծագի, քանի որ նույն հատվածը տարածքի (Վերնիսաժի) վարձակալը կամ, այսպես ասած, տնօրինությունը տարբեր օրերի հատկացնում է տարբեր մարդկանց: Սակայն Լիլիկը համացանցում տարածած իր նկարահանումներից մեկի մեջ այլ կերպ է ներկայացնում պատմությունը. «Ես փորձում եմ կանգնել այն տեղը, որտեղից Էրիկի կինը ինձ ծեծելով մի տարի առաջ հանեց: Վիրավորված փոխտնօրեն Կարենի՝ նրանց կողմը կանգնելուց՝ այլեւս չհաճախեցի»: Աննան սա հերյուրանք է համարում ու ասում, որ Լիլիկը երկուշաբթի-ուրբաթ օրերին սկսել է չհաճախել այն բանից հետո, երբ չի կարողացել իրեն հանել հատկացված տեղից:  

«Օգոստոսի 10-ից մի երկու շաբաթ առաջ՝ հուլիսին, երբ 7 ամսական հղի էի, առավոտյան գալիս եմ աշխատանքի, տեսնում եմ իմ տաղավարում Լիլիկն իր իրերն է դրել, ասում եմ՝ վերցրու, չի վերցնում, գեղեցիկ ձեւով մի կողմ եմ դնում, ասում եմ՝ ես պիտի աշխատեմ: Ինքը վեճ է հրահրում, սպառնում է, թե ձեզ նստացնելու եմ, դուք մաֆիա եք, ու հրում է ինձ»,- հիշում է Աննան ու հավելում, որ նման կերպ Լիլիկը փորձել է սադրել իր ամուսնուն՝ Էրիկին, որպեսզի վերջինս ձեռք բարձրացնի, ինքն էլ նկարահանի այդ ամենը: «Ես գիտակցում էի, որ եթե իրեն խփեմ, հայտնվելու եմ էն տեղում (նկատի ունի բանտը- հեղ.), որտեղ ինքը ցանկանում է, դրա համար էլ հազիվ ինձ զսպեցի ու մի երկու բառ էլ ավելորդ ասացի, բայց ոչ մի անգամ իրեն մատով չեմ կպել»,- պատմում է Էրիկ Գաբրիելյանը: Մոնտաժված տեսահոլովակում, որը Լիլիկը վերնագրել է «Հղիությունը՝ որպես սադրանքի զենք», ինքն է Էրիկին ներկայացնում որպես սադրանքի արվեստին հմուտ տիրապետող, սեփական անպատժելիությանը վստահ, ձեռքերին ու լեզվին ազատություն տված, նրան ու Աննային անվանում շանտաժիստներ:

Աննան, Էրիկը, նրանց հետ աշխատողները պատմում են, որ Լիլիկը հրահրում է մարդկանց, հայհոյում, նրանց հունից հանում, ու վերջիններիս պատասխանելու ժամանակ գաղտնի կամ ակնհայտ նկարահանում, ապա մոնտաժում ու տեղադրում «YouTube» կայքում: «Ինքը քեզ հունից հանում է, ու էդ ժամանակ քեզ ձայնագրում է, բայց ինքը չի երեւում, ու դու դառնում ես խուլիգան»,- նկատում է Էրիկը: Նման 4 հոլովակ կա համացանցում, որոնք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բավականին աղմուկ հանեցին հատկապես ինտերնետային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Հոլովակների տակ կան հայհոյախառը մեկնաբանություններ Էրիկի ու Աննայի մասին: Վերջիններս կարծում են, որ դրանց ու հոլովակների հեղինակները նույն մարդիկ են: «Facebook» սոցիալական ցանցում Լիլիկը նաեւ խումբ է ստեղծել՝ «Արդարություն Վերնիսաժում» անունով:

Շարունակելով հուլիսին տեղի ունեցած դեպքի ընթացքը՝ Աննան պատմում է. «Ես տնօրենի խնդրանքով իմ տեղը զիջում եմ իրեն: Դրանից մի քանի օր անց՝ օգոստոսի 9-ին, տնօրենը մեզ՝ այս մեկ-երկու շարքի վրա կանգնողներիս, տեղափոխում է մի քիչ հեռու, որովհետեւ ինքն (Լիլիկը- հեղ.) ասում է՝ իմ պրինցիպը տենց ա, ես տենց եմ ուզում, ու տենց ա լինելու: Ամսի 10-ին տնօրենի հետ պարզաբանումներ ենք անցկացնում, թե ինչն է պատճառը, որ մեզ մեր վայրից հեռացնում եք, տեսնում ենք արդեն տղան՝ Վարուժանը, նորից նկարում է: Մոտենում եմ, ասում, որ անջատի, մորաքույրը՝ Ջեմման (վերջինս, ըստ աշխատողների, ներկայանում է իբրեւ միջազգային լրագրող- հեղ.), հրում է ինձ, ես մոտենում եմ Վարուժանին, ինքը փորձում է ինձ ոտքով հարվածել, բայց չի կարողանում: Հրելուց ես վատանում եմ ու ինձ տեղափոխում են հիվանդանոց»: Այս դրվագը հակառակ կողմը «Facebook»-ում ներկայացրել է այսպես. «Վերնիսաժի մասին տեսանյութերի հեղինակին սադրում են քրեական գործով: Հեղինակի` Վարուժանի և նրա` մի քանի օրով Հայաստան հյուր եկած մորաքրոջ վրա օգոստոսի 10-ին Վերնիսաժում կատարել են հարձակում նույն մարդիկ, ովքեր այդ ֆիլմերում խմբակային կերպով ստորացնում են միայնակ և իրենցից թույլ մարդկանց, սադրում են նրանց, խլում նրանցից իրենց տեղերը տնօրինության աշխատակիցների աջակցությամբ: Վարուժանի և իր մորաքրոջ վրա հղի Աննա Մովսիսյանի հրամանատարության ներքո կատարել են խմբակային հարձակում, երբ նրանք խաղաղ կանգնած նկարահանել են Վերնիսաժը: Վարուժանը և իր մորաքույրը խուսափել են նրանցից` փախչելով և միաժամանակ նկարահանելով իրողությունը»:

Աննային ստիպված են կեսարյան հատում արել, քանի որ ընկերքի հետ կապված խնդիրներ են առաջացած եղել: «Երեխաս հիմա կամաց-կամաց դեպի լավն է գնում, ինձ մոտ մի քիչ խնդիրներ կան վիրահատությունից,- ասում է երիտասարդ մայրն ու շարունակում:- Ամենացավալին այն է, որ Լիլիկն այսօր էլ շարունակում է սադրանքները: Հենց այդպես էլ ասում է՝ ես ուզում եմ, որ դուք նստեք, դուք մաֆիա եք»: Էրիկը նշում է, որ այսքանից հետո ոչ ոք ներողություն չի խնդրել իրենցից:

Աննան ասում է, որ առաջինը ոստիկանությանը դիմել է իր սկեսուրը: Հետո, երբ դատաբժշկի եզրակացության կարիք է եղել, վերջինս չի ներկայացել հիվանդանոց, եւ նրա մոտ գնացել են քննիչի հետ: Կինը զարմացած է դատաբժշկի գործողություններից. «Ասում էր՝ ես ինչ իմանամ, որ դա իր հրելուց է եղել: Չներկայացավ, ազգանունը չգիտեմ մինչեւ հիմա: Հրաժարվեցի նրա տված եզրակացությունից: Նա շահագրգռված էր, որ վնասվածքը բնորոշեր թեթեւ մարմնական վնասվածք: Հարցրեցի, թե ինչու ես շահագրգռված, որ թեթեւ տաս, ասաց՝ բա դու ինչու ես ուզում, որ ծանր տամ: Հետո մայրս հարցրել էր պատճառի մասին, նա էլ ոչ վայել պահվածքով ասել էր, թե զզվացնում եք արդեն»: Աննան լուրջ կասկածներ ունի բժշկի անկողմնակալության հարցում:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում օգոստոսի 10-ի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր.-ի 117 հոդվածով. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»: Կատարվում է նախաքննություն:

Այդուհանդերձ, Աննան գործում ներգրավված է ոչ թե որպես տուժող, այլ իբրեւ վկա, ինչը զարմացնում է կնոջն ու նրա ամուսնուն: Աննայի պատմելով՝ օրերս քննիչ Էդգար Կարապետյանը բաժնում իր դիմաց դրել է դատարկ բլանկ, որի տակ գրված է եղել «Ծանոթացա գործի էությանը», եւ առաջարկել է ստորագրել: Աննան պահանջել է ներկայացնել գործի էությունը՝ թե քրեական գործը կոնկրետ որ հոդվածով է հարուցված: Իմանալով, որ այն հարուցվել է 117-րդ հոդվածով՝ «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս հասցնելը»՝ կինը հրաժարվել է ստորագրել: Եվ քանի որ մինչեւ հիմա Աննան կարգավիճակով դեռեւս վկա է, քննիչը նրան թույլ չի տալիս ծանոթանալ ոչ միայն գործի նյութերին, այլեւ հենց իր մասով տրված դատաբժշկական եզրակացությանը: Աննան ու Էրիկն արդեն գրավոր բողոք են հղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:   

 

Մեկնաբանություններ (5)

Anje
Это фотографии и видео армянских цыган?
Istina
Eti amoralnije ljudi, Anna i te, kto dajet intervju, izbili, matom obrugali moju kolegu, dotsenta universiteta, kandidata nauk i ee plemjannika. Khoteli siloj u nikh zabrat ikh videokaneru. Eto grabjez.
Krest
Kurenie - eto ne prestuplenie. Da, derevnja uzhe dictuet svoi uslovia erevantsam. Razve takie litsja kogda-to ukrashali stolitsu Armenii?.. Gde te intelligentnie erevantsi, kotorikh ja pomnu. Neuzheli eti zhenschini i muschina armjane?
Anna
Կեցցե այն քաղաքապետը, որը մտածում է իր ժողովրդի մասին, այլ ոչ թե մարդկանց առօրյա հացից կտրում: Փողոցային առևտուրը վերացնում են, որպեսզի իրենց բիզնեսը զարգացնեն: Եվ դեռ դուք էլ ասում եք կեցցե քաղաքպետը:
Vahe
Փողոցային առևտուրը պետք է վերանա: Կեցցե քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter