Ռեկտորը դատի է տվել «Հետքին». դատալսումը կսկսվի այսօր
Այսօր` ժամը 12:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Մելքումյանի, տեղի կունենա «Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտորմ ընդդեմ «Հետքի»» գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը դատի է տվել «Հետքին»: Նա պահանջում է հերքել «Հետք» շաբաթաթերթի լրագրող Անի Հովհաննիսյանի ««Այո, ես բիզնես եմ անում»,-ասում է ռեկտորը» հոդվածը (N 21, 03.06.2010), որը, ըստ հայցի, արատավորել է ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը: Միքայել Ամիրխանյանը պահանջել է նաեւ հօգուտ իրեն բռնագանձել պատճառված նյութական վնասը` 200 հազար դրամ, ինչպես նաեւ 8.000 դրամ նախապես վճարված պետական տուրքը:
Հոդվածի հեղինակը ներկայացրել է Երեւանի հումանիտար ինստիտուտի վիճակը, նշել, որ ինստիտուտը բաղկացած է 4 լսարաններից եւ գտնվում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում: Այնուհետեւ նկարագրել է Հումանիտար ինստիտուտի ուսանողներից մեկին` Գայանե Մալիշենկոյին որպես թարգմանիչ մի ծրագրում ներգրավելու եւ պայմանագրից ավելի քիչ վճարելու մասին պատմությունը: Լրագրողն այդ ամենը ներկայացրել է Գայանեի պատմածներով եւ պատասխանի հնարավորություն տվել հակառակ կողմին:
Մ. Ամիրխանյանը հայցադիմումում նշել է, որ հոդվածագիրը, յուրաքանչյուր անգամ իբր վերարտադրելով ինստիտուտի չինարենի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Մալիշենկոյի բերած փաստերը, ջանքեր չի խնայել Միքայել Ամիրխանյանի անձը ներկայացնել ամենաբացասական կողմերով, արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը:
«Հոդվածագիրը նսեմացրել եւ բացասական կողմերով է հանրությանը ներկայացրել նաեւ Երեւանի հումանիտար ինստիտուտին որպես բուհի` իրավաբանական անձի: Արատավորել է նրա գործարար համբավը, հետեւաբար նաեւ իմը, որքանով ես եմ հանդիսանում այդ բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրն ու ռեկտորը»,- նշել է Միքայել Ամիրխանյանը:
Կրթության որակի մասին բուհի ռեկտորը նույն հոդվածում նշել է, որ իրենց ինստիտուտում դասավանդում են որակավորված եւ հատուկ հրավիրված դասախոսներ, ինչը, սակայն, հերքել էին չինարենի եւ ճապոներենի բաժնի ուսանողները: Դասախոսների որակի մասին ուսանողների բողոքները Մ. Ամիրխանյանը զրպարտություն էր համարել եւ լրագրողին ասել. «Քո թերթում գրածը ոչինչ չի փոխում ոչ մեզ, ոչ ձեզ եւ ոչ էլ ազգի համար. այն միայն կարող է լավ պրոպագանդա լինել մեր ինստիտուտի համար»:
2010 թ. օգոստոսի 12-ին կայացած ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստում քննարկվել են նաեւ «Երեւանի հումանիտար ինստիտուտ» ՍՊԸ-ի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով տրված լիզենզիայի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության հարցերը: ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեր գրավոր հարցմանը պատասխանելիս նշել է, որ Երեւանի հումանիտար ինստիտուտն ունեցել է թերություններ պրոֆեսորադասախոսական կազմի մասով, մասնավորապես ճապոներեն, հնդկերեն, իտալերեն լեզուներ դասավանդող դասախոսական կազմից 3-ը չեն ունեցել գիտական աստիճան եւ /կամ/ կոչում: Վերոնշյալ ուսումնական հաստատությունը պետք է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացնի խախտումները վերացնելու մասին հիմնավորող փաստաթղթեր:
Օգոստոսի 14-ին տված ասուլիսում ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը նշել էր, որ Երեւանի հումանիտար ինստիտուտն իրականացնում է մեկ լիցենզավորված մասնագիտությամբ ծրագիր` թարգմանչական գործ` ճապոներեն, չինարեն, հնդկերեն, իտալերեն, լատիներեն եւ այլն: Ունի պայմանագրեր արտասահմանյան 5 համալսարանների հետ: Այս հաստատությանը (այդ թվում նաեւ Կովկասի ինստիտուտին եւ Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանին) լիցենզիայից դեռեւս չզրկելու համար հաշվի են առել այն հանգամանքը, որ 1-2 մասնագիտությունների գծով փոքրածավալ, բայց երկրի համար էական նշանակություն ունեցող գործունեություն են ծավալում, եւ այստեղ սովորող ուսանողների տեղափոխության դեպքում դժվարություններ կծագեին: «Թերությունն այն էր, որ չէր ապահովում ենթակառուցվածքը որպես համալսարան կամ որպես ինստիտուտ»,- հավելել էր Արա Ավետիյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել