HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում այս պահին որևէ վտանգ չկա

Պատասխանելով «Հետքի» հարցին՝ վստահեցրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նախարարի խոսքերով, միակ բացասական երևույթն այն է, որ գերեզմանոցը սողանքային գոտում է, որը կարող է ապագայում բարդ խնդիրների առաջ կանգնեցնել։ Մեր մյուս հարցին, թե «ինչ են պարզել ուսումնասիրությունները, որոնք պետք է իրականացվեին շրջակա միջավայրում և ջրում, որպեսզի պարզեին բնությանը հասցված վնասները», Արամ Հարությունյանը դժվարացավ հստակ պատասխան տալ,

քանի որ ուսումնասիրությունները պետք է իրականացներ ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Մեր կողմից որոշակի ուսումնասիրություններ իրականացվել է մեր լաբորատորիաների և հնարավորությունների սահմաններում։ Այնտեղ որոշակի գերազանցում կար, բայց դա վտանգավոր աստիճանի չէր»,- հավելեց նախարարը։

Արամ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունը՝ որպես հրատապ միջոց, ցանկապատել և կոնսերվացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը և հանձնել ոստիկանության հսկողությանը։

Վարչապետը հանձնարարել էր ՀՀ ԲՆ, ԱԻՆ և գյուղատնտնեսության նախարարությանը՝ մշակել հայեցակարգ՝ ներառելով մոտեցումները, թե ինչպես պետք է լուծել թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը՝ պահպանել, տեղափոխել, թե ոչնչացնել։ Հայեցակարգն արդեն պատրաստ է և ներկայացվել է կառավարությանը։ Առաջիկայում՝ 1-2 շաբաթների ընթացքում, հայեցակարգը վարչապետի մոտ կքննարկվի և կընտրվի առավել արդյունավետ ու վերջնական տարբերակը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շրջանակներում, որը 2011-15թթ-ի համար Հայաստանին տրամադրել է 10 մլն դոլար, ևս հարցը բարձրացվել է, կա որոշակի դրական պատասխան. «Տիկին Մոնիկը մեզ առաջարկել է, որպեսզի առաջին հերթին մենք ուենանք մեր գործողությունների պլանը, որոշենք, թե ինչ գործողություններ ենք պատրաստվում իրականացնել և ինչ ձևով ու ինչ կարգով, այդ ժամանակ էլ կորոշվի ԳԷ իմնադրամի մասնակցությունը»,- պարզաբանեց նախարարը։

Հարցին, թե իչպիսին է նախարարի կարծիքը հարցի վերջնական լուծման վերաբերյալ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Մեր կարծիքը դեռևս չենք ձևավորել, որովհետև պետք է տանք դրա գնահատականը՝ ինչ տեխնոլոգիայով ենք դա իրականացնելու՝ վառարանների միջոցով, ինչպիսի ջերմաստիճանում և այլն։ Այսինքն՝ դա ավելի շատ մասնագիտական խնդիր է, և մենք այս պահին դեռևս հանրության համար անհրաժեշտ ինֆորմացիա չունենք, որպեսզի հայտարարենք, որ կանգնել ենք այս տարբերակի վրա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter