HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ. «Տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք»

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքից սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես:

Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն Մոնտեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծառ տնկել հիշատակի պուրակում: 

Սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի և Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության հզորացման:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաև Հայաստանի քաղաքացիների ներուժը: Նախագահի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին:

«Մենք տերն ենք և բացթողումների, և ձեռքբերումների»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, անշուշտ, այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում կարող էինք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ գործարարներին՝ անցած քսան տարիների ընթացքում հայրենիքի հզորացմանն ուղղված իրենց գործունեության համար: «Հույս ունեմ, որ ընդհանուր ջանքերով մենք տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք»,-ասել է Նախագահը:

Լոս Անջելեսում Սրբոց Ղևոնդյանց նորակառույց առաջնորդանիստ եկեղեցում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պատարագին, որը համատեղ մատուցել են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Կիլիկիո կաթողիկոսության նույն թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Եկեղեցուն հարակից առաջնորդարանի կենտրոնում այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն, որտեղ Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև թեմական խորհրդի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի արևմտյան ափում բնակվող հայազգի բարերարների հետ: Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ամերիա» խմբի ներկայացուցչության բացման արարողությանը:

Լոս Անջելեսում նախագահ Սարգսյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը ևս: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր բոլոր  հայրենակիցները, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այդ ափում, անպայման հնարավորություն կգտնեն գոնե մեկ անգամ այցելելու մեր հյուպատոսարան:

«Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում և՛ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, և՛ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետև շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, որ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին հնարավորություն տվեց մեր հայրենակիցներին մուտք գործելու Միացյալ Նահանգներ, հնարավորություն տվեց արժանապատիվ ապրելու, զարգանալու, ինտեգրվելու այս հզոր երկրի հասարակության մեջ՝ ճանաչելի դարձնելով իր պատմական հայրենիքը: Մենք հպարտանում ենք ձեզնով և ամեն ինչ անելու ենք, որ դուք էլ մեզնով հպարտանաք»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև տեղի իշխանություններին:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, իսկ մինչ այդ, Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:

Մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երևանյան այցից և համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի և Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում:

Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը և չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երևանում ՀՀ նախագահի և հայ հանդիսատեսի կողմից:

Խոսելով իր ծրագրերի մասին՝ աշխարհահռչակ տենորը նախագահ Սարգսյանին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter