2011-ին կհատենք նախաճգնաժամային ամենաբարձր ցուցանիշի շեմը
2011 թվականին նախատեսվում է համախառն ներքին արդյունքի 4-6 % աճ։ 2011թ-ի պետական բյուջեն ներկայացնելիս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեն կարելի է բնորոշել որպես կայուն տնտեսական զարգացման բյուջե, իսկ մակրոտնտեսական կանխատեսումների համար հիմք են հանդիսացել այս տարվա սպասումները։
«2011 թվականին մենք ոչ միայն կհանտենք 2008թ-ի մակարդակը, այլև կանցնենք առաջ, այսինքն՝ 2011թ-ին կանցնենք նախաճգնաժամային ամենաբարձր ցուցանիշի մակարդակը և ըստ էության կվերականգնենք նոմինալ ծավալներով՝ տնտեսության ծավալները արժեքային արտահայտությամբ»,- նշեց Տիգրան Դավթյանը։
ՀՆԱ-ի արդյունքը հաջորդ տարվա համար նախատեսված է մոտ 3.7 տրիլիոն դրամի ծավալով։ Ըստ ֆինանսների նախարարի՝ դա կնշանակի, որ հաջորդ տարի կվերականգնվի տնտեսության նոմինալ արժեքային ծավալը՝ 2008-ի հետ համեմատ։
Ճգնաժամի հետևանքով տնտեսության կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաև փոփոխվել են ոլորտային համամասնությունները։ Ֆինանսների նախարարը ուրախալի փաստ համարեց այն, որ տնտեսության իրական հատվածը՝ արդյունաբերությունը, էներգետիկայի և ծառայությունների մասնաբաժիններն էականորեն ավելացել են, չնայած նվազել են շինարարության և գյուղատնտեսության ծավալները։
Հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 1 տրիլիոն դրամ։ Սա մոտ 63 մլրդ-ով ավելի է, քան նախատեսված էր այս տարվա համար։ «Կարծում ենք, որ տնտեսությունը, չնայած դժվարություններին և չնայած դանդաղ ընթացքին, որը բնական է ետճգնաժամային շրջանի համար, մենք արդեն մտնում ենք հստակ կայուն տնտեսական զարգացման փուլ, և բյուջեի ցուցանիշներն ու մակրոտնտեսական ցուցանիշները դրա մասին վկայում են»,- ասաց Տիգրան Դավթյանը։
Նախատեսված է նաև եկամուտների ծավալի աճ՝ շուրջ 850 մլրդ դրամի չափով։ Հարկային եկամուտների ծավալը կկազմի 650 մլրդ դրամ՝ այս տարվա պլանավորած 570 մլրդ դրամի փոխարեն։ Այս ավելացումը, ըստ նախարարի, կձևավորվի տնտեսության աճով և վարչարարության բարելավմամբ։
Հաջորդ տարվա պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 148.6 մլրդ դրամ։ ՀՆԱ-ի և դեֆիցիտի հարաբերկցությունը այս տարի նախատեսված էր 6 տոկոս, ինչը Տիգրան Դավթյանի կարծիքով՝ տարվա վերջ ամփոփվող արդյունքներում 5 տոկոսից ցածր ցուցանիշ կլինի, իսկ 2011-ի համար նախարարը կանխատեսում է 3.9 տոկոս դեֆիցիտի մակարդակ։ Ավելին, նախարարը համոզված է, որ 1-2 տարուց Հայաստանը դեֆիցիտի մակարդակը կհասցնի 3-ից նվազ ցուցանիշի (1 տոկոսի դեֆիցիտը մոտ 40 մլրդ դրամ է), ինչը կհամապատասխանի նաև եվրոպական երկրների ցուցանիշներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել