
Թուրքիայի իշխանությունը չի կատարել իր պարտականությունը լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության պաշտպանության հարցում: Այս եզրակացությանն է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի որոշումը հրապարակվել է այսօր:
Եվրադատարանը հաստատել է, որ խախտվել են նրա ապրելու (հոդված 2, արդունավետ հետաքննության բացակայություն) և ազատ արտահայտվելու իրավունքները (հոդված 10), ինչպես նաև առաջին իրավունքի խախտման արդյունավետ վերականգնման իրավունքը (հոդված 13):
Որպես հայցվոր ներկայացել են 6 անձինք` Հ. Դինքը, նրա կինը, եղբայրը և Հրանտի երեք երեխաները:
ՄԻԵԴ-ը այն եզրակացությանն է հանգել, որ Թուրքիայի անվտանգության ու պաշտպանության ուժերը տեղյակ էին Հրանտ Դինքի և ազգայնական շրջանակների թշնամությանը: Ստամբուլի հանրային դատախազը և Ներքին գործերի նախարարության հետաքննիչները ընդգծել են այն փաստը, որ Տրապիզոնի և Ստամբուլի ոստիկանությունը, ինչպես նաև Տրապիզոնի ժանդարմերիան տեղեկացված են եղեկ սպանության փորձի հավանականության մասին և նույնիսկ այն իրականացնող հավանական կասկածյալների ինքնության մասին: Այս հանգամանքները դիտարկելով` դատարանը նշել է, որ սպանության վտանգն իրական էր:
Դատարանը նաև հաշվի է առել այն հանգամանքը, թե արդյոք իշխանությունները հնարավոր ամեն ինչ արել են Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար և հաստատել, որ վերոնշյալ երեք կառույցները, տեղյակ լինելով ծրագրված սպանության և հավանական իրականացման մասին, որևէ գործողություն չեն արել դա կանխելու համար: Դատարանը նշել է, որ որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Որևէ բացատրություն չկա, թե ինչու Ստամբուլի ոստիկանությունը չի արձագանքել կյանքին սպառնացող վտանգների մասին տեղեկություններին:
Եվ վերջապես, Դատարանը դիտարկել է այն կարևոր փաստը, որ հետաքննությանը չեն մասնակցել սպանվածի հարազատները: Դատարանը նաև հաստատել է, որ արդյունավետ հետաքննություն չի անցկացվել, որպեսզի պարզեն, թե ինչու են ձախողվել Հրանտ Դինքի կյանքի պաշտպանությանն ուղղված գործողությունները:
ՄԻԵԴ-ը շեշտել է, որ Բարձրագույն քրեական դատարանը պաշտպանել է այն տեսակետը, համաձայն որի` Դինքը մեղավոր է թուրքի ինքնությունը վիրավորելու համար: Այս հանգամանքը նրան թիրախ է դարձրել թուրք ծայրահեղ ազգայնականների և թուրքական իշխանությունների համար: Այդ պատճառով միջամտություն է կատարվել Հրանտ Դինքի` ազատ արտահայվելու իրավունքի իրականացմանը: Դատարանը նաև համաձայնել է վերաքննիչ դատարանի գլխավոր պետական խորհրդի վերլուծության հետ` Հրանտ Դինքի վիճարկվող հոդվածների վերաբերյալ, որտեղ Դինքի օգտագործած արտահայտությունը, որը ներկայացվել է որպես «թույն», բնավ չի վերաբերել «թուրքական արյանը»: ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իրականում Դինքը պատժվել է պետական կառույցների` 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն համարելը մերժելու քննադատության համար:
ՄԻԵԴ-ը պնդել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը արգելում է ազատ արտահայտվելու սահմանափակումները քաղաքական դեբատների և հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, իսկ Դինքի գրածները հանրային խնդրի շուրջ եղել են լրագրողի իրավասությունների շրջանակներում: Եվ վերջապես, բազմիցս նշվել է, որ ազատ արտահայտվելու բաղկացուցիչ է է նաև պատմական ճշմարտության որոնումը:
Եվրադատարանը նաև ընդգծել է, որ հարկավոր էր, որպեսզի պետությունը ստեղծեր բարենպաստ մթնոլորտ հասարակական քննարկումների համար` ներգրավելով խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և թույլ տալով նրանց իրենց կարծիքները և գաղափարները արտահայտել առանց վախի: Այս դեպքում պետությունը ոչ միայն պետք է խուսափեր խոսքի ազատության որևէ տիպի միջամտությունից, այլ նույնիսկ «դրական երաշխիքով» յուրաքանչյուրի` բռնությունների դեմ ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպաներ, ներառյալ շարքային քաղաքացու:
Կյանքի իրավունքի մասով, ըստ ՄԻԵԴ որոշման, Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է ոչ միայն փոխհատուցում, այլև սպառիչ և արդյունավետ հետաքննություն` պատասխանատուներին պարզելու և պատժելու, ինչպես նաև ընտանիքի անդամների մասնակցությունը գործին ապահովելու համար: Արդյունավետ հետաքննության բացակայությունը դատարանին հիմք է տվել եզրակացնել, որ խախտվել է նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, քանի որ հայցվորներն այդպիսով զրկված են եղել այլ պահանջներ ներկայացնելուց, ինչպես, օրինակ, փոխհատուցումն է:
Դատարանը բավարարել է Հ. Դինքի ընտանիքի գումարային պահանջը` Թուրքիային պարտավորեցնելով վճարել 100 հազար եվրո Դինքի կնոջն ու երեխաներին և 5 հազար եվրո` նրա եղբորը: Թուրքիան պետք է վճարի նաև 28 595 եվրո` հայցվորների դատական ծախսերի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել