Հայ մարզիկները պատրաստվում են Լոնդոնի պարալիմպիկ խաղերին
Մինչ 2012 թվականի Լոնդոնում Պարալիմպիկ խաղերի մեկնարկը մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ, իսկ սպորտային աշխարհում կարևորագույն այս միջոցառմանը պատրաստվելու համար մարզիկների համար էական է յուրաքանչյուր օրը:
1948 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին Պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թ.: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թվականի Պեկինի խաղերին' 146 երկրի 3951 ներկայացուցիչ:
Պարալիմպիկ խաղերին ըստ արժանվույն ներկայանալու համար հայ մարզիկներն այս օրերին ակտիվորեն մարզվում են: Պարապմունքների ընթացքում պարալիմպիկ 11 հայ մարզիկներին է հանդիպել լուսանկարիչ Վիգեն Մնոյանը և 22 լուսանկարի միջոցով փոխանցել նրանց' խոչընդոտները հաղթահարելու կորովն ու ցանկությունը:
2012 թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Երևանում Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեն, Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, կազմակերպում են մարզաձևերի ցուցադրություն և լուսանկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսի այցելուները քվեարկության արդյունքում կընտրեն երեք լավագույն լուսանկար, իսկ դրանցում պատկերված մարզիկները կստանան նվերներ Օլիպիական խաղերի պաշտոնական հովանավոր «Սամսունգ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից:
Երևանում Բրիտանական դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար Մարիա Սադոյանը տեղեկացնում է, որ լուսանկարներին կից ներկայացվելու են նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների պատմությունները, որոնցից յուրաքանչյուրը սեփական հաջողություներն ու նվաճումները կերտելու օրինակ է:
Լուսանկարներն այնուհետև տեղադրվելու են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքի էջում:
Սեպտեմբերի 29-ին պարալիմպիկ մարզիկները, «Փյունիկ» հաշմանդամների միության, Երևանում Բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները կբարձրանան Արագած լեռան գագաթը:
Հայ մարզիկները հայկական դրոշը կբարձրացնեն ավելի քան 3000 մետր բարձրության վրա' Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ խորհրդանշական այս քայլով հաստատելով հաղթանակին հասնելու իրենց պատրաստակամությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել