Արցախի կառավարության նիստը սկսվել է շնորհավորանքով
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նիստը սկսվեց շնորհավորանքով՝ ուղղված կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանին, ով սեպտեմբերի 18-ին ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետ:
Օրակարգային առաջին հարցերը, որոնք ներկայացրեց տնտեսական զարգացման նախարար Կ.Եսայանը, այդ ոլորտի առանձին խնդիրների կարգավորմանն են միտված: Գործադիրը նախ հավանություն տվեց համակարգիչների մատչելիության բարձրացման ծրագրի իրականացման կարգին, որով կկարգավորվեն պետական աջակցության ապահովման հարաբերությունները:
Մասնավորապես նախատեսվում է անհատական համակարգիչների օգտատերերի ավելացում և համագործակցություն մատակարարների հետ: Այդ նպատակով ծրագրվում է 2011թ. ընթացքում հատկացնել 10 մլն դրամ: Վարչապետ Ա.Հարությունյանը նախարարին հանձնարարեց հանրությանը իրազեկել մեկնարկող ծրագրի մասին և տալ անհրաժեշտ պարզաբանումներ բոլոր շահառուներին:
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունը աջակցություն կցուցաբերի նաև ԼՂՀ գործարարների նորաստեղծ միությանը և այն մասնագետներին ու փորձագետներին, ովքեր պատրաստ են ներգրավվելու տնտեսական հետազոտությունների և նախագծային աշխատանքներում: Գործարարների միության համար նախատեսվող աջակցության գումարը այս տարի կկազմի մինչև 10 մլն դրամ, իսկ մասնագետների համար պարգևավճար է սահմանվել 2 մլն 500 հազար դրամի չափով:
Կառավարությունը հավանություն է տվել սոցապնախարարության ներկայացրած կարգին, որով կկազմակերպվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները և տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով ԼՂՀ-ում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը:
Ըստ հաստատված կարգի՝ բնակելի տունը սեփականության իրավունքով տրամադրվում է այն վերաբնակ ընտանիքին, որը տվյալ բնակարանում ապրել է 10 տարի: Բնակարանը համատեղ սեփականություն է հայտարարվում ընտանիքի՝ այդտեղ փաստացի բնակվող բոլոր անդամների համար:
Սոցիալական նշանակության մի այլ որոշմամբ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող բնակարանների կահավորման համար այսուհետև կառավարությունը կհատկացնի 2 մլն 500 հազարա դրամ՝ նախկին 2 մլն-ի փոխարեն:
Նիստում հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը: Այն սահմանում է հանրակրթության պարտադիր նավազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Չափորոշիչի նորմերը պարտադիր են Արցախում գործող բոլոր կրթարանների համար:
Կառավարությունը փոփոխություն է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին նյութական օգնություն տրամադրելու՝ մինչ օրս գործող կարգում: Ըստ այդմ՝ Արցախի առողջապահության նախարարությունը օգնություն է տրամադրում ներքին ընթացակարգով՝ սրտի վիրահատությունների և չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի, բացառիկ դեպքերում նաև մինչև 18 տարեկան, հազվադեպ հիվանդություններով տառապող անձանց բուժման դիմաց՝ անհրաժեշտ գումարի մինչև 50%-ը, որը չպետք է գերազանցի 2 մլն դրամը:
Առողջապահական նշանակության երկրորդ որոշմամբ գործադիրը հաստատել է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը: Նպատակ է հետապնդվում ապահովել բուժօգնության օղակին հատկացվող ռեսուրսների ծավալի ընդլայնումը և որակի բարելավումը, բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրը:
Նիստում կառավարությունն ընդունել է ԼՂՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման 2011թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը): Ի մասնավորի արձանագրված է, որ 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմել է շուրջ 595 հազար հեկտար, որից 10,6 հազար հեկտարը՝ ոռոգվող: Վարելահողերի ընդհանուր մակերեսն է մոտ 140 հազար հեկտար: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել