
Թուրքերը կգան Հայաստան խաղատներից օգտվելու համար
Հարցազրույց Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Բեհլուլ Օզքանի հետ Ձեր կարծիքով` մոտակա տարիներին Թուրքիան Եվրամիություն կմտնի՞:
Շատ դժվար է կոնկրետ ժամանակահատված ասել, թե երբ Թուրքիան կինտեգրվի Եվրամիություն:
Դա երկար գործընթաց է: Իմ կարծիքով` դա կտեւի ավելի քան 10 տարի, քանի որ որոշ երկրներում հասարակական կարծիքը դեմ է Թուրքիայի` ԵՄ ինտեգրմանը: Օրինակ` Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան: Թուրքիան եվրոպական երկրներում պետք է սկսի հասարակական կարծիքի ձեւափոխման քարոզարշավ: Թուրքիայի մասին դեռեւս սխալ եւ սուբյեկտիվ ընկալում կա դասագրքերում, դպրոցներում եւ եվրոպական պատմության մեջ: Թուրքիան ներկայացվում է որպես եվրոպական քաղաքակրթության եւ քրիստոնեության թշնամի: Բացի դրանից` մեկ այլ հեռանկար էլ կա. Թուրքիայի տնտեսությունն աճում է, եւ հիմա այն աշխարհի աճող եւ արագ զարգացող տնտեսությունների տասնյակում է: Դա նշանակում է, որ 10 տարի հետո Թուրքիայի տնտեսությունը կհասնի Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի տնտեսություններին: Եվ այդ ժամանակ, ես չգիտեմ` արդյոք Թուրքիան կուզենա՞ դառնալ ԵՄ անդամ: Մենք ունենք երիտասարդ բնակչություն, եւ թուրք բնակչության մեծամասնությունը կարող է ասել, որ «ես չեմ ուզում դառնալ ԵՄ անդամ, որովհետեւ ես արդեն հարուստ եմ, եւ ես չեմ ուզում իմ հարկերը տալ թոշակառու եվրոպացիներին` Գերմանիային, Ֆրանսիային եւ այլն: Եվ սա կլինի Թուրքիայի` ԵՄ ինտեգրվելու մարտահրավերը:
Թուրքիայի բանտերում մոտ 600 լրագրող կա դատապարտված: Չեք կարծու՞մ, որ սա մեծ թիվ է ԵՄ ձգտող երկրի համար: Ինչո՞ւ փոփոխություններ չեք մտցնում ձեր օրենսդրության մեջ:
Ես ճշգրիտ թիվը չգիտեմ, բայց, իհարկե, սա այնքան էլ լավ ցուցանիշ չէ Թուրքիայի համար: Ոչ ոք դա չի պաշտպանում` ոչ լրագրողները, ոչ ակադեմիական կրթություն ունեցողները, ոչ էլ ինտելեկտուալ անձինք: Բայց իրավիճակն ավելի վատ էր 1980-ականներին: Հսկայական առաջընթաց կա նաեւ օրենսդրության առումով: Եվ ԵՄ ինտեգրումը մեկ այլ դրական քայլ է այս հարցում: Ես հավատում եմ, որ ապագայում նման խնդիր այլեւս չի լինի: Այժմ էլ, եթե լրագրողը պատժվել է թուրքական կառավարության կողմից, նա կարող է գնալ Եվրոպական դատարան (եւ մեծ մասը գնում է), եւ Եվրադատարանը թուրքական կառավարությանը ստիպում է ազատ արձակել լրագրողին:
Թուրքիայի կառավարությունը նույնիսկ Youtube-ն է արգելափակել Աթաթուրքին նսեմացնող երիզների տարածման պատճառով: Սա էլ ինֆորմացիայի մեծ աղբյուրից օգտվելու սահմանափակում չէ՞:
Իհարկե, ես դեմ եմ սրան: Մի հետաքրքիր հանգամանք եւս, որ Թուրքիայի վարչապետն էլ է դեմ դրան: Բայց Թուրքիայում ես կարողանում եմ օգտվել Youtube-ից, քանի որ կա համակարգչային հատուկ ծրագիր, որը հնարավոր է ներբեռնել ինտերնետից: Այն թույլ է տալիս բացել Youtube-ը: Youtube-ի եւ Թուրքիայի կառավարության հիմնական խնդիրը հարկերն են:
Հարկե՞րը, թե՞ Աթաթուրքը:
Պաշտոնական պատճառը հարկերն են, այն, որ Youtube-ն իր գովազդների միջոցով Թուրքիայից շահույթ է ստանում, բայց հարկ չի վճարում: Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարը այս պատճառաբանությունն է բերել հասարակությանը: Ես դրան չեմ աջակցում: Բայց սա ոչ միայն Աթաթուրքի գործոնով է պայմանավորված, այլ իսկապես հարկերի խնդիր էլ կա, քանի որ google-ի որոշ հավելվածներ նույնպես փակ են, օրինակ` քարտեզները: Թուրքիայի կառավարությունը սահմանափակել է google-ի գործունեությունը եւ ստիպում է գրասենյակ բացել Թուրքիայում ու հարկեր վճարել:
Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը:
Կարծում եմ` բավականին հաջողված կառավարություն է: Տնտեսական քաղաքականության տեսանկյունից` բազմաթիվ ընկերությունններ են սեփականաշնորհվել, ֆինանսական համաշխարհային ճգնաժամը եւս չի ազդել Թուրքիայի տնտեսության վրա: Ժողովրդավարության առումով եւս փոփոխություն կա` բաց է քրդերի հարցը: Միեւնույն ժամանակ, կան նաեւ խնդրահարույց հարցեր, օրինակ` կառավարման համակարգի, համալսարանների եւ մամուլի համար ավելի դեմոկրատական սկզբունքներ սահմանելը:
Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում քրդերն ինքնավարություն ստանան Թուրքիայում:
Ես չգիտեմ` ինչպիսի ինքնավարություն: Ես հստակ պատասխանը չգիտեմ, բայց քննարկում է ընթանում Թուրքիայում, եւ յուրաքանչյուր լուծում պետք է հասարակայնորեն քննարկվի: Խնդիրն այն է, որ մենք չենք կարող ընդհանրացնել քրդերին: Ոմանք չեն ուզում անկախություն, մյուսները երջանիկ են ժողովրդավար միասնականությամբ ապրելով, ոմանք էլ ամբողջական անկախություն են ուզում, մյուսները դաշնային պետության գաղափարն են պաշտպանում: Եթե որեւէ մեկը պաշտպանում է անկախության գաղափարը, նա պիտի կուսակցություն հիմնի, մասնակցի ընտրություններին:
Այսինքն` Դուք դա հնարավոր եւ իրական համարո՞ւմ եք:
Խնդիրն այն է, որ մենք ունենք Քրդերի աշխատավորական կուսակցություն (PKK), որն այս խնդիրը լուծելու համար զենք է օգտագործում: Որքան երկար այս հակամարտությունը շարունակվի, այդքան երկար մենք չենք կարողանա քննարկել այս հարցը: Թուրքիայում պետք է դադարի PKK-ի եւ թուրքական կառավարության պայքարը, հավաքվեն բոլորով խորհրդարանում եւ հարցը քննարկեն: Եթե նրանք ուզում են անկախություն եւ մեծամասնություն են կազմում, ապա նրանք կարող են անկախություն ստանալ:
Թուրքիայի կառավարությունը հայկական եկեղեցիների որոշ տարածքներ սեփականաշնորհել է, Պատրիարքարանը փորձում է ետ բերել, բայց չի կարողանում: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը:
Ես մանրամասները չգիտեմ, բայց օրենքով եթե Հայոց պատրիարքարանը սեփականացրել է այդ հողերը եւ նրանցից վերցրել են, կամ պետք է վերադարձվեն, կամ պետք է վճարեն սեփականատերերին այս հողերի համար: Եթե դրանք պետությունն է սեփականացրել, ապա երկու լուծում կարող է լինել. կառավարությունը պետք է գնի դա օրենքով, դա ապօրինի չի կարող վերցվել Պատրիարքարանից, այսինքն` կամ սեփականաշնորհի, կամ վճարի սեփականատիրոջը եւ ետ գնի այն:
Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, ինչո՞ւ թուրքերը չեն գալիս Հայաստան որպես զբոսաշրջիկ:
Հետաքրքիր հարց է: Թուրքերի մեծ մասը (ես նկատի ունեմ հարուստ եւ միջինից բարձր խավին) նայում է դեպի արեւմուտք: Նրանք նախընտրում են գնալ Իտալիա, Հունաստան: Օրինակ` շատ հեշտ է գնալ Սիրիա, Լիբանան, բայց ոչ ոք չի գնում այդ երկրներ` հանգստանալու: Սա մեծ խնդիր է: Մյուս խնդիրն էլ այն է, որ չկա մշտական եւ հաճախակի թռիչք Թուրքիայից Հայաստան: Միայն Ստամբուլ-Երեւան ուղղությունն է, այն էլ` գիշերային ժամերին:
Մյուս կողմից, մենք ունենք հաճախակի չվերթներ Ստամբուլ-Թբիլիսի, բայց Թբիլիսի էլ չեն գնում: Թուրքիայում ոչ ոք որեւէ տեղեկություն չունի Երեւանի մասին: Նրանք ուզում են գնալ եվրոպական երկրներ: Սա նորմալ է, բայց դու պետք է այցելես նաեւ քո հարեւաններին: Եթե սահմանը բացվի, արեւելյան Թուրքիայից բազմաթիվ թուրքեր կայցելեն Երեւան, քանի որ շատ հարմար կլինի մեքենայով գալը: Երեւանը ժամանակակից, կենդանի քաղաք է, կան ջազ-բարեր, սրճարաններ: Դուք չեք կարող գտնել նման վայրեր արեւելյան Թուրքիայում: Իսկ եթե սահմանը բացվի, հազարավոր թուրքեր կգան եւ ապրանքներ, հուշանվերներ, հայկական կոնյակ կգնեն, ինչը կնպաստի նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Մեկ այլ իրողություն. Երեւանում բազմաթիվ խաղատներ կան, եւ մարդիկ կգան այստեղ խաղալու, քանի որ Թուրքիայում ազարտային խաղերն օրենքով արգելված են: Սա կլինի ռեգիոնալ տուրիզմ` արեւելյան Թուրքիայից Հայաստան: Իմ տպավորությամբ, Հայաստանը մեկուսացած է, քանի որ սահմանների 85 տոկոսը փակ է: Երբ ես Թբիլիսիից մեքենայով եկա Հայաստան, գյուղական շրջանները, ծայրամասերը գրեթե դատարկ էին, մարդիկ արտագաղթում են Հայաստանից, այնքան էլ հեշտ չէ ապրել մի երկրում, որի սահմանները փակ են:
Եթե Դուք լինեիք Թուրքիայի նախագահը, կբացեի՞ք սահմանն առանց նախապայմանների:
Այո: Բայց խնդիրն այն է, որ ես չեմ Թուրքիայի նախագահը եւ նորից ընտրվելու խնդիր չունեմ: Սահմանի բացման գլխավոր խնդիրն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունը մեղադրում է կառավարությանը ադրբեջանցիներին դավաճանելու մեջ, եւ նրանք ազդում են հասարակական կարծիքի վրա` հասարակությանը կառավարության դեմ հանելով: Եվ յուրաքանչյուր կառավարություն, որը կրկին ուզում է ընտրվել հաջորդ ընտրություններում, փոխում է իր որոշումը: Բայց ես լավատես եմ այս հարցում եւ կարծում եմ, որ մոտ երկու տարի հետո զգալի փոփոխություններ կլինեն հայ-թուրքական հարաբերություններում:
Լուս.` Ք. Վարդանյանի
Մեկնաբանել