HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ները հայտարարում են, որ ընտրությունները եղել են ոչ թափանցիկ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության հասարակական սեկտորի ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր մտահոգությունը և անհանգստությունը ՄՀՀ (ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով) անդամակցության ոչ պատշաճ ձևով կազմակերպված ընտրությունների վերաբերյալ:

ՄՀՀ անդամության ընտրությունների նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 14-ին և 20-ին կայացած երկու հանդիպումների ընթացքում մի շարք տեղական և միջազգային դիտորդ կազմակերպություններ իրենց մտահոգությունը և բողոքը հայտնեցին կապված հետևյալ հանգամանքների հետ.

  • մասնակիցներին մինչև ընտրությունները չի տրամադրվել բավարար տեղեկատվություն ՄՀՀ-ի, նրա դերի և գործունեության վերաբերյալ,
  • հասանելի չի եղել ՄՀՀ կանոնակարգը, որի պատճառով այդպես էլ պարզ չէր, արդյոք նախորդ ՄՀՀ անդամ ՀԿ-ները կարող են վերընտրվել, թե ոչ,
  • նախաձեռնող խմբի` ՄՀՀ ժամանակավոր քարտուղարության կողմից չի ստուգվել հայտարարության հիման վրա մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների համապատասխանությունը հայտարարության մեջ նշված չափանիշներին,
  • նախապես չի մշակվել ընտրության ընթացակարգ,
  • չի բացառվել շահերի բախումը ՄՀՀ անդամության թեկնածու կազմակերպությունների շրջանում:

Երկու հանդիպումների ընթացքում բարձրաձայնված մտահոգությունների լուծմանը միտված առաջարկները, որոնք բխում էին առողջ բանականությունից, տրամաբանությունից և Գլոբալ հիմնադրամի ստանդարտներից, մերժվում էին ՄՀՀ անդամության ընտրություններին մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչների զգալի մասի կողմից` բացառելով առկա խնդիրների տրամաբանական հանգուցալուծումները:

Այն փաստը, որ մասնակիցների զգալի մասը ընդդիմանում էր շահերի բախման քաղաքականության քննարկմանը, թույլ էր տալիս եզրակացնել, որ իսկապես ընտրության ներկայացած որոշ կազմակերպությունների միջև գոյություն ուներ շահերի բախում:

Երկրորդ հանդիպումը` կայացած 2011 թվականի սեպտեմբերի 20-ին, բացեց ՀՀ առողջապահության փոխնախարար Ս. Խաչատրյանը, ով ներկայացրեց ՄՀՀ-ի ներկա կանոնակարգի տարբերությունները նախորդի հետ, մասնավորապես շահերի բախման քաղաքականության առկայությունը: Սակայն մեր կողմից ներկայացված այն հանգամանքը, որ կարևոր է ընտրության ընթացակարգի և շահերի բախման քաղաքականության մշակումը, չքննարկվեց և առաջարկվեց անցնել ընտրության: Շահերի բախման քաղաքականություն ունենալու հարցը նույնիսկ չդրվեց քվեարկության: Համաձայն չլինելով ընտրությունների իրականացմանը առանց վերը նշված թերությունները շտկելու՝ 7 տեղական հասարակական կազմակերպություններ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին:

Մենք հայտարարում ենք, որ իրականացված ընտրությունները եղել են ոչ թափանցիկ, չեն համապատասխանել ժողովրդավարականընտրությունների սկզբունքներին և Գլոբալ հիմնադրամի ստանդարտներին:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև կարևորելով ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված ՄՀՀ հանձնաժողովի արդիականությունը, մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, կոչ ենք անում ընտրությունները չեղյալ համարել և իրականացնել նոր ընտրություններ՝ ապահովելով վերոնշյալ պայմանները:

Կից ներկայացված է ՄՀՀ քարտուղարություն կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի վերլուծությունը:

 

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Նոր Սերունդ» ՀԿ

«Հանուն ընտանիքի և առողջության» Համահայկական ասոցիացիա

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (PINK)

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

«Երիտասարդական մշակութային կազմակերպություն» ՀԿ

«Հույս և օգնություն» ՀԿ

Վերլուծություն

ՀՀ  ազգային օրենսդրության,  Հայաստանում տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության հրավերի և կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի

2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ: Այնինչ 2001 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հասարակական կազմակերպությունը (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Ինչպես երևում է, օրենքը հստակ տարանջատում է մտցնում կազմակերպությունների կազմակերպչաիրավական երկու տեսակների միջև, որոնց միակ ընդհանրությունը կայանում է նրանում, որ երկու տեսակն էլ հանդիսանում են ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներ: Սակայն ելնելով օրենսդրի տրամաբանությունից` հասկանալի է դառնում, որ հստակ տարբերակվում են այս կազմակերպությունների երկու տեսակները, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարգավորվում է առանձին օրենքով: Հետևաբար, հիմնադրամը որևէ կերպ չի կարող դիտվել որպես հասարակական կազմակերպություն և մասնակցել տեղային հասարակական կազմակերպությունների համար հայտարարված մրցույթին (մեջբերված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության տեքստից): Հիմնադրամը իր կազմակերպչաիրավական տեսակով չի կարող մասնակցել ՄՀՀ անդամության համար հայտարարված մրցույթին նաև այն պատճառով, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կանոնակարգում ևս նշված է տեղական հասարակական կազմակերպություններ (մաս 6):

Դեռ ավելին, ՀՀ առողջապահության նախարարությունն իր կողմից տարածած հայտարարության մեջ հստակ նշել է ոչ միայն կազմակերպությունների կազմակերպչաիրավական ձևը, այլ նաև նրանց գործունեության ոլորտը, այն է՝ միանշանակ հստակեցված է, որ. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրավիրում է Հայաստանում տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի ոլորտում գործունեություն ծավալող տեղային հասարակական կազամակերպություններին մասնակցելու Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբեկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող վերակազմավորված հանձնաժողովի (ՄՀՀ) աշխատանքներին»: Մինչդեռ, ՄՀՀ ժամանակավոր քարտուղարության կողմից տրամադրված թեկնածու կազմակերպությունների ներկայացված հետաքրքրվածության նամակների և հայտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որպես ՄՀՀ անդամության թեկնածու գրանցված մի շարք կազմակերպություններ չեն համապատասխանում հենց ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի նվազագույն պայմաններին: Մասնավորապես կամ չունեն առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առողջապահական, կրթական, հիվանդների իրավունքների պաշտպանության և սոցիալական ոլորտներում, և առնվազն մեկ տարվա փորձ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ոլորտում: Հետևաբար, նախարարությունը թեկնածու կազմակերպությունների համար ներկայացրել է առնվազն 4 պահանջ.

Պահանջ 1: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի ոլորտում գործունեություն ծավալող

Պահանջ 2: տեղային հասարակական կազմակերպություններ

Պահանջ 3: առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առողջապահական, կրթական, հիվանդների իրավունքների պաշտպանության և սոցիալական ոլորտներում

Պահանջ 4: առնվազն մեկ տարվա փորձ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ոլորտում:

Իսկ եթե անգամ ունեն այդ փորձը, ապա դա պատշաճ կերպով պատկերված չէ կազմակերպությունների կողմից ներկայացված հետաքրքրվածության նամակում: 

Ստորև վեր է լուծված կազմակերպությունների կողմից ներկայացված հետաքրքվածության հայտերի անհամապատասխանելիությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված պահանջներին:

 

1. AEGEE-Երևանը / Եվրոպականուսանողներիֆորում/ - հայտում ներկայացված չեն կազմակերպության իրականացրած որևէ ծրագիր, նշված են միայն կազմակերպված միջոցառումներ (պահանջ 3 և 4-ի խախտում): Ինչպես նաև սույն կազմակերպությունը հանդիսանում է միջազգային հասարակական կազմակերպություն (http://www.cragrer.am/node/566), ինչը հակասում է Առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարությանը նախատեսված տեղային հասարակական կազմակերպությունների համար:

2. Գավառիառաջադեմբնագետներիմիավորում – հայտում հիշատակել է, որ 2011 թ. իրականացնում է «Նախադպրոցական հաստատությունների տնօրենների, դաստիա­րակների և երաժշտության դաստիարակների վերապատրաստման դասըն­թաց», ֆինանսավորող` Հայաստանի երիտասարդական հիմնադրամ: Ակնհայտ է շահերի բախում, քանի որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս մասնակցում է ՄՀՀ անդամության մրցույթին որպես թեկնածու: Միևնույն ժամանակ հայտում ներկայացված չեն պահանջ 1-ին համապատասխանող միջոցառումների կազմակերպման վերաբերյալ փորձ:

3. ՀայաստանիԱզգայինՍկաուտականՇարժում «ՀԱՍԿ» - հայտում կազմակերպությունը չի ներկայացրել իր կողմից իրականացված և ոչ մի ծրագիր` փոխարենը լրացնելով մի շարք միջոցառումներ, որոնց իրենց կազմակերպությունը կամ առանձին անդամները մասնակցել են (1, 3 և 4-րդ պահանջների խախտում):

4. «ՍՈՆԴԵՐՍ ԿԵՆՏՐՈՆ» առողջապահական հասարակական կազմակերպություն – հայտում հստակ նշում է, որ հիմնվել է 2010 թ. մայիսին, գործում է 1,5 տարի: Դեռ ավելին, հայտում նշված չէ որևէ դրամաշնորհային ծրագիր, որն իրականացվել է տվյալ կազմակերպության կողմից (1, 3 և 4-րդ պահանջների խախտում):

5. «Երիտասարդթարգմանիչներիմիավորում»  ՀԿ – իր ներկայացրած հայտում մատնանշել է, որ իրականացրել է «Թարգմանությունը` աշխարհի ապագան» կրթական ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ինչը շահերի բախում է, քանի որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս մասնակցում է ՄՀՀ անդամության մրցույթին որպես թեկնածու: Միևնույն ժամանակ կազմակերպությունը իր գործունեության ոլորտով չի համապատասխանում ներկայացված պահանջներին (1 և 3-րդ պահանջների խախտում):

6. Հայաստանի երիտասարդական հիմնադրամ – առկա է 1. շահերի բախում, քանի որ դրամաշնորհատուն և մի շարք դրամաշնորհառուները հանդես են գալիս որպես թեկնածուներ, 2. Հիմնադրամը, ըստ ՀՀ օրենսդրության, չի հանդիսանում հասարակական կազմակերպություն, հետևաբար՝ իրավասու չէր մասնակցել հայտարարված մրցույթին:

7. «ԱՍՔ» մշակութայինկենտրոն - 2011 թ.` «Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք օպերա` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կրկին առկա է շահերի բախում դրամաշնորհատու և դրամաշնորհառու հարաբերություններում: Ավելին, կազմակերպությունը բացառապես գործունեություն է ծավալում մշակութային բնագավառում (1 և 3-րդ պահանջների խախտում):

8. «Աստղավարդ» հաշմանդամերեխաներիծնողներիհասարակականկազմակերպություն – իր հայտում կազմակերպությունը հիշատակում է, որ ի թիվս այլոց իրականացրել է 2 ծրագրեր` «Սովորում ենք համակարգիչ» կրթական ծրագիր 2010 թ. և «Կարում ենք ինքներս» 2011թ.` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կրկին առկա է շահերի բախում դրամաշնորհատու և դրամաշնորհառու հարաբերություններում: Բացի այդ կազմակերպությունը չի համապատասխանում պահանջ 1-ին:

9. «Ձեռք» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպություն – իր հայտում նշված է. «Ձեռք» երիտասարդական կրթական հասարակական կազմա­կեր­պութ­յունը ստեղծվել է 2009 թ. ապրիլի 21-ին: Գործունեության ընթացքում «Ռեգիոնալ համագոր­ծակ­ցություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը իրականաց­րել է բազմաթիվ ծրագրեր կրթության ոլորտում` իրականացված ծրագրեր` անգլերենի արտադասարանական դասընթացների կազմակերպում բազային դպրոցներում»: Ինչից հետևում է, որ 1.տվյալ կազմակերպությունը չունի փորձ, 2. որևէ կերպ չունի առնչություն տվյալ խնդիրներին: Դեռ ավելին, հանդիպումների ժամանակ այս երկու կազմակերպությունները ներկայացվել են մի անձի կողմից, ով 2011 թվականի սեպտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ նաև հայտարարեց, որ այժմ ինքն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում: Հետևաբար՝ առկա է շահերի բախում, միևնույն ժամանակ 1, 3 և 4-րդ պահանջների խախտում:

10. «Կրթություն և Տեղեկատվություն Հանուն Զարգացման» (ԿՏՀԶ) հասարակական կազմա­կերպություն – իր հայտում ներկայացված է միայն մեկ ծրագիր` «Բոլոնիայի գործընթացը Հայաստանում» կրթական – տեղեկատվական ծրագիր (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան, սակայն ներկայացված չէ ո՛չ իրականացման տարեթիվը, ո՛չ ֆինանսավորող աղբյուրը: Միանշանակ խախտվել է պահանջ 1-ը:

11. «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ»- չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին, իր հայտում նշել է միայն մեկ ծրագրի իրականացման մասին` «Եվրոպական ծրագրերի մենեջմենթ» կրթական ծրագիր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կրկին առկա է շահերի բախում դրամաշնորհատու և դրամաշնորհառու հարաբերություններում: Միևնույն ժամանակ խախտվել է 1-ին պահանջը:

12. Հոգեկան առողջության հիմնադրամ-  Հիմնադրամը ըստ ՀՀ օրենսդրության չի հանդիսանում հասարակական կազմակերպություն, հետևաբար՝ իրավասու չէր մասնակցել հայտարարված մրցույթին:

13. «Խնամք» հասարակական կազմակերպություն – իր հետաքրքրվածության հայտում կազմակերպությունը նշել է այն միջոցառումների շարքը և հրատարակումները (գրքույկներ և ֆիլմ), որոնք իրականացրել է կազմակերպությունը և ոչ թե դրամաշնորհային ծրագրեր (1, 3 և 4-րդ պահանջների խախտում):

14. «Կրթասեր»հասարակականկազմակերպություն - իր հայտում կազմակերպությունը նշել է, որ իրականացրել է միայն մեկ ծրագիր` «Ես չեմ ուզում ծխել», որը չի համապատասխանում ներկայացված պահանջներին (1, 3 և 4-րդ պահանջների խախտում):

15. «Սկարպ» առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունիր հայտում կազմակերպությունը նշել է, որ ստեղծվել է 1999 թվականին և մինչև օրս իրականացրել է բազմաթիվ ծրագրեր հաշմանդամ մարդկանց առաջնային առողջության պահպանման ոլորտում: Ծրագրերը ֆինանսավորել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպություններ: Ինչը որևէ տեղեկություն չի տրամադրում պահանջվող չափորոշիչների մասին, հետևաբար՝ խախտվել է 1, 3 և 4-րդ պահանջները:

16. «Զանգակատուն» բարեգործական հասարակական կազմակերպություն – իր հայտում կազմակերպությունը չի ներկայացրել, որևէ դրամաշնորհային ծրագրի անվանում, ավելին՝ իր գործունեությամբ այն չի համապատասխանում պահանջներին, քանի որ, ինչպես նշված է հայտում, գործունեության ոլորտը ներառում է սոցիալական հիմնախնդիրների հաղթահարումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, անհատի, խմբի, ընտանիքի և համայնքի հետ աշխատանքը (1 և 3-րդ պահանջների խախտում):

17. «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» – իր ներկայացրած հայտում մատնանշել է, որ իրականացնում է ծրագիր «Նոր Սերունդ» ՀԿ-ի հետ համատեղ: Ինչը շահերի բախում է, քանի որ «Նոր սերունդ» ՀԿ-ն ևս մասնակցում է ՄՀՀ անդամության մրցույթին որպես թեկնածու:

18. «Ընդդեմ Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշի Ազգային Ասոցիացիա» հասարակական կազմակերպություն - իր հայտում նշել է, որ 2001թ.-ին UNICEF-ի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը Գեղարքունիքի  մարզում» ծրագիր  Գեղարքունիքի թվով 130 միջնակարգ դպրոցներում: Տեղեկատվության հարցումների արդյունքում UNICEF-ը տեղեկացրել է, որ 2001 թվականին իրականացրած ծրագրի գործընկեր է եղել «Հայաստանի Բժիշկ – Ուսանողների Գիտական Ասոցիացիա» (ՀԲՈւԳԱ)  հասարակական կազմակերպությունը, որը ևս մասնակցում էր ՄՀՀ ընտրություններին: Հետևաբար, նշված կազմակերպությունները, գուցե և հանդիսացել են համագործակիցներ այդ դրամաշնորհների իրականացման համար, սակայն «Ընդդեմ Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշի Ազգային Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դրամաշնորհառու չի հանդիսացել: Ինչից բխում է, որ տվյալ պարագայում կազմակերպությունը տրամադրել է ոչ ճշմարտացի տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ:

Այսպիսով, սույն վերլուծությունը ցույց է տալիս, որ միայն հայտի ներկայացման պահանջների խախտման հիմքով հարկ էր մրցույթի առաջին փուլում` փաստաթղթերի ներկայացման փուլում, բացառել այն կազմակերպությունների մասնակցությունը հետագա ընտրություններին, որոնք չեն համապատասխանում ՄՀՀ ժամանակավոր քարտողարության կողմից տարածված հայտարարության մեջ ներկայացված պահանջներին: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կազմակերպությունների միջև առկա շահերի բախման դեպքում, այդպիսի կազմակերպությունների մասնակցությունը հնարավոր է թույլատրել միայն շահերի բախման քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների ձեռնարկումից հետո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter