HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետպատվերով սովորող ջավախքցի ուսանողները պարտադիր վրացերեն կսովորեն Հայաստանում

Ջավախքցի այն ուսանողները, որոնք հաջորդ տարվանից պետպատվերով կըդունվեն պետական բուհեր, իրենց հիմնական դասերից զատ` պարտավոր կլինեն հաճախել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացված վրացագիտության կենտրոնի վրացերեն լեզվի դասաժամերին, ունենալ կրեդիտներ վրացերենից։ Վճարովի համակարգում սովորողների համար այս պայմանը պարտադիր չէ։ «Եթե մեր հայրենակիցը գալիս է Հայաստան և կրթաթոշակ է շահում և ստանում, ապա մենք իրեն պարտադրելու ենք վրացերենի իմացության չորս տարվա կուրսերը, և այդքանով կարող ենք մեր լուման ունենալ երիտասարդ, մեր նոր մասնագետների, կադրերի արտագաղթը կանխելու մեջ»,- պատասխանելով «Հետքի» հարցին` այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Փաստորեն Երևանում բացվեց վրացագիտական երկրորդ կենտրոնը, որտեղ պետք է վրացերեն սովորեն նաև ջավախքցի ուսանողները։ Ավելի նպատակահարմար չէ՞ր այդ ռեսուրսներն ուղղել դեպի Ջավախք և նմանատիպ հայ-վրացական համատեղ կենտրոն կամ բուհ բացել հենց տեղում, որպեսզի  ջավախքցի ուսանողները տեղում մնային, և այս քայլով չնպաստեիք նրանց արտագաղթին» հարցին` Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իրենք տեղյակ են ԵՊՀ-ում գործող վրացագիտության կենտրոնի մասին, սական այդ կենտրոնը այլ նպատակներ է հետապնդում՝ գիտական հետազոտություններ է անում` զուգահեռաբար դասավանդելով նաև լեզու, բայց այդ կենտրոնի առաքելությունը գիտությունն է և  Հայաստան-Վրաստան պատմական ու մշակութային կապերի ուսումնասիրությունը: Ա. Աշոտյանի խոսքով` Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացված կենտրոնը լոկ լեզվի դասավանդման առաքելություն է ունենալու։ Աշոտյանը նաև հավելեց, որ Ջավախքում վրացերենի ուսուցանման համար ավելի շատ պայմաններ են ստեղծվում, հայերենին զուգահեռ ստեղծվում է հնարավորություն ուսումնասիրել նաև վրացերենը։ «Ցանկության դեպքում կարելի է ուսումնասիրել նաև Վրաստանում, և մենք այստեղ Ջավախքի ուսանողների համար դա ցանկության խնդիր չենք թողել»,- հավելեց Ա. Աշոտյանը։ Իսկ հայ-վրացական համալսարանի խնդրի հետ կապված նախարարն ասաց, որ հարցը քննարկել է նաև Ջավախքում, բայց ոչ մի հիմնավորում չի արդարացրել համալսարանի ստեղծման գաղափարի իրականացումը։ «Հակառակը` ամբողջ հիմնավորումները հետևյալն էր՝ ունենալ կրթության հնարավորություն Ջավախքում հայկական դիպլոմ ստանալու ցանկությամբ, վրացերենը կսովորեն, թե չէ այնտեղ՝ ես մեծ կասկածներ ունեմ»,- ասաց նախարարը և հավելեց, որ իրենք փորձում են վրացերենի ուսումնասիրման համար ստեղծել պայմաններ, Բրյուսովի անվան համալսարանի կրթական ծրագրերը հարստացնել ևս մեկ լեզվով և միաժամանակ Վրաստանի քաղաքացի հայերին տալ հնարավորություն՝ չկտրվել վրաց հասարակություն վերադառնալու հնարավորությունից: «Կվերադառնան, թե չէ՝ ոչ ոք չգիտի: Ցավոք սրտի, շատ հաճախ են դեպքերը, երբ վրացական անձնագրով մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, փոխում են անձնագիրը, հետո խոսում են Ջավախքի հայաթափման մասին»,- ավարտեց Արմեն Աշոտյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter