HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն տարածքը վաճառել է, Գոհարիկը 1997 թ.-ից բնակարանի է սպասում

Երեւան քաղաքի Արա Սարգսյան 6 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի առաջին հարկն ամբողջությամբ վաճառքի է հանված, տրվում է նաեւ վարձով: Զբաղեցնում է 360 քմ: Քառակուսի մետրի նվազագույն արժեքը 1200 դոլար է, այսինքն` ամբողջ տարածքի արժեքը 432.000 դոլար է:

Տարածքի լուսամուտի ապակու վրա երկու հեռախոսահամար է նշված: Պատասխանողը ներկայանում է Մամիկոն անունով: Հեռախոսազրույցի ընթացքում Մամիկոնն ասաց, որ տարածքում կոմունալ պայմաններ կան, եւ ինչպես ուզենանք, այնպեսէլ կարող ենք օգտագործել` բնակվել, գրասենյակ բացել, վարսավիրանոց եւ այլն: Շենքը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների համար է կառուցված, իսկ բնակարանները բաշխված են նրանց ընտանիքներին: Թե ինչու է ՊՆ-ի շենքում տարածք վաճառվում, փորձեցինք պարզել հենց նախարարությունից: ՊՆ-ից ստացած մեր հարցման պատասխան- գրության մեջ ասված է, որ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն` շենքի առաջին հարկը ոչ բնակելի տարածք է եւ նախատեսված է որպես խանութ: Տվյալ շենքի սեփականատերը ՊՆ-ն է, որն էլ իրականացրել է տարածքի օտարումը: Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց, 39/5 շենքը եւս ՊՆ-ն է կառուցել զինծառայողների համար, սակայն այս շենքի առաջին հարկը բնակելի է, եւ տարածքը չի վաճառվել, չեն վաճառվել նաեւ ՊՆ-ի կառուցած այլ շենքերի առաջին հարկերի տարածքները: ՊՆ-ին ուղղված մեր հարցերի մի մասը մնացել են անպատասխան, մի մասի պատասխաններն էլ թերի են: Մենք ցանկանում էինք նաեւ հարցարզույց անցկացնել, որպեսզի խուսափենք սխալներից, բայց նախարարության համապատասխան պաշտոնյաները որոշել են գրավոր պատասխանել, ավելի ճիշտ` չպատասխանել հարցերին: «Ո՞ւմ է պատկանում Ա. Սարգսյան փողոցի շենքի առաջին հարկի տարածքը» հարցի պատասխանը չի տրվել: Մամիկոնը, ով սկզբում ներկայացել էր որպես սեփականատեր, ասաց, որ Արամ Սարգսյան փողոցի 360 քմ տարածքի համար «բյուջե են մուծել եւ վերցրել», իսկ երբ հարցրինք, թե ինչքան են վճարել, Մամիկոնն ասաց, որ «պետք է սեփականատերերից ճշտի, բայց հրաժարվեց նշել նրա (նրանց) անունը: Ճշտելուց հետո էլ ասաց, որ սեփականատերը չի ուզում զրուցել մեզ հետ եւ պատասխանել մեր հարցերին. «Ինձնից դուրս չգա, ումից ուզում է` դուրս գա»,- ասաց Մամիկոնը: Մեր տեղեկություններով` այս տարածքը պատկանում է ՊՆ-ի բարձրաստիճան մի սպայի, ինչի մասին իմանալով` լռել է նաեւ ՊՆ-ն: Եթե տարածքը նախատեսված է եղել որպես խանութ, ինչո՞ւ է այն վաճառվում: Նշենք, որ ՊՆ-ի եւ մյուս գերատեսչությունների գույքի օտարումը կատարվում է միայն Կառավարության որոշման հիման վրա, բայց Կառավարությունը նման որոշում չի ընդունել: «Եթե օտարվում էր, ինչո՞ւ չէր հայտարարվում կամ տեղյակ պահվում այն զինծառայողներին, ովքեր, տասնյակ տարիներ հաշվառված լինելով բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ցուցակում, անտեղյակ են: Դա բոլոր նրանցն է, ովքեր ծառայում են այդ համակարգում, իրենց ժողովրդի ու երկրի համար, ովքեր ունեզուրկ, տնազուրկ են, բայց` ոչ հոգեզուրկ, այդքան տարածքում չորս-հինգ ընտանիք կարող էր երջանկանալ,- հարցնում է խմբագրություն այցելած, ՊՆ-ի բնակարանային հերթացուցակում հաշվառված Գոհարիկ Գրիգորյանի ամուսինը` Հեկտոր Գրիգորյանը: «Իրենք (ՊՆ-ից) մեզ ասում են, որ ոչ մի տարածք կամ բնակարան չունենք, որ ձեզ հատկացնենք: Բա ո՞նց են վաճառում»,- ավելացնում է Գոհարիկ Գրիգորյանը: Նա 1994-ից մինչեւ 2007 թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունի կապիտանի կոչում: Կենսաթոշակային տարիքի հասնելու կապակցությամբ արձակվել է պահեստազոր: Նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում կազմում է 12 տարի 10 ամիս: 1997 թ.-ից ընդգրկվել է բնակարանային հաշվառման մեջ, հետո ընդհանուր ցուցակից նրան հանել եւ մտցրել են թոշակառուների ցուցակի մեջ, սակայն մինչ օրս բնակարանով չեն ապահովել: Գոհարիկ Գեւորգյանը ամուսնու եւ 4 դուստրերի հետ ապրում է վարձով: Ընտանիքի անդամներից ոչ մեկը անշարժ գույք չունի: Նա հիմա զինվորական կենսաթոշակ է ստանում, որը նույնիսկ չի բավարարում բնակվարձին: Գոհարիկը դիմել է ՊՆ փոխնախարար Արա Նազարյանին: «Ասացի, որ հնարավորություն չունենք, ամուսինս չի աշխատում, հիվանդ է, միայն թոշակով անհնար է, երեխաներս ուսանող են»,- պատմում է Գոհարիկ Գեւորգյանը: Դրանից հետո նրան առաջարկել են Զեյթունի ուսանողական հանրակացարանում մեկսենյականոց բնակարան` 50քմ, որն իրենց փորձել են ներկայացնել որպես 80 քմ եւ առաջարկել հրաժարվել իրենց հերթից: Քանի որ Գոհարիկին հասնում է 4-սենյականոց բնակարան, նա չի համաձայնվել: «Եթե նախարարությունը չի կարողանում իր զինծառայողին ապահովել, ո՞նց է տարածք վաճառում»,- հարցնում է Հեկտորը: Գոհարկիը բազմիցս դիմել է պաշտպանության նախարարություն` խնդրելով ապահովել իրեն բնակարանով կամ գոնե բնակվարձը փոխհատուցել, բայց ամեն անգամ բացասական պատասխան է ստացել: Գոհարիկ Գրիգորյանն ասում է, որ ինքը բնակարանային առաջնահերթության իրավունք ունի, քանի որ ավելի քան 10 տարվա ծառայություն եւ բազմանդամ ընտանիք ունի: Նա դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել Պն-ին լուծել բնակարանի խնդիրը: «Ինձանից ավելի ուշ հերթագրվող մարդը ինձանից շուտ բնակարան է ստացել, բայց ես ավելի երկար էի ծառայել»,- ասում է Գոհարիկը: Այս տարվա ապրիլի 22-ի դատական նիստում ՊՆ-ի ներկայացրած տեղեկությունների համաձայն` բնակհաշվառման մեջ են գտնվում ընդհանուր 117 նախկին զինծառայողներ, որոնցից 18-ը բնակհաշվառման են ընդգրկվել մինչեւ 1997 թ., 5 զինծառայող` 1997 թ., իսկ մնացածը` դրանից հետո: ՊՆ-ն պատասխան-հիմնավորումներում նշել է, որ բացի նշված թվերից, կան 1000-ից ավելի բնակարանի կարիք ունեցողներ, այդ թվում` զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների ընտանիքներ, եւ միանգամից այդքանին բնակարանով ապահովել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է բնակվարձը ՊՆ-ի կողմից վճարելուն, ապա ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ բնակելի տարածքի վարձակալության համար ամսական դրամական փոխհատուցում ՀՀ Կառավարությունը սահմանել է, բայց` զինծառայողներին, այլ ոչ թե ծառայությունից արձակված եւ պահեստազորում գտնվող նախկին զինծառայողներին: Յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագծում նախատեսվում են համապատասխան միջոցներ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության համար սահմանված ծախսերի իրականացման համար: Օրինակ` 2009-ին նախատեսված է եղել «Զոհված եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողներ անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովում եւ բնակարանային պայմանների բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվող միջոցառումների համար հատկացված է եղել 3 մլրդ դրամ: Սակայն գործով պատասխանատու երրորդ կողմ ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ Գոհարիկը, արձակվելով պահեստազոր, տեղափոխվել է զինթոշակառուների բնակարանային հաշվառման ցուցակ, որտեղ 22-րդն է, եւ նրա կարգավիճակից ելնելով` չի ներառվել վերոնշյալ ծրագրում, ուրեմն նրա պահանջն էլ անհիմն է: Ավելին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը կամ այլ իրավական ակտ չի սահմանում կոնկրետ ժամկետներ, որոնց ընթացքում կենսաթոշակի անցած եւ բնակարանային հաշվառման մեջ գտնվող նախկին զինծառայողները պետք է ապահովվեն բնակարանով: Այսինքն` ՀՀ օրենսդրությունը ոչ ՊՆ-ի, ոչ էլ ֆինանսների նախարարության վրա չի դրել կոնկրետ ժամկետային պարտավորություն, որի համաձայն` ՀՀ-ն պարտավոր է ինչ-որ ժամկետում նախկին զինծառայողին բնակարանով ապահովել: Դատարանն էլ, այս հանգամանքի վրա հիմնվելով, մերժել է հայցը` հավելելով. «ՀՀ-ն չի ստանձնել դրա անմիջապես կատարման պարտավորությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter