Ախալքալաքի ռուսական դպրոցում սովորում է գրեթե նույքան հայ աշակերտ, որքան տեղի երեք հայկական դպրոցներում
Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներն այսօր հուշագիր ստորագրեցին։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այդ հուշագիրը համառոտ բնութագրեց որպես երկու գերատեսչությունների միջև եղած հարաբերությունների դաշտը համալրելու նոր փաստաթուղթ։ Մասնավորապես, այդ հուշագրով կողմերը պարտավորություն են ստանձնել աջակցել Վրաստանում հայալեզու դպրոցների կրթական կարիքների և նյութերի բավարարման հարցում, իսկ վրացական կողմը պարտավորություն է վերցրել Հայաստանում գործող վրացագիտական կենտրոններին համարժեք աջակցություն ցուցաբերել։ Հուշագիրը շուտով կտեղադրվի ԿԳՆ կայքում, իսկ մինչ այդ երկու երկրների նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Առավել անհանգստացնող հարցը հայերենի դասաժամերի կրճատումն էր, որին Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինը խուսափողական պատասխան տվեց և միաժամանակ նշեց, որ հաջորդ տարի հարցը կվերանայվի և դասաժամերը, հնարավոր է, որ ավելանան։
Անդրադարձ եղավ նաև Վրաստանի հայկական դպրոցներում հայկական դասագրքերի որակին։ Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինը այստեղ էլ պատասխան ուներ. Վրաստանում դասագրքերի հարցը գլխացավանք է նաև իրենց նախարարության համար, որը նաև նախապատմություն ունի։ 5 տարի առաջ նախարարությունը որոշել է ավելի ազատական վերաբերմունք ցուցաբերել հարցին։ Դասագրքերը Վրաստանում կառավարության իրավասության ներքո չեն, դաշտում բաց շուկա է, որտեղ հրատարակողներն իրենք են մշակում և ստեղծում դասագրքերը։ Եվ հեղինակային իրավունքները հրատարակիչներին են պատկանում։ Կառավարությունը չի մատակարարում այդ դասագրքերը աշակերտներին, աշակերտներն իրենք են գնում դրանք։
«Ցավոք սրտի, պետք է համաձայնվեմ ձեզ հետ, որ որոշ գրքերի որակը, և դա միայն հայերենի դասագրքերին չի վերաբերում, ցածր է»,- ասաց Դիմիտրի Շաշկինը։
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող միասնական ուսումնական ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունն արդեն կսկսի միջամտել այս գործընթացին և կունենա դասագրքերի հետ կապված որոշակի իրավունքներ։ Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունները համաձայնության են եկել նաև այս հարցում, և երբ հայկական դասագրքերը պատրաստ կլինեն, նախնական տարբերակները կուղարկվեն Հայաստան, որպեսզի դրանք որոշակի ստուգում անցնեն՝ խուսափելու հնարավոր սխալներից։ «Եվ մենք շատ գնահատում ենք այս օգնությունը, որ ցուցաբերում է հայկական կողմը»,- ասաց Դ. Շաշկինը։
Արմեն Աշոտյանն էլ ավելացրեց, որ երբեմն հայկական դասագրքերի թարգմանչական որակը ևս այնքան էլ բարձր չի լինում, և Կրթության ազգային ինստիտուտի փորձագետների հետ մեկտեղ կփորձեն աշխատել հայկական դպրոցների դասագրքերի որակի և բովանդակության վրա։
Լրագրողներին հետաքրքրեց նաև Վրաստանի հայկական դպրոցներում հայ ժողովրդի պատմություն առարկայի պաշտոնականացման ապագան, այսինքն՝ հնարավոր է, որ այն ապագայում ֆակուլտատիվ դասաժամից դառնա հիմնական առարկա, կամ հայոց լեզուն ապագայում Վրաստանի հայկական դպրոցներում դառնա ոչ թե հիմնական, այլ երկրորդ լեզու։
Վրաստանի կրթության նախարարը խուսափեց հստակ պատասխանել նաև այս հարցերին. «Այս պահին չեմ ուզում դեռ ապագայի մասին խոսել՝ չցանկանալով հնարավորություն տալ մեկնաբանությունների համար»։
Այդուհանդերձ, նախարարը որոշ պարզաբանումներ արեց, համաձայն որի՝ հայկական դպրոցները Վրաստանի միասնական կրթական ծրագրի մաս են կազմում, և նրանց ուսումնական ծրագիրը հիմնված է Վրաստանի կրթական համակարգի վրա։ «Մենք` որպես Վրասանի կառավարության ներկայացուցիչներ, հասկանում ենք անհրաժեշտությունը՝ օգնելու հայերին սովորել նաև վրացերեն լեզուն։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ, ցավոք սրտի, այս պահին դեռևս չենք կարող բավարարել այն բոլոր կարիքները, որոնք որ այս դպրոցում սովորող աշակերտներն ունեն»,- ասաց Դիմիտրի Շաշկինը։
Ըստ նախարարի` այդ իսկ պատճառով պատմության մեջ առաջին անգամ որոշում է ընդունվել, որպեսզի հայկական դպրոցների շրջանավարտներն ընդունվեն բուհեր և ավագ դպրոց միայն մեկ՝ տրամաբանության քննությունը հանձնելով։ Օրինակ՝ վրացական դպրոցների աշակերտները բուհ կամ ավագ դպրոց ընդունվելու համար հանձնում են 4 քննություն՝ վրացերեն, վրաց գրականություն, տրամաբանություն և մեկ առարկա իրենց ընտրությամբ` 8 առարկաներից։ Հայկական դպրոցների շրջանավարտները կարող են հայերենով հանձնել տրամաբանությունը և նախապատրաստական շրջանն անցնելուց հետո անցնել մյուս առարկաները վրացերենով։ Դիմիտրի Շաշկինի տվյալներով, ավելի քան 200 աշակերտ կառավարության ֆինանսական օգնությամբ կարողացել է անցնել այս ճանապարհը։
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմություն առարկայի հարցին, ԿԳ նախարարը նշեց, որ այն Վրաստանի դպրոցներում դասավանդվում է համաշխարհային պատմություն առարկայի շրջանակներում. «Այդպիսի առարկա՝ հայ ժողովրդի պատմություն չկա, որովհետև այդ պարագայում մենք պետք է ունենանք առանձին երկրի առանձին պատմության դասեր»։
Դիմիտրի Շաշկինը մեկ այլ արդարացում էլ գտավ. Վրաստանում յուրաքանչյուր դպրոց 25 % ազատ ընտրության hնարավորություն ունի, այսինքն` բացի միասնական կրթական ծրագրից` 25 %-ը տնօրինելու իրավասություն ունի։ «Վրաստանի պետական դպրոցները շատ ապակենտրոնացված են։ ԿԳՆ-ն ընդամենը ուղղություն է տալիս, իսկ դպրոցների ինքնակառավարումը որոշում է, թե ինչպես կարելի է դրանից օգտվել»,- պարզաբանում է նախարարը։
Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ այդ 25 տոկոսի հաշվին մի շարք հայկական դպրոցներում դասավանդվում է հայ ժողովրդի պատմություն առարկան։ Աշոտյանը նշեց, որ կա նաև երկրորդ տարբերակը՝ արտալսարանային ֆակուլտատիվ աշխատանքի հնարավորություն։
ՀՀ ԿԳ նախարարն այս համատեքստում ցավով նշեց, որ թե' հայ, թե' վրացական կրթական համակարգում պակասում է աշակերտների թիվը՝ արտագաղթի մեծանալու հաշվին։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Վրաստանում ապրող հայերը իրենց երեխաներին գերադասում են տանել ռուսական դպրոցներ։ Իր Ախալքալաք կատարած ամռան այցը հիշելով՝ նախարարը նշեց, որ քաղաքի միակ ռուսական՝ Վլ. Մայակովսկու անվան դպրոցում սովորում է գրեթե նույքան հայ աշակերտ, որքան տեղի երեք հայկական դպրոցներում. «800 հայ աշակերտ կար ռուսական դպրոցում, 900 հայ աշակերտ կար երեք հայկական դպրոցում միասին վերցրած»։
Նախարարը այս հանգամանքը պայմանավորեց նախ հայերի ցանկությամբ, քանզի, ըստ նրա, ռուսական կրթությունը հնարավորություն կտա արտագաղթի դեպքում ընտրել Ռուսաստան գնալու ճանապարհը։ «Այսինքն՝ շատ հաճախ մեր հայրենակիցներն այնտեղ խուսափում են ինտեգրվելու քայլեր անելուց»,- եզրակացրեց ԿԳՆ նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել