HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակային բարեփոխումների և քաղաքական ռիսկի մասին

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում է, որ կենսաթոշակային բարեփոխումների քննարկվող փաթեթը ձգձգվում է, որովհետև քաղաքական ռիսկ կա: Այսինքն` եթե կառավարությունը սկսի կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնել, ժամանակավորապես չի կարողանա բարձրացնել կենսաթոշակներն այնքան, որքան կարող էր, որովհետև այդ գումարները պետք է գնան անձի համար նախատեսված ֆոնդին: Ըստ նոր փաթեթի` մինչև 40 տարեկան աշխատողները մուծում են իրենց եկամտից 5 %-ը, և 5% էլ` մինչև 25 հազար դրամ, ներդնում է պետությունը: Այս գումարները բավական մեծ են, որը պետությունը կարող էր օգտագործել այսօրվա կենսաթոշակները բարձրացնելու համար և ոչ թե վաղվա կենսաթոշակառուին բարձր թոշակ տալու համար: Հակոբ Հակոբյանը նշում է, որ գործող կառավարությունը գնացել է այդ ռիսկին` հայտարարելով, որ այսօրվա սերունդը թող ունենա որոշակի դժվարություններ պայմանով, որ այսօրվա երիտասարդները վաղը լինեն ապահովված: «Այսօր եթե դուք աշխատում եք, վճարում եք ձեր ծնողների` կենսաթոշակ ստանալու համար, ապա կենսաթոշակային ռեֆորմն իրականացնելուց հետո դուք վճարելու եք մի մասը ծնողների, մի մասը` ձեր համար: Եվ այն մասով, որը դուք վճարելու եք ձեր ապագայի համար, պետությունը մասնակցելու է և օգնելու է ձեզ. յուրաքանչյուր քաղաքացուն մինչև 40 տարեկան»,- բացատրում է Հակոբ Հակոբյանը: Կենսաթոշակային բարեփուխումների փաթեթը ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից:  Նոր բարեփոխումները կենսաթոշակի անցնելու տարիքը նախատեսում է 65 տարեկանից: Հակոբ Հակոբյանը նշեց, որ այս հարցը քննարկվելու է: Փաթեթն ընդգրկել է մինչև 40 տարեկան այն քաղաքացիներին, վարձու աշխատողներին և անհատ ձեռներեցությամբ զբաղվող անձանց, ովքեր վճարելու են իրենց եկամտի 5 %-ը, գումարած` պետության 5 %-ը, իսկ կուտակային հիմնադրամում գոյացած գումարը երաշխավորված ձևով կառավարվելու է ֆոնդերի կառավարիչների կողմից:  Հսկողությունն իրականացնելու է Կենտրոնական բանկը: 23 տարի հետո պետության կողմից երաշխավորված կարգով թոշակառուները կստանան այդ գումարները: Այս փաթեթի մասնակիցները բոլոր այն քաղաքացիներն են, որոնք ունեն աշխատանք: Սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ տարբեր չափի աշխատավարձ ստացած մարդիկ, եթե նույնչափ աշխատանքային փորձ ունեն, ստանում են նույն թոշակը: «Հեչ արդարացի չէ»,- կարծում է Ա. Բախշյանը և նշում, որ նախորդ բարեփոխումների ժամանակ նույն ձևով գովաբանվում էր գործող փաթեթը, սակայն հիմա բազմաթիվ դժգոհություններ են հնչում, ինչը հնարավոր է նաև լինի նոր փաթեթի պարագայում: «Մեր նպատակը նա է, որ այն քաղաքացին, որ շատ կստեղծի, թող բարձր կենսաթոշակ ստանա, այն քաղաքացին, որը քիչ կստեղծի, թող քիչ ստանա»,- պատասխանում է Հ. Հակոբյանը: Հակոբ Հակոբյանը ևս նշեց, որ գործող համակարգը մի հանգամանք է հաշվի առել, որի դեմ 10 տարի պայքարում են, այն է, թե քանի տարի է աշխատել անձը. եթե նա աշխատել է 10 տարի  և պետությանը վճարել է 5 մլն սոցվճար, մյուսն աշխատել է 30 տարի ու 500 հազար դրամ սոցվճար է մուծել, արդյունքում կստացվի, որ 500 հազար սոցվճար մուծողը ստանում է ավելի բարձր կենսաթոշակ, քան 5 մլն վճարողը: Նոր համակարգը, ըստ Ա. Բախշյանի, վստահության դեռևս զրոյական պաշար ունի, քանի որ պետությունը պահանջում է, որ քաղաքացին ներդնի, բայց իր մասով չի երաշխավորում: «Ինչո՞ւ վստահենք կառավարչին, մեր փողերը տանք, հետո որ սննանկանան, այդ գումարնրեը բարձր տոկոսով ներդնելու դեպքում երաշխիքը, որ իսկապես դա ճիշտ կկատարվի, ես չունեմ: Կառավարչի հակակշիռ պիտի լինի պահառուն, որոնք պիտի անկախ լինեն իրարից, բարեկամ չլինեն, հարազատ չլինեն և այլն: Մեր երկրում ով կարող է ասել, որ հնարավոր է այդպիսի երկու մարդ, որոնք իսկապես իրարից անկախ լինեն»,- հարցնում է Անահիտ Բախշյանը: Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով պետության երաշխավորմանը, ասում է, որ յուրաքանչյուր երաշխավորում գումար արժե: Կառավարությունը երաշխավորում է միայն քաղաքացու դրած գումարը: Իսկ յուրաքանչյուր քաղաքացի կարող է օնլայն ռեժիմով հսկողություն իրականացնել իր գումարի նկատմամբ` որ կառավարչին է վստահել, տարին մեկ կարող է փոխել կառավարչին: Թե որտեղ կներդնեն քաղաքացիների գումարները, կառավարչիները պետք է համաձայնեցնեն ԿԲ-ի հետ: Եթե պահառուն (առևտրային բանկերը) գտնում է, որ կառավարիչը ռիսկային տեղում է գումարը դրել, մեկ օրվա ընթացքում ԿԲ-ին է հայտնում, և ԿԲ-ն համապատասխան որոշում է կայացնում: Ի՞նչպես է լուծվելու գյուղատնտեսությամբ զբաղվողների կամ գյուղացիների կենսաթոշակների հարցը` Հակոբ Հակբյանը հստակեցրեց. գյուղատնտեսությամբ զբաղվող այն գյուղացիները, ովքեր գրանցված են որպես անհատ ձեռներեց, մասնակցելու են, իսկ ովքեր գրանցված չեն, ստանալու են այնպես, ինչպես հիմա են ստանում: Կենսաթոշակային քառաստիճան համակարգ է գործելու, մանալու է գործող համակարգը` այն ինչ ունենք, երկորդն ու երրորդը պարտադիր են, իսկ չորրորդը կամավոր է: 1.    զրոյական. սոցիալական այն խավի համար, որը միշտ պետության աջակցության կարիքն ունի 2.    աշխատող շերտը, որը կատարելու է մուծումներ և այսօրվա կենսաթոշակային պայմաններում ստանալու է կենսաթոշակ 3.    կատարվելու է պարտադիր կուտակային վճարումներից, սա 40 տարեկան և ցածր տարիքի անձանց է վերաբերում, և 23 տարի հետո ողջ հասարակությունը կանցնի այս համակարգին 4.    կամավոր կուտակայինները, որոնք աշխատելու են այսօրվա 40 տարեկաններից բարձր անձանց համար, իսկ վաղը ցանկացած քաղաքացու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter