HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիրքը ճշտելու ժամանակն է. ո՞ւմ կողմ քվեարկել և ո՞ւմ` դեմ

ԱՄՆ Կոնգրեսի` նոյեմբերի 2-ի ընտրությունները, հավանաբար հսկայական ալեկոծումներ կառաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում: Քարոզչական գովազդներն ու քաղաքական մեկնաբանությունները ողողել են եթերը, և բոլորն անհամբերությամբ հետևում են հարցախույզներին` տեսնելու` արդյոք իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցությունը պիտի հաղթի՞, թե՞ դուրս շպրտվի:

Բարաք Օբամայի ժողովրդականությունը երկու կարճատև տարվա ընթացքում կտրուկ անկում է ապրել: Նախագահի վարչակազմի ձախողված աշխատանքից հիասթափված ամերիկյան հասարակությունը շրջվել է դեմոկրատ պաշտոնատար անձանցից, որոնցից շատերն այժմ մտահոգված են Կոնգրեսում իրենց տեղերը կորցնելով: Թեև դժվար է կռահել բոլոր թեկնածուների ընտրության արդյունքները, սակայն քաղաքական մասնագետներն ակնկալում են, որ հանրապետականները կվերցնեն Ներկայացուցիչների պալատը, (նվազ հնարավոր է) նաև Սենատը: Եթե այս կանխատեսումներն իրականանան, ապա մինչև հաջորդ նախագահական և Կոնգրեսի 2012 թ. ընտրությունները Վաշինգտոնում հավանաբար ընդհանուր անելանելի իրավիճակ ստեղծվի: Իսկ մինչ այդ Օբամայի վարչակազմի ձեռնարկած բոլոր նոր նախաձեռնությունները կսառեցվեն Կոնգրեսում` գրեթե անհնարին դարձնելով ազգային խնդիրների վերաբերյալ որևէ կարևոր օրենքի ընդունում: Ինչպե՞ս կքվեարկեն ամերիկահայերը նման խճճված իրավիճակում: Նրանց համար, ովքեր հավատարիմ դեմոկրատներ կամ հանրապետականներ են, հեշտ է ընտրություն կատարելը: Նրանք կընտրեն իրենց կուսակցության թեկնածուներին` անկախ հիմնախնդիրների վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշումից: Սակայն հայկական հարցերով մտահոգված մարդիկ ավելի բարդ խնդրի առաջ են կանգնած: Նրանք կարող են ասել` քանի որ դեմոկրատները Ցեղասպանության բանաձևի առնչությամբ իրենց խոստումը չհարգեցին, ուստի նրանց պետք է պատժել` քվեարկելով հանրապետական թեկնածուների օգտին: Սակայն խնդիրն այն է, որ Կոնգրեսի հանրապետական անդամներն ավանդաբար ավելի քիչ են աջակցել Հայոց ցեղասպանության խնդրին, քան դեմոկրատները: Այսպիսով, բոլոր հանրապետականների օգտին քվեարկելը, հագուրդ տալով զգացմունքներին, չի նպաստի Հայկական հարցին: Ընդհակառակը, հայերն ընտրած կլինեն թեկնածուների, որոնք ավելի քիչ կաջակցեն, քան Կոնգրեսի ներկայիս անդամները, որոնցից շատերը դեմոկրատ են: Գոյություն ունի ևս մեկ տարբերակ. ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քանզի ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները իշխանության գլուխ կանգնած ժամանակ հայկական հարցերի վերաբերյալ իրենց խոստումները չեն կատարել: Սակայն սա այնքան էլ լավ տարբերակ չէ, քանի որ դրանով կվատնվեն հայ համայնքի` տասնամյակներ ի վեր կատարած քաղաքական ներդրումները Ամերիկայի քաղաքացիական կյանքում: Ամերիկահայ ընտրողների քննարկմանը ներկայացվող իմ տարբերակը չի ներառում վերոնշյալ տարբերակներից և ոչ մեկը. կուրորեն մի քվեարկեք ձեր կուսակցության թեկնածուների օգտին և մի հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց: Լավագույն ընտրությունը հետևյալն է. յուրաքանչյուր կուսակցությունից քվեարկել այն թեկնածուի օգտին, որն առավել ակտիվ է աջակցել հայկական հարցերին: Նրանք, ովքեր չեն ցանկանա քվեարկել թեկնածուի` հայկական հարցերի նկատմամբ դիրքորոշման հիման վրա, պետք է հիշեն, որ ընտրողների մեծամասնությունն իր ընտրությունը կատարում է` ելնելով անձնական շահերից: Հրեաները, սևամորթները, իսպանախոս ամերիկացիները, թուրքերը և այլ էթնիկ խմբեր քվեարկում են այն թեկնածուների օգտին, որոնք սատարում են իրենց հարցերին: Բարձր եկամուտ ունեցողները, որպես կանոն, քվեարկում են հօգուտ այն թեկնածուների, որոնք նրանց խոստանում են հարկերի կրճատում: Մինչդեռ աղքատ ժողովուրդը, սովորաբար աջակցում է սոցիալական ծառայությունների ֆինանսավորմանը կողմ արտահայտվողներին: Ինչո՞ւ պետք է հայերը բացառություն կազմեն և խուսափեն նեցուկ լինելուց այն թեկնածուներին, որոնք բարեհաճ են հայկական հարցերի նկատմամբ: Ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են` ելնելով սեփական շահերից: Իսկ հետագայում ընտրողների հակասական շահերը հավասարակշռելն արդեն ընտրված պաշտոնյաների խնդիրն է: Ամերիկահայերը կարող են իրենց աջակիցներին Կոնգրեսում պահել` վերընտրելով Ներկայացուցիչների պալատի 120 դեմոկրատ և 36 հանրապետական անդամի, ինչպես նաև Սենատի 12 դեմոկրատ, 2 հանրապետական և 1 անկախ անդամի, որոնք բարձր գնահատականի են արժանացել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից: Միաժամանակ ամերիկահայերը կարող են Կոնգրեսում կրճատել իրենց հակառակորդների թիվը` սատարելով այն թեկնածուներին, որոնք պայքարում են Ներկայացուցիչների պալատի 18 դեմոկրատ և 22 հանրապետական անդամի դեմ, որոնց Հայ դատի հանձնախումբն արժանացրել է բացասական գնահատականի: Կոնգրեսի անդամների անհատական տվյալները ճշտելու համար խնդրում ենք նայել Հայ դատի հանձնախմբի հաշվառման քարտերը www.anca.org կայքում: Ի վերջո, բոլորը պետք է տեղյակ լինեն, որ նոյեմբերի 2-ի ընտրությունների հաջորդ օրն իսկ ոչ պաշտոնապես մեկնարկում է 2012-ի նախագահական ընտրարշավը: Այս առումով խիստ մտահոգիչ է, որ անցյալ ուրբաթ նախագահ Օբաման ժամանել էր Լոս Անջելես և Գլենդեյլ, և ոչ մի հայ հայ բողոքի ձայն չբարձրացրեց նրա ներկայությամբ: Ինչպե՞ս կարող են հայերն անտեսել այն փաստը, որ նախագահն իր պաշտոնավարման երկու տարվա ընթացքում չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: Ճիշտ այն պահին, երբ Օբաման հուսահատ ճիգերով փորձում էր ընտրողներին համոզել աջակցել դեմոկրատ թեկնածուներին, Հարավային Կալիֆորնիայի հսկայական հայկական համայնքը ձեռքից բաց թողեց ամերիկյան լրատվամիջոցների առաջ նախագահին իր դժգոհությունն արտահայտելու եզակի հնարավորությունը: Հայերն իրենց բացթողումներով չարագուշակ ուղերձ են հղում բոլոր թեկնածուներին. դուք կարող եք որևէ բան խոստանալ հայերին, ստանալ նրանց փողերն ու ձայները, իսկ ընտրությունից հետո կարող եք խախտել ձեր խոստումը` մնալով անպատիժ: Հայերը պետք է արթնանան իրենց թմբիրից: Եթե նրանք ցանկանում են, որ ընտրված պաշտոնյաները իրենց լրջորեն ընդունեն, ապա պետք է վարձահատույց լինեն քաղաքական աջակիցներին և պատժեն իրենց հակառակորդներին:

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter