Դատարանը Սամվել Ալեքսանյանի նկատմամբ կայացրել է «քաղաքական որոշում»
ՀՀ վարչական դատարանը հոկտեմբերի 12-ին մերժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության` ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայցը եւ եզրակացրել, որ ՏՄՊՊՀ-ի որոշումներն օրինական են: Այսինքն` «Ալեքս Գրիգը» պետք է վճարի նշանակած 2,5 մլն դրամ տուգանքը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ա. Բոժկոն եւ ուկրաինական օղի արտադրող «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դիմել էին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` հաղորդելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» (հետագայում դարձել է «Ալեքս Գրիգ») ընկերության արտադրած օղիների` ուկրաինական արտադրության օղու տեսքին եւ ձեւավորմանը նման լինելու մասին:
ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել էր, որ «Ալեքս Գրիգի» արտադրած «Խլոպցի» անվանումով օղու արտաքին ձեւավորումը (շիշը, խցանը եւ պիտակները) ամբողջությամբ նմանեցված են ուկրաինական ՙԻմիջ հոլդինգ՚ ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Խորտիցա» անվանումով արտադրանքի արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին:
ՏՄՊՊՀ-ն նաեւ ուսումնասիրել էր օղու շուկան ու պարզել, որ «Սալեքս Գրուպն» արտադրում եւ իրացնում է նաեւ «Մոսկովսկայա», «Ստարայա Ստոլիցա» եւ «Գժիլկա» ապրանքային անվանումներով օղի:
Մինչդեռ այդպիսի ապրանքանիշներ «Սալեքս Գրուպ»-ի անունով գրանցված չեն, դրանք սեփականության իրավունքով պատկանում են այլ ընկերությունների: ՏՄՊՊՀ-ն անբարեխիղճ մրցակցության համար յուրաքանչյուր խախտման դիմաց սահմանել էր 500 հազար դրամ տուգանք եւ հանձնարարել դադարեցնել ու հետագայում բացառել համապատասխան անվանումով ապրանքային նշանի օգտագործմամբ օղու իրացումը, երկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:
«Ալեքս Գրիգի» ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուր Առաքելյանը լավագույն դատավորներից մեկն է, բայց կայացրած վճիռը ոչ թե իրավական էր, այլ քաղաքական: «Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների հետ կապված` դատավորը որեւէ բան նորմալ չի գրել»,- ասաց փաստաբանը եւ ցավով նշեց, որ այս հարցը իրավական խնդիր չէ, այլ քաղաքական:
«Ալեքս Գրիգը» դիմելու է Վճռաբեկ դատարան: Փաստաբանը հույս ունի, որ գուցե իրավիճակը փոփոխվի, եւ հարցին իրավական լուծում տրվի. «Ցավոք սրտի, մեզ մոտ մարդիկ կան` ոչ մասնագետներ, որ ազդում են իրավական համակարգի վրա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել